AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 101. ԻՄԻՋՄԵՅՔԵ՞Ր, ԹԵ՞ ԿԵՐՊԱՐԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



ՍԵՎ ՈՍԿՈՒ ՓԱՅԼԸ

Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1049, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները վերածվեցին իսկական տնտեսական պատերազմի: Լոկ «Սառը պատերազմ» եզրը այլեւս չի արտահայտում այն իրավիճակը, որում հայտնվել է աշխարհը արգելամիջոցների պատերազմի արդյունքում: Ռուսաստանի Դաշնության համար ազգային պետականության կայունության եւ քաղաքակրթական դերի իրավունքի իսկական քննություն է ընթանում: ԱՄՆ-ը եւ ԵՄ աննախադեպ ճնշումներ են գործադրում պաշտոնական Մոսկվայի վրաՙ ձգտելով համաժողովրդական դժգոհություն եւ պետականության խարխլում առաջացնել:

Այն, որ միաբեւեռ աշխարհի ձեւավորումը անցավ ու թեթեւ չի լինելու, դեռ տարիներ առաջ զգուշացնում էին շատ քաղաքագետներ: Բայց այն, որ քաղաքակրթությունների պատերազմը կարող է այսքան օտարացնել աշխարհի ուժեղ բեւեռները, դեռ մի քանի ամիս առաջ դժվար էր կանխատեսել: Պարզից էլ պարզ է, որ Ռուսաստանն այս աննախադեպ ճնշումներին չի ենթարկվելու եւ չի կռանալու, դա հասկանալի է նրա պատմությունն իմացող յուրաքանչյուր մեկի: Բայց այն, որ տնտեսական մրցակցությունը թշնամանքի բնույթ է ընդունում, ստիպում է եզրակացնել, որ մոտ ժամանակներս մենք ականատես ենք լինելու գլոբալ վերաձեւումների եւ ոչ միայն խուլ, այլ միանգամայն հնչեղ հակասությունների: Միջազգային հարաբերությունների շատ դիտորդներ կիսում են այն կարծիքը, որ գլոբալ հակասությունների բացահայտման ու սրման մեր օրերում մենք ականատես ենք լինելու նոր քաղաքական-տնտեսական կոնֆիգուրացիաների, որոնք ընդհուպ կարող են փոխել աշխարհի դիմագիծը:

Ռուս-թուրքական տնտեսական համաձայնությունները

Նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած այցն Անկարա դարձավ մեզ հետաքրքրող շաբաթվա թիվ մեկ իրադարձությունը: Դեռ մինչեւ այցը հայտնի էր, որ Թուրքիան որպես եվրասիական տարածաշրջանի խոշոր տնտեսություն, չի պաշտպանում Արեւմուտքի արգելամիջոցները եւ մտադիր է սեփական տնտեսական շահերի վրա հիմնված ինքնուրույն քաղաքականություն վարել Ռուսաստանի հանդեպ: Հայտնի է նաեւ, որ Ռուսաստանը եւ Թուրքիան տարածաշրջանում միաժամանակ ե՛ւ մրցակցող, ե՛ւ համագործակցող քաղաքականություն են վարում: Դեռ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո բոլոր դիտորդները եւ մեկնաբանները միակարծիք էին, որ Ռուսաստանի դերը եւ ազդեցությունը Հարավային Կովկասում մեծանում է, ինչն իր հերթին նվազեցնում է թուրքական նկրտումները նույն տարածաշրջանում ավելի մեծ դերակատարություն ստանձնելու հարցում: Հայտնի էր նաեւ, որ Ռուսաստանը եւ Թուրքիան մտադրություն ունեն երկկողմ առեւտրի ծավալները հասցնելու մինչեւ տարեկան հարյուր միլիարդ դոլարի, ինչի մեծագույն մասը պետք է բաժին ընկներ մատակարարվող գազի ծավալների մեծացմանը: Հայտնի էր նաեւ, որ այնպիսի սկզբունքային հարցերում, ինչպես, օրինակ, սիրիական ճգնաժամն է կամ իրադրությունը Մերձավոր Արեւելքում, Ռուսաստանը եւ Թուրքիան ունեն իրարից էապես տարբերվող, եթե չասենքՙ հակասող մոտեցումներ: Եվ, այսուհանդերձ, Անկարայում անցած երկկողմ բարձր մակարդակի բանակցությունները կարեւոր իրադարձություն դարձան ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի մակարդակով: Թուրքիան ստացավ իր ակնկալած գազի ծավալներն իր ուզած գնով, ինչը Ռուսաստանին էլ ավելի քան ձեռնտու էրՙ նկատի ունենալով, որ նա խնդիր է դրել դիվերսիֆիկացնել իր գազային քաղաքականությունը: Ռուսական եւ թուրքական լրատվամիջոցների միահամուռ կարծիքով այս այցը հաջողված է երկու կողմերի համար եւ խորհրդանշում է տնտեսական հարաբերությունների նոր մակարդակ: Թուրքիան եկող տարի նախագահելու է G20-ում եւ նրա հետ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական լուրջ երկխոսությունը սկսում է դառնալ կարեւոր գործոն մեծ Եվրասիայի տարածաշրջանում:

Այն բանից հետո, երբ Արեւմուտքը սկսեց արգելամիջոցներ կիրառել պաշտոնական Մոսկվայի նկատմամբ, Թուրքիայի գյուղատնտեսական մթերքների առաքումը Ռուսաստան աննախադեպ մեծացավ: Այդ մասին էին վկայում Վերին Լարսի անցակետով անցնող մեր բոլոր հայրենակիցները: Այս կարճ ժամանակահատվածում, օրինակ, պարզ դարձավ, որ եթե այդ բեռնափոխադրումները սկսեն կրել երկարատեւ եւ սիստեմատիկ բնույթ, վերոհիշյալ անցակետը ուղղակի չի կարող հասնել դրանց հետեւից: Կարծես ուղիղ ի պատասխան դրան, Ռուսաստանում սկսեցին լրջորեն խոսել Հարավային Կովկասի միջոցովՙ հյուսիս-հարավ ռազմավարական մայրուղու նոր հնարավոր ռեսուրսների գործադրման մասին: Այստեղ հատուկ իմաստ է ստանում նախագահ Վլադիմիր Պուտինիՙ Աբխազիայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունը, թե կարեւոր է Աբխազական երկաթուղու վերաբացումը, որով միաժամանակ ճանապարհ կբացվի դեպի Մոսկվա եւ դեպի Հայաստան: Հասկանալի է դառնում, որ այս հարցում կարող է շահագրգռված լինել նաեւ Թուրքիան, որն իր բեռներն այդ երկաթուղով կփոխադրի դեպի Ռուսաստան, արդեն ոչ թե Հայկական երկաթուղու միջոցով, այլ իր կառուցած Կարս-Ախալքալաք երկաթուղով: Սա նշանակում է, որ Թուրքիան կարող է նաեւ հորդորել Վրաստանին, որի մեծությամբ երկրորդ ներդրողն է, եւ Աբխազիային, որի հետ հատուկ եւ զգայուն հարաբերություններ ունի, արագացնել այս հարցի լուծումը:

Երկրորդՙ Ռուսաստանում սկսել են խոսել Դաղստանը Վրաստանին կապող նոր ավտոմայրուղու շինարարության մասին: Թե ինչ են մտածում Վրաստանի քաղաքական շրջաններում այս հարցի մասին, միանշանակ առայժմ դժվար է ասել, բայց պարզ է, որ Վրաստանում հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի լիարժեք գործարման կողմնակիցները հիմա շատ ավելի շատ են, քան նախկին նախագահ Սաակաշվիլու իշխանության տարիներին: Փաստորեն ստացվեց այնպես, որ այս մայրուղու լիարժեք գործարկման հարցում սկսում են համադրվել տարբեր շահեր:

Հայաստանում կառուցվող հյուսիս-հարավ ավտոմայրուղին եւ մեր երկաթուղին լիարժեք շնչելու իրական հեռանկար են ունենում :

Համաթյուրքական համախմբման հարցը մեզ համար

2015թ. մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Արեւմտահայության բնաջնջումը եւ հայրենազրկումը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ Առաջին աշխարհամարտի տարիներին եւ դրանից հետո նաեւ այն պատճառով, որ երիտթուրքերի եւ նրանց նման մտածողների աչքում հայությունը պատվար էր Օսմանյան կայսրության ծրագրերի համարՙ միանալու Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու ազգերին: Այս զգայուն եւ մեզ համար շատ ցավալի թեման ունի նաեւ պատմության դասեր: Կասկածից վեր է, որ հայ-թուրքական հարաբերությունները բնականոն եւ նորմալ կհամարվեն միայն այն բանից հետո, երբ թուրքական պետությունը եւ թուրքական հասարակությունը իրենց մեջ ուժ կգտնեն պաշտոնապես ճանաչելու եւ դատապարտելու Հայոց ցեղասպանության փաստը: Հայաստանում ուշադրությամբ հետեւում են հայ եւ թուրք, հայ եւ քուրդ հասարակական-քաղաքական գործիչների միջեւ վերջին շրջանում ծավալած շփումներին եւ երկխոսությանը եւ փորձում են հասկանալ, թե ո՞ւր է տանում այդ երկխոսությունը: Արդյո՞ք դեպի ճանաչում եւ դատապարտում դրանից բխող ինքնամաքրմամբ եւ հետեւանքների վերացմամբ: Թե՞ դեպի խորամանկ մանեւրում, որի մարտավարական նպատակն է նվազագույն վնասներով անցկացնել 2015թ.:

Պարզ է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերում մոտակա ժամանակներում էական առաջընթաց չի սպասվում: Սա նշանակում է, որ խնդրին տեղյակ քաղաքագետներն ու վերլուծաբանները հնարավորություն են ստացել ավելի ազատ եւ ընդհանուր դատողություններ անելու այս հարցում ուրվագծվող հեռանկարների մասին: Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը միջազգային տարբեր կառույցներում մինչեւ այժմ հանդես է եկել Թյուրքական պետությունների համագործակցության կազմակերպության դիտորդության դեմ, այն պարզ պատճառաբանությամբ, որ չորս անդամ ունեցող այդ կառույցի երկու անդամներ (Թուրքիան եւ Ադրբեջանը) Հայաստանի դեմ վարում են թշնամական քաղաքականություն: Բայց ստացվում է այնպես, որ այդ կառույցի մեկ անդամՙ Ղազախստանը մեր դաշնակիցն է ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի գծով, իսկ մյուս անդամըՙ Ղրղզստանըՙ շուտով հավակնում է դառնալ ԵԱՏՄ-ի անդամ: Հայտնի է, որ Ղազախստանը հետեւողականորեն հանդես է գալիս Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների սերտացման օգտին: Վերջին շրջանում ռուս քաղաքագետներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո կարող են բազմապատկվել Հայաստան-Ղազախստան փոխշահավետ տնտեսական հարաբերությունները: Թուրքմենստանը եւ Ուզբեկստանն այդ կառույցի անդամ չեն, բայց թյուքական աշխարհի մի մասն են եւ նրանք էլ են շահագրգռված ըստ ամենայնի զարգացնելու հարաբերությունները թյուրքական աշխարհի երկրների հետ: Հետաքրքրական է, որ 21-րդ դարի բնութագրական հատկանիշներից մեկն այն է, որ թյուրքական աշխարհի անդամ ազգերի թվաքանակն աճում է եւ սկսել է հավասարվել արեւելասլավոնական աշխարհի ազգերի թվաքանակին: Ռուսաստանում անդուլ ջանքեր են գործադրվում ազգային համերաշխության եւ քաղաքացիական համախմբման ուղղությամբ եւ կան դրա բազմաթիվ հաջողված օրինակներ (օրինակՙ Թաթարստանի կամ Չեչնիայի հարաբերությունները Մոսկվայի հետ): Ղազախստանը հետեւողականորեն առաջ է մղում բազմազգ, բազմակրոն եւ բազմամշակութային հասարակության կերտման ու զարգացման իր տեսլականըՙ առանցքում ունենալով ղազախների եւ ռուսների համերաշխությունը: Ընդհանրապես, Եվրասիական գաղափարախոսության հիմքում, ինչպես քաջ հայտնի է, ընկած է ռուսների եւ թյուրքական ժողովուրդների համակեցության եւ համագործակցության բնական նկատված հրամայականը: Այդ հենքի վրա են գրվել Եվրասիականության բոլոր հայտնի աշխատությունները:

Այսօր, Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց, Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի ամենասերտ դաշնակիցն է: Թյուրքական ժողովուրդները համախմբվելու, միմյանց հետ հարաբերվելու եւ համագործակցելու ճանապարհներն արդեն գտել են: Միամտություն է կարծել, որ մեզ կարող է հաջողվել ռուս-թուրքական եւ ռուս-թյուրքական հակասությունների վրա խաղալը: Ավելի բնական է մտածել, որ Հայաստանը պետք է գտնի թյուրքական աշխարհի հետ ներդաշնակ հարաբերվելու սեփական ադապտացիոն մեխանիզմները: Սա չի նշանակում զիջումների գնալ մեր դժվար պատմությամբ ձեռք բերված նվաճումների հարցում: Սա նշանակում է հասկանալ մեր բարդ աշխարհի այսօրվա քաղաքական հրամայականները եւ հեռու մնալ ավելորդ անգամ թիրախ դառնալու փորձությունից: Պետք է լսելի դարձնել հայ արեւելագետների, քաղաքագետների եւ տնտեսագետների ձայնը, որոնք միանգամայն ի վիճակի են որակյալ հետազոտություններ կատարելու այս ասպարեզում: Հայաստանում պետք է ձեւավորվի պետական եւ հասարակական պահանջարկ լուրջ երաշխավորությունների եւ գործելակերպի ուղղությամբ: Ամենավատ զարգացման սցենարը տարածաշրջանում այնպիսի անկայունության բռնկումն է, որից կտուժեն բոլորը: Ամենալավ զարգացման սցենարը համագործակցության այնպիսի լրացուցիչ մեխանիզմների գործարկումն է, որը կնպաստի մեր դրական սպասումների իրականացմանը ԵԱՏՄ-ին անդամակցությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.