AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014



Տեղադրվել է` 2014-04-11 00:11:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1536, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ԱՊԱԳԱՆ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ

2-3 ապրիլի, 2014 թ.

Քաղաքական վերլուծաբան չեմ, ոչ էլ` միջազգայնագետ, սակայն բավականին տեղյակ եմ պատմության անցուդարձին: Առավել` հայոց պատմությանը ու հայ ժողովրդի դարավոր մաքառումներին: Գիտեմ, որ ժողովուրդների աշխարհակազմ ընտանիքում մեկին բնական անբավ հարստություններ են բաժին հասել, մեկին հանգիստ ու փափուկ բնական պայմաններ, մյուսներին հզորություն ու տիրելու, նվաճելու հատկություններ, ոմանց էլ լավ ու բարեհաճ հարեւաններ: Բայց արի ու տես, որ մեզ` հայերիս, բացի խելքից ու ազատ ապրելու ձգտումից, գրեթե ոչինչ չի տրվել:

Շատերը կարող են չհամաձայնել. եթե խելք ունենայինք, լավ վիճակում կլինեինք, դարեր շարունակ չէինք զիջի ու կորցնի այնքան, որ քարտեզի վրա ցույց տալու մի կարգին տարածք էլ չի մնացել, որեւէ գույնով ներկելու ու վրան Հայաստան գրելու տեղ էլ չկա: Հոգ չէ, տեղը չկա, սակայն անունն ու փառքը կան, իսկ տարածքն ու սեփական գույնով ներկած կտորն էլ կունենանք, եթե...

Հազիվ մի փոքր հանդարտվել էինք, հազիվ կարողանում ենք դիմանալ ազերի-թուրքերի նենգ ու տմարդի վարմունքից գնալով հաճախակի դարձած երտասարդների կորստի անդարմանելի ցավին, պայթեց Քեսաբի ողբերգության լուրը: Հնչեցին հայտարարություններ ու տարբեր ատյաններին դիմելու, անհանգստացնելու կոչեր: Հուրախություն բոլորիս` իշխանական կառույցներն ու ժողովուրդը միասնական են, միաբերան: Քեսաբաբնակ հայությանը սատարելու, նրանց զորավիգ լինելու ժողովրդի միակամությունը փակ աչքով էլ նկատելի է...: Արդեն կարծես ընդարմացումից դուրս են գալիս նաեւ միջազգային որոշ կառույցներ, փորձում ազդել եւ շտկել իրավիճակը: Սակայն բոլորս ենք հասկանում, որ դրանք ժամանակավոր գործողություններ են. Քեսաբն այլեւս նախկինը չի դառնա: Գիշերվա մթին, տարբեր տրամաչափի զենքերի գնդակոծումների, շփոթի ու սարսափի պայմաններում իրական մահից հրաշքով փրկված, եկեղեցու պատերի ներսում առանց որեւէ տարրական պայմանների «ապրող» ու ահաբեկված աչուկներով անգութ ու անտարբեր աշխարհին նայող մանկիկն այլեւս չի ապրի, չի քայլի, լռի ու լսի, նկարի ու պարանի վրայով թռչի այնպես, ինչպես մինչ այդ էր անում...

Ուրե՞մն: Իսկապես «ինչ անել` լինելու համար» Շեքսպիրի համլետյան հարցը երկար չի կարող օդում կախված մնալ: Գուցե լավագույն տարբերակը չի, սակայն ընդամենը մի ելք եմ տեսնում. օգտագործենք հնարավոր ու անհնարին բոլոր ձեւերն ու մեթոդները եւ ազգովին հավաքվենք մեծածավալ հայրենիքից մնացած այս փոքրիկ հողակտոր Հայաստանում: Հարկավոր է ըմբռնենք վերջապես, որ աշխարհի մնացյալ բոլոր վայրերում մենք օտար ենք, լավագույն դեպքում` հյուր եւ ոչ ավելին: Հարկավոր է, որ ուշքի գանք, սթափվենք. բավական է ինչքան տվեցինք, զիջեցինք, սովորեցրինք ուրիշներին: Հիմա մենք էլ դրա կարիքն ունենք, հիմա մենք էլ խելացի ու պրոֆեսիոնալ մասնագետների (ոչ թե որեւէ բանի ոչ պիտանի ավարտավկայականներ ունեցողների) ենք փնտրում, առաջ քայլելու, աշխարհի զարգացումներից ետ չմնալու ու մեզ նետված մարտահրավերներին դիմագրավելու համար: Հարկավոր է ազգովին ըմբռնենք, որ պետությունն ու հայրենիքը միայն պահանջներ ներկայացնելու, հայկական անձնագիր պոկելու ու դրանով շվեդիաներ թռչելու համար չեն:

Արդ, սթափվենք բոլորս, օգտագործենք ունեցած հնարավորություններն ու աստիճանաբար հավաքվենք Հայրենիքում: Հավաքվենք այնքան, որ չտեղավորվենք ու պահանջենք ժամանակավորապես ուրիշների օգտագործման տրված մեր հայրենի տարածքները: Թե չէ ամերիկաների ու եվրոպաների, էլ չեմ ասում աֆրիկաների ու ավստրալիաների եղածը որքան էլ մեր ու մերոց անուններով վկայականներ ունենան` մերը չեն: Տուն եկեք, դիմում եմ բոլորին կրկին ու կրկին անգամ` տուն վերադարձեք, դա է միակ ելքը Հալեպն ու Քեսաբը, Բեյրութն ու Լոսը... մերը չեն եղել ու չեն լինի: Եկեք, որ միասին կրենք դժվարությունները, որ հաղթենք: Մենք նույնն ենք ազգովին` ախպար թե եղբայր, երլական, թե տեղացի, իսկ մնացած թվացյալ տարբերությունները մշակութային-կենցաղային են ու շատ արագ կհարթվեն: Մեր արյունը, գենն ու տեսակը նույնն է ու միակն այս մոլորակի վրա: Այնպես որ, մնում է սոսկ միասնաբար ու նույնատեսակ էլ մտածենք ու գործենք, եւ ապագան մեր է լինելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.