AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014



Տեղադրվել է` 2014-04-11 00:11:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1572, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԴ ՆԱԽԱԳԱՀ, ԱՅԼԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱ՞Ն

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կամ ինչո՞ւ պետք է հաշվի առնել «ոչ միայն իրավական դիրքորոշումները»

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը ենթադրում է, որ փոփոխություններ պետք է արվեն ՀՀ մոտ 50 օրենքներում եւ 80 իրավական պահանջներում: Ընդունված է, որ ՍԴ¬ի որոշումը չի մեկնաբանվում, բայց նրա նախագահի որոշ մտքեր, արտահայտած Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, առնվազն արտառոց են:

Բանն այն է, որ ՍԴ¬ն իր որոշմամբ անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի իրավական թերություններին եւ ընդունել համապատասխան որոշումը: Սակայն այդ որոշման որոշ հատվածներում, որոնք կրկնվում են նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարցազրույցում, ոչ թե իրավական գնահատականներ են տրվում, այլ տնտեսական գնահատականներ, որոնք, ի տարբերություն ՍԴ որոշման, բարեբախտաբար, թույլատրվում է մեկնաբանել:

Գագիկ Հարությունյանը կուտակային համակարգի վերաբերյալ հետեւյալն է ասում. «Խումբը պետք է հաշվի առնի ոչ միայն մեր իրավական դիրքորոշումները, այլ նշումները, որ կատարել ենք տարբեր երկրների փորձի վերաբերյալ եւ նորից վերուսումնասիրություն կատարի»: Սա պարզապես անհեթեթություն է: Այսինքն, Սահմանադրական դատարանը նաեւ տնտեսական հետազորությունների կենտրո՞ն է կամ գուցե տնտեսական քաղաքականություն մշակող եւ իրականացնող գերատեսչությո՞ւն, քանի որ եզրակացնում է, որ «պետք է հաշվի առնել ոչ միայն իրավական դիրքորոշումները»:

«Ես չեմ ընդունում այն բացատրությունը, որ կարեւորել ենք այս երկիրը, որովհետեւ եղել ենք այդ երկրում: Եղել են երկրներ, որոնց համարժեք ուշադրություն չի դարձվել: Իմ տպավորությունն այնպիսին էր, որ ուսումնասիրողները եղել են տարբեր ոլորտի մասնագետներ, քան իրավաբաններ», շարունակում է ՍԴ նախագահը:

Բնական է, որ «կարեւորել ենք այս երկիրը, որովհետեւ եղել ենք այդ երկրում» բացատրություն չի, բայց ո՞վ եւ ե՞րբ է նման կերպ բացատրել այս կամ այն երկրի փորձի կարեւորումը: Առնվազն հրապարակային որեւէ ելույթում կամ մամուլի ասուլիսի ժամանակ նման բան չի ասվել:

Հաջորդը` թե ո՞ր երկրների փորձն է ուսումնասիրվել, որը` ոչ, դա թերեւս ուսումնասիրողները կարող են ասել: Սակայն եթե այդ համակարգը ներդրվել է 50-ից ավելի երկրներում, ինչը փաստում է հենց ՍԴ¬ն, ապա դա չի նշանակում, որ ներդրվել է կուտակային համակարգի 50-ից ավելի մոդել եւ դրանք բոլորն էլ պետք է մեկ-մեկ ուսումնասիրել: Բնական է, որ խոսքը մեկ մոդելի մասին է` իր առանձնահատկություններով: Հետեւաբար, ինչի՞ համար է ասվում, թե այս կամ այն երկրներին համարժեք ուշադրություն չի դարձվել: Ի վերջո, եթե այդ երկրներին «համարժեք ուշադրություն» դարձված լիներ, ապա նույն կերպ կարելի էր ասել, որ այլ երկրներին ուշադրություն չի դարձվել:

Ուսումնասիրողների` «տարբեր ոլորտի» մասնագետներ, բայց ոչ իրավաբաններ լինելու մասին: Կասկած չի հարուցում, որ կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը պետք է համապատասխանի երկրում գործող իրավական նորմերին: Սակայն ո՞վ ասաց, որ կենսաթոշակային համակարգի մշակողները պետք է լինեն առաջին հերթին իրավաբաններ, այլ ոչ թե «տարբեր ոլորտի» մասնագետներ, մասնավորապես` տնտեսագետներ: Եթե այդպես է, ապա գուցե ՍԴ նախագահը օրինակներ բերեր, թե իր մատնանշած ավելի քան 50 երկրներից ո՞ր մեկում են այդ համակարգը մշակել իրավաբանները: Մնում է միայն ենթադրություններ անել, թե ի՞նչն է Գագիկ Հարությունյանին պարտադրում նման մտքեր արտահայտել:

«Մեր ուսումնասիրություններով հաջողության են հասել այն երկրները, որոնք բաշխողական համակարգը, պարտադիր կուտակային համակարգը եւ կամավոր համակարգը խելամիտ ձեւով ներդաշնակել են: Պարտադիր կուտակային համակարգն իր բնույթով եւ իրացման ձեւերով տարբեր է», շարունակում է ՍԴ նախագահը:

Դարձյալ տնտեսական մեկնաբանություններ, որոնք ոչ մի առնչություն չունեն ՍԴ¬ի նախագահի պաշտոնի կամ ՍԴ իրավասությունների հետ: Կարելի է իհարկե վիճել, թե ո՞ր երկրում ո՞ր ձեւն է իրեն արդարացրել, որտեղ` ոչ, ո՞րն է ավելի արդյունավետ եղել եւ ինչո՞ւ: Սակայն ի՞նչ կապ ունի այս ամենը ՍԴ¬ի հետ: Թերեւս միայն այն, որ ՍԴ նախագահը խորհրդային տարիներին ավարտել է ժողտնտեսության ինստիտուտը: Այդ դեպքում ավելի լավ կլիներ, որ նա հանդես գար ոչ թե որպես ՍԴ նախագահ, այլ անկախ տնտեսական փորձագետ: Մյուս կողմից էլ, հետաքրքրական է, թե ե՞րբ հասցրեցին ՍԴ նախագահն ու անդամները ուսումնասիրել ավելի քան 50 երկրների փորձը, այն դեպքում, երբ կենսաթոշակային համակարգի մշակմամբ զբաղվող կառույցներն ու մասնագետները մի քանի տարի միջազգային փորձ էին ուսումնասիրում, եւ այդքանից հետո էլ, Գագիկ Հարությունյանի բնորոշմամբ, դեռ «եղել են երկրներ, որոնց համարժեք ուշադրություն չի դարձվել»:

«Խնդիրն այն է, որ այն ձեւով, որ ձեւով Հայաստանում է ներդրվել, դա չի կարող գործել: Աշխատավարձերից պարտադիր վճարների կատարման կարգով պարտադիր կուտակային համակարգ Հայաստանում սեպտեմբերի 30-ից հետո գոյություն ունենալ չի կարող», հայտարարում է Գագիկ Հարությունյանը եւ շարունակում` խնդիրը ոչ թե այս կամ այն ձեւակերպումը փոխելուն է վերաբերվում, այլ համակարգային նոր լուծումներ գտնելուն, իսկ դա լրջագույն խնդիր է եւ մեկ օրում հնարավոր չէ:

Եթե պարտադիր կուտակային համակարգում աշխատավարձերից պարտադիր վճարումներ չեն լինելու, ապա ինչպե՞ս է այն լինելու պարտադիր: Այս հարցին տնտեսագիտական ուղղվածության հավակնող կառույցի նախագահը կարծես թե ոչ մի խորհուրդ չի տալիս: Գագիկ Հարությունյանը միայն ակնարկում է գործատուի մասնակցությունը այս համակարգում` առանց, սակայն, հստակեցնելու, թե դա նշանակո՞ւմ է, որ պարտադիր վճարները աշխատողների փոխարեն գործատուները պետք է կատարեն: Նման դեպքերում ՍԴ նախագահի արտահայտությունները որպես կանոն դառնում են անորոշ:

Տարօրինակն այն է, որ ՍԴ նախագահն, այնուամենայնիվ, փաստում է, որ եթե այդ համակարգը չլինի, «մենք կհասնենք մի վիճակի, երբ 1 աշխատողը պետք է 3 թոշակառու պահի, իսկ դա անելանելի վիճակ կլինի սերունդների համար»: Անկեղծ ասած, մեր երկրի, բնակչության եւ տնտեսության համար հույժ կարեւորություն ունեցող պարտադիր կուտակային համակարգը մի հարվածով տապալողի այս խոսքերը, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.