AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014



ՄՈՍԿՎԱ

Տեղադրվել է` 2014-04-03 23:45:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2598, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ԵԶՐԱՍ ՍՐԲԱԶԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՍԽՐԱՆՔԸ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հարափոփոխ ժամանակն անվերջ իր սրբագրումներն է կատարում երկիր մոլորակում, քաղաքակրթություններ եւ հասարակարգեր են փոխվում, բայց ամեն ինչից վեր ու առանձնացող մի անուն արդեն քանի դարեր իր ճշմարիտ նշանակությամբ մնում է նույնը` եկեղեցին, որը եղել է մեր ժողովրդի մեծ ու աներեր հավատի եւ գոյատեւման աղբյուրը:

Այս մտորումները ինձ օրերս կրկին պաշարեցին, երբ Մոսկվայի կենտրոնում հերթական անգամ իմ տեսադաշտում վեհորեն հառնեց Սուրբ Պայծառակերպության Հայկական եկեղեցին եւ լսեցի նրա զանգերի ախորժելի ղողանջները...

Անցյալ աշնանն այստեղ, Օլիմպիական եւ Տրիֆոնովյան փողոցների խաչմերուկում` հենց Մոսկվայի սրտում, մեծ հանդիսավորությամբ բացված Հայկական եկեղեցական համալիրը հսկայական տարածք է զբաղեցնում: Համալիրը, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2006 թվականին, կառուցվել ու կյանքի է կոչվել բացառապես Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գործադրած, բառի բուն իմաստով` հերոսական ջանքերի եւ Ռուսաստանում ապրող մեկենասների աջակցությամբ: Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ եզակի եւ հպարտության արժանի կառույց է, մանավանդ որ տաճարի 21 մետր տրամագծով գմբեթն առայժմ ամենախոշորն է հայ եկեղեցաշինության մեջ:

Այսօր թեեւ հետեւում են մնացել եկեղեցու օծման եւ բացման հետ կապված բոլոր հանդիսությունները եւ եկեղեցական համալիրն ու Մայր տաճարը ճարտարապետական յուրահատուկ լուծումների շնորհիվ ներդաշնակորեն մոսկովյան միջավայրին ձուլված այս հոյակերտ կառույցը շարունակում է իր սովորական ընթացքն ու առաքելությունը, բայց մենք` Մոսկվայում, եւ ինչու չէ, նաեւ` Ռուսաստանում բնակվող հայերս, գիտենք, թե ինչպիսի մեծ, աներեւակայելի ճիգ ու ջանք, նվիրում եւ անձնազոհություն է պահանջվել այս ամենին հասնելու համար: Տարիներ ի վեր` մինչեւ տաճարի բացման հանդիսավոր պահը, ամենօրյա հետեւողական աշխատանք, ամենատարբեր բնավորությունների տեր անձանց հետ բանակցություններ, դիվանագիտություն, ողջախոհություն եւ համբերատարություն, մինչեւ որ կառուցվել է եկեղեցին: Այս քայլն, իրոք, խիզախում է, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի խիզախումը...

Միակ մարդը, որ կարողացավ համախմբել եւ իր շուրջը հավաքել նվիրյալների մի ստվար բանակի` իր ապշեցուցիչ ծավալներով ամենամեծ եկեղեցին կառուցելու համար, Եզրաս Սրբազանն էր: Եվ միայն փողը չէր, որ հանձինս եկեղեցու բարեպաշտ ու ազգասեր զավակների, այստեղ դերակատարում է ունեցել: Սրբազանի առինքնող կերպարն է ներշնչել ու մեծ երազանքը իրականություն դարձնելու գաղափարի շուրջը հավաքել մարդկանց, նրա մեծ հավատն է հուսադրել բոլորին` հսկայածավալ ու ահռելի գործին լծվելու, նվիրաբերություններ կատարելու, դրանով իսկ` քրիստոնյա հավատքը եւ Հայոց եկեղեցին փառաբանելու...

Աշխարհի բազմաթիվ երկրներում Հայաստանյայց առաքելական եկեղեցին ունի եկեղեցական կառույցներ` թեմեր: Դարեր շարունակ, պատմական դեպքերով պայմանավորված, հայերը հաստատվել են տարբեր երկրներում, ստեղծվել են հայկական համայնքներ եւ բնակչության աճին զուգահեռ` հասունացել է եկեղեցի ունենալու պահանջը, զգացվել` այն հիմնադրելու անհրաժեշտությունը:

«2001 թվականից, իմ պաշտոնավարության սկզբից մինչեւ օրս, մենք Ռուսաստանի զանազան մասերում կառուցել ենք 16 եկեղեցի»,- վերջերս մի առիթով հիշել է Եզրաս Սրբազանը: Խիզախում եւ անձնազոհություն չէ՞, արդյոք, այս իրողությունը:

Խիզախում եւ անձնազոհություն է, մանավանդ այս մեկը` որն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառույց է եւ իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով մոսկվացիներին ու մայրաքաղաքի հյուրերին պատմում է հայ ժողովրդի մասին, ներկայացնում հայոց պատմության դարակազմիկ էջերը` գրերի գյուտ, քրիստոնեության ընդունում, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքար, ոսկե դար, իսկ քառախորան գմբեթի վրա Քրիստոսի 72 աշակերտների հիշատակին նվիրված խաչեր են քանդակված...

Ինչպես երեւանցիների համար ամեն օր Արարատ լեռան պատկերը, այնպես էլ Մոսկվայում բնակվող հայերիս համար այս հոյակերտ համալիրը տեսնողների համար սա ոչ այլ ինչ է, քան հոգու ուրախություն, աննկարագրելի բերկրանք ու հպարտություն...

Շնորհակալություն, արժանապատվության զգացում առաջացնող այս կառույցը ստեղծողներին, բոլորին` ովքեր անմնացորդ նվիրումով եւ եղբայրական սիրով սատար կանգնեցին այս ձեռնարկին, որի ականատեսն ենք այսօր մենք բոլորս: Եվ առանձնակի շնորհակալություն Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին:

Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք` հասարակարգերն անցողիկ են, պետությունների քաղաքական եւ տնտեսական կառավարման ձեւերը` փոփոխական, եւ մեծ ու անփոխարինելի է միայն Հայրենիքն ու Հավատը, որի որդին ու պաշտպանն է եկեղեցու հավատավոր զավակին: Թող Տիրոջ հովանավոր Աջը միշտ զորավիգ լինի նմաններին` նոր սխրանքներ գործելու եւ շենացնելու Մայր եկեղեցին եւ Հայրենիքը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.