AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 105. ԶԱՆԳՎԱԾԵՂ ՑԱՆԿԱՊԱՏԻ ՎՐԱՅՈՎ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԱՌԵՎԱՆԳԵՑԻՆ ՄԻ ՏՆԱՆԿ ՄԱՐԴՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1174, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԲՈԼԻՎԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԷԼ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգթ, դոցենտ

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն օրերս ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ օրինագիծ. փաստաթղթում մասնավորապես ասվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգեւորականների, բժիշկների, հասարակական գործիչների եւ մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետեւ` պատմական Արեւմտյան Հայաստանի եւ Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը» [1]: Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության եւ արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը եւ դատապարտում Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը» [2]:

Նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո տեղի ունեցավ Բոլիվիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի կողմից` Օսմանյան կայսրության իրականացրած 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանին եւ Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գիսակ արք. Մուրադյանին հանձնելու արարողությունը: Միջոցառմանը, որպես հատուկ հյուր հրավիրված Սենատի գործող նախագահ Սոնյա Գուարդիա Մելգարը անդրադառնալով Բոլիվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նշեց, որ Բոլիվիայի ժողովուրդն ու իշխանությունները ոչ միայն իրենց համերաշխությունն ու զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին` հանուն արդարության պայքարի գործում, այլ նաեւ դատապարտում են 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստի ժխտողականության յուրաքանչյուր դրսեւորում: Նա ընդգծեց նաեւ, որ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման միջոցով հնարավոր կլինի ազգերի եւ պետությունների կյանքում կանխարգելել նման ոճիրների կրկնությունը:

ՀՀ դեսպան Մելիքյանը ՀՀ իշխանությունների անունից խորին երախտագիտություն հայտնեց Բոլիվիայի ժողովրդին եւ իշխանություններին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին այս կարեւոր եւ պատմական իրադարձության կապակցությամբ եւ նշեց, որ Բոլիվիայի կողմից այս ճանաչումը նոր էջ է բացում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում եւ եւս մեկ անգամ ապացուցում, որ ժխտողականության եւ մերժողականության քաղաքականությունը ի զորու չէ պայքարելու արդարության եւ ճշմարտության հաստատման դեմ: Բարձր գնահատելով Բոլիվիայի եւ մինչ այդ 21 պետությունների, Մերկոսուրի կազմում եւս 2` Բրազիլիայի եւ Պարագվայի [3] օրենսդիր մարմինների, համաշխարհային հեղինակավոր վեց կազմակերպությունների, վարչատարածքային օրենսդիր մարմինների (օրինակ` ԱՄՆ 50 նահանգից 42-ի) եւ նշանավոր բազմաթիվ այրերի կողմից Հայոց ցեղասպանության իրողության ճանաչումը, հայտնենք մի քանի նկատառումներ:

***

Հայոց ցեղասպանության` «գենոցիդների մեջ ամենագենոցիդային» Արմենոցիդի ճանաչման, արդարության վերականգնման եւ արդարացի լուծման ճանապարհին հաճախ են եղել դժվարին ժամանակներ: Այդ գործընթացն աստիճանական զարգացման բնույթ ունի եւ անցել է հետեւյալ հիմնական փուլերը.

ա. 1923-1965 թթ.` հիշատակի եւ սգո շրջան. երբ ցեղասպանված ու բնօրրանից կտրված արեւմտահայությունը մազապուրծ լինելով իրական ոչնչացումից, տիտանական ջանքեր գործադրելով աստիճանաբար կարողացավ լուծել հանապազօրյա հացի ու հոգեւոր-մշակութային կառույցների ստեղծման խնդիրը:

բ. 1965-2000-ական թթ.` պոռթկումի, վերազարթոնքի ու վրեժի. երբ հայ ժողովուրդն ինքնաբերաբար թե ուղղորդված` ներդրեց բոլոր ջանքերը ցեղասպանության իրողությունը որպես կատարված փաստ համաշխարհային հանրությանը ճանաչել տալուն:

գ. 2000-ական թթ.- մեր օրեր` պահանջատիրության եւ հատուցման. երբ Հայոց ցեղասպանությունը հայության համար դարձավ ամենակարեւոր եւ անհապաղ լուծման կարոտ խնդիր եւ ստացավ իրական ու իրատեսական պատկեր. «պահանջատիրություն եւ արդարացի հատուցում» ձեւակերպմամբ:

Ավելին, երկար ու ձիգ տարիներ պարզապես լռության մատնված խնդիրը, կուտակված ցավն ու հզորների անարդար պահվածքը պոռթկաց 1965-ին` Եղեռնի կեսդարյա տարելիցի շրջանում: Աշխարհասփյուռ հայությունն ամենուրեք ոտքի ելավ, ճչաց, երկրագնդի բնակիչներին ականջալուր դարձրեց XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին տեղի ունեցած բոլորին հայտնի-բոլորի կողմից մոռացության մատնված հայերի ցեղասպանության մասին:

Իսկապես չգիտեմ, այն ժամանակ մեզ ուղղորդեցին, թե՞ ինքնաբուխ եղավ, սակայն հստակ է մեկ բան, որ բացահայտ իրողության, կատարված փաստ-հանցագործության համար թուրքական իշխանությունների կողմից մեղքի ընդունման եւ հատուցման պահանջատիրության փոխարեն մենք սկսեցինք աշխարհին ապացուցել անապացուցելին` մոռանալով, որ աքսիոմները բացահայտ ճշմարտություններ են եւ ապացուցման կարիք չունեն: Ամբողջ հայաշխարհում թափ առավ մի գործընթաց, որը ուժասպառ ու մի կերպ հանապազօրյա հացը վաստակող հայությունից ոչ միայն միլիոնավոր դոլարներ խժռեց, այլեւ մեծ թվով պայծառ ու նվիրյալ հայ երիտասարդների կյանքեր ու խեղված ճակատագրեր արժեցավ:

Լավ է, որ Եղեռնի 100-ամյա տարելիցի նախաշեմին գոնե, թեեւ ուշացումով, սակայն վստահաբար քայլ կատարվեց, իմ խորին համոզմամբ, դեպի ճշմարիտ ուղին` քարոզչական, տնտեսական, լոբբիստական եւ վերջապես նաեւ իրավական հարթություններում հանդես գալ որպես պահանջատեր եւ ստիպել հանցագործների ժառանգորդներին ոչ միայն առերեսվել սեփական պատմությանն ու հրապարակավ ներողություն խնդրել, այլեւ փոխհատուցել հայ ժողովրդին պատճառած բոլոր տեսակի վնասների համար: Հատուցումը պարունակում է հետեւյալ հինգ բաղադրիչները.

ա. գլխավոր հանցագործների եւ նրանց կամակատարների դատավարություն եւ պատասխանատվության չափի պարզաբանում,

բ. բռնագրավված ինչքի վերադարձ եւ փոխհատուցում անհասանելի ինչքերի, սպանությունների, տառապանքի, մշակութային, կրոնական եւ կրթալուսավորչական կորցրած հնարավորությունների դիմաց,

գ. հրապարակավ ճանաչում եւ ներողության հայցում,

դ. հայ ժողովրդի լիակատար վերականգնման եւ կենսունակությանը նպաստող երկարաժամկետ գործողություններ,

ե. միջոցառումներ, որոնք կառողջացնեն համապատասխան առիթներ ներկայանալու դեպքում հանցագործ հակումներ դրսեւորող հասարակությանը [4]:

Այդ պահանջների հատուցմանն հասնելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ թուրք հասարակության իրազեկված լինելն ու, ինչու չէ, նաեւ` համարձակությունն ու բարեհաճությունը: Սակայն չնայած 1915 թ. դեպքերի մասին թուրք հասարակության գիտակցության բարձրացման բազմաթիվ նախաձեռնություններին եւ պաշտոնական ներման կոչերին, ցեղասպանությունից 100 տարի անց էլ արդարության հաստատման ուղղությամբ Թուրքիայում դեռեւս բազմակողմանի քննարկումների կարիք կա: Ինչպես վկայում է թուրք առաջադեմ լրագրող Բուրչին Գերչեքը, երբ Հայոց ցեղասպանություն արտահայտությունը դեռ տաբու էր, Թուրքիայում հազվագյուտ էին այն կոտրելու նախաձեռնությունները. գոյություն ունեցող թուրքերեն միակ աղբյուրները Թաներ Աքչամի աշխատություններն ու Ռագըփ Զարաքոլուի հրապարակումներն էին: Որոշ մտավորականների կարծիքով` առաջին հերթին պետք էր նպաստել 1915 թ. տեղի ունեցածի մասին թուրք հասարակության իրազեկմանը (որը տասնամյակներ շարունակ տգիտության մեջ էր թողնված): Այսպես` այդ ժամանակ «ճանաչումը» ակնկալվում էր քաղաքացիական հասարակության կողմից, եւ ոչ թե պետության, իսկ փոխհատուցման մասին խոսք անգամ չէր կարող լինել [5]:

Միայն, թերեւս, Հրանտ Դինքն էր, որ խոսքերը չէր ծամծմում, իրերը կոչում էր իրենց անուններով` չէր վարանում օգտագործել ցեղասպանություն բառը: Այնուամենայնիվ, նա հրաժարվում էր կենտրոնանալ երրորդ երկրների խորհրդարանների կամ նույնիսկ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունների վրա: 2004 թ. «Նոքթա» պարբերականին տված հարցազրույցում դիմելով թղթակցին` նա միանգամայն իրավացիորեն ասում էր. միթե ձեր պատմությունը ճշմարտացի կլինի, եթե թուրքերն այն ճանաչեն: Ես իմ պատմության վրա կասկածներ չունեմ: Ես ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման խնդիր էլ չունեմ: Դա մարդու իրավունքների եւ խղճի հարց է: Դա իմ խնդիրը չէ, ես շատ լավ գիտեմ, թե ինչ է պատահել մեզ անցյալում:

Նկատենք, որ միայն 2007 թ. Հրանտ Դինքի սպանությունից հետո, Թուրքիայում 1915 թվի եւ ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումները մի նոր շրջադարձ արձանագրեցին: 2007 թ. մարտին հիմնադրվեց «Վերջ ցեղապաշտությանն ու ազգայնականությանը» կարգախոսով հանդես եկող «ԴուրԴե» հասարակական կազմակերպությունը. երեք տարի անց, նրա նախաձեռնությամբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցավ ապրիլքսանչորսյան առաջին միջոցառումը: Իսկ մինչ այդ, 2008 թ. Ալի Բայրամօղլուն, Ջենգիզ Աքթարը եւ Ահմեդ Ինսելը նախաձեռնել էին «Ներման կոչի» արշավը, որին աջակցեցին բազմաթիվ թուրք մտավորականներ: Գրեթե նույն գործառույթներն է իրականացնում նաեւ «Առերեսում 1915 թ. հետ» հասարակական կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունը թուրքական քաղաքացիական հասարակությանը պատմական իր անցյալի կարեւոր իրադարձություններին իրազեկելն է:

1915 թ. իրողությունը Թուրքիայի հասարակությանը հասցնելու գործը միեւնույն ժամանակ թույլ է տալիս հարցադրումներ անել այն պետական համակարգի հիմքերի մասին, որոնք հիմնված են պատասխանատվության եւ պատժի բացակայության վրա` այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են ընդդեմ նրանց, ովքեր համարվել են ներքին թշնամիներ, ինչը տարբեր ժամանակներում նշանակել է` քուրդ, ալեվի, ոչ մահմեդական համայնք, ինչպես նաեւ ընդդիմադիր խմբավորումներ:

2014 թ. ապրիլի 24-ին` հիշատակի օրվա առթիվ Դիարբեքիրում բացվեց նաեւ «99 Աքսորի դիմանկարներ-Հայոց ցեղասպանությունը վերապրածների 99 լուսանկար» ցուցահանդեսը` Դիարբեքիրի քաղաքապետարանի եւ ֆրանսահայկական «Երկիր Եվրոպա» ՀԿ-ի համատեղ կազմակերպությամբ: Բազմաթիվ մտավորականներ, համալսարանականներ, հետազոտողներ կամ ակտիվիստներ, որոնք իրենց համարում են ձախակողմյան կամ ազատական, գրում են պետական ճանաչման եւ պետության անունից հայերից ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին: Բայց քչերն են խոսում նմանօրինակ ճանաչման նշանակության եւ հատկապես ցեղասպանության զոհերի ժառանգների արդարության վերականգնման պահանջներին տրվելիք պատասխանների մասին: Փոխհատուցումների հարցը եւ թե ինչ ձեւով նրանք կարող են տեղի ունենալ միայն մի քանի մտավորականների ու ակտիվիստների կողմից է արծարծվելու պարագայում:

Այդ շարքից էր նաեւ 2014 թ. ապրիլին Էրդողանի հրապարակած «ցավակցական ուղերձը», որով թուրքական իշխանական շրջանակները փորձում են ցույց տալ, որ վերջերս «համատեղ ցավերի» եւ «արդար հիշողության» ճանաչման վրա հիմնված մոտեցում են որդեգրել, որը նախկին արտաքին գործերի նախարար եւ ներկայիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խուսանավելուն միտված հորինած հերթական արհեստածին հայեցակարգն է:

Նույնիսկ որոշ իշխանամետ հոդվածագիրներ, ինչպես Հաքան Ալբայրաքը կամ Ռասիմ Օզան Քյութահյալըն, ավելի հեռու գնալով գրեցին, որ անհրաժեշտ է պաշտոնապես ներողություն խնդրել «անմեղ հայերի դեմ գործված այն չարիքի համար, որը նման է ցեղասպանության», ակնարկելով նույնիսկ հնարավոր ֆինանսական փոխհատուցումների մասին: Ըստ Ալբայրաքի, վճարելով փոխհատուցում, որի գումարը «գուցե 5 կամ 10 միլիարդ ԱՄՆ դոլար» լինի, բայց «Թուրքիան թռչունի նման թեթեւացած կլինի» եւ «ցեղասպանության համաշխարհային ինդուստրիան կփլուզվի»: Սակայն մենք` հայերս ավելի զգոն պետք է լինենք, քանի որ պարզապես այլեւս զրկված ենք խաբվելու շռայլությունն ունենալու հնարավորությունից: Հարկավոր է ընդամենը հիշել, որ Էրդողանը ոչ միայն հրաժարվեց ներողություն խնդրել թուրքական ռազմական օդուժի սխալի համար, որի հետեւանքով 2011 թ. 33 մարդ սպանվեց քրդական Ռոբոսկի գյուղում, այլեւ ամբարտավանորեն հայտարարեց` «Վնասի հատուցումը տվել ենք, էլ ինչ են ուզում»: Կարծում եմ սա այն դեպքերից է, երբ ընդունված է ասել` մեկնաբանություններն ավելորդ են: Իսկ հայերի դեպքում թուրքական իշխանությունների կողմից արվող «փոխհատուցման» միակ առաջարկը ցեղասպանության զոհերի ժառանգներին երկիր վերադարձի ու քաղաքացիության իրավունք շնորհելն է եւ դա հայտարարվում է ի լուր ամենքի որպես մե՜ծ զիջողություն:

***

Ահա այս խորապատկերում եւ 100-ամյա տարելիցին ընդառաջ, թերեւս ավելի է կարեւորվում Բոլիվիայի խորհրդարանի որոշումը: Մեր երախտագիտությունը հայտնելով նրանց ու Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր կառույցներին, ընդգծենք, որ մեզ համար այլեւս ավելի կարեւոր ու առարկայական է, ավելին` հրամայական, հատուցում պահանջելն ու մեկդարյա սպասված արդարաության վերականգնումը: Դրա համար էլ հենց այդ խնդրում մեզ աջակցելն ու զորավիգ լինելն է այժմ ավելի հրատապ, ինչն էլ այսուհետ կակնկալենք մեր բարեկամներից:

30.11-03.12.2014 թ., Երեւան

1. http://mfa.am//press-rel/item/2014/11/30/bolivia_genocide/:

2. Նույն տեղում:

3. Հովհաննիսյան Ն., Արմենոցիդը ճանաչված ցեղասպանություն է, Ե., 2010, էջ 234:

4. Արդարացի լուծում, Հատուցումներ Հայոց ցեղասպանության դիմաց, Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի զեկույցը, Վերջնական զեկույցը-սեպտեմբեր 2014, Հեղինակային իրավունքը` Ալֆրեդ դե Զայասի, Ջերմեյն Օ. Մաքքալփինի, Արա Պապյանի, Հենրի Թերիոյի, հրատարակության տեղը նշված չէ, էջ II-III:

5. Բուրչին Գերչեք, Ցեղասպանության ճանաչում ասելով ի?նչ են հասկանում Թուրքիայում, ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառումներից, Երկուշաբթի, 03 Նոյեմբերի 2014:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.