AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 16-01-2015



ՈՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ

Տեղադրվել է` 2015-01-15 23:03:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 953, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԻՆՙ 2015

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերը 2015 թվականն են մուտք գործում տագնապով եւ ակնկալիքներով: Այդուհանդերձ, տարեթվերի մեջ կախարդանք չկա, այն, ինչ չի պատահել անցած հարյուր տարիների ընթացքում, չի պատահելու այս մեկ տարում, իսկ այն, ինչ ձեռք չենք կարողացել բերել, չենք կարողանալու ձեռք բերել 2015-ին:

Բայց հարուրյամյակի խորհրդանշական բնույթն այն է, որ մենք ի մի ենք բերելու այն ամենը ինչ կատարվել է արդեն անցյալ դարձած հարյուրամյակում, որպեսզի տեսնենք, թե ինչ փորձ ենք ձեռք բերելՙ կարողանալ գնահատելու համար ապագան եւ այսուհետ ճիշտ քայլեր կատարելով չթողնել, որ պատմության արյունոտ բեռը ստիպված լինենք շալակել եւս մեկ հարյուրամյակ:

Ճակատագրի հեգնանքն այն է, որ հարյուր տարի թափառելուց հետո մենք դեռեւս գտնվում ենք մեր ճանապարհի սկզբին: Ցեղասպանության կործանիչ հարվածն այնքան ուժեղ էր, որ առաջին հիսուն տարում փորձելով դարմանել մեր վերքերը, մենք այնուամենայնիվ չկարողացանք հասկանալ աղետի, ողբերգության ահավորությունը: Մի ամբողջ ժողովուրդ տեղահան էր արված իր բնօրրանից եւ սփռված աշխարհով մեկ:

Մարդկային կյանքի զանգվածային բնաջնջման երեւույթներ հաճախ էին պատահել պատմության ընթացքում, բայց այս մեկն առանձնանում էր իր մտադրվածությամբ, ծավալով եւ հետեւանքներով: Ավելի լայն ճանաչում ստացած Հոլոքոսթը, որը տեղի ունեցավ մի քանի տասնամյակ անց Եվրոպայում, կատարվեց միեւնույն ձեւաչափով:

Երբ հայերս ուշքի եկանք, արդեն կես դար անցել էր եւ մեզ շրջապատող աշխարհն էլ մեծապես փոխվել էր:

Ահավոր ցավի զանգվածային գիտակցությունը տեղի ունեցավ շրջադարձային 1965 թվականին, երբ մենք սկսեցինք ծավալել քաղաքական ակտիվ գործունեություն, գիտական աշխատանքներ եւ մտածելակերպի վերաձեւավորում:

Չինգիզ խանը, Թալեաթ փաշան, Հիտլերն ու Ստալինը տառապում էին ոչ թե մտավոր ընդունակությունների, այլ մարդկայնության եւ խղճի պակասից: Նրանց պարագայում մտավոր ընդունակությունն ու մարդկայնությունը իրար բացառող երեւույթներ էին: Նրանք այլասերված հանճարներ էին, որոնք համառորեն հետամուտ էին լինում իրագործելու իրենց արյունռուշտ նպատակները, մարդկանց կյանքերին վերաբերվելով որպես անպետք իրերի:

Մարդկային քաղաքակրթության վրա ազդեցություն գործելու համար, թեկուզ պիղծ ու ստոր, հսկայական քաջություն, խիզախություն է պետք, մի բան, որից զուրկ չէին վերոնշյալ չարագործները:

Թուրքերի համար Թալեաթ փաշան տեսլականի տեր առաջնորդ էր: Այսօր, երբ նախագահ Էրդողանը հպարտանքով է խոսում Թուրքիայի մահմեդական ժողովրդի 98 տոկոսի միատարրության մասին, նա իհարկե այդ ձեռքբերումը վերագրում է Թալեաթ փաշային, ով հավատացած էր, որ կրոնի միջոցով Թուրքիան կարող էր միաձուլել քուրդերին եւ ալեւիներին: Բայց հայերը չունեին ընդհանուր մի հայտարար թուրքերի հետ, ուստի նրանք պետք է ոչնչացվեին: Մի քանի տարի առաջ Թուրքիայի պաշտպանության մի նախարար հռետորական հարց էր տվել, թե արդյոք Թուրքիան իր ներկայի տարածքը կունենա՞ր, եթե արտաքսած չլիներ հայերին եւ հույներին:

Ցեղասպանությունից հետո, երբ իթթիհատական կառավարության պաշտոնյաները վերակողմնորոշվելով միացան Աթաթուրքի «Միլլի շարժմանը», նրանք շարունակեցին հույներին Էգեյան ծովում խեղդամահ անելու եւ Կիլիկիայից հայերին տեղահան անելու իրենց ցեղասպանական քաղաքականությունը: Նպատակը իսլամիզմի ամրապնդումն էր: Թաներ Աքչամն իր «Ամոթալի արարք» գրքում մանրամասն ուսումնասիրել է այս պարագան: Այսօր, Թուրքիայի բնակչության համարյա մեկ երրորդը 20-25 միլիոն հաշվող քրդերն են, որոնք սպառնալիք են երկրի տարածքային ամբողջականությանը: Չնայած վստահելի վիճակագրական տվյալներ չկան նախապատերազմյան (նախա-առաջին աշխարհամարտյան) Թուրքիայի վերաբերյալ, այդուհանդերձ ընդունված է հաշվել, որ հայերն այդ ժամանակ նույնքան էին, որքան քուրդերը: Եթե, ուրեմն, հայերը բնական աճի հնարավորություն ունենային, ապա վստահաբար առավել մեծ վտանգ կսպառնային Թուրքիայի միատարր բնույթին: Ուստի 2015 թվականը ոչ միայն 1,5 միլիոն կոտորված հայերի, այլեւ անհետ կորած, այն չծնված սերունդների տարելիցն է: Թալեաթ փաշան եւ իթթիհատական եռյակը այնքան խորամանկ էին իրենց ծրագրերում եւ այնքան թաքուն էին գործում, որ հայ առաջնորդներին հնարավոր չէր կանխատեսել վերահաս աղետը:

Աշխարհով մեկ ցրված, հաճախ իրար հետ անհաշտ հայության վիճակն այսօր հավանաբար համապատասխանում է թուրքերի պատկերացրած վիճակին: Սփյուռքում ապրող հայության մեծամասնությունը կորցրել է իր ազգային գիտակցությունը, եւ իր ժառանգությունը պահպանելու զգացումը, թողնելով արդարությունը վերականգնելու այդ սրբազան պարտականությունը մի քանի անհատների ուսերին:

Խորհրդային Հայաստանը դարձավ ժողովրդի միասնականությանն ու մշակույթի պահպանման նախակարապետը: Բայց լինելով մեկ ընդհանրական քաղաքական ամբողջականության մի փոքրիկ մասնիկը, այն չէր կարող դառնալ իրավական մի հենք, որի կարիքն ուներ մեր դատը: Այսօրվա անկախ Հայաստանը կարող է ներկայանալ որպես քաղաքական եւ իրավական ուժ, եթե անշուշտ արտագաղթը չխոչընդոտի նրա կենսունակությանը:

Հակառակ իրենց սահմանափակ հնարավորություններին, սփյուռքահայերը հայապահպանության ջահը վառ կարողացան պահել, եւ թուրքական հզոր պետությունը ստիպված է հաշվի նստել նրանց հետ: 1946-ին Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման օրերին, հայերը կարողացան ներկայացնել իրենց դատը, բայց երկու տարբեր խմբավորումների միջոցով, որն էլ ցույց տվեց մեր դատի թուլությունը: Այդ ժամանակվանից ի վեր հայերս քաղաքական գիտակցություն ենք ձեռք բերել միահամուռ ձեւով դրսեւորվելու արեւմտյան ժողովրդավարական իրականության մեջ եւ մինչ օրս կարողացել ենք հակադրվել Թուրքիայի կազմակերպված հարձակումներին եւ դրամական զգալի ներդրումներին:

Ժան Մարի Գառզուն Ֆրանսիայում լույս է ընծայել մի գիրք «Օրինակելի ցեղասպանություն» խորագրով: Հայերի Ցեղասպանությունը իրոք տիպական, օրինակելի ցեղասպանություն էր, որովհետեւ այն համապատասխանում է ցեղասպանական արարքի պատմական, իրավական եւ բարոյական բոլոր սահմանումներին: Ճակատագրի հեգնանքն այն է, սակայն, որ որեւէ ճշմարտություն կամ որեւէ բարոյապես ստույգ արարք կամ պահանջ չի կարող լսելի դառնալ միջազգային հանրությանը առանց քաղաքական եւ ռազմական հզոր ուժի աջակցության: Դա է պատճառը, որ Թուրքիան եւ նրա ժխտողական քաղաքականության գործընկերները կարողանում են ոտնատակել ճշմարտությունը եւ անպատիժ մնալ, մինչդեռ հայերս եւ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները ստիպված են անհավասար պայքար մղել հանուն արդարության եւ ճշմարտության:

Հայերի բնաջնջման անմիջական հետեւանքներից մեկը եղավ «ցեղասպանության» եզրի ստեղծումը: Միջազգային ճանաչման արժանացած իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ով 1944-ին մտահղացավ այդ բառը, թուրքերի կողմից բնաջնջված հայերին եւ նացիստների կողմից բնաջնջված հրեաներին էր նշում որպես այդ եզրի իմաստը բացահայտող օրինակների: 1997-ին ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան միաձայն որոշում ընդունեց այն մասին, որ հայերի Ցեղասպանությունը պատմական անհերքելի իրողություն է: 2000 թվականի հունիսին Ողջակիզման (Հոլոքոսթի) 126 առաջատար մասնագետներ, ներառյալ Էլի Վիզելը եւ Եհուդա Բաուերը, «Նյու Յորք Թայմս» պարբերականում պաշտոնական հաղորդագրություն հրապարակեցին այն մասին, որ «Հայերի ցեղասպանությունը անվիճարկելի փաստ է» եւ կոչ արեցին արեւմտյան բոլոր ժողովրդավարական երկրներին ճանաչել այն որպես այդպիսին:

Նույնիսկ վատահամբավ թուրք-հայկական հաշտեցման կոմիտեն (TARC) 2002-ին «Անցումային արդարության միջազգային կենտրոնին» ներկայացրեց իր հետազոտությունների արդյունքները, որոնք հաստատում էին, որ իրենց բնօրրանում կատարված հայերի զանգվածային կոտորածները համազոր են ցեղասպանության: Թուրքերը, որոնք մաս էին կազմում այդ կոմիտեին, անմիջապես հեռու պահեցին իրենց TARC-ից, երբ կողմերին հանգստացնող այդ կազմակերպությունը ընդամենը հանգել էր այն ճիշտ եւ միակ եզրակացությանը, որին բոլոր օրինական խմբավորումները արդեն վաղուց հանգել էին:

Ավելի քան 20 երկրներ տարբեր բնույթի օրենսդրական օրինագծեր են ընդունել, որոնցով ճանաչել են հայերի Ցեղասպանության փաստը: Վերջինը Բոլիվիան էր, բայց ճանաչման գործընթացը դեռ շարունակվում է:

Երկար լռությունից հետո թուրքերը, հասկանալով, որ կորցնում են փաստարկների պայքարը, փոխեցին իրենց քաղաքականությունը եւ նախ քննադատեցին բոլոր այն երկրներին, որոնք ճանաչում են հայերի Ցեղասպանությունը եւ ապա մեծ գումարներ տրամադրելով «գնեցին» գիտաշխատողների եւ ակադեմիական կենտրոններում գործող պատմության ամբիոնների վարիչներին, որպեսզի առաջ տանեն պատմության իրենց տարբերակը: Այդ պատճառով է, որ իրենց նախընտրած կարգախոսը եղել եւ մնում է «պատմությունը թողնենք պատմաբաններին եւ ոչ թե օրենսդիրներին»: Դրանով նրանք հույս ունեն, որ հայերի Ցեղասպանության ճակատագիրը ի վերջո կորոշեն այն գիտաշխատողները, որոնք վճարվում են թուրքական տեսակետը շրջանառության մեջ դնելու դիմաց:

Հայերի Ցեղասպանության հարցը շատ անգամ է քաղաքականացվել եւ շահագործվել, հաջորդաբար Իսրայելի, Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության կողմից: Ամեն անգամ նրանցից մեկն ու մեկը ինչ-որ հաշիվ է ունեցել մաքրելու Թուրքիայի հետ, կամ ցանկացել է Անկարայից քաղաքական զիջումներ կորզել:

Մինչ հսկայական գումարներ հատկացնելով Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են հաղթանակ արձանագրել գիտական, ակադեմիական ոլորտներում, ժխտողականների թիվն անընդհատ ավելանում է: Վատահամբավ Բեռնար Լյուիսի (որն ստիպված էր խորհրդանշական տուգանք վճարել ֆրանսիական դատարանին հայերի Ցեղասպանությունը ժխտելու համար) կողքին ավելացել են Ստանֆորդ Շոուն, Ջաստին Մկքարթին, Գենտեր Լյուին, Հիթ Լոուրին, իսկ առավել ագրեսիվների թվում են վերջերս նրանց միացած Հական Յավուզը (Յութայի համալսարանից), Սինան Սիդդին, Դեյվիդ Ս. Կութելը, Սաբրի Սայարին եւ ուրիշներ:

Մյուս կողմից, ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի անդամների մեծամասնությունը Իսրայել Չառնիի գլխավորությամբ հաստատակամորեն կանգնած են հայերի Ցեղասպանության փաստը անհերքելի ճշմարտություն համարողների դիրքերում: Վերջին տարիներին, Թուրքիայում լռության պատի փլուզման հետեւանքով, մի նոր երեւույթ է ի հայտ եկել: Թուրք գիտաշխատողներ, ինչպես օրինակ Թաներ Աքչամը, Հալիլ Բերկթայը, Մուրադ Բելգեն, Ֆիկրետ Ադանիրը, Ֆուադ Բունդարը, Բասկին Օրանը, Ուգուր Ումիտ Ունգորը, Ֆաթմա Գոչեկը եւ ուրիշներ հանդես են գալիս հայերի Ցեղասպանությունը ճանաչելու օգտին:

Այս շարժման նախաձեռնողը խիզախ լրագրող Հրանտ Դինքն էր, որն իր կյանքի գնով պաշտպանեց իր դատը: Նա գտնում էր, որ Թուրքիան փակ երկիր է եղել երեք սերունդների համար, եւ ժամանակ ու հսկայական ջանքեր են անհրաժեշտ որեւէ փոփոխություն առաջ բերելու համար: «Թուրքիայի առաջ հառնած խնդիրն այսօր ո՛չ «ժխտման», ո՛չ էլ «ճանաչման» խնդիրն է: Գլխավոր խնդիրը հասկանալու, ըմբռնելու կարողությունն է, իսկ հասկանալու, ըմբռնելու համար Թուրքիան կարիք ունի պատմությունը լրջորեն դիտարկելու այլ տեսանկյունից: Այս վերջինիս համար էլ ժողովրդավարական մթնոլորտ է պետք ստեղծել», գրում էր նա 2005 թվականին:

Թուրք գիտաշխատողների համար հիմնական միտքը Թուրքիայում ժողովրդավարություն հաստատելն է: Երկիրը պետք է առերեսվի իր անցյալի հետ, որպեսզի կարողանա միանալ աշխարհի մյուս քաղաքակիրթ երկրներին: Այդ պատճառով էլ Ցեղասպանության հարցը կարեւոր նշանակություն է ստանում: Դրա ճանաչումով Թուրքիան կազատվեր իր պատմական բեռից:

Հայերս չպետք է ենթադրենք, որ թուրք գիտաշխատողների մեծամասնությունը կառավարության կողմից Ցեղասպանության ճանաչումից այն կողմ կարող է գնալ: Այդ ճանաչումն էլ ավելի ինքնանպատակ է, քան հանուն պատմական ճշմարտության: Եթե փորձենք տարածքային պահանջատիրության հարց բարձրացնել, կտեսնենք, որ նրանց եւ մեր ճանապարհները կբաժանվեն:

Երեւանում կայացած ցեղասպանագետների մի հավաքի ժամանակ ես հանկարծ ցնցվեցի թուրք կառավարության ամենակատաղի քննադատողներից մեկիՙ Բասկին Օրանի վարքագծի դրսեւորումից: Նա որ Ցեղասպանության ճանաչման կողմնակից է, վեր թռավ իր տեղից, երբ ելույթ ունեցողներից մեկը նշեց տարածքային պահանջատիրության մասին: «Ո՞վ է այդ ազգայնամոլը», գոռաց նա բարկացած տոնով:

Սակայն մեր խնդիրները նրանց հետ այսքանով չեն սահմանափակվում: Երբ հարցը խոսքից գործի անցնելուն վերաբերի, մենք խնդիրներ ենք ունենալու նաեւ քրդերի հետ: Այսօր քրդերը, անհատապես թե որպես հավաքականություն, ներողություն են խնդրում հայերից Ցեղասպանությանը իրենց նախնիների մեղսակցության համար:

Բայց հենց նրանք ստանան իրենց անկախությունը կամ ինքնավարությունը, նրանց տոնը վստահաբար փոխվելու է: Իսկ նրանք տեղավորված են հենց մեր պատմական հողերի վրա:

Հայ պատմաբանները հսկայական ջանքեր են գործադրել ստեղծելու համար հիմնավոր եւ արժանահավատ ցեղասպանագիտական գրականություն, որը կարող է դիմանալ պատմական եւ իրավական մանրազնին քննարկումների եւ մարտահրավերների: Արեւմուտքում Վահագն Տատրյանը դարձավ նախակարապետը մաթեմատիկական ճշգրտությամբ վերլուծության ենթարկելու պատմությունը: Նրան հետեւեցին շատ ուրիշներ: Ռիչարդ Հովհաննիսյանի ներդրումը նույնպես նշանակալի է ի հակադրություն բռնակալական երկրների, որտեղ պետությունն է թելադրում «ճշմարտությունը», եւ մասնագետները պարզապես պետք է հիմնավորեն այդ «ճշմարտությունը», մինչդեռ ազատ բանակցություններում մտավորականները պարտավոր չեն միանման կարծիք ունենալու այս կամ այն հարցի շուրջը: Բայց երբ հարցը Ցեղասպանության ուսումնասիրությանն է վերաբերում, պետք է խոստովանել, որ միասնական մոտեցումը ցանկալի է: Մինչդեռ հայ պատմաբանների կարծիքները տարբերվում են: Հայաստանյան երիտասարդ պատմաբանների մի մասի կարծիքով իրենց ամերիկահայ գործընկերները դավաճաններ են, իբր նրանք իրենց հոգիները վաճառել են թուրքերին կամ Ամերիկային: Հակադարձ մեղադրանքները մյուս կողմից նշում են, որ ցեղասպանագիտությունը Հայաստանում զարգանում է ազգայնամոլական միտումներով, ուստի արժանահավատ չի կարող լինել Արեւմուտքում: Ոչ մի ջանք չի գործադրվում վերացնելու տարաձայնությունները եւ միասնական հիմնավոր ուսումնասիրություններ կատարելու, որոնք կլինեն ե՛ւ ճշմարիտ ու արժանահավատ, ե՛ւ ընդունելի բոլորի համար:

Կա նաեւ մի այլ հարց, որը չպետք է անձնական, եսասիրական մրցակցության առարկա դառնա: Դա «ցեղասպանություն» եզրի սահմանման հիմքում ընկած ճշմարտությունն է: ՄԱԿ-ի 1948-ին ընդունած Ցեղասպանության կոնվենցիայի երկրորդ հոդվածում նշվում է, որ Ցեղասպանություն են համարվում ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական հատկանիշներով բնակչությանը ամբողջական կամ մասնակի բնաջնջելու դիտավորյալ գործողությունները: Թուրքերն, ի վերջո, կարող են ընդունել որեւէ եզր բացի «ցեղասպանություն» եզրից, որովհետեւ վերջինս իր մեջ ներառում է պատժի եւ փոխհատուցման իրավական հետեւանքներ: Նրանք ամեն գնով փորձելու են վիճարկել կամ կասկածի տակ դնել Ցեղասպանության դիտավորության կամ կանխամտածվածության հանգամանքը: Դժբախտաբար որոշ պատմաբաններ տուրք են տալիս այս մոտեցմանը, որպեսզի իրենց ուսումնասիրությունները ընդունելի դառնան Արեւմուտքում: Մինչդեռ Առաջին համաշխարհայինի վերջում Ստամբուլի զինվորական տրիբունալների փաստաթղթերին ծանոթանալուց, հայերին բնաջնջելու Օսմանյան կառավարության մտադրության մասին Մորգենթաուի հաշվետվությունը կարդալուց եւ վերջերս Մուրադ Բարդակչիի կողմից հրատարակված Թալեաթ փաշայի «Սեւ գրքի» գրառումները վերընթերցելուց հետո ոչ մի կասկած չի մնում, որ հայերի Ցեղասպանությունը կանխամտածված էր:

Հայաստանը պետք է կենտրոն դառնա ցեղասպանագիտական ուսումնասիրությունների: Այն ուղիները, որ հայերս կարողացել ենք հարթել Եվրոպայի եւ Ռուսաստանի ակադեմիական շրջանակներում, անտարակույս նպաստելու են միջազգայնացնելու Ցեղասպանության հարցը: Այդ առումով միջազգային իրավունքի մասնագետ Յուրի Գեորգեւիչ Բարսեղովը մեծ ներդրում է կատարել հրատարակելով «Հայոց ցեղասպանությունը: Ոճրագործություն միջազգային իրավունքի լույսի ներքո» խորագրի ներքո երկու ստվարածավալ հատորները:

Մենք առերեսվելու ենք թուրքերի հետ քաղաքական, գիտական, մշակութային եւ նույնիսկ զինվորական ճակատներում եւ հիմնավոր ուսումնասիրությունները կարող են երկյուղ առաջացնող զենք հանդիսանալ Հայկական համագումարի, Հայ Ազգային կոմիտեի, Զորյան ինստիտուտի, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների, Եվրոպայի, Հարավային Ամերիկայի եւ Ռուսաստանի հայկական համայնքների եւ կազմակերպությունների ձեռքերում:

Անցյալ դարաշրջանի կարեւորագույն առաջխաղացումներից մեկը զինված պայքարն էր հանուն Ցեղասպանության ճանաչման: Բարոյական եւ իրավական տեսակետից ինչ դիրք էլ բռնենք զինված պայքարի կամ ահաբեկչության հարցում, անհնար է չնկատել այդ պայքարի շնորհիվ ձեռք բերված նվաճումները: 1970-ականներին մոտ 75 թուրք դիվանագետներ սպանվեցին աշխարհի տարբեր մասերում: Ճիշտ է, նրանք կարիերային դիվանագետներ էին, եւ նրանց ձեռքերը արյունոտ չէին, բայց նրանք ներկայացուցիչներն էին մի պետության, որն իրագործել էր 1,5 միլիոն անմեղ հոգիների բնաջնջումը եւ բազմելով նրանց մոխրացած աճյունների վրա, շարունակել ժխտել կատարված հանցագործությունը: Թուրքական պետության անդորրը խախտվեց, եւ հայերի Ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզ դուրս եկավ:

«Ֆորին Ըֆերզ» (Foreign Affairs) պարբերականում Թոմաս դը Վաալը գրում է. «Երբ թուրք պատմաբանները ի վերջո վերադարձան (ցեղասպանության) թեմային 70-ականների վերջերին, նրանք դա կատարեցին ի պատասխան Արեւմտյան Եվրոպայում թուրք դիվանագետների վրա իրագործված ահաբեկչական հարձակումների: ... Թուրքական հասարակությունը սկսեց վերանայել իր անցյալի մութ էջերը»:

Դա մեր պայքարի արյունոտ փուլերից մեկն էր, որն ունեցավ իր չկանխատեսված հետեւանքները: «Պուեբլո» թերթի հոդվածագիրներից, իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրրիարան, օրինակ, վիրավորվեց հեռախոսախցիկում հայ երիտասարդի տեղավորած ռումբի պայթյունի հետեւանքով: Հետագայում նա սկսեց հետաքրքրվել, թե ինչու էր ռումբ տեղակայվել հեռախոսախցիկում եւ ամիսներ անց հրատարակեց «Ռումբը» խորագրով մի գիրք, դառնալով հայերի Ցեղասպանության ճանաչման ջատագովներից մեկը:

Թուրք հայտնի վիպասան Էլիֆ Շաֆաքը նույնպես հայերի Ցեղասպանության մասին տեղեկացավ ցավագին հանգամանքներում: Մեծանալով թուրք դիվանագետի ընտանիքում, նա սկսում էր դողալ ամեն անգամ, որ «հայ» բառը լսում էր, մտածելով, որ դիվանագետ մորը հայերը կարող են սպանել: Հետագայում նա սկսեց հետաքրքրվել, թե ինչու էին հայերը թուրքի արյուն թափում, եւ գրեց «Ստամբուլի ապօրինածինը» գիրքը:

2015 թվականը մենք դիմավորում ենք մի շարք չիրականացված երազանքներով եւ ծրագրերով: Մենք շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան մեր երազանքները: Ցեղասպանության մեր զոհերի աճյունները դեռեւս մնում են չթաղված, եւ արդարության իրենց պահանջը չիրականացված: Պայքարը դեռ առջեւում է: Որոշ պատմաբաններ եւ խմբագիրներ համարում են, որ մենք հատել ենք ճանաչման փուլը, եւ ժամանակն է կենտրոնանալ հատուցման վրա: Սակայն ՄԱԿ-ի զեկուցագրի տակ գրված ծանոթագրությունը հայերի Ցեղասպանության մասին դեռեւս ճանաչում չի նշանակում: Ոչ էլ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հիշատակումը այդ մասին: Ճանաչումն ու պահանջատիրությունը միմյանցից անբաժանելի են: Ճանաչումը սոսկ նպաստելու է փոխհատուցման հնարավորություններին:

Ինչ որ չենք կարողացել ձեռք բերել մեկ հարյուրամյակի ընթացքում, մնալու է հաջորդ հարյուրամյակին, մինչեւ ապագա սերունդները կարողանան արդարություն եւ վերջնական ապաքինում ձեռք բերել մեր այս խորը վերքին:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 16-01-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.