AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1039, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՈՒՖԵ՞Ր»

Ստեփանակերտ

Ռուսաստանյան եւ ադրբեջանական մասս-մեդիան ակնհայտորեն փորձում է տպավորություն ստեղծել, որ դեկտեմբերի 1-ին Անկարայում ինչ-որ «համաշխարհային կարեւորության պայմանավորվածություններ են ձեռք բերվել» Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ: Կողմերից յուրաքանչյուրն, իհարկե, իր նպատակներն է հետապնդում:

Մոսկվային պետք է ցույց տալ, որ, չնայած ԱՄՆ-ի եւ Եվրոմիության երկրների պատժամիջոցների ու քաղաքական մեկուսացման, նախագահ Պուտինին հաջողվում է «ճեղքում արձանաագրել»: Ճիշտ է, այնքան էլ պարզ չէ, թե «Հարավային հոսք» գազամուղը երբ կհասնի Թուրքիայի եվրոպական ափ, երբ կմոտենա Հունաստանի սահմաններին: Ամենակարեւորը` ո՞վ է լինելու գնորդը, եթե Եվրոմիությունը խնդիր է դրել ազատվել ռուսաստանյան էներգակիրներից կախվածությունից եւ այլն: Այս հարցերը գոնե ռուսաստանյան մամուլում չեն արծարծվում: Կարեւորն ընդհանուր ֆոնն է` Պուտինը եւ Էրդողանը, երկուսն էլ խնդիրներ ունենալով Արեւմուտքի հետ, պայմանավորվել են «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով:

Բայց դառնանք մեր «ոչխարներին»: Ո՞րն է ադրբեջանական կողմի ոգեւորվածության պատճառը: Բանն այն է, որ Պուտին-Էրդողան հանդիպման տառացիորեն նախօրեին haqqin.az-ը հարցազրույց էր ունեցել ՌԴ պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (Վլադիմիր Ժիրինովսկու) փոխնախագահ Դմիտրի Սավելեւի հետ, որտեղ վերջինս «սենսացիոն բացահայտումներ էր արել» Սոչիի Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը «ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների մասին»:

Ըստ ռուսաստանցի պատգամավորի, Ռուսաստանի ԱԳՆ-ն եւ նախագահի աշխատակազմը «մշակել եւ ներկայացրել են ավելի գործնական առաջարկություններ, որոնց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են»: Դմիտրի Սավելեւն անգամ ներկայացրել է այդ «հայեցակարգը»: Ընդհանուր գծերով այն հանգում է նրան, որ «Ադրբեջանին պետք են տարածքներ, իսկ Հայաստանին` ապաշրջափակում»:

Դեկտեմբերի 1-ին, Պուտին- Էրդողան համատեղ մամուլի ասուլիսի մասին տեղեկատվությունից գրեթե անմիջապես հետո Ռուսաստանի երկրորդ պետական հեռուստաալիքը տեսասփռեց Ադրբեջանի նախագահի պաշտոնն զբաղեցնողի հետ հարցազրույցը, որը Բաքվում նկարահանվել էր նախորդ շաբաթավերջին: Իլհամ Ալիեւի հիմնական ասելիքն այն էր, որ «Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ չլուծված խնդիրներ չեն մնացել»:

Թե ինչո՞ւ էր ռուսաստանյան քարոզչությունը սինխրոնացրել Պուտինի Թուրքիա այցը եւ Իլհամ Ալիեւի հարցազրույցը, կամ ընդհանրապես ինչո՞ւ էին Մոսկվայում Իլհամ Ալիեւին հիշել հատկապես այդ օրերին, մնում է միայն ենթադրել: Իսկ ահա ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, ժամանակից առաջ ընկնելով` սկսել է «գաղտնիքներ բացահայտել»:

Դեկտեմբերի 3-ին Ազերթաջ պետական գործակալությունը խորհրդային հին եւ «բարի» ժամանակների` «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարելու» ոճով տարածել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի` ժամանակակից աշխարհում ԱՄՆ-ի «ոչ կառուցողական դերին» եւ նրա «երկակի ստանդարտների» քաղաքականությանը նվիրված երկարաշունչ հոդվածը:

Դրանում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի գաղափարա-քաղաքական հարցերով նախկին քարտուղարը հիշում է անցյալ դարի 80-ական թվականների երկրորդ կեսերի իրավիճակը, երբ հայտնի էր, որ «ԽՍՀՄ փլուզումն անխուսափելի է»: Իհարկե` ափսոսանքի եւ կարոտախտի շեշտադրումներով: Ապա թվարկվում են միջազգային քաղաքականության մեջ ԱՄՆ-ի «գործած հանցանքները»` Աֆղանստան, Իրաք, Հարավսլավիա եւ այլն: Բնականաբար, անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Այստեղ Մեհթիեւը հիշել է, որ ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Քերին ժամանակին Կոնգրեսի այն անդամներից էր, որ մշակել եւ ընդունել են «հակաադրբեջանական 907-րդ ուղղումը»: Փաստացի «Ազատության աջակցության ակտի» այդ ուղղումը ԼՂ հարցում Ադրբեջանին ճանաչում է որպես ագրեսոր երկիր եւ Միացյալ Նահանգների կառավարությանը հորդորում պաշտոնական Բաքվի հետ չունենալ ռազմավարական բնույթի հարաբերություններ, մինչեւ վերջինս չվերացնի «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»:

Անցած բոլոր տարիներին Ադրբեջանի գերագույն նպատակն է եղել վերացնել 907-րդ ուղղումը: Ինչ-որ տեղ պաշտոնական Բաքվին հաջողվել է հասնել նրան, որ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը Կոնգրեսից թույլտվություն խնդրի Ադրբեջանում ներդրումներ անելու հարցում, բայց ուղղումն ամբողջ ծավալով մնացել է ուժի մեջ հատկապես Ադրբեջանին զենք, զինամթերք եւ ռազմական նշանակության առաջավոր տեխնոլոգիաներ վաճառելու մասով:

Հոդվածում Մեհթիեւը հիշել է, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ անդամ միակ երկիրն է, որ «ուղղակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին, անցած տարիներին այն կազմել է 83 մլն. դոլար»: Միացյալ Նահանգների հանդեպ Ադրբեջանի «անվստահությունն», իհարկե, Մեհթիեւը փորձում է «հիմնավորել» նրանով, որ պաշտոնական Վաշինգտոնը «ձգտել եւ ձգտում է «գունավոր հեղափոխություն» իրականացնել»:

Այլ կերպ ասած, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը խոստովանում է, որ Միացյալ Նահանգների համար Իլհամ Ալիեւի ռազմա-ֆեոդալական վարչախումբն անընդունելի է: Որ դա այդպես է, պարզ հասկացվեց Ադրբեջանի վերջին «նախագահական ընտրություններից», երբ Բաքու հասավ ՌԴ նախագահ Պուտինը եւ «լեգիտիմացրեց» երրորդ ժամկետով Իլհամ Ալիեւի կառավարումը:

Դրան նախորդած մեկ-մեկուկես ամսում ադրբեջանական քարոզչությունը բավական «կացնային» ոճով Մոսկվայի աջակցությունն էր հայցում` խնդիրը ներկայացնելով այնպես, որ ՌԴ մայրաքաղաքում «հակաալիեւյան խռովություն է նախապատրաստվում»: Այդ առումով տպավորվել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի դիպուկ ընդհանրացումը, թե Ռուսաստանի վերնախավը չի գնա Իլհամ Ալիեւի դեմ, քանի որ «երկուսն էլ դուրս են եկել խորհրդային ՊԱԿ-ից եւ կուսակցական նոմենկլատուրայից»: Հարցն, այդպիսով, փակվեց:

Այսօր, կարելի է վստահաբար պնդել, հետխորհրդային տարածքի միակ երկիրը, որ Ռուսաստան-Արեւմուտք, մեղմ ասած, «բանավեճում» միանշանակորեն առաջինի կողմն է, Ադրբեջանն է: Բաքվում գերազանց հասկանում են, որ Պուտինի «պարտությունը» կնշանակի Իլհամ Ալիեւի լիակատար ֆիասկոն: Այդ իմաստով պաշտոնական Բաքվի ծեքծեքումներն առ Ռուսաստան տրամաբանական եւ բացատրելի են:

Անբնականը Կրեմլի ամենատարբեր տրամաչափի քարոզիչների առ Ադրբեջան «խնկարկումներն» են: Քանի որ այդպես էլ չի պատկերվում, թե Արեւմուտքի հետ դիմակայության պայմաններում ի՞նչ կարող է հօգուտ Ռուսաստանի անել Իլհամ Ալիեւը, որի քաղաքական եւ հատկապես ֆինանսատնտեսական ռեսուրսները մեծապես արեւմտյան ծագում ունեն: Ադրբեջանը նստած է «նավթային ասեղի» վրա, իսկ, եթե տրվենք պատկերավորությանը, «ներարկիչը» BP-ի ձեռքին է: Եւ Իլհամ Ալիեւի որեւէ կտրուկ քայլ հղի է Ադրբեջանի տնտեսության կատարյալ փլուզման վտանգով:

Ի՞նչ զարգացումներ կհետեւեն Պուտին- Էրդողան «աշխարհաշեն» բանակցություններին` ավելի ձեռնահաս եւ տեղեկացված փորձագետի քննության նյութ է: Իսկ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում, ըստ սովորության, ամեն մի «հնարավորության» դեպքում նախապես «գին են կրակում»: Ինչպես միշտ դա «ադրբեջանական տարածքների դեօկուպացիան է»` պայմանով, որ «Ղարաբաղի լեռնային մասի ապագա կարգավիճակի հարց ընդհանրապես չշոշափվի»:

Ըստ մի ամբողջ շարք «լավաշ» հրապարակումների, հենց այդ տարբերակն է այսօր առաջարկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ թեմայով «վերլուծականներից» մեկն ավարտվում է հետեւյալ ձեւակերպումներով. «Սարգսյանը չունի ընտրության մեծ հնարավորություն... Չէ՞ որ ոչ ոք Ղարաբաղի լեռնային մասի ճակատագիրը որոշելու մասին չի էլ մտածում: Օրակարգում միայն ադրբեջանական տարածքների դեօկուպացիան է, տարածքներ, որ Երեւանում ստացել են յուրօրինակ անվանում` «Ղարաբաղի անվտանգության բուֆերային գոտի»: Երեւանում դեռեւս չեն հասկանում, որ Ադրբեջանն ինքն է դարձել Ռուսաստանի անվտանգության բուֆերային գոտի, որտեղ արդեն Վաշինգտոնի ազդեցության մնացորդներ իսկ չկան: Եւ եթե կշեռքի մի նժարին ղարաբաղյան բուֆերը դրվի, մյուսին` ադրբեջանականը, ապա շատ հեշտ, առանց ծավալուն վերլուծականների կարելի է գուշակել Կրեմլի ընտրությունը: Այդ մասին էլ խոսում են Կրեմլի վերլուծաբանները»:

Ահա այսպես` ոչ ավել, ոչ պակաս. մի ողջ «ինքնաբավ» երկիր, որ Հարավային Կովկասի «լոկոմոտիվն է» եւ արտաքին քաղաքականության մեջ «երբեք շուրջը չի նայում», որի «խարիզմատիկ առաջնորդի հետ հաշվի են նստում նույնիսկ գերտերությունները», ծերացող «կույսի» պես ինքնամատուցվում է, որպեսզի ե՛ւ հաճույք ստանա, ե՛ւ վարձավճար: Կենցաղում նմաններին, ռուսների ասած, «ուղարկում են ուր որ պետք է»: Իսկ քաղաքականության մե՞ջ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.