AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 16-01-2015



Տեղադրվել է` 2015-01-15 23:03:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 4017, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐՈՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ, երբ արդեն մեր թերթը պատրաստ էր եւ ուղարկվելու էր տպարան, իրավիճակը առավել լարվեց Գյումրիում: Տեղի էր ունեցել սպանված Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունը, որին մասնակցած հազարավոր գյումրեցիներ, չբավարարված Հայաստանի գլխավոր դատախազի` Գյումրիում կայացած մամուլի ասուլիսով, դատախազության դիմաց հանրահավաք արեցին: Ապա բողոքող եւ հանցագործին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնել պահանջող գյումրեցիներն ու Երեւանից բողոքին մասնակցող ակտիվիստները երթով գնացին Ռուսաստանի հյուպատոսության առջեւ իրենց պահանջն արտահայտելու: Այստեղ իրավիճակը լարվեց, ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ սկսվեցին, ցուցարարները քարեր էին նետում հյուպատոսարանի ուղղությամբ, ոստիկանները մահակներ սկսեցին կիրառել, լուրեր տարածվեցին վիրավորների, բերման ենթարկվածների մասին: Կայքերում, սոցցանցերում ուղիղ միացումներ կային Գյումրիից, որտեղ լսվում էին պայթյուններ, խոսք էր կար այն մասին, թե ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում: Տեղի էր ունենում այն, ինչը շատ ցանկալի կլիներ որեւէ սադրիչ կողմի, եթե Գյումրիի սպանդը կազմակերպված լիներ, ասենք,այդ սադրիչ կողմի ձեռքով, եւ որի անթույլատրելիության մասին զգուշացնում էին ողջամիտ մարդիկ: Առհասարակ` այսպիսի զարգացումները կարելի էր կանխատեսել եւ դրանց դեմն առնել: Իշխանությունները հենց դրա համար են, որ կշռադատված գործողություններով բանը չհասցնեին այդ վիճակին, երիտասարդ դատախազներին դա չի հաջողվում, դրա համար հարկավոր են հարգված, վստահություն վայելող մարդիկ եւ պաշտոնյաներ: Նման դեպքերում միշտ էլ գործընթացն ու բողոքի ալիքը կարող է անգամ կազմակերպիչների վերահսկողությունից դուրս գալ. կարող են հայտնվել սադրիչներ, որոնք գործընթացը կառավարեն իրենց ուզած ձեւով: Խաղաղությունն ու ողջամտությունը թող չլքեն մեզ:


Գյումրիում անմարդկային սպանդի ենթարկված ընտանիքի ցավը պատեց բոլորիս: Ինչպես, ինչպե՞ս կարող էր նման բան պատահել: Սադրա՞նք է դա, դիվերսիա, թե անմիտ-անտրամաբանական հանցագործություն, ինչպես որ հայ եւ ռուս իրավապահներն են բարձրաձայնում` հղում անելով հանցավայրում «ինքնագիր» թողած ու արդեն որպես մեղադրյալ ներգրավված վալերի պերմյակովի ցուցմունքերին: Ինչպե՞ս պետք է վարվենք հայերս նման իրավիճակում: Լռելը ոչ մի դեպքում տարբերակ չէ, բողոքելը, պահանջներ ներկայացնելը ռուս, հայ իրավապահներին, ռուսական 102-րդ ռազմակայանի տեղական եւ կենտրոնական ղեկավարությանը` օրինաչափ, քանի որ նման պատմություններ էլի եղել են առնվազն երկու անգամ վերջին տասնհինգ տարում, եւ էլի մահվան ելքով: Իրավունք ունե՞նք պահանջելու կարգուկանոն, պատասխանատուների խիստ պատիժ, իսկ Գյումրիի սպանդն իրականացնողի (իրականացնողների) նկատմամբ` արդարացի հետաքննություն, դատաքննություն ու պատիժ, ընդ որում` Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետաքննությամբ, քանի որ Հայաստանի տարածքում է կատարվել սահմռկեցուցիչ հանցագործությունը: Երբ հետաքննությունն իրականացվի, ամեն ինչ պարզ դառնա, այդ բոլորը հայտարարվի, նոր կարելի է Ռուսաստանի օրենսդրությունից , հանձնել-չհանձնելուց խոսել, ինչպես որ մեր երկու երկրների օրենսդրությամբ սահմանված է:

Գոնե կհավատանք մի քիչ բացահայտմանը, թեեւ ոչ մեր իրավապահների, ոչ ռուսական իրավապահների նկատմամբ վստահության բարձր ցուցիչ հանրության մոտ չկա: Բայց հիմա հանցագործը ռուսական ռազմակայանում է, նրան երբ եւ որտեղ բռնելու պատմության հանդեպ էլ վստահություն չկա, որովհետեւ անընդհատ հետեւել ենք նաեւ Գյումրիից ստացվող ոչ պաշտոնական տեղեկատվությանը, որի համադրությամբ անարժանահավատ է թվում պերմյակովին սահմանի մոտ սահմանապահների կողմից վնասազերծվելը, այդպիսով ռուսական իրավապահներին գործի հետաքննությունն իրականացնելու հնարավորություն ընձեռելը: Թող որ մեր իրավապահների համագործակցությամբ (չգիտենք` ինչ աստիճանի համագործակցություն է), չնայած Հայաստանի գլխավոր դատախազը երեկ տեղեկացրեց, որ հայ իրավապահներն էլ են հարցաքննելու արդեն կալանքի ենթարկված եւ երկու հանցագործությամբ մեղադրվող պերմյակովին:

Գյումրեցիք ոտքի են կանգնել եւ պահանջում են արդար դատաքննություն, հանցագործին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնում, անգամ նրանք գնացել են ռազմաբազա: Իսկ ի՞նչ է, պիտի լռեի՞ն: Մարսելի հայ համայնքը հայ պատանու` Միքայել Ասատուրյանի սպանության համար է վրդովված ու բողոքի ցույց անում Ֆրանսիայում, Հայաստանում մի ընտանիքի սպանդը չարժե՞, որ մարդիկ բողոքեն: Չենք կարծում, որ այդ բողոքը քաղաքականացնել է նշանակում տեղի ունեցածը: Եթե գյումրեցիք ու հայերս պահանջում ենք սպանդի լիարժեք բացահայտում եւ կարգուկանոն մեր երկրի տարածքում գտնվող ռազմաբազայում, որից եկել է վտանգը քաղաքացիական հայ բնակիչների նկատմամբ, սա հակառուսականությո՞ւն է: Իմ կարծիքով` ոչ: Եւ երկրի առաջին դեմքերի` եղածը դատապարտելուց խուսափելը նույնպես չի կարելի անվանել ռուսամետություն, սա ազգային արժանապատվության հարց է, ղեկավարությունը եւս պետք է վերաբերմունք բարձրաձայներ, քանի որ այս կարգի հանցանքը ազգություն չի ճանաչում, եւ դրա դատապարտումը որեւէ ազգի դեմ չէ: Որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինն էլ ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանի հարցազրույցում ասել է, թե չպետք է քաղաքական հրդեհ բորբոքել այս հարցի շուրջ, այդ չի նշանակում, որ մեր քաղաքական ուժերն առաջինը չպետք է դատապարտեին տեղի ունեցածն ու արդար դատաքննություն եւ դատաքննության ճիշտ սուբորդինացիա պահանջեին, չվախենալով, որ դրանով նրանց հակառուսական կհամարեն: Չէ որ նույն Վոլինկինը հասկանում է, իր խոսքերով, բողոքող մարդկանց զգացմունքները.«Որովհետեւ դաժան հանցագործություն է տեղի ունեցել, որի համար հանցագործը պետք է պատասխան տա: Մարդիկ, իհարկե, իրավունք ունեն գալ այստեղ, իրենց կարծիքն ու զգացմունքներն արտահայտել, բայց հարցը քաղաքականացնել պետք չէ», ասել է նա` նկատի ունենալով Ռուսաստանի դեսպանատան մոտ այս երկու օրը տեղի ունեցող հայ ակտիվիստների բողոքի ցույցերը: Վոլինկինի ասած մարդիկ արդեն «Ռեգնումի» ռուսական ծառայության հաղորդագրությունում դարձել են ամբոխ` տեղեկացվում է, որ Գյումրիում ամբոխը պահանջում է պերմյակովին հանձնել հայկական կողմին: Բա չասես` ամբոխը ո՞վ է, սպանդից վրդովված գյումրեցի՞ք, այդ տողերը գրողին չհասկացնե՞ս բա` մի քաղաքականացրու:

Հանցագործի պատասխան տալու մասով: Ախր բոլոր վարկածների դեպքում ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը խնդիր ունի: Եւ եթե հոգեկան հիվանդ է հանցագործը` նրան ծառայության ներգրավածների ադեկվատության հարց է, եթե հիվանդ չէ` զենքով զորամասը լքելուն արագ չարձագանքելու, զինված մարդու փախուստից վտանգի մասին քաղաքացիական բնակչության չզգուշացման անպատասխանատվության, եթե այլ` ավելի մեծ հանցախումբ են կոծկում` ընդհանրապես խնդիրների կույտ ունեն, եթե այլ երկրի հատուկ ծառայությունների սադրանքի մեջ է հայտնվել ռուս զինծառայողը, ինչպես որ պատգամավոր Թեւան Պողոսյանն է ենթադրում, արդեն այդպիսի սահմանապահության որակի ու նպատակահարմարության խնդիր է առաջ գալիս: Եւ շատ անհասկանալի է, թե ինչպես պետք ռուսական գերատեսչական կառույցը` ՌԴ պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը կամ նրա քննչական խումբը քննի մի հանցագործություն, որը կատարվել է Հայաստանում, քաղաքացիական անձանց նկատմամբ, սա չէ որ միայն ռազմական տրիբունալի` դասալքության, սահման խախտելու փորձի հարց չէ (պարզվեց` սահման խախտելու մեղադրանք նրան չի առաջադրվել), այլ քրեական հանցագործություն, այ սա չի կարողանում հասկանալ հայ հանրությունը: Որեւէ գերատեսչական կառույց միշտ էլ հակված է պարտակել գերատեսչական թերությունները: Չնայած` գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո խոստացավ, թե հանցագործը պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում, բայց ոչ ոք դեռ մանրամասնաբար չգիտե, թե դա ինչ է:

Կասկածներ, անվստահություն, անհամապատասխանություններ

Մենք, ինչպես ամեն նորմալ մարդ, կողմ ենք գործի իրավական գնահատականներին միայն: Սակայն հասարակությունում առկա տրամադրություններն անտեսելն ու դրանք չբարձրաձայնելն էլ ճիշտ չէ` սպասելով հանդերձ տրամաբանական իրավական եզրակացությունների: Եւ, իհարկե, լրագրողը պետք է տարբերվի սոցիալական ցանցում կարծիք հայտնողներից, որոնք առանց խորանալու ասում են` մաս-մաս անել, ձեթի մեջ տապակել, ընտանիքին կոտորել եւ այլն, չփորձելով որոնել սարսափելի հանցագործության շարժառիթները: Չնայած` շատերն էլ զարմանում են բազմաթիվ անտրամաբանական փաստերից, որոնք, ի դեպ, հղում անելով հանցագործի առաջին ցուցմունքներին, նաեւ հայկական իրավապահներն են բարձրաձայնել: Ու դրանց մասին արդեն բազմաթիվ հոդվածներ են գրվել, բայց միեւնույն է, հանրությունը դեռ չի հասկանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության շարժառիթների տրամաբանությունը, փաստաշարի անհեթեթության պատճառով:

Սոցիալական ցանցերում շերլոկհոլմսերի մի ողջ բազմություն է վարկածներ առաջ քաշում: Անհավանականները` մի կողմ, բայց արժե նաեւ այն վարկածի ուղղությամբ աշխատել, որ գուցե մի ողջ խումբ են եղել հանցագործները, խմած զինվորներ, մեքենա էլ են ունեցել, չգիտենք` ի՞նչ նպատակներով են եկել հենց այդ տուն, ինչից` ինչ է ստեղծվել, հետո իրենցից ամենախոցելիին են հանձնել գուցե, էն էլ արդեն հոգեկան հիվանդ են սարքում: Թե` հոգեկան հիվանդներն ինչու եւ ինչպես են ծառայում ռազմաբազայում: Բացի այդ` հանցագործության ձեռագիրը, սվինով երեխային վնասելը, լրիվ հանցագործության այլ` մեր ազգին քաջ հայտնի ստերեոտիպ է հիշեցնում, լավ է, գոնե, որ վեց ամսական փոքրիկը փրկվեց, ու հիմա կարծես առողջանում է: Կամ պերմյակովի մոտ հայտնաբերված երեք հեռախոսն ո՞ւմն էին, եթե գողացված են` ինչու, ոսկեղենը չի գողացել` հեռախոսներն է վերցրել, ում հետ է կապվել. կամ միգուցե հանցակիցների՞նն են...

Այս վարկածները ծնվում են պաշտոնական վարկածի անտրամաբանական լինելու եւ հանցագործության շարժառիթների հստակ չերեւալու պատճառով, ու իսկապես հայկական իրավապահ մարմինները շատ բան ունեն պարզելու:

Ու, բնականաբար, հանրության մոտ ծագող հարցերը պատասխան են ուզում, եթե այդ հարցերը պատասխան չունենան, այժմ Գյումրիում եւ Հայաստանում բարձրացող արդարացի բողոքի ալիքը դժվար կլինի լիցքաթափել, կավելանան հարցադրումները, թե այդպիսի զինվոր ունեցող, արածները պարտակել ցանկացող սահմանապահն արդյոք ի վիճակի՞ է պաշտպանել հայոց սահմանը: Ու սա քաղաքականացնելու, ու հատկապես հակառուսականության հետ որեւէ աղերս չունի` պարզ ինքնապահպանման բնազդից բխող, երկիր ու պետություն ունեցողի վարքագիծ է:

Իսկ հանցագործին (հանցագործներին) Հայաստանի իրավապահներին չհանձնելու եւ այս առիթով երկուստեք` ռուսական եւ հայկական կողմերից ՌԴ սահմանադրության վաթսունմեկերորդ կետի մատնացույց անելը ավելի խփեց Հայաստանի իշխանությունների եւ իրավապահ մարմինների` հանրության մոտ վստահությանն ու վարկին` հիմք տալով նաեւ կասկածելու, որ հանցագործությունն իրապես բացահայտելու մասին պետք է հույս չունենալ:

Իսկ միգուցե հենց ռուսական կողմը, իր ռազմական բազայի հեղինակության բարձրացման նպատակահարմարությունից ելնելով` կատարվածի հետաքննությունը հանձնի հայ իրավապահներին, մանավանդ ռուսական հրապարակումներում էլ մտահոգություններ, սպանդի պատճառով հայ-ռուսական հարաբերությունների` գոնե կենցաղային մակարդակով չվատթարացնելու ուղղությամբ, կան:

Քանի չի կատարվել անդառնալին` ասենք պերմյակովի «ինքնասպանության», այդպիսով` որեւէ վարկած ապացուցելու անհնարինության տարբերակով, մանավանդ բոլոր մյուս ապացույցներն անուղղակի են, ականատեսներ չկան, իսկ ցանկալի ցուցմունք մեկ մարդուց ստանալու միջոցների պակաս իրավապահները երբեք չեն ունեցել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 16-01-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.