AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 10. ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է ԵՎ ՄԵՌՆՈՒՄ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1320, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՌՈՄԱՆՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Զարգացո՞ւմ, թե՞ անկայունություն

Ազգային ժողովում Հայաստանի նախագահի ներկայացրած ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու քննարկմանը «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը հետաքրքրական միտք ասաց: Դեմ լինելով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանն, այնուամենայնիվ, նա նշեց, թե պետք է մտածել` ինչպե՞ս թղթի վրա գրված հնարավորությունները իրականություն դարձնել, քանի որ դրանք թղթի վրա են մնացել եւ ՀԱՊԿ, եւ ԱՊՀ պայմանագրերով: Ու սրա մեջ մեծ ճշմարտություն կա, քանի որ, իսկապես, օգոստոսյան սահմանային լարումներն ու ուղղաթիռի վերջին դեպքերը վկայություն էին այն բանի, որ թղթի վրա մի բան է գրված. կյանքն այլ բան է:

Ի դեպ` ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկայի հնարավորությունների մասին վերջին երեք օրը շատ էին խոսում Ազգային ժողովում, ԵՏՄ-ն միանալու կողմնակիցները Ազգային ժողովում մեծամասնութուն էին (դա հատկապես գունագեղ ձեւակերպեց ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը ), ՀՀԿ-ից բացի` ԵՏՄ-ին միանալուն կողմ էին ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ն (առանց Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի): Ընդդիմախոսներին մատների վրա կարելի էր հաշվել, բայց դրանք էլ ակտիվ պատգամավորներն էին` Հրանտ Բագրատյանը, Ալիկ Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոոստանջյանը, որոնք հիմնավորում էին իրենց դեմ լինելը` հակափաստարկները համոզիչ չհամարելով:

Իր ելույթում Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նեղացավ ընդդիմախոոսներից` ուզած միություն մտնելիս պետք է պլյուսներն ու մինուսները թվել, իսկ պատգամավորներն ինչ որակում ասես չեն տալիս մեծամասնությանն ու երկրի ղեկավարներին:

Պլյուսները

Ըստ հարցը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի ` ԵՏՄ անդամակցության տնտեսական հնարավորությունների մեջ են շահավետ առետուրը, հատկապես ներմուծման եւ արտահանման տուրքերի բացակայությամբ` ԵՏՄ տարածք հայկական արտադրանքի բարենպաստ ռեժիմով արտահանումը, որը կմեծացնի արտահանման ծավալները, եւ մեր տեղական արտադրությունը կզարգանա:

Բյուջե կմտնի ԵՏՄ ընդհանուր մաքսատուրքերից նախատեսված բավական զգալի գումար, 1,-2,5 տոկոս լրացուցիչ տնտեսական աճ հնարավոր կլինի ապահովել, տնտեսության կայուն զարգացման հնարավորություն կբացվի: Տեղական արտադրությունը խթանելով` ապրանքների գները կնվազեն: Մանավանդ` առաջին անհրաժեշտության ապրանքների արտահանման մի զգալի թվի համար 2-8 տարով մաքսային արտոնություններ են սահմանված: Կարայանին չէր անհանգստացնում ԵՏՄ-ի հետ սահման չունենալը, քանի որ տարանցիկ փոխադրումների մասով պայմանագիրը լավ բանակցված եւ դրույթավորված է պայմանագրի հինգերորդ հավելվածում:Հայաստանից բեռնատարը, մտնելով Վրաստանի տարածք, մի անգամ եւս կնքվելու է վրացական կնիքով եւ առանց արգելքի հասնելու է վրաց-ռուսական սահմանին, այստեղ ստուգվելու են երկու կնիքները, եւ եթե ամեն բան կարգին լինի, շարունակելու է ճանապարհը ԵՏՄ նախատեսված վայր: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո աշխատելու է ԵՏՄ միասնական մաքսային օրենսգիրքը, Հայաստանի օրենքների համապատասխանեցումը ԵՏՄ մաքսային օրենքներին սկսվել եւ շարունակվելու է:

Ընդհանրապես` պայմանագրի կողմնակիցները ԵՏՄ-ին միանալու հիմնավորումները սովորաբար տանում էին Հայաստանի անվտանգության, տնտեսական կայունության եւ մեր երկրից աշխատանքային միգրացիոն հոսքերի կանխատեսելի կառավարման (աշխատանքային միգրանտները աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում ԵՏՄ տարածքում այլեւս չեն գրանցվի եւ դրա համար չեն վճարի) արգումենտներով: Հայկ Բաբուխանյանը նույնիսկ երրորդ բաղադրիչ որպես` անվանեց հումանիտար արժեքային համակարգի ընտրությունը, ի տարբերություն եվրոպական անհասկանալիության: Նրանք ասում էին, որ ԵՏՄ-ին միանալը ՀՀ պետության ու ժողովրդի շահերից է բխում, տնտեսական եւ աշխատանքային նոր հնարավորություն տալիս ( Վարդան Այվազյան ), տնտեսական բաղադրիչին հավասար անվտանգության բաղադրիչն էին կարեւորում ( Արտակ Դավթյան , Արտաշես Գեղամյան ), անվտանգությունից եւ ռեալությունից բխող որոշում անվանում ( Մհեր Շահգելդյան ): Հույսեր կային, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ եւ ԵՏՄ միջեւ, Հայաստանը գրավիչ կդառնա օտարերկրյա ներդրողների համար, որ այս պայմանագիրն արդեն եղած տնտեսական տարածքի դե յուրե ամրագրումն է ( Արծվիկ Մինասյան ): Անվտանգության առումով էլ գուցե երաշխավորված չէ լիարժեք, բայց ԵՏՄ չմտնելը հաստատ Հայաստանի անվտանգությունը վտանգելու էր: Բայց եւ` գործնական քայլեր են պետք անել` պայմանագիրը գործի դնելու համար, ասենք երկաթգծի բացում դեպի ԵՏՄ, մեր սփյուռքի ներուժի օգտագործում, գաղափարների գեներացիա Հայաստանի կողմից, երկրի մրցունակ ոլորտների բացահայտում եւ զարգացում, ոլորտների դեմոնոպոլիզացիա. այս վերջինը դժվար է պատկերացնել, քանի որ Հայաստանում այնպես են փակված ոլորտները մի հիսունհազար դոլարով նոր բիզնես սկսել ցանկացողների համար, այնպես են մենաշնորհված առեւտուրը, ներմուծումն ու արտահանումը, այնպիսի բյուրեղացված մեթոդներով ու դեմպինգներով են փակում նորերի դեմ ճանապարհը, որ որքան էլ Սուրեն Կարայանը կարծում է, թե մաքսային արտոնյալ ռեժիմները թույլ կտան մրցակցություն ոլորտներում եւ ապամենաշնորհացում` թույլ տվեք դրան չհավատալ: Համենայնդեպս` հույսը վերջինն է մեռնում, իսկ «Ազգը», միջին բիզնեսի զարգացմամբ մտահոգ, ուշադիր հետեւելու է գործընթացին` հաջողության ու ձախողման առանձին օրինակներ վեր հանելով:

Ասենք, որ սովորաբար համարձակ ելույթներով աչքի ընկնող ՀԿԿ-ական Սամվել Ֆարմանյանը պայմանագրին միանալն ընթացիկ որոշում համարեց` աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանք, առաջարկելով ոչ ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնել, ոչ էլ այն մեր ժողովրդի փրկության ճանապարհ չհամարել եւ վստահել Հայաստանի նախագահին: Ավագ ՀՀԿ-ականներից Հակոբ Հակոբյանը եւս չսեթեւեթեց` սկզբնական շրջանում մենք կունենանք դժվարություններ, որովհետեո ԵՏՄ մյուս երկրներում բարձր ՀՆԱ, աշխատավարձ ու թոշակ կա, մեզ փոխհատուցում է պետք դժվարությունը հաղթահարելու համար, բայց սա էր միակ ճանապարհը տնտեսական ու ռազմական անվտանգության տեսակետից:

Մինուսները

ԼՂՀ Հայաստան սահմանին մաքսակետի հարցը բոլորին էր անհանգստացնում, չնայած անընդհատ բացատրվում էր, թե այդպիսի հարց չկա բանակցված փաստաթղթում, հետեբար մաքսակետի հարց չի առաջանալու, սակայն «եթե-ապան» չէր դադարում, եւ անգամ Ռուբեն Հակոբյանին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի պատասխանից եզրակացության հանգելու տեղ թողնվեց. Զաքարյանն ասում էր, որ եթե այդպիսի իրավիճակ առաջանա, նշանակում է Մաքսային միության անդամ երկրները փորձում են նոր կարգավիճակ տալ հարցին: Ու այսպես կիսատ թողնված պատասխանը ենթադրում է, որ նման դեպքում Հայաստանն իրեն կվերապահի վարվել այնպես, ինչպես իր շահն է թելադրում: Նույն բանը ենթադրել կարելի է նաեւ Ադրբեջանի` ԵՏՄ անդամակցության դեպքում: Հավանաբար այս իմաստով միշտ ունենք այն դրույթը, որ ԵՏՄ անդամ երկրները որեւէ պահի կարող են դուրս գալ ԵՏՄ-ից` հայտարարություն անելով, եւ մեկ տարի մնալով ֆինանսապես պարտավորությունների կատարող, մինչեւ պարտքերը սպառվեն: Բայց հենց այդ ֆինանսական պարտավորությունները եւս թոկ են լինելու մեր վզին:

Մտահոգությունների թվում են այն, որ Առետրի համաշխաարհային կազմակերպության անդամ Հայաստանը ԵՏՄ անդամ դառնալով` այս երկու կազմակերպությունների տարբեր սակագնային համակարգի կծիկում է հայտվելու, թեեւ պայմանագրի կողմնակիցները հավատացնում էին` ընդամենը տեխնիկական համակարգման խնդիրներ են: Գազն էժան ենք առնում, երեսուն տոկոս պակաս մաքսատուրքով ենք ապրանք ներկրելու, 750 ապրանք հինգ տարի չի թանկանալու. դե ասեք` ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ինքնիշխանության կորուստ ունե՞ն, երբ միասնական որոշումներ են կատարում, կամ ԵՄ-ի պաշտոնյանե՞րը չեն ասում, որ շարունակելու են համագործակցությունը Հայաստանի հետ` ի՞նչ մեկուսացում: Կամ ուրիշ ումի՞ց կարող ենք այդ գնով զենք առնել, որ Ռուսաստանից ենք առնում:

Գլխավոր մտահոգությունները` հարված երկրի ինքնիշախանությանն ու անկախությանը (Նիկոլ Փաշինյան, Ալիկ Արզումանյան ), մեր հարեւաններ Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերություններին, քանի որ առանց ԵՏՄ-ի թույլտվության մենք երրորդ երկրի հետ հարաբերվելու հնարավորություն չունենք: Հայաստանի բարենպաստ ռեժիմների հետեւանքով օտար ներդրողներն, այո, կարող են գալ Հայաստան, սակայն հայաստանցին հնարավորություն չի ունենա ինչ-որ գործունեություն ծավալել ու կհեռանա Հայաստանից` դեմոգրաֆիական անշրջելի հետեւանքներով (Ն. Փաշինյան): Ա. Արզումանյանն էլ համոզված պնդում էր, որ ԵՏՄ-ն Խորհրդային Միության ռեինկարնացիայի փորձ է, քաղաքական ենթատեքստով եւ տնտեսական միության անվան տակ: Ռուսաստանում էլ օրավուր վատթարացող տնտեսական վիճակը Հայաստանի ակնկալիքները չի արդարացնելու: Հրանտ Բագրատյանն ավելի խորացավ` ինքնիշխանությունը զիջում ենք մեկ-երրորդով, սա դեզինտեգրացիա է, անցում տարածաշրջանային իմպերիաների.«Տվեք մեզ կառավարությունը` չեք կարողանում», ասաց: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ վրա բերեց. «Էն, ինչ որ դուք ուզում եք` ժողովուրդն է տալիս, ժողովուրդն էլ տվել է մեզ»:

Խաչատուր Քոքոբելյանն ԵՏՄ-ին միանալը դիտարկեց անվտանգության, սահմանադրականության եւ տնտեսական շահի դիրքից` երեք դեպքում էլ փաստարկները խնդրահարույց եւ անհամոզիչ անվանելով: Վավերացնելով` ընտրում ենք քայքայվող տնտեսություն գնալու մոտեցումը:

Հետաքրքրական է, որ պատգամավորների բազմաթիվ հարցերին, թե հատկապես ո՞ր ապրանքները կամ ապրանքային խմբերն են թանկանալու ԵՏՄ անդամակցությունից հետո` Սուրեն Կարայանը հինգ- վեց ապրանքի կամ ոլորտի անվանումից այն կողմ չանցավ, մինչդեռ ոչ բոլորին կարող է այդ ապրանքների մասին մեկ-երկու պաշտոնական էջում տեղադրված տեղեկատվությունը հասանելի լինել. ինչ-որ գաղտնիք միգուցե կար այդ չթվարկելու մեջ, համենայնդեպս` ՀՀ սովորական քաղաքացին կարող է այդպիսի կասկած ունենալ, կամ միգուցե այժմ էժան տվյալ ապրանքները ձեռք բերելու խուճապ չե՞ն ուզում առաջացնել: Համենայնդեպս` արտասահմանյան արտադրության կահույքը, օծանելիքը, պլաստմասե իրերը, արտերկրյա մսամթերքն եւ կաթնամթերքը, Հայաստանում արտադրվող ապրանքների բոլոր արտերկրյա համարժեքները եւ այլ ապրանքներ թանկանալու են: Հավանաբար հասարակ մարդիկ պետք է մոռանան «ֆրանսիական դուխի» հասկացությունը: Ու չգիտենք` որքանով կարդարանա Սուրեն Կարայանի հույսը` որ այդպիսով կխթանվի տեղական համանման արտադրությունը: Համենայնդեպս` օրինակ պլաստմասե էկոանվտանգ խաղալիքներ, որոնք մենք գնում էինք մեր երեխաների համար, մերոնք արտադրել դեռ չեն սովորել:

Խմբակցությունների անունից ելույթները գծեցին այս պատկերը` բոլորը կողմ էին, բացի «Ժառանգությունից»:

«Ժառանգության» անունից ելույթ ունեցած Ռուբեն Հակոբյանը դժգոհեց, որ նման կարեւոր հարցի քննարկմանը ներկա չեն վարչապետը, արտգործնախարարը, ֆինանսների նախարաը, սխալ համարեց Արցախի սահմանին մաքսակետ դնել-չդնելու հարցը բանակցություններում չբարձրացնելը հայկական կողմից. «Հիշեք, որոշ ժամանակ հետո Ղազախստանը բարձրացնելու է այդ հարցը», ասաց:

Հեղինե Բիշարյանն ու ՕԵԿ-ը ԵՏՄ անդամակցությունը համարում էին համապատասխան Հայաստանի շահերին:

Արմեն Ռուստամյանը ՀՅԴ-ից նշեց` Հայաստանն ու Ղարաբաղը շրջափակման, իսկ աշխարհը` նոր սառը պատերազմի եւ առճակատման մեջ են, ու քանի որ այլընտրանք չկա Հայաստանի եւ Արցախի անվտանգության առումով եւ մի ուրիշ միավորման երաշխիքով, պետք է միանալ պայմանագրին: Եվ դեռ կոշտ հակադարձեց ՀՅԴ կողմնորոշումն անընդունելի համարող Զարուհի Փոստանջյանին:

ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը խոսեց այն հայեցակետից, թե Հայաստանի եւ ժողովրդի շահի առումով ինչպես կվարվեին, եթե իշխանություն լինեին իրենք, առկա պահի իրողություններից, Հայաստանի եւ ժողովրդի շահից եւ անվտանգությունից ելնելով: Պարզվեց` կողմ են, ուղղակի Հայաստանին լեգիտիմ եւ ժողովրդի վստահությունը վայելող համարձակ իշխանություն է պետք, դա էլ ոչ իշխանությունն է, ուրեմն:

Նույն տեսակետից նայեց անդամակցմանը ԲՀԿ-ն, որի անունից Տիգրան Ուրիխանյանը ինտեգրացիոն գործընթաց համարեց անդամակցումը, եւ կողմ են` քանի որ «դեմ» քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին: Բայց կողմ լինելը չի նշանակում, որ իշխանությունների քայլերին են կողմ:

ՀՀԿ անունից Վահրամ Բաղդասարյանը , թվարկելով պայմանագրին միանալու առավելությունները` ռիսկայնության մասին եւս ասաց, նշելով, որ Եվրոպական շուկային միանալով էլ նույն ռիսկերն էին լինելու: Նա չհասկացավ Ռուբիկ Հակոբյանի «դեմ» քվեարկելը, իսկ Արցախի հարցը շահարկումներից հեռու պահելու կոչ արեց:

Գնացքը ճանապարհ ընկավ, ԱԺ-ն քվեարկությամբ վավերացրեց պայմանագիրը` 103 «կողմ», 7 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայներով. «ձեռնպահը» Աղվան Վարդանյանն էր, «դեմ» քվեարկածները` Էդմոն Մարուքյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալիկ Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Ռուբիկ Հակոբյանը:: Ընտրեցինք զարգացում, թե՞ անկայունություն` արդեն կյանքը ցույց կտա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.