AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 77. ՍԵ՞ՔՍ, ԹԵ՞ ՏԱՐՓ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014



Տեղադրվել է` 2014-04-11 00:11:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1695, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ՔԵՍԱԲԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻ ՎՐԱ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Մարտի 21-ին Սիրիայի Քեսաբ քաղաքի գրավումը «էլ¬Նուսրայի» ահաբեկիչների կողմից պարզապես մի նոր դրվագ էր աշխարհի զանգվածային լրատվության հետեւորդների համար։ Բայց դեպի 50 կմ հարավ գտնվող Լաթաքիա էվակուացված քաղաքի երկու հազար հայ բնակիչների համար կատարվածը 99 տարի առաջ սկսված հայերի ցեղասպանության կրկնությունն էր։

Թուրքիայի առաջնորդները վրդովված են, որ աշխարհում իրագործված առաջին ցեղասպանությունը իր ամբողջական լրումին չհասավ, եւ վերապրողները ցրվեցին աշխարհով մեկ պատմելու համար իրենց պատմությունները եւ դրանով իսկ սեւացնելու Թուրքիային, որը ձգտում է ապացուցել, թե ժողովրդավարական երկիր է եւ հարգում է մարդու իրավունքները։

Վրդովվածության արտահայտություններից մեկը Հայաստանի արդեն երկու տասնամյակ ձգվող շրջափակումն է, որի նպատակն է բնաջնջել հայ ժողովրդին։ Իր ցեղասպանական քաղաքականությունը շարունակելով, Թուրքիան օգտվում է հարեւան Սիրիայում բռնկված պատերազմից հայերի հետ հաշիվները մաքրելու համար եւ միաժամանակ ծառայություն մատուցելու Իսրայելի տարածաշրջանային փառասիրություններին, որպես իր հեռահար քաղաքական նպատակ։

Քեսաբի վրա հարձակումը ցեղասպանության համազոր արարք է։ Թուրքիայի կողմից վարձված, վարժեցված եւ սնուցված վարձկանները արդի ժամանակների բարբարոսներ են, որոնց վայրագությունները ոչնչով չեն զիջում հայերի եւ հրեաների դեմ օսմանյան թուրքերի եւ գերմանացի նացիստների գործադրած վայրագություններին։

Ամերիկյան զանգվածային լրատվության ճանաչված անձնավորություններից ամենապահպանողականըՙ Գլեն Բեքն այնքան էր զայրացած, որ բացականչեցՙ «Մենք մարդակերներին ենք պաշտպանում»։

Պետք չէ կառավարության բարձրաստիճան անձնավորություն կամ լրատվական մեկնաբան լինել հասկանալու համար, որ ահաբեկիչների կողմից Քեսաբի գրավումը կազմակերպել էր Թուրքիան, չնայած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն համարում է, որ նման լուրերը «չարամիտ» մարդկանց հորինածներն են։

Բայց եկեք հաշվի առնենք, որ առանց Թուրքիայի համագործակցության եւ անմիջական մասնակցության մի խումբ վարձկաններ ամերիկյան տանկերով եւ զինված հակաօդային հրթիռներով պարզապես չէին կարող ազատորեն անցնել սահմանը եւ գրավել Քեսաբը։ Չմոռանանք, որ թուրքական օդուժի մի ինքնաթիռ կրակ բացելով վայր էր գցել սիրիական Միգ¬34 ինքնաթիռը, որը փորձում էր խափանել գրավումը։

Այդ առթիվ ՆԱՏՕ¬ի մի ներկայացուցիչ ասել էր հետեւյալը «Էլ¬Մոնիտոր» պարբերականին. «Երեւում է, Թուրքիան դիտավորյյալ է վայր գցել Միգ¬34-ին։ Մենք կասկածում ենք, որ որեւէ վտանգ սպառնում էր Թուրքիային։ Ըստ երեւույթին, Թուրքիան դա արեց օգնելու համար արմատական խմբավորումներին»։

Մինչ թուրք առաջորդները կտրականապես ժխտում են իրենց մասնակցությունը կատարվածին, լրահոսից թափանցած մի տեղեկություն բացահայտում է ամբողջ դավադրությունը։ 2014 թվի մարտի 27-ին Information Clearinghouse¬ը հաղորդեց, որ Թուրքիայում Youtube¬ի հասանելիությունը խափանվել էր այն բանից հետո, երբ տեղի էր ունեցել ձայնագրությունների արտահոսք, որոնցում նախարարները խոսում էին Սիրիա ռազմական ներխուժում կատարելու համար որպես դրդապատճառ օգտագործել իբր Սուլեյման շահի (օսմանյան կայսրության հիմնադրի պապը) շիրիմը պաշտպանելու պատրվակը։ Սա շատ նման է թուրքական պետությանը հատուկ գործելակերպին։ Նման իրավիճակ ստեղծվել էր 1955-ին, երբ թուրքերը Սալոնիկ (Հունաստան) էին ուղարկել մի ահաբեկչի, որ ռումբ տեղադրի Աթաթուրքի տանը, որպեսզի պատրվակ հանդիսանա Ստամբուլում վայրագություններ իրականացնելու (սեպտեմբերի 6-ին) հայերի, հույների եւ հրեաների դեմ։

Ի դեպ, թուրքական ցինիզմն իր հավասարը չունի։ Թուրքիայի արտգործնախարարը պատրաստակամություն էր հայտնել իր երկրում սիրով ընդունել այն 2000 հայերին, որոնց տեղահան էր արել 500 տարվա իրենց բնօրրանից։ Իր հրապարակած հաղորդագրության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունը գրում էր ի մասնավորի, որ «ՄԱԿ¬ի համապատասխան մարմինները տեղեկացված են, որ Քեսաբում ապրող սիրիահայերը կարող են Թուրքիայում ապահով ապաստան գտնել։ Հայկական համայնքի ներկայացուցիչները նույնպես տեղեկացված են այս մասին պաշտոնական աղբյուրներով»։

Քեսաբի վրա հարձակումը ակնկալվող աղետ էր եւ որոշ գործոններ համընկան ու նպաստեցին դրա կատարմանը։ Վերջին շրջանում Էրդողանի կոռումպացված կերպարը կարիք ուներ «վերանորոգման»։

Երկրորդ գործոնը ցեղասպանության հարյուրամյակի ազդեցությունը նվազեցնելն էր, հիշեցնելով բոլորին, որ Թուրքիան այսօր էլ կարող է ցեղասպանություն գործել եւ անպատիժ մնալ։

Նշենք, որ Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի հետ բարելավման ընթացքում են, այն բանից հետո, երբ վարչապետ Նաթանյահուն ներողություն խնդրեց Էրդողանից եւ համաձայնություն գոյացավ փոխհատուցում տրամադրելու Մավի Մարմարայի միջադեպի զոհերի հարազատներին։ Այնպես որ, ճանապարհը հարթված է Միջին Արեւելքում վերակենդանացնելու գերիշխանությունը երեք կողմերիՙ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի համագործակցությամբ։

Միջազգային գետնի վրա, Մ. Նահանգները երկու գլխավոր պատճառ ուներ Թուրքիային գործողության մղելու։ Առաջինը ներքին մտահոգություններից դրդված պետք էր հանգստացնել ռազմատենչ «բազեներին», որոնք Սիրիայում ոչ¬թռիչքային գոտի էին պահանջում սահմանել, որպեսզի հեշտացնեին ահաբեկիչների ներխուժումը Դամասկոս։ Օբամայի դժկամ վարչակազմի համար թուրքական ներխուժումը սիրիական օդային տարածքՙ արդյունավետ տարբերակ էր, որն իրականացվեց առանց ամերիկացիների կյանքը վտանգի ենթարկելու։

Երկրորդ պատճառը ավելի գլոբալ բնույթ ուներ։ Հակառակ հռետորական խոսքերին, պետք է նշել, որ Ղրիմի ճգնաժամը դիվանագիտական պարտություն էր Վաշինգտոնի համար։ Վերջինս ուժեղ հարված պետք է հասցներ Ռուսաստանին։ Սիրիայի գլխավոր դաշնակից Մոսկվան պետք է պատասխան տար Ղրիմում իր հաղթանակի դիմաց։ Արեւմտյան եւ թուրքական ուժերին հաջողվեց Քեսաբը գրավել հակառակ Թարթուսում ռուսական նավատորմի ներկայության։

Ինչ վերաբերում է «Էլ¬Նուսրա» եւ «Ահոար էլ¬Շամ¬ալՂաիդա» ահաբեկիչներին, նրանք պարզապես սիրիական բանակի եւՀեզբոլլահի կամավորների դեմ կռիվներում մի շարք պարտություններ կրելուց հետո կարիք ունեին հաղթանակի, եւ Քեսաբըՙ լինելով Միջերկրականում Ասադի ուժային կառույցների բազային ամենամոտիկ շրջանը, ընտրվել էր որպես թիրախ։

Թալանն ու սպանությունները, ինչպես նաեւ եկեղեցիների հրկիզումը շարունակվում են, այնպես որ, ոչ ոք չի կաող պնդել, որ թուրք գրոհայինները այնտեղ են Սիրիայում խաղաղություն եւ ժողովրդավարություն հաստատելու առաքելությամբ։

Ընդհանուր առմամբ հայերի պատասխան քայլերը թույլ էին եւ ոչ պատշաճ, պարզապես որովհետեւ Կովկասում ծվարած մեր փոքրիկ երկիրն ու ցրված եւ անկազմակերպ սփյուռքը համապատասխան չէին այն ուժերին, որոնք թաքնված են Սիրիայի պատերազմի եւ Քեսաբի հարձակման ետեւում։

Հայաստանի կառավարությունը չափազանց զգուշավոր գործեցՙ ուղարկելով խոհրդարանական ոչ¬պաշտոնական մի պատվիրակություն։ Մամուլը տարված իր այլեւայլ մտահոգություններով, հանկարծակիի եկավ եւ չիմացավ ճշգրտորեն արձագանքելՙ ցույց տալով երբեմն կատարյալ անտեղյակություն սփյուռքահայության հիմնական խնդիրների վերաբերալ։ Լրագրողներից շատերը այս առիթով միայն իմացան, թե որտեղ է գտնվում Քեսաբը եւ ինչու է կարեւոր հայության համար։

Օգնության ջանքերը շարունակվում են ուղղորդվել դեպի Լաթաքիայում խռնված փախստականները։ Մեծի տանն Կիլիկիայի Արամ Ա. կաթողիկոսը փութաջանորեն զորակոչի ենթարկեց տարածաշրջանի հայկական համայնքի բոլոր հատվածներին։ Փարիզում, Լոս Անջելեսում եւ այլուր հայերը ցույցեր կազմակերպեցին թուրքական դեսպանատների եւ հյուպատոսարանների առաջ։ Բայց այդ բոլորն առավել միասնական ձեւով անհրաժեշտ էր կազմակերպել։

Հայկական պատմական մի շրջան հանկարծ հայտնվել էր աշխարհի քաղաքականության խաղատախտակի վրա, եւ մենք պետք է կարողանայինք պատշաճ ձեւով պատասխանել կատարվածին։

Աշխարհով մեկ ցրված հայերը պարտավոր են Հայաստանի կառավարության հետ համագործակցելով մշակել անակնկալ հանգամանքների դեմն առնելու համապատասխան ծրագրեր, որպեսզի հետագայում կարողանանք առավել միասնական եւ պատշաճ գործողություններ ծավալել, որովհետեւ նման իրավիճակների կրկնությունը բացառված չէ։

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.