AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 52. ԱՂԱՆՁԸ ԱՂԱՆԴԵ՞Ր Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014



ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԱՆԴԵՄ

Տեղադրվել է` 2014-04-11 00:11:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1894, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 49

«ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻ՞Ց»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Թուրք-ադրբեջանական «բլեֆներ»

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետից հետո անցած շաբաթ Ադրբեջան այցելեց վարչապետ Էրդողանը: Բաքվի մամուլը, առանց չափազանցության, շունչը պահած սպասում էր, որ «եղբայրական» երկրի վարչապետը մի «դարակազմիկ» հայտարարություն կանի թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու մասին, բայց դա տեղի չունեցավ:

Կողմերը բավարարվեցին ավանդական ձեւակերպումներով համեմված հայտարարություններով, որոնք չշոշափեցին ինտրիգային հարցը` ի վերջո Թուրքիան Ադրբեջանում ռազմակայան հիմնելո՞ւ է, թե՞ ոչ: Ըստ երեւույթին, հարցը քննարկման փուլում է: Բայց նկատելի է նաեւ, որ Թուրքիան խիստ զգուշավորությամբ է մոտենում խնդրին եւ չի ձգտում դիմելու արմատական քայլերի: Կամ էլ, գուցե, Էրդողանը չի վստահում Իլհամ Ալիեւին:

Այս ենթադրության օգտին է, կարծես, խոսում այն հանգամանքը, որ Էրդողանը դեռեւս չէր հասցրել հեռանալ Բաքվից, երբ լրատվամիջոցներում տեղեկություն շրջանառվեց, որ նա Իլհամ Ալիեւի հետ դեմ առ դեմ բանակցությունների ժամանակ նրան է հանձնել Ադրբեջանում նուրսիական ուսմունքի տարածման «բարձրաստիճան հովանավորների լրիվ ցուցակը» եւ պահանջել, որպեսզի նրանք հեռացվեն պաշտոններից, իսկ նուրսիականության տարածման կենտրոնները փակվեն:

Ըստ որոշ տեղեկությունների, նուրսիական ուսմունքի տարածման կենտրոններ Ադրբեջանում գործում են անխտիր բոլոր շրջաններում եւ քաղաքներում, դրանք մասնավոր դպրոցներ են, որտեղ աշխատում են գերազանցապես թուրք աշխարհիկ եւ հոգեւորական ուսուցիչներ: «Մենք հարգում ենք Ադրբեջանի օրենքները եւ կանոնավորապես հարկ ենք վճարում պետությանը, այնպես որ մեր դպրոցները փակելու ոչ մի պատճառ չկա, Ադրբեջանը անկախ պետություն է, հարկ չկա խառնվելու նրա ներքին գործերին»,- այսպես է Էրդողանի այցին արձագանքել Ադրբեջանուն նուրսիական ուսումնական ծրագրերի իրականացման կենտրոնի ղեկավար թուրք պաշտոնյան, որի անունը մամուլը չի հրապարակել:

Իհարկե, ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից, բայց, ինչպես երեւում է, Թուրքիայի վարչապետը խնդիրը չափազանց սուր է դրել: Էրդողանի այցից մի քանի օր անց ադրբեջանական իրավապահները հանկարծակի ստուգումներ են սկսել «Ազերսու» պետական ընկերության դուստր ձեռնարկություններում եւ «բացահայտել նուրսիականության հետեւորդների ցանց»:

Բաքվում արդեն չեն էլ կարողանում թաքցնել, որ նման ստուգումներն ու «բացահայտումները» կատարվում են Թուրքիայի վարչապետի պահանջով: Այդուհանդերձ, Իլհամ Ալիեւի աշխատակազմում դեռեւս նոր աղմկալի պաշտոնանկություններ չեն եղել: Կարելի է ենթադրել, որ նա կարողացել է որոշակի համաձայնության գալ Էրդողանի հետ այն իմաստով, որ նուրսիականության դեմ պայքարն Ադրբեջանում չպետք է ներքաղաքական բարդությունների տեղիք տա:

Բայց դա բավարարո՞ւմ է Էրդողանի հավակնությունները: Հազիվ թե:Ուստի թուրք-ադրբեջանական հարաբերություններում նուրսիականության հանդեպ Իլհամ Ալիեւի հանդուրժողական վերաբերմունքի գործոնը, հնարավոր է, դեռ երկար է զգացնել տալու: Իհարկե, Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի համատեղ ասուլիսին նրանք միմյանց «թանկագին եղբայր» են անվանել եւ դարձյալ հավաստիացրել, որ «Ադրբեջանի հաջողությունը Թուրքիայի հաջողությունն է, նրա խնդիրները` Թուրքիայինը եւ` ընդհակառակը», բայց այդ կարգի գեղեցկախոսությունները բոլորովին չեն ցրել ադրբեջանական վերլուծաբանական հանրության տարակուսանքը. ի՞նչ նպատակ էր հետապնդում Էրդողանի աշխատանքային այցը:

Ամենայն հավանականությամբ, թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը խորացնելու եւ ավելի բարձր` ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերելու իրավական պարտավորության մակարդակի հասցնելու մասին «տեղեկատվական արտահոսքը» հիմնազուրկ չէ: Այլապես Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շուրջ մեկ շաբաթ Բաքվում ադրբեջանցի զինվորականների հետ չէր աշխատի:

Միաժամանակ, սակայն, արտաքին քաղաքական ներկա զարգացումների համատեքստում անպատկերացնելի է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական ուղղակի ներկայությունը Հարավային Կովկասում: Բացառված չէ, որ այդ մասին մամուլով մեկ սփռված վերլուծությունները եւ ենթադրությունները հասցեագրված էին Ռուսաստանին: Մոսկվան դրանց արձագանքեց չափազանց յուրովի եւ ակնհայտորեն կոշտ. քաղաքագետ Դուգինը հայտարարեց, որ «Ադրբեջանը դրա համար թանկ կվճարի»: Եւ նույնիսկ սպառնաց. «Ահա մենք կփակենք Ուկրաինայի հարցը եւ կսկսենք պարզել, թե ով է մեզ բարեկամ, ով` թշնամի»:

Դուգինի արձագանքը, սակայն, որոշակի նենգամտություն էլ ուներ. «Բաքվում չպետք է մոռանան, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանալին գտնվում է Մոսկվայում»: Քաղաքագետի մակարդակով ակնարկին Բաքուն պատասխանեց նույն ձեւով, Վաֆա Գուլուզադեն հռետորական հարց հնչեցրեց` «ինչո՞ւ Մոսկվան Ադրբեջանին չի վերադարձնում տարածքային ամբողջականության բանալին, որ պատկանում է նրան»:

Ստացվում է, որ Թուրքիայի միջոցով ՆԱՏՕ-ի հովանոցի տակ մտնելու` Ադրբեջանի ջանքերը հիմնականում ցուցադրական են եւ ակնարկ են Ռուսաստանին: Ի դեպ, Մոսկվայում ադրբեջանական համայնքային կառույցները կատաղի արշավ են սկսել պետդումայի փոխխոսնակ Ժիրինովսկու դեմ: Ռուսաստանում ադրբեջանցիների միության նախագահ Աբաս Աբասովը նամակով դիմել է ՌԴ նախագահի աշխատակազմին եւ գլխավոր դատախազությանը` պահանջելով պատգամավորին պատասխանատվության ենթարկել «ազգամիջյան թշնամանք հրահրելու» համար: Աղբյուրները տեղեկացնում են, որ Պուտինի աշխատակազմում Աբասովի նամակը «պատրաստվում են քննարկել հեղինակի մասնակցությամբ»:

Ի՞նչ ավարտ կունենա այդ պատմությունը, արդեն նույնիսկ հետաքրքրքական չէ: Ակնհայտ է, որ Բաքվում փորձում են համոզվել մի բանում` Ժիրինովսկին սեփակա՞ն տեսակետ է հայտնում, թե՞` Կրեմլի հետ համաձայնեցված, իսկ Մոսկվայից պատասխանում են` «իսկ դա կախված է ձեր պահվածքից»: Այս իրավիճակում ոչ Էրդողանը, ոչ Իլհամ Ալիեւը չեն կարող ակնհայտորեն դավագրգռել Ռուսաստանին, որի հետ Ադրբեջանը ցամաքային եւ ծովային սահմաններ ունի:

Այս պահին, կարծես, բացառված է, որ Թուրքիան ռազմահենակայան ունենա Ադրբեջանում: Բայց թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության խորացման հարցը դրանից չի կորցնում հրատապությունը: Իլհամ Ալիեւն այս առումով արել է իր «ձիու քայլը»: Դեռեւս անցյալ տարեվերջին նա հրամանագիր է ստորագրել Նախիջեւանի առանձին զինված ուժեր ստեղծելու մասին:

Այսպիսով, այդ ինքնավար հանրապետությունն իրավաբանորեն ունի ինքնուրույն զինված ուժեր: Նկատի ունենալով, որ Նախիջեւանի կարգավիճակը սահմանված է 1921թ. մարտի 16-ի «Բարեկամության եւ եղբայրության մասին» ռուս-թուրքական պայմանագրով, չի կարելի բացառել, որ Էրդողանը եւ Պուտինը կարող են համաձայնության գալ, որպեսզի Թուրքիան ամրապնդի իր ներկայությունը Նախիջեւանում:

Նման հեռանկար, կարծես, ուրվագծվում է: Դա, թերեւս, կարելի է հիմնավորել Իլհամ Ալիեւի նախիջեւանյան ուղեւորությամբ, որ գրեթե անմիջապես հաջորդեց Էրդողանի Բաքու այցին: Հատկանշական է, որ ինքնավարության մասին Նախիջեւանում խոսելոիս Իլհամ Ալիեւն այն համարել է «աշխարհի ամենաբացառիկ հանրապետություններից մեկը»: Կարծես չափազանց շատ է շեշտվում Նախիջեւանի «ինքնուրույնությունը», ինչն, իհարկե, միայն քարոզչական հնարանք է: Իրականում Նախիջեւանի նույնիսկ ոստիկանության աշխատակիցներին պաշտոնի նշանակում են Բաքվից, բանակի մասին խոսել նույնիսկ չարժե:

Նախիջեւանում Իլհամ Ալիեւը հատուկ ուշադրություն է դարձրել տեղի բանակային կորպուսին, այցելել է զորամասեր, ցուցադրել ժամանակակից հարձակողական զենք, իհարկե` ռուսաստանյան արտադրության: Ու՞մ էր պետք այդ «թատրոնը»: Տպավորությունն այնպիսին է, որ Նախիջեւանը կարող է դառնալ թուրքական զինված ներկայության վայր: Եւ դա Ռուսաստանի հակազդեցությանը չի հանգեցնի: Ըստ երեւույթին, Նախիջեւանում թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը հեռանկարում կարող է տարածաշրջանի հանդեպ արտաքին ուժերի հավասարակշռման գործընթացի սկիզբ դառնալ:

Այս իմաստով կարեւորվում է նաեւ այն, որ Նախիջեւանից Իլհամ Ալիեւն ուղեւորվել է Իրան: Թեհրանի օդանավակայանում նրան նկատելի սառն են ընդունել` արտաքին գործերի փոխնախարարի եւ Ադրբեջանում Իրանի դեսպանի մակարդակով: Նախատեսված են Իլհամ Ալիեւի հանդիպումները Իրանի նախագահի եւ հոգեւոր առաջնորդի հետ: Իրան- Ադրբեջան` տեւականորեն լարված հարաբերությունների համապատկերին Իլհամ Ալիեւի թեհրանյան ուղեւորությունը թվում է նույնիսկ արտառոց: Ըստ երեւույթին, կողմերն իրոք ունեն փոխադարձ հետաքրքրության շրջանակի հարցեր, հակառակ դեպքում Թեհրանը հազիվ թե ունենար Իլհամ Ալիեւին տեսնելու ցանկություն:

Մի փոքր չափազանցություն կլինի մտածել, թե Իլհամ Ալիեւը կփորձի իրանական կողմին համոզել, որ Նախիջեւանում թուրքական ռազմական ներկայությունն «ուղղված չէ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»: Շատ հավանական է, որ Իրանը կունենա բացատրություններ լսելու անհրաժեշտություն: Ամեն դեպքում առանց իրանական կողմի համաձայնության Թուրքիան չի կարող Նախիջեւանում ռազմական ներկայություն ունենալ:

Խնդիրն այն է, թե այդ նուրբ հարցն իրանական կողմի հետ Ադրբեջա՞նն է քննարկելու, Թուրքիա՞ն, թե՞ մի երրորդ երկիր:

Եւ առհասարակ, ի՞նչ իմաստ ունի Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությունը: Դա զուտ թուրք-ադրբեջանական «եղբայրության» կանխածրագի՞ր է, թե՞ աշխարհաքաղաքական վերադասավորումների մի «էական բաղադրիչ»: Ակնհայտ է, որ տարածաշրջանում ռազմական ներկայություն ունենալու Թուրքիայի ձգտումը շատ ավելի հավակնոտ նպատակներ է հետապնդում, մինչդեռ Ադրբեջանի համար ամեն ինչ հանգում է «տարածքային ամբողջականության վերականգնման» խնդրին:

Հավանական է, Իլհամ Ալիեւը որոշակի «նախապատրաստական աշխատանքներ է տանում», որպեսզի ԼՂ հարցով բանակցությունների հերթական փուլին ներկայանա «արտատարածաշրջանային խաղացողի» իմիջով: Բաքվում վերստին է ԵԱՀԿ Մինսկի խմբի «անգործունակության» թեման: Խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը նույնիսկ կարծիք է հայտնել, որ «Ադրբեջանը եւ Հայաստանը կարող են բանակցել առանց միջնորդների»: Նա չի կարծում, թե «կարելի է հույս դնել Մինսկի խմբի վրա»:

Ադրբեջանում փաստացի հնչեցնում են Մինսկի խումբը «լուծարելու» առաջարկություններ: Պաշտոնական Բաքուն փորձում է Լեռնային Ղարաբաղի հարցը տեղափոխել տարածաշրջանի հանդեպ ռուս-թուրքական ազդեցության «հավասարակշռման» տիրույթ` նպատակ ունենալով այդ կերպ «վերականգնել» 1921թ. մարտի 16-ի Մոսկովյան պայմանագրի «ստատուս-քվոն»: Վերջին ձեռնարկումներն, այսպիսով, «մեծ աղմուկ չեն ոչնչից», բայց թե ինչպիսի՞ն կլինի միջազգային ազդեցիկ ուժերի մոտեցումը, այս հարցում պետք է սպասել անակնկալների:

Ստեփանակերտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.