AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 115. ՆՈՐԱՄՈՒԾՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014



ԱՄՓՈՓԻՉ

Տեղադրվել է` 2014-04-11 00:11:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2525, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ` ԱՊՐԻԼԻՑ ԱՊՐԻԼ ՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅԱՆ 6 ՏԱՐԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2008-ի ապրիլին Տիգրան Սարգսյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ ուղիղ 6 տարի հետո` 2014-ին, դարձյալ ապրիլին, հրաժարական տվեց այդ պաշտոնից: Հրաժարական, որը թեեւ անսպասելի էր, բայց մարդկային առումով` հասկանալի: Այդ մասին փոքր ինչ հետո:

Ճգնաժամը` առաջին մարտահրավեր

Ստանձնելով վարչապետի պաշտոնը, Տիգրան Սարգսյանը հայտարարեց հարկային եւ մաքսային ոլորտներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին, բայց առժամանակ ստիպված էր հետաձգել դրանց իրականացումը: Նրա վարչապետության հենց առաջին տարում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ուժգին հարված հասցրեց մինչ այդ ամենաարագ տեմպերով զարգացող եւ ամենամեծ ծավալներ ունեցող ճյուղին` շինարարությանը, ինչպես նաեւ հանքարդյունաբերությանը: Տիգրան Սարգսյանի կառավարությունը պետք է զբաղվեր հակաճգնաժամային միջոցառումներով: Ֆինանսական միջոցներ ներգրավվեցին միջազգային ֆինանսական կազմակերպություններից, Ռուսաստանի Դաշնությունից եւ կատարվեցին բյուջեով նախատեսված սոցիալական եւ մյուս ծախսերը` միաժամանակ մեծացնելով երկրի արտաքին պարտքը: Մյուս կողմից շինարարության, արդյունաբերության ոլորտներում աննախադեպ քայլեր արվեցին` ընդհուպ պետական բյուջեից վարկեր տրամադրվեցին կոնկրետ բիզնես ծրագրեր ներկայացնող մասնավոր ընկերություններին: Այս միջոցառումների շնորհիվ խոշոր հանքարդյունաբերական կոմբինատները կարողացան պահպանել իրենց տեղը միջազգային շուկայում, իսկ ահա շինարարությունը շարունակեց անկում ապրել:

Առաջընթաց Doing Business-ում եւ մրցունակության զեկույցներում

Խոստացված բարեփոխումները կառավարությունը սկսեց 2010-ից: Հարկային հաշվետվությունների մի մասի վերացում, մյուսների` ամսականից եռամսյակային վերափոխում, հաշվետվություների ներկայացման էլեկտրոնային եղանակի ներդրում: Ընդհանարպես էլեկտրոնային համակարգերի ներդրումը Տիգրան Սարգսյանի կառավարության ամենահաջող կառուցվածքային բարեփոխումներից էր, որի շնորհիվ պետական կառավարման համակարգում բազմաթիվ ավելորդ օղակները վերացան, իսկ գործընթացները արագացան: Օրինակ` բիզնես սկսելու համար նախկինում առնվազն 15-20 օր էր անհրաժեշտ, հիմա ձեռնարկության գրանցումը էլեկտրոնային եղանակով հնարավոր է ընդամենը 20-30 րոպեում:

Արդյունքում, Համաշխարհային բանկի Doing Business-ի ցուցանիշով 3 տարվա մեջ Հայաստանը 61-րդ տեղից բարձրացավ 37-րդ տեղ` 189 երկրների մեջ, 2014-ին: Համաշխարհային մրցունակության ցուցանիշով էլ 2010-ին 142 երկրների մեջ 98-րդ տեղից` 2013-ին դարձանք 79-րդը` 148 երկրների մեջ:

ԱՊՊԱ, ճանապարհային երթեւեկություն, սոցիալական փաթեթ, պետական սուբսիդավորումներ

ԱՊՊԱ-ն եւ ճանապարհային երթեւեկության կանոնակարգում` սրանք Տիգրան Սարգսյանի իրագործած ամենաարմատական բարեփոխումներն էին հանրային կյանքում: Դրանցից առաջինը հաջողությամբ գործում է, իսկ երկրորդի մասով արմատական տեղաշարժ է արձանագրվել հանրային գիտակցության մեջ: Ամրագոտի կապելը, անցումներով փողոց անցնելը, վարորդների կողմից հետիոտնին զիջելը` սրանք պարզապես գոյություն չունեին մեր մտածելակերպում: Հիմա արդեն մեր կյանքի անբաժան մասն են: Անցած 6 տարիներին պարզեցվեցին նաեւ մեքենաների տեխզննման, պետական հաշվառման, վարորդական իրավունքների տրամադրման գործընթացները, վերացվեց տարատեսակ բժշկական տեղեկանքների անհրաժեշտությունը, նոտարիատում, քաղաքացիական ակտերի գրանցման ոլորտում եւ անձնագրային բաժիններում բարեփոխումներ սկսվեցին եւ այլն: Ոլորտներ, որտեղ ամեն ինչ անփոփոխ էր խորհրդային ժամանակներից ի վեր:

Ոչ ստանդարտ եւ նոր սոցիալական ծրագրերից հատկապես հիշատակման արժանի է սոցիալական փաթեթի ներդրումը պետական ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների համար, որի շնորհիվ 120 հազար մարդ հնարավորություն ստացավ պետական միջոցներով օգտվել բժշկական ապահովագրությունից, վճարել հիպոթեքային վարկի ամսական վճարներ, ուսման վճարներ, անցկացնել իր հանգիստը Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում:

Դարձյալ հարյուր հազարավոր մարդկանց պետական աջակցության ծրագրերից էին գյուղվարկերի, պարարտանյութերի եւ վառելանյութի ծախսերի մի մասի սուբսիդավորումը պետության կողմից: Խոսքը տասնյակ միլիարդավոր դրամների մասին է, որոնք ուղղվում էին պետական բյուջեից վերջին 3-4 տարիների ընթացքում: Մինչ այդ ոչ մի կառավարություն նման քայլեր չէր իրագործել: Պետական աջակցությամբ եւ մասնակցությամբ բնակարաններ երիտասարդ ընտանիքներին, գիտնականներին, մարզիկներին, լրագրողներին, մանկավարժներին, սոցիալապես անապահով ընտանքիների ուսանողների ուսման վարձի 50-100 տոկոս սուբսիդավորում, գազի գնի սուբսիդավորում: Սրանք նույնպես Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ սկզբնավորված սոցիալական ծրագրերն են:

Արդյունաբերության աջակցություն, հայկական պլանշետ, ազատ տնտեսական գոտիներ

Ճգնաժամից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի տնտեսությունը հրատապ դիվերսիֆիկացման կարիք ունի, քանի որ կախվածությունը մեկ ճյուղից նրան խիստ խոցելի էր դարձնում: Ամենանշանակալին այդ ուղղությամբ 2011-ին մշակված եւ ներդրված արդյունաբերության զարգացման հայեցակարգն էր` պետություն-մասնավոր համագործակցությամբ արդյունաբերության 11 ճյուղերի` կոնյակագործություն, գինեգործություն, պահածոների, հյութերի, ջրերի արտադրություններ, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամացույցների արտադրություն, ճշգրիտ սարքաշինություն, դեղարտադրություն, տեքստիլ արտադրության զարգացման ռազմավարությունն ու քայլերը: Դրան զուգահեռ մոտ 2 տասնյակ ներդրումային ծրագրերի համար հետաձգվեց ավելացված արժեքի հարկի վճարումը: Նաեւ այս քայլերի արդյունքում 2012, 2013 թվականներին արդյունաբերությունում արձանագրվեց երկնիշ աճ: ՏՏ ոլորտում էլ ակնառու հաջողություններ գրանցվեցին, որոնցից առավել հիշարժանը հայկական պլանշետի եւ հայկական սմարթֆոնի ստեղծումն էր: Զուգահեռաբար մի քանի ազատ տնտեսական գոտիներ բացվեցին` «Մարս» գործարանում, Մերգելյանի ինստիտուտում, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում եւ վերջինն այս տարի` «Ավիահամալիր» ձեռնարկության տարածքում` ոսկերչության եւ ադամանդագործության համար: Գյումրու տեխնոպարկի ծրագիրը, սակայն, բավականին ուշացումով եւ դժվարությամբ է իրագործվում:

Խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի «հավակնոտ ծրագրերի» մասին, հարկ է ընդգծել, որ դրանց մի մասն, այնուամենայնիվ, սկսվել կամ արդեն իրագործվել է: Հյուսիս-Հարավ ճանապարհ, Դիլիջանի միջազգային դպրոց, Տաթեւի ճոպանուղի, միջուկային բժշկության կենտրոն: Սակայն ֆինանսական կենտրոն Հայաստանը չդարձավ, Համահայկական բանկն էլ նախատեսված համահայկական ծրագրեր ֆինանսավորելու փոխարեն դարձավ սովորական առեւտրային բանկ:

Հարկային բարեփոխումներն ամբողջական արդյունք չտվեցին, գիտելիքահենք տնտեսությունն էլ չկայացավ

Տոնավաճառներում հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) տեղադրումը քաղաքական համարձակություն էր պահանջում Տիգրան Սարգսյանից, որը չէին ցանկանում անել նրան նախորդողները: Նպատակն էր ամբողջական եւ թափանցիկ դարձնել փաստաթղթաշրջանառությունը եւ բացահայտել ստվերը: Բնակչության կողմից ՀԴՄ կտրոն պահանջելը խրախուսելու քայլեր արվեցին: Սակայն անարդյունք: Դրանք, ի վերջո, բախվելով տնտեսվարողների դիմադրությանն ու բնակիչների անտարբերությանը, մատնվեցին անհաջողության:

Տիգրան Սարգսյանի հռչակած օլիգոպոլիաների դեմ պայքարը նույնպես քիչ արդյունավետ էր: Մեր տնտեսության կենտրոնացվածությունը դեռեւս բարձր է: Միայն անցած տարվա վերջին ավիացիայում վերացվեց մենաշնորհը, այն էլ «Արմավիայի» սնանկացման առիթով: Նշենք նաեւ խոշոր տնտեսվարողների համար միջազգային պարտադիր աուդիտը, պետգնումների ոլոտում որոշակի կանոնակարգումը:

Վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրերից Տիգրան Սարգսյանը հռչակեց Հայաստանում գիտելիքահենք տնտեսության ստեղծան մասին, բայց այստեղ ոչինչ չփոխվեց: Գիտությունը շարունակում է ֆինանսավորվել իներցիայով, չկան գիտական նորարարությունները տնտեսության մեջ ներդնելու մեխանիզմները:

Հրաժարական ամենակենսական բարեփոխման կեսից` ժողովուրդը նախընտրեց պոպուլիստներին

Կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը Հայաստանում 2 կարեւորագույն հարց պետք է լուծի: Առաջին` կենսաթոշակային բեռի թեթեւացում պետական բյուջեում եւ արժանապատիվ թոշակների համակարգի ներդրում հեռանկարում, երկրորդ` երկարաժամկետ եւ ցածր տոկոսներով ֆինանսական միջոցներ, որոնք նոր շունչ կտային ներդրումների կարիք ունեցող մեր տնտեսությանը: Հենց այստեղ էր, որ Տիգրան Սարգսյանը պարզապես պարտավոր էր ավարտին հասցնել սկսածը: Սակայն այս համակարգի եւ ընդհանրապես վարչապետի դեմ քաղաքական ուժերի ուժգին հակաքարոզչությունը, որի համար միջոցներ չխնայվեցին, ռեֆորմին ընդդիմացողների ամբոխային գործելաոճը, որոնք անկասկած իրենց ազդեցությունն ունեցան նաեւ Սահմանադրական Դատարանի որոշման վրա, թույլ չտվեցին շարունակել այս բարեփոխումները:

Անիմաստ եւ անհասկանալի էին նաեւ Տիգրան Սարգսյանի երկխոսության կոչերն, այսպես կոչված` «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչներին, երբ այդ «հասարակության» ներկայացուցիչները հանդես էին գալիս բացառապես վերջնագրային լեզվով, ոչ մի նշան ցույց չէին տալիս երկխոսելու եւ փոխզիջման գնալու, քաղաքական ուժերի հետ ձեռք-ձեռքի տված լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում գարշահոտ արշավ էին տանում վարչապետի դեմ: Հենց այս հանգամանքները նկատի ունենալով, մարդկային առումով հասկանալի է դառնում վարչապետի հրաժարականը:

Տիգրան Սարգսյանը հատկապես վերջին մեկ-երկու տարում նա անհրաժեշտ վճռականություն չէր ցուցաբերում զարգացման միտված ծրագրերն առաջ մղելու համար: Օրինակ` օդանավակայանի հին շենքի հարցում կոչ անելով նոր օդանավակայան կառուցողին ձեւեր գտնել անպիտան դարձած հին շենքը պահպանելու համար: Միաժամանակ, անհրաժեշտ չափով հանրությանը չէր ներկայացնում եւ հիմնավորում իր ծրագրերը: Բավական է նշել, որ վարչապետության 6 տարիների ընթացքում նա ընդամենը 2 անգամ է մամուլի ասուլիս հրավիրել:

Այս հրապարակման հեղինակին իր վարչապետության առաջին տարվա ընթացքում տված հարցազրուցում Տիգրան Սագսյանը հետեւյալ միտքն էր հայտնել. «Ինձ թվում է, որ ժողովուրդն արդեն հոգնել է պոպուլիզմից, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ պոպուլիստները կործանում են երկիրը: Դա էլ դրդում է, որ մենք ոչ թե պոպուլիստական, այլ իսկապես անհրաժեշտ ծրագրեր իրականացնենք»: Ցավոք, կյանքը ցույց տվեց, որ Տիգրան Սարգսյանը ցանկալին իրականության տեղ էր ընդունել: Իրականում մեր ժողովուրդը ոչ միայն չի հոգնել պոպուլիստներից, այլ անհրաժեշտ ծրագրեր իրականացնողների փոխարեն նախընտրում է հենց նրանց...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.