AZG Daily #19, 18-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 75. ԳԼՈՐԵՆՔ ԴՈՒՐՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014



Տեղադրվել է` 2014-05-23 00:54:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1267, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ՆԱԽՈՐԴ ԵՎ ՆԵՐԿԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հովիկ Աբրահամյանի կառավարության 2014-2017 թվականների ծրագիրն ամենեւին էլ նոր չէ եւ հիմնականում կրկնում է նախորդ` Տիգրան Սարգսյանի կառավարության 2013-2017 թվականների ծրագիրը: Ամբողջ ծրագրին անդրադառնալ մեկ հրապարակման մեջ հնարավոր չէ, ուստի անդրադառնանք հիմնական նպատակներին:

Այսպիսով, նոր կառավարության գործունեությունից ակնկալվող հիմնական արդյունքները 2014-2017 թվականներին հետեւյալն են.

- զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5 տոկոս աճի միջոցով.

- նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացումՙ մինչեւ 65000 դրամի.

- աղքատության կրճատման ապահովումՙ 10 տոկոսային կետով:

Նախորդ կառավարության գործունեությունից ակնկալվող հիմնական արդյունքները 2013-2017 թվականներին, սրանք են.

- զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի միջոցով,

- ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,

- նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,

- նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,

- ծնելիության գումարային գործակցի աճՙ մինչեւ 1.8-ի,

- 5-6 տարեկան երեխաների առնվազն 90 տոկոսի համար նախադպրոցական կրթության հասանելիության ապահովում,

- միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացումՙ հասցնելով աղքատության գծի համեմատ առնվազն 125 տոկոսի,

- աղքատության կրճատման ապահովումՙ 8-10 տոկոսային կետով,

- 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով,

- պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովումՙ համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարեկան 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունն առանձնացնում է 3 հիմնական նպատակ, նախորդ կառավարությունն իր առջեւ խնդիր էր դրել 10 այդպիսի նպատակ: Սա, իհարկե, չի նշանակում, որ ավելի շատ նպատակներ դնողը ինքնին ավելի լավն է եւ հաջողությամբ էլ դրանք կիրականացնի: Սակայն դա հստակ ցույց է տալիս, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չի ստեղծել մոտիվացիա ուժերի գերլարումով աշխատելու համար: Ինչը նշանակում է, որ պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ այս կառավարությունից:

Հիմնական ակնկալվող արդյունքների սակավությունը ենթադրում է նաեւ, որ նոր վարչապետի նկատմամբ նախագահը նույնքան պահանջկոտ չէ, ինչպես Տիգրան Սարգսյանի նկատմամբ էր: Այդ մասին է վկայում նաեւ տնտեսական աճի ավելի ցածր` 5 տոկոս շեմի պահանջը, այն դեպքում, երբ նախորդ կառավարության առջեւ դրվում էր 5-7 տոկոս աճի պահանջ: Նույնը կարելի է ասել նաեւ 2017-ին նվազագույն աշխատավարձի ավելի ցածր` 65 հազար դրամ շեմի պահանջը, այն դեպքում, երբ նախորդ կառավարության առջեւ դրված է եղել նվազագույն աշխատավարձը նույն ժամկետում 70 հազար դրամի հասցնելու պահանջ:

Նոր կառավարության ծրագրում միայն նշվում է ստվերային տնտեսության կրճատման մասին, բայց չի ասվում, թե ինչպե՞ս ու ի՞նչ չափով, ինչպես նշված է նախորդ կառավարության հիմնական նպատակների մեջ` տարեկան 0,3-0,4 տոկոսային կետով ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի ավելացում: Ի դեպ, այս մոտեցումն աշխատել է վերջին տարիներին եւ անհասկանալի ու մտահոգիչ է, թե ինչո՞ւ այս անգամ դա չի ամրագրվել նոր կառավարության կողմից:

Մեկ այլ կարեւոր կետ` «միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացումՙ հասցնելով աղքատության գծի համեմատ առնվազն 125 տոկոսի», բացակայում է Հովիկ Աբրահամյանի կառավարության հիմնական արդյունքների մեջ: Նշվում է միայն կենսաթոշակների աստիճանական բարձրացման մասին ընդհանուր արտահայտությունը:

«100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով» խիստ կարեւոր եւ արդյունաբերական զարգացման նպատակ հետապնդող կետը նույնպես չկա նոր կառավարության նպատակների մեջ:

Փաստորեն, նոր կառավարությունը ավելի ցածր տնտեսական աճ է խոստանում, ստվերի նվազեցման կոնկրետ քայլերի մասին ոչինչ չի ասում, նոր աշխատատեղերի ավելացման, թոշակների բարձրացման մասին նույնպես, բայց խոստանում է աղքատության 10 տոկոս կրճատում: Նախկին կառավարության առջեւ դրված ավելի բարձր պահանջներով եւ նպատակներով հանդերձ, ակնկալվում էր 8-10 տոկոս աղքատության կրճատում: Հարց է առաջանում, եթե ավելի համեստ նպատակներով կարելի էր հասնել աղքատության ավելի մեծ կրճատման, ապա ինչո՞ւ էր նախորդ կառավարությունը ձգտում ավելի բարձր եւ դժվարահասանելի նպատակներ իրականացնել:

Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա նոր կառավարության ծրագրում նախորդից վերցված է միայն մեկ նախադասություն, որտեղ նշվում է, որ նոր համակարգի գործարկումը նպաստելու է խնայողությունների ավելացմանը եւ երկարաժամկետ վարկային ռեսուրսների ստեղծմանը: Ոչ մի խոսք բարեփոխումների շարունակման անհրաժեշտության մասին: Ինչը զարմանալի էլ չէ, քանի որ վարչապետ դառնալուց հետո Հովիկ Աբրահամյանի նշանակալի գլխավոր քայլը կենսաթոշակային բարեփոխումների աստիճանական տապալումն է` զուգորդված PR ակցիաներով:

Այս ամենից հետո կարելի է եզրակացնել, որ, եթե Հայաստանի կառավարության առջեւ դրված նպատակների իրագործումն օբյեկտիվորեն անհնար էր, ապա կարելի էր դրանք ավելի համեստ դարձնել եւ իրագործման պահանջ դնել նախորդ կառավարության առջեւ: Եթե այդ նպատակների իրագործումը իրատեսական էր, բայց նախորդ կառավարությունը չէր կարողանում լուծել, ապա ինչո՞ւ դրանք նոր կառավարության առջեւ նույնությամբ դրվելու փոխարեն մեղմացվել եւ ավելի անորոշ են դարձել: Կարծես թե հարցն առանձնապես պատասխանների տարբերակներ չունի ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.