AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015



Տեղադրվել է` 2015-01-29 23:28:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2855, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԸՆԴՈՒՆՎԵՑ

29 հունվարի 2015 թ., ք. Երեւան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագիրը

Երեկ կառավարության ընդունելությունների տանը գումարված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում միաձայնությամբ ընդունվեց Համահայկական հռչակագիր, որն ունի պատմական նշանակություն ոչ միայն իր բովանդակությամբ, այլեւ իր ընդունման կերպով ու տարողությամբ: Թերեւս հայ ժողովրդի պատմության մեջ ազգային առաջին փաստաթուղթն է այն, որն ընդունվեց համահայկականՙ Հայոց պետության, հայ ժողովրդի աշխարհագրական, կրոնա-եկեղեցական, գաղափարախոսական ու գաղափարական տարբեր հատվածների, գործունեության տարբեր ոլորտների ներկայացուցիչների միահամուռ որոշումով, որն իրականացավ նախագծի երկարատեւ ու մանրակրկիտ քննարկումների եւ քվեարկության արդյունքում:

Ստորեւ եւ հաջորդ էջումՙ Հռչակագիրը ներկայացնում ենք ամբողջությամբ, որպես պատմարժեք փաստաթուղթ, որն այսօրվանից կտարածվի աշխարհով մեկ, տարբեր լեզուներով, ու նաեւ արեւմտահայերենՙ դասական ուղղագրությամբ:


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերի հետՙ

- արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը,

- հենվելով 1990 թվականի օգոստոսի 23-իՙ Հայաստանի անկախության մասին հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա,

- վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-իՙ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի համաձայն «մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության եւ հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության եւ խաղաղության հիմքն է»,

- ղեկավարվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, ինչպես նաեւ 1966 թվականի դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի եւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով,

- հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան ընդունելիս ՄԱԿ-ը հատուկ կարեւորել է այդ հանցատեսակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը,

- շեշտելով ցեղասպանության հանցակազմում պարունակվող արարքների համար անպատիժ մնալու անթույլատրելիությունն ու այդ հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը,

- դատապարտելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաեւ ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետեւանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերըՙ որպես հանցագործության շարունակություն եւ նոր ցեղասպանություններ իրականացնելու քաջալերանք, - համարելով նաեւ 1919-1921 թվականներին Օսմանյան ռազմական արտակարգ ատյանների կողմից «Իրավական եւ մարդկային օրենքների դեմ» այդ ծանր ոճրի ուղղությամբ կայացված դատավճիռները եղելության իրավական գնահատական,

- արժեւորելով 1915 թվականին միջազգային հանրության կողմից Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» որակումը եւ օսմանյան իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքի շեշտադրումը, ինչպես նաեւ 1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի եւ 1920 թվականի նոյեմբերի 22-իՙ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը եւ նշանակությունը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում.

1. Ոգեկոչում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը եւ երախտագիտությամբ խոնարհվում կյանքի ու մարդկային արժանապատվության համար պայքար մղած նահատակ եւ վերապրած հերոսների առջեւ:

2. Վերահաստատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությունըՙ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար:

3. Շնորհակալություն է հայտնում այն պետություններին, միջազգային, կրոնական եւ հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու եւ դատապարտելու Հայոց ցեղասպանությունըՙ որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, եւ այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաեւ կանխել ժխտողականության վտանգավոր դրսեւորումները:

4. Երախտագիտություն է հայտնում այն ազգերին, կառույցներին եւ անհատներին, ովքեր հաճախ իրենց վտանգելովՙ մարդասիրական տարաբնույթ օգնություն ցուցաբերեցին, փրկեցին լիակատար ոչնչացման վտանգի առջեւ կանգնած բազմաթիվ հայերի, ապահով եւ խաղաղ պայմաններ ստեղծեցին ցեղասպանությունից վերապրած հայության համարՙ մեծ թափ հաղորդելով որբախնամ գործունեությանը եւ միջազգային հայասիրական շարժմանը:

5. Դիմում է ՄԱԿ-ի անդամ պետություններին, միջազգային կազմակերպություններին, բարի կամքի տեր բոլոր մարդկանցՙ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից, միավորել իրենց ջանքերը պատմական արդարությունը վերականգնելու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար:

6. Արտահայտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնական կամքըՙ Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրարՙ դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:

7. Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող նրա հակահայկական կեցվածքը եւ միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումըՙ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետեւանք:

8. Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանըՙ ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետՙ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման եւ հարաբերականացման քաղաքականությունից:

Զորակցում է Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսեւորում այդ հարցումՙ ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման:

9. Հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր մեկնակետ կդառնան հայ եւ թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացի համար:

10. Հպարտությամբ է արձանագրում, որ ցեղասպանությունից վերապրած հայ ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքումՙ

- դրսեւորեց անկոտրում կամք ու ազգային ինքնագիտակցություն, վերականգնեց դարեր առաջ կորցրած ինքնիշխան պետականությունը,

- պահպանեց եւ զարգացրեց ազգային արժեքները, հասավ ազգային մշակույթի, գիտության եւ կրթության վերածննդիՙ ուրույն ներդրում ունենալով համաշխարհային ժառանգության զարգացման գործում,

- ստեղծեց Հայկական Սփյուռքի հոգեւոր եւ աշխարհիկ կառույցների հզոր եւ արդյունավետ ցանց, ինչը նպաստեց աշխարհասփյուռ հայ համանքներում հայապահպանության, հայիՙ հարգանք եւ համակրանք վայելող կերպարի կերտմանը, հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանը,

- համազգային գործակցության եւ հայրենադարձության ընդարձակ ծրագրով համախմբեց եւ վերստեղծեց ցեղասպանության հետեւանքով վերացման վտանգի առջեւ հայտնված ազգային գենոֆոնդը,

- Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերում բերեց իր արժանի ներդրումը միջազգային անվտանգության եւ խաղաղության հաստատման գործում, փառավոր հաղթանակներ տարավ Սարդարապատի եւ Արցախյան հերոսամարտերում:

11. Դիտարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարեւոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարը «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով շարունակելու գործընթացում:

12. Կոչ է անում հայորդիների գալիք սերունդներինՙ հայրենասեր, գիտակից եւ ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանունՙ

- առավել հզոր Հայրենիքիՙ ազատ եւ ժողովրդավար Հայաստանի Հանրապետության,

- անկախ Արցախի առաջընթացի ու զորացման,

- աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման,

- համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.