AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014



Տեղադրվել է` 2014-04-03 23:45:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1577, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ԱՄԵՆ ՄԵԿԻՍ ՔԵՍԱԲԸ

Հ. ԱՖՅԱՆ

Երբ ահաբեկիչ-գրոհայինները թուրքական զինուժի բացած միջանցքներով եւ օդային պաշտպանության ներքո հարձակվեցին Քեսաբի վրա եւ հայտնի դարձավ, որ բնակավայրի, այդ թվում հայ բնակչությունը բռնի տարհանվել է հարեւան Լաթաքիա, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով ՀՀ-ի կողմից` հայրենակիցներին օժանդակելու վերաբերյալ հարցին, ասել էր. «Հայաստանը չի պատրաստվում եւ չի կարող միջամտել այլ պետության ներքին գործերին»: Մեկ-երկու օր անց, պարզվեց, որ ՀՀ ԱԺ-ի մի խումբ պատգամավորներ, ավելի կոնկրետՙ Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը (բոլորը` ՀՀԿ), Էդմոն Մարուքյանը (անկախ պատգամավոր) եւ «Ժառանգությունը» ներկայացնող Թեւան Պողոսյանը մեկնել են Քեսաբ` «տեղում իրավիճակը պարզելու, այնուհետեւ Հովիկ Աբրահամյանին զեկուցելու նպատակով»: Փաստորեն, այս պատվիրակությանը, ըստ նրա նպատակի, պետք է անվանենք ՀՀ ԱԺ պատվիրակություն: Սակայն պարզվեց, որ Ազգային ժողովի ոչ բոլոր խմբակցություններն են տեղեկացվել նման պատվիրակություն կազմելու մասին, օրինակՙ հատկապես սփյուռքում իր կառույցներով հայտնի ՀՅԴ-ն չի իմացել, որ Քեսաբ գործուղվելու համար խորհրդարանականների պատվիրակություն է կազմվում:

Պատգամավորները Սիրիայում հանդիպել են նախագահ Ասադին եւ, իհարկե, Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերին: Վերջիններս հայտնել են, որ լիահույս են իրենց բնակավայրը վերադառնալու առումով, իսկ նախագահ Ասադը վստահեցրել է, որ դա հենց այդպես էլ պետք է լինի: Հենց այս տեղեկություններով հայ պատգամավորները վերադարձել են Երեւան, եւ հենց այս տեղեկություններն են զեկուցել Հովիկ Աբրահամյանին: Սակայն, պաշտոնական այս գործողություններին զուգահեռ, Հայաստանում սկսվեց մեկ այլ շարժում եւս` «Փրկենք Քեսաբը» անվանմամբ: Այս շարժման մեջ ոմանք պատրաստակամություն հայտնեցին եւ կոչ արեցին զինված հայկական խմբավորումներ ուղարկել Քեսաբ` «պաշտպանելու տեղի հայերին», ինչպես ներկայացվում է` «թուրքական հարձակումից»:

Քեսաբ զորք ուղարկելու մասին հայտարարեցին «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը: Վերջինս GALA TV-ին նաեւ հայտնել էր, թե իր կոչին միայն Արցախում արդեն իսկ արձագանքել է 150 հոգի: Ընդ որում, Բադասյանը նույն հեռուստաընկերությանը հայտնել է, որ «ֆինանսական դժվարությունների պատճառով» այդքան մեծ զորախումբ դժվար թե մեկնի Քեսաբ, բայց ավելի փոքրաթիվ խումբ հաստատ կմեկնի: «Հայ ազգային շարժում» կազմակերպությունը եւս հայտարարեց 20-40 տարեկան տղամարդկանց զորահավաք` Քեսաբ ուղեւորվելու եւ այնտեղի հայերին` «ցեղասպանությունից» պաշտպանելու համար: «Քեսաբում տեղի է ունենում ցեղասպանություն» տերմինը համընդհանուր դարձավ Հայաստանում, Ֆեյսբուք սոցցանցում բազմաթիվ հայաստանցիներ իրենց լուսանկարների փոխարեն տեղադրեցին` «Փրկենք Քեսաբը» պաստառը: Ուշագրավ է, որ հայաստանյան այս աղմուկին միացան նաեւ Ռուսաստանից. ի տարբերություն ԱՄՆ Պետքարտուղարության հեղինակած զեկույցի, որտեղ ընդամենը հույս էր հայտնվում, թե «գրոհայինների գործողություններից հուսով ենք չեն տուժի Սիրիայում բնակվող ազգային փոքրամասնությունները», ՌԴ ԱԳՆ-ն Քեսաբի վերաբերյալ տարածեց հայտարարություն, որտեղ կոնկրետ եւ շատ հստակ խոսեց` «Քեսաբի հայերին օգնելու» անհրաժեշտության մասին: Իրենց ԱԳՆ-ի հայտարարության բովանդակությանը հավատարիմ հայտարարություններ ունեցան մի շարք ռուսաստանցի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, ինչը Հայաստանում շատ վերլուծաբաններ հիմնավորեցին իբրեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ղրիմի հարցով բանաձեւի Հայաստանի` ռուսամետ քվեարկությամբ: Ուշագրավ է նաեւ, որ հենց ռուսական տեղեկատվական աղբյուրները հրապարակեցին լուսանկարներ եւ տեսագրություններ` իբրեւ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այդ լուսանկարները արագորեն հեռացվեցին, քանի որ դրանք ամենեւին էլ Քեսաբի իրադարձությունները չէին պատկերում, հետեւաբար նպատակ ունեին ռուսախոս լսարանի մոտ հակամահմեդական տրամադրություն առաջացնել. խոսակցության այլ թեմա է, թե ինչո՞ւ:

Փաստն այն էր, որ Քեսաբի քրիստոնեաները, այդ թվում հայերը, բռնի տարհանվեցին Բարաք Օբամա-Հռոմի պապ հանդիպմանը նախորդած օրերին, երբ Ֆրանցիսկո պապը հորդորեց ԱՄՆ նախագահին` թույլ չտալ քրիստոնեաների հանդեպ բռնությունները: Ինչպես ցույց տվեց Քեսաբը, կամ ԱՄՆ նախագահը այնքան էլ խանդավառված չէ կոնկրետ քրիստոնյաների իրավունքների եւ կյանքի պաշտպանությամբ, կամ նա այնքան է խրված հակաասադական կոալիցիայի գործի մեջ, որ իր համար խնդիր չէ Թուրքիայի կամ «ջիհադական մարդակերների» գործունությունը Սիրիայում::

Ինչեւէ: Քանի դեռ հայկական առանձին ստորաբաժանումները չեն մեկնել Քեսաբ` պաշտպանելու տեղի հայերին` «թուրքերի ներխուժումից եւ հերթական ցեղասպանությունից», քանի դեռ Հալեպի, Սիրիայի (եւ ոչ միայն Սիրիայի) այլ հոծ հայկական գաղթօջախների բնակիչները խորը զարմանքով են հետեւում Քեսաբի կապակցությամբ Հայաստանում բարձրացած աննախադեպ հայրենասիրական աղմուկին, գուցե ափսոսելով, թե ինչո՞ւ իրենք էլ Քեսաբում չեն ծնվել եւ ապրել, քանի դեռ ՀՅԴ-ն փորձում է հասկանալ, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանից մարդ է գնում Սփյուռք առանց իր գիտության, հետեւաբար` մասնակցության, եւ վերջապես, քանի դեռ Հայաստանում մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են մեկնել «ցեղասպանված» Քեսաբ` կանխելու այնտեղ ցեղասպանությունը, փորձենք հասկանալ, թե իրականում Քեսաբում տեղի ունեցածը ի՞նչ էր: Համաձայն ՄԱԿ-ի` Ցեղասպանության կոնվենցիայի, ցեղասպանություն է կոչվում այն գործողությունը, որը` իրականացված է լիովին կամ մասամբ ոչնչացնելու ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խումբ:

Հետեւաբար Քեսաբում տեղի ունեցածն իրոք ցեղասպանություն է, քանի որ ուղղված է կոնկրետ հայ եւ քրիստոնյա խմբի դեմ, որի անդամներին առնվազն հոգեբանական լուրջ վնասվածքներ հասցվել են, խմբի անդամների կյանքի վրա մտածված կերպով ազդեցություն թողնվել է, ինչի նպատակը եղել է խմբի ամբողջական կամ մասնակի ֆիզիկական բնաջնջումը` առնվազն տվյալ տարածքից` Քեսաբից: Հետեւաբար ողջունելի է Հայաստանում մեր քաղաքացիների վրդովմունքը` Քեսաբում տեղի ունեցածի վերաբերյալ, նաեւ նրանց պատրաստակամությունը` օգնելու քեսաբահայերին: Բայց, անգամ այս համատեքստում ամբողջովին անհասկանալի է որոշ հ/կ-ների կոչը` զինված ստորաբաժանումներ ուղարկել Քեսաբ: Ի՞նչ անվանմամբ: Դրանք ո՞ւմ զորքերն են լինելու: Բացի սրանից, ամեն մեկն իր հրամանատարով ստորաբաժանումները ինչպե՞ս պետք է մտնեն Սիրիա, ապօրինի՞, չէ՞ որ օրինական ճանապարհով...

Իրականում Քեսաբի լինի թե Հալեպի, Ղրիմի թե Լաթաքիայի, Ստամբուլի թե Ջավախքի,....հայերին Հայաստանի Հանրապետությունը կարող է օգտակար լինել ոչ թե նրանց բնակության վայրեր զորք ուղարկելով, թեկուզ նրանց կյանքն ու իրավունքները պաշտպանելու նպատակով, այլ Հայաստանում կյանքի որակի բարձրացմամբ, Հայաստանը շահեկանորեն, հենց շահեկանորեն հրապուրիչ դարձնելով` նրանց համար, որպեսզի իրենց բնակավայրերում աղետի մեջ հայտնված որեւէ հայ անվերապահ ու հասկանալի որոշում կայացնի` վերադառնալու հայրենիք:

Քեսաբի ամենամեծ դասը մեզ համար սա էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.