AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014



ՄՏԱՀՈԳԻՉ

Տեղադրվել է` 2014-04-11 00:11:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1718, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԴԱՇՏԵՐԸ ՉՈՐԱՆՈՒՄ ԵՆ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վերջին տարիներին ձկնարտադրությունը թեպետ դարձել է արդյունավետ եւ շահավետ բիզնես, սակայն ձկնաբուծարանների քանակի աճին զուգահեռՙ գյուղերը զրկվում են ոռոգման ջրից եւ անապատացվում: Արմավիրի մարզի մի շարք համայնքներ տարիներ շարունակ ձկնաբուծարանների գործունեության զոհերն են: Եղած ջրային պաշարները տրամադրվում են բացառապես ձկնաբուծարաններին եւ գյուղացին մնում է ձեռնունայն: Այստեղ խնդիրն այն չէ, թե ձկնաբուծարաններն ո՞ւմ են պատկանում եւ ի՞նչ շահույթ են ստանում դրանից. խնդիրն այն է, որ անհրաժեշտ է հարցը օրենսդրական դաշտ տեղափոխել, որպեսզի գյուղատնտեսությունը ձկնարտադրությանը զոհ չդառնա:

Արմավիրի մարզի Գայ համայնքում տարեցտարի ցամաքում են խմելու ջրի համար նախատեսված խորքային հորերը. չի բացառվում, որ մի քանի տարի անց ջրի խողովակից ընդհանրապես ջուր չհոսի:

Նախորդ տարի ոռոգման ջուր չլինելու պատճառով Գայ համայնքում հողերի 80 տոկոսը մնացել է անմշակ: Գյուղատնտեսական տարին նոր է մեկնարկում, սակայն պատկերը գոհացուցիչ չէ. շատերն են հրաժարվում հող մշակելուց` նախընտրելով շինարարությունը կամ արտագնա աշխատանքը: Նրանք ովքեր հողագործությամբ են զբաղվում, իրենց անվանում են «կամիկաձե»: Վերջին անգամ Սերյոժա Հովհաննիսյանը դաշտ գնացել է նախորդ տարվա սեպտեմբերին: «Մայիս ամսին բադրիջանը ծաղիկը վրան չորացել¬կախվել էր, բա բույս է, բա ջուր է ուզում: Ես կառավարությունից բան չեմ ուզում, ինձ հասանելիք ջուրն եմ ուզում, որ հողս մշակեմ ու ընտանիքս պահեմ: Իմ տղեն ինչքա՞ն Ռուսաստանում բանվորություն անի, որ իրա նաֆարին պահի»,- ասում է Սերյոժան` հավելելով, որ մինչեւ սեպտեմբեր ընդամենը 4 անգամ է կարողացել դաշտը ոռոգել ու ցանած բերքը վառվել է:

Գյուղում արդեն հինգ հարյուր հոգի բանկերին պարտք ունի: Վարկ են վերցրել ու հիմա տոկոսների ձեռքը տառապում են: «Շոտչիկը ֆռում ա, չի հարցնում` կա-չկա, կարկո՞ւտը խփեց, ջուր տվի՞ն, թե՞ չէ: Ինքն իրա գործն ա անում»,- ասում է Մարտուն Համբարձումյանը :

Գյուղացիները հավաստիացնում են, որ Գայում բոլորն էլ վարկ են վերցրել, որ հողամաս մշակեն, սակայն ջուր չլինելու պատճառով գյուղացիները «տակ» են տվել. աշնանը ոչ բերք են ստացել, ոչ էլ կարողանում են վարկի գումարը փակել:

«Իրանք իրանց համար բասեիններ են բացում, ձուկ են աճացնում, մեր բերքը վառվում ա»,- ասում է տիկին Գայանեն ` հավելելով, որ բացի հարեւան մարզից, իրենց գյուղում էլ վերջին տարիներին տասը ձկնաբուծարան է գործում:

Ձկնաբուծարանների պատճառով Գրիբոյեդով համայնքում նույնպես տարիներ շարունակ ջուր չկա: Ժամանակին գյուղում բնակվող 1500 բնակչի կեսն էլ այսօր չի մնացել: Գյուղում հատկապես վերջին տարիներին արտագաղթը հասել է ահռելի չափերի. ուղղությունները տարբեր են` Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ: Մնացած բնակիչների ընտանիքներն էլ ամբողջական չեն: Ընտանիքի անդամներից գոնե մեկ կամ երկուսը տարվա կեսից ավելին գտնվում են դրսում, որպեսզի կարողանան ընտանիքի հոգսերը հոգալ: Հանրապետության բազմաթիվ գյուղերի օրինակով այստեղ էլ բնակիչների հիմնական ապրուստն անասնապահությունն ու հողագործությունն է: Վերջին տարիներին անասնապահությամբ զբաղվելը դարձել է թանկ հաճույք, հողագործությունն էլ չի արդարացնում` ծախսերը շատ, օգուտը` քիչ, պարտքերը` հսկայական: Լոլիկ, վարունգ, ցորեն, խաղող: Սա մթերքների ցանկի մի փոքրիկ հատվածն է, որ աճում է այս տարածքում: Հողը լավն է, գյուղացիների ասելովՙ առաջին կարգի: Սա նշանակում է, որ բերքը կլինի առատ ու բարձր որակի, սակայն գյուղի ամենամեծ խնդիրը ջրի բացակայությունն է: Այստեղ խմելու եւ ոռոգման յուրաքանչյուր գրամը պայքարի գնով է ձեռք բերվում:

Տարիներ առաջ գյուղում խմելու ջրի համար 29 արտեզյան հող է եղել, դրանց մեկ մասն այսօր ցամաքել է ու մնացել է 17-ը: Եթե երեք-չորս տարի առաջ այդ հորերը եղել են ինքնաշատրվանող, ապա հիմա առանց պոմպի հնարավոր չէ ջուրը հանել, քանի որ ջրի մակարդակը կտրուկ նվազել է: Հորեր գյուղում շատ կտեսնեք: Յուրաքանչյուր թաղամաս գումար է հավաքել, «գեներատոր» տեղադրել, որպեսզի կարողանան խմելու ջուր ունենալ: Գյուղացիները կատակով ասում են, որ հաց չեն առնում, բայց էլեկտրոէներգիայի վարձը պարտադիր տալիս են, հակառակ պարագայում ամբողջ գյուղը կզրկվի ջրից: Եթե խմելու ջրի հետ կապված խնդիրը քիչ թե շատ լուծվել է, ոռոգման ջրի խնդիրը դարձել է գյուղացու համբերության վերջին կաթիլը:

Աշնանը հեկտարներով սմբուկն ու լոլիկը չորացել կախվել էին, ասում են գյուղացիներն` ափսոսանքով, որ իրենց տանջանքը կրկին ջուրն է ընկել:

Որ պատասխանատու բոլոր մարմինները տեղյակ են գյուղի թիվ մեկ խնդրիցՙ հավաստիացնում են գրեթե բոլոր գյուղացիները: Ասում են` նախորդ գյուղապետը բազմիցս դիմել է թե՛ մարզպետարան, թե՛ կառավարություն, սակայն անօգուտ: Նոր ընտրված գյուղապետն էլ` Վահե Գրիգորյանը , հավաստիացնում է, որ ամեն անգամ մարզպետարան մտնելիս ջրի հարցն է բարձրացնում, սակայն անպարդյուն:

Գյուղին ոռոգման ջրով ապահովում է Ակնալիճ ՋՈՅ-ը: Հենց նրա տնօրեն Սիմոն Աբգարյանից էլ փորձեցինք ճշտել, թե ո՞ւր է գնում ջուրն ու ինչո՞ւ գրիբոյեդովցուն ջուր չի հասնում: Ըստ Աբգարյանի, պատճառը հարեւան մարզի ձկնաբուծարաններն են, դրանց պատճառով է, որ գյուղացին զրկվում է ջրից:

«Ես չեմ ուզում շատ չակերտներ բացել, բայց պատճառը հարեւան մարզի մի քանի տասնյակ ձկնաբուծարաններն են, որոնց գործունեության հետեւանքով ջուրը գյուղ չի հասնում», ասում է Աբգարյանը` հավելելով, որ իր ղեկավարած ՋՈՅ-ն ամեն տարի պայմանագիրը թարմացնում է գյուղապետարանի հետ: Թե ինչո՞ւ են իրենց վրա պարտավորություն վերցնում, երբ չեն կարողանում գյուղացիներին ջուր մատակարարել, Աբգարյանի պատասխանն առավել քան հետաքրքրական է. «Աստծո հույսով ապրում ու աշխատում ենք, էլի»:

Աստծո հույսով, թե առանց, սակայն գյուղացու համբերության բաժակն արդեն լցվում է: Գրիբոյեդովի ոռոգման ջուրը գալիս է նաեւ Ակնալճից, սակայն այն էլ վերջին 4 տարվա ընթացքում շատ է ցամաքել, ու անգամ պոմպերի միջոցով էլ դժվարությամբ է լինում գյուղին ջուր փոխանցել: Գյուղի ինքնաշատրվանող հորերը նույնպես ցամաքած են: Սիմոն Սբգարյանն ասում է, որ միակ ելքը խորքային հորեր փորելն է: Կառավարությունը մի քանի հարյուր միլիոն դրամ գումար է հատկացրել գյուղերում խորքային հորեր փորելու համար, սակայն այդ ցանկում Գրիբոյեդովը չկա, թե ինչո՞ւՙ Աբգարյանի պատասխանը կարճ է` հերթը չի հասել... Հաջորդ հարցին` ի՞նչ անել` պատասխանը նույնպես անհավանականների շարքից է` սպասել ու կրկին հույսը դնել աստծո վրա...

Ըստ մասնագետների, միայն Արմավիրի մարզում գործում է մոտ 600 խորքային հոր: Դրանցից 220-ը` ձկնարտադրության նպատակով: 600 խորքային հորերից մոտ 20 տոկոսը ցամաքել եւ շարունակում են ցամաքել վերջին 220 հորերի պատճառով:

Արմավիրի մարզի ընդերքից տարեկան 300-400 խ/մ քաղցրահամ ջուր է օգտագործվում ձկնարտադրության նպատակով: Տարեկան արտադրվում է 1,5-2,0 հազար տոննա ձուկ, որի արժեքը մոտ քսան անգամ պակաս է քաղցրահամ ջրի ձկան արժեքից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.