AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 95. ՎՏԱՎԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2014-04-11 00:11:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1905, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ՄԻ՛ ԾԱՂՐԵՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ինքնորոշման իրավունքի տարընթերցում

Նախքան Ռուսաստանը կհայտարարեր, թե ինքը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ նստել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, եւ, իհարկե, Ուկրաինայի հետ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հերթական ելույթն ունեցավ ԱՄՆ Սենատում: Ելույթի` Ուկրաինային նվիրված հատվածում, ԱՄՆ պետքարտուղարն ասել էր. «Պետք է ակնհայտ լինի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները անսասան կերպով օգտագործելու են 21-րդ դարին հարիր այն գործիքակազմը, որը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի իր` 19-րդ դարին հարիր գործողությունների համար»:

Նույն ելույթում Քերին, Ուկրաինայի արեւելյան շրջաններում տեղի ունեցող զինված բախումների մեջ մեղադրեց` «ռուսական հատուկ ծառայությունների սադրիչներին եւ գործակալներին, որոնք այնտեղ էին գործուղվել` քաոս առաջացնելու նպատակով»: Գուցե ԱՄՆ պետքարտուղարի այս կոնկրետ ելույթն ամենեւին էլ չլսելով, ուշադրություն չդարձնելով սրան, Ռուսաստանն, ինչպես վերը նշեցինք, հայտնել է իր պատրաստակամության մասին` բանակցություններ սկսել ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի հետ` լուծելու «ուկրաինական հիմնահարցը»:

Քանի դեռ այդ բանակցությունները չեն սկսվել, արձանագրենք, որ անցնող շաբաթվա ընթացքում Ուկրաինայի արեւելքում իրենց անկախ հռչակեցին դոնեցկցիները, խարկովցիները, լուգանսկցիները: Որպես հաջորդ քայլ վերջիններս նպատակ ունեին անցկացնել` Ռուսաստանին միանալու հանրաքվե: Կարճ ժամանակ անց Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրեց, որ «ապստամբությունն ընդդեմ Կիեւի կենտրոնական իշխանության» հիշյալ քաղաքներում ճնշված է: Չնայած, ինչպես տեղեկանում ենք միջազգային լրատվամիջոցներից, ուկրաինական ռուսախոս արեւելքը շարունակում է մնալ անհանգիստ:

Իմիջիայլոց

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, միջազգային իրավական համակարգի անկյունաքարերից մեկը: Ընդ որում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, համաձայն միջազգային իրավակարգավորման, չի կարող ստորադասվել երկրների տարածքային ամբողջականությանը:

Այս համատեքստում ինքնորոշվել եւ միջազգային հանրության իրավահավասար սուբյեկտ են դարձել ժամանակակից աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները, ավելին, միեւնույն ժողովուրդի` երկու տարբեր ճուղերը: Ինքնորոշված արցախցիները այս ժողովուրդներից են: Հիմնվելով գործող` սովետական, ինչպես եւ միջազգային իրավական նորմերի վրա, Արցախի բնակիչները Արցախը հռչակել են անկախ Հանրապետություն, եւ այժմ, պայքարում են օրենքին համապատասխանող իրենց գործունեությունը օրինական ճանաչելու համար: Ընդ որում, Արցախը երբեք եւ ոչ մի պարագայում չի խախտել ադրբեջանական որեւէ օրենք, օրենքի դրույթ, այն պարզ պատճառով, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, հետեւաբար` պարտավորված չէր առաջնորդվելու բացառապես ադրբեջանական օրենսդրությամբ:

Այս առումով, երբ ռուսական ուժեղացված ռազմական ներկայությամբ, անկախ Ուկրաինայի մաս կազմած ղրիմցիները, խախտելով ուկրաինական Սահմանադրությունը, թերակղզում` Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացրեցին, արդեն իսկ զգացվեց, որ Ղրիմը չի կարող հաջող նախադեպ լինել Ղարաբաղի համար: Այսօր, երբ Ղրիմի նախադեպով իրենց անկախ են հռչակում Դոնեցկը, Խարկովն ու Լուգանսկը, ավելի ենք համոզվում, որ այն ինչը տեղի է ունենում Ուկրաինայում, քաոս լինելուց բացի ունի մեկ անուն` «ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի ոտնահարում-ծաղրում»:

«Երբ բոլորը կարդում են»

«Երբ հասկանում ես, որ բոլորն անխտիր կարող են կարդալ, կորում է ինչպես գրելու, այնպես էլ մտածելու ցանկությունդ»: Փոքր ինչ փոխելով Նիցչեի այս միտքն` ասենք. երբ հասկանում ես, որ բոլորն անխտիր կարող են ինքնորոշվել, կորում է ինչպես ինքնորոշվելու, այնպես էլ կայացած ինքնորոշումդ ամրագրելու ցանկությունդ:

Ղրիմը չի կարող Ղարաբաղ լինել, որովհետեւ, եթե Ղրիմը Ղարաբաղ է, ապա Ղարաբաղ են նաեւ Դոնեցկը, Խարկովը, Լուգանսկը, գուցե շուտով` Դնեպրոպետրովսկը, Օդեսան,... Միջազգային իրավունքը չի սահմանում քաղաքների ինքնորոշման իրավունք, այլ` այդ իրավունքը պատկանում է ժողովուրդներին: Իհարկե, կոնկրետ Խարկովում, Դոնեցկում, Լուգանսկում, իհարկե Ղրիմում, քիչ չէ ռուսական, կամ ռուսախոս համայնքը, որին, որպես ինքնորոշվող տարր հենց ներկայացնում են: Սակայն միջազգային իրավունքը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնականում, եթե ոչ բացառապես դիտարկում է տվյալ ժողովուրդների կողմից, իրենց ինքնորոշման արդյունքում անկախ պետություն ստեղծելու ցանկության համատեքստում: Այսինքն, եթե կոսովարներն ինքնորոշվել են, ինչի արդյունքում էլ ստեղծել են անկախ պետություն, եթե նույնն արել են արցախցիները, ապա ղրիմցիներն, օրինակ, ինքնորոշվել են` մեկ պետության կազմից մեկ այլ պետության կազմ մտնելով, հետեւաբար, այստեղ «գուցե» ոչ թե եղել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում, այլ մեկ` ավելի հզոր պետության կողմից մեկ այլ պետության տարածքի բռնակցում: Նույնը ցանկանում են անել մի խումբ մարդիկ` Դոնեցկում, Խարկովում, Լուգանսկում: Ուրեմն, Ուկրաինայում իրադարձությունները գուցե համապատասխանում են ազգերի ինքնորոշման իրավունքի նորմի տառին, բայց երբեք ոչ`ոգուն: Հետեւաբար, այնտեղ տեղի է ունենում միջազգային իրավունքի նորմի ուղղակի ծաղրում-ոտնահարում:

Հետեւանքը

Մարդիկ, ովքեր Ղրիմի իրադարձություններից ոգեւորված հայտարարեցին, թե «սա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հերթական հաղթանակն է, ինչը շարունակական է դարձնում այդ իրավունքի հաղթարշավը», հիմա, փաստորեն, ճիշտ չգտնվեցին: Անցած չորեքշաբթի պարզ դարձավ, որ իսպանական խորհրդարանը մերժել է մի քանի պատգամավորների դիմումը` թույլատրել Կատալոնիայում գալիք նոյեմբերին անցկացնել Իսպանիայի կազմից դուրս գալու, անկախության հանրաքվե: Մինչ այդ, Իսպանիայի Սահմանադրական դատարանը Կատալոնիայում անկախության հանրաքվեի անցկացումը որակել էր հակասահմանադրական: Եւ, քանի որ ի տարբերություն մեր ՍԴ-ի, իսպանական ՍԴ-ի որոշումները ուժի մեջ են մտնում անմիջապես, ապա հենց այսօր էլ կարող ենք փաստել, որ այդ թվում, եթե ոչ բացառապես ուկրաինական նախադեպերից` Իսպանիայում կոնկրետ մերժվում է ժողովուրդների ինքնորոշոման իրավունքի իրացումը: Ուրեմն, միջազգային իրավունքի այս կարեւորագույն, եւ մեզ համար կենսական նշանակություն ունեցող նորմը, Ուկրաինայով չշահեց, ճիշտ հակառակը:

***

Իրադրությունն ուրեմն, հետեւյալն է. 21-րդ դարում դեռ մնացել են երկրներ, նրանց ղեկավարներ, որոնք դրսեւորում են 19-րդ դարին հարիր գործելակերպ, ընդ որում, 21-րդ դարում ապրողները 19-րդ դարում «մնացածների» հետ հաճախ փոխվում են տեղերով: Եվ հենց այս հաճախակի տեղափոխություններն են սասանում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, այլ ոչ միայն, կամ ոչ այնքան ուկրաինական իրադարձությունները. վերջիններս դրանց ուղղակի հետեւանքն են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.