AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015



150-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2015-02-27 00:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3187, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող

Միշտ մտավախություն ունեի եւ, անկեղծ ասած, մի քիչ էլ ափսոսում էի, որ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցն ու Ազգային հերոս Անդրանիկի 150-ամյակը համընկնում են: Ինձ մտահոգում էր նաեւ այն, որ հաճախ մանուկները ծնողի մահը չեն ըմբռնում, ազգերը` հերոսի: Ենթադրում էի, որ ցեղասպանության տարելիցը մեզանում կստվերի ամեն ինչ: Սակայն օրերս ընթացող ու ապագայում նախատեսվող գործընթացները (Անդրանիկին նվիրված գիտաժողովներ ԵՊՀ-ում, ԳԱԱ-ում եւ այլ գիտակրթական հաստատություններում, ակտիվ քննարկումները տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում) ապացուցեցին հակառակը: Նախկին լալկան, խեղճացած, իր ցավն ու կրած տառապանքները բոլորին պատմողից, կարեկցանք աղերսողից եւ ուրիշի օգնությանը ապավինողից նա դարձել է վիշտն ու ցավը անթեղող, հերոսներին մեծարող, հաղթական կռիվներով արեւի տակ իր արժանի տեղը նվաճող հանրույթ, որը ինչպես նախկինում էր մշտապես ներկայացվում, ոչ միայն ինքնապաշտպանվել է, այլեւ ապստամբել, ինչու չէ` նաեւ նախահարձակ եղել, միայն թե, ցավոք, ուժերն են խիստ անհավասար եղել:

Փետրվարի 25-ին լրացավ մեծ զորավար, հայոց ազատագրական շարժման խորհրդանիշերից մեկի` Անդրանիկ Թորոսի Օզանյանի (հայտնի է նաեւ Անդրանիկ Փաշա ու Զորավար Անդրանիկ, ինչպես նաեւ «Պարույր» հեղափոխական կեղծանուններով) ծննդյան 150-ամյակը:

Պատմության մեջ եղել են իրադարձություններ եւ անհատներ, որոնք ոչ միայն երբեւէ չեն մոռացվում, այլեւ ժամանակի հետ ավելի են բյուրեղանում, ամրանում: Հայոց պատմության հերոսական հանրագումարում այդպիսի փառապանծ իրողություն է XIX դարի վերջին եւ XX դարի առաջին քառորդում ծավալված ազատագրական-ֆիդայական պայքարը եւ, անկասկած, դրա անմահ հերոսի դափնեպսակին հավերժ ու իրավացիորեն արժանացած Մեծն Անդրանիկ Օզանյանի կերպարը:

Հայ ժողովրդի կողմից Ազգային հերոսի կոչում-դափնիին արժանացած Անդրանիկի հետ իմ ծանոթությունն սկսվել է հորս զգուշավոր պատմություններից ու այդ տարիներին որոշ բնակարաններում ամենապատվավոր տեղերում, հատկապես տան դիմացի պատին կախված խալիների վրա ամրացված Անդրանիկի լուսանկարներից: Իսկ մի փոքր ավելի ուշՙ որոշ ավտոմեքենաների դիմապակիներին ներսից փակցրած սկզբում փոքր, իսկ հետո ավելի մեծ ու ամեն կողմերից տեսանելի զորավարի համազգեստով, շքեղ բեղերով ու բարի ժպտացող աչքերով նկարներից: Իսկ երբ գրել-կարդալ գիտեի ու նրա զորաջոկատում կռված մեր հարեւան Մազուլյան Հակոբի պատմություններն էի լսել, հետաքրքրությամբ կլանում էի Անդրանիկի մասին ձեռքս ընկած յուրաքանչյուր գրավոր խոսք:

Անդրանիկ զորավար-փաշայի մասին շատ է գրվել ու, համոզված եմ` դեռ էլի է գրվելու#:1 Ինքն էլ ունի մի քանի համառոտ, սակայն փաստահարուստ հուշագրություններ#:2 Իսկ վաստակաշատ պատմաբան Հրաչիկ Սիմոնյանն իր կոթողային երկհատորյակում ժամանակը կոչեց Անդրանիկի անունով: Կոչում, որ շնորհվել է մեծերից քչերին#3 Նրա հերոսական կերպարի օրինակով սերունդներ են դաստիարակվել ու դեռ կդաստիարակվեն: Նրա հավերժ կենդանի մաղթանք-հորդորներով հաղթանակներ ենք կռել, դրանք շարունակական են լինելու: Ժողովրդական հերոսը իր կամավորական ջոկատներով 32 տարի կռվել է օսմանյան բռնատիրության դեմ, բացառիկ քաջություններով աչքի ընկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար մղված մարտերում:

Հայ ժողովրդի պատմության ամենասիրված, միաժամանակ ամենահակասական կերպարներից մեկը ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին, Տրապիզոնի նահանգի Շապին-Գարահիսար գյուղաքաղաքում: Պատանեկան տարիներից հյուսնություն է արել, բայց տարվելով Արեւմտյան Հայաստանում ծավալվող ազգային-ազատագրական շարժումներով` շուտով հյուսնի ուրագը փոխարինում է հրացանով: 1888 թ. Անդրանիկ Օզանյանն անդամագրվում է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությանը, բայց, շուտով խզում է կապերը հնչակյանների հետ եւ 1894 թ. անդամագրվում նոր կազմավորված Հայ հեղափոխական դաշնակցությանը (Դաշնակցությունից հեռացել է 1907-ին, վերականգնվել է 1914-ին եւ երկրորդ անգամ հեռացել 1917-ին):

Դեռ մանկության տարիներց հանդուգն ու անարդարություններ չհանդուրժող երիտասարդ Անդրանիկը 1889 թ. թուրք ենիչերիի սպանության մեղադրանքով ձերբակալվում է, սակայն նրան հաջողվում է փախչել բանտից ու շարունակել պայքարը` շուտով միանալով ժողովրդի կողմից սիրված Աղբյուր Սերոբի խմբին, հիմնականում զբաղվում է Արեւմտյան Հայաստան զենք-զինամթերքի առաքմամբ: 1895-ից նա ակտիվ ֆիդայական կյանք է վարում` կարճ ժամանակում դառնալով թուրքական զորքերի դեմ կռվող հայկական մի քանի զորախմբերի հրամանատար: 1902-1904 թթ Անդրանիկի գլխավորությամբ հայ ջոկատները հաջող մարտեր են մղել թուրքական զորքերի դեմ Սասունում, Տարոնում ու Վասպուրականում: Անդրանիկի տաղանդն այն էր, որ ճիշտ եւ ժամանակին էր կողմնորոշվում տեղանքում, հմտորեն, արագ տեղաշարժվելով` կարողանում էր իր ջոկատը տեղաբաշխել այնպես, որ թշնամու քանակական գերակայությունը չեզոքանում էր: Նա անչափ քաջ էր ու խիզախ, նաեւ վճռական ու խիստ: 1899 թ. Աղբյուր Սերոբի սպանությունից հետո Անդրանիկ Օզանյանն ընտրվում է Երկրում գործող ֆիդայական խմբերի ընդհանուր առաջնորդ: Անդրանիկի առաջին գործը եղավ Սերոբին սպանած Բշարե Խալիլի սպանությունը, որով նա փառքի ու անվան արժանացավ ոչ միայն հայերի, այլեւ թուրքերի ու քրդերի շրջանում, որոնք նրան կնքեցին «փաշա» անունով:

Անդրանիկին մեծ փառք բերեց Մշո Սբ. Առաքելոց վանքի կռիվը: Նա, իր շուրջը հավաքելով ֆիդայիներին, ամրացավ վանքում, ինքնապաշարվեց եւ կռվի դրոշ բարձրացրեց: Օսմանյան 6000-անոց բանակը չկարողացավ ընկճել ընդամենը 30 ֆիդայիներին, որոնք ձմեռային մի գիշեր ճեղքեցին թշնամու օղակն ու հեռացան:

1904 թ. Անդրանիկը ղեկավարեց Սասնո ապստամբությունը: Ապստամբության պարտությունից հետո սկիզբ առավ նրա հակամարտությունը ՀՅԴ-ի հետ: ՀՅԴ բյուրոն որոշում է մինչ նոր ապստամբության նախապատրաստումը, նոր կոտորածների առիթ չտալու համար, բոլոր զինյալներին հանել երկրից եւ այնտեղ թողնել միայն Գեւորգ Չաուշին` փոքր խմբով: Անդրանիկը, որ նաեւ փառատենչ ու հավակնոտ էր, ընդվզում է դաշնակցության դեմ եւ հեռանում ՀՅԴ շարքերից: 1906 թ. նա հրատարակեց հայդուկային կռվի իր ռազմուսույցը «Մարտական հրահանգները»: Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո նա շարունակաբար հանդես է եկել ՀՅԴ-երիտթուրք համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու ՀՅԴ առաջարկը:

1912 թ. Անդրանիկը կրկին փայլեց իր ռազմական հանճարով, այս անգամ` սկսված Բալկանյան երկրորդ պատերազմում, երբ Գարեգին Նժդեհի հետ հայ կամավորական զորաջոկատ կազմեց ու նետվեց թուրքերի դեմ պատերազմի: Իր զորաջոկատով Մարիցա գետի ափին ջարդելով թուրքական մեծաքանակ բանակը` նա Բուլղարիայի կառավարության կողմից արժանացավ բարձրագույն պարգեւի` «Ոսկե խաչի»: Առաջին աշխարհամարտի առաջին իսկ օրերից հայ եւ բուլղար ժողովուրդների հերոս Անդրանիկը նետվեց Կովկասյան ճակատ: Նա գլխավորեց հայկական առաջին կամավորական գունդը: Աչքի ընկավ Բիթլիսի, Մուշի, Վանի մատույցներում: Բայց այս պատերազմում Անդրանիկին հռչակ բերեց հատկապես Դիլմանի ճակատամարտը. 1915 թ. ապրիլին ծանր դրության մեջ գտնվող ռուսական բանակն այստեղ հաղթանակ տարավ բացառապես Անդրանիկի գնդի քաջության եւ հրամանատարի հմտության շնորհիվ: Գնահատելով Անդրանիկի ծառայությունները` ռուսական գլխավոր շտաբը նրան ներկայացրեց գեներալ-մայորի կոչման:

1904 թ. վերջին Անդրանիկը եղել է Իրանում ու Այսրկովկասում, հանդիպել է հասարակական, քաղաքական շրջանների հետ. Թիֆլիսում բարեկամական կապեր է հաստատել եւ 1914-20-ական թթ. մշտապես առնչվել ու խորհրդակցել է Հովհ. Թումանյանի հետ: 1917 թ. նախաձեռնել է Արեւմտահայերի 1-ին համագումարի հրավիրումը (մայիսի 2-11), ընտրվել համագումարի պատվավոր նախագահ եւ Արեւմտահայ ազգային խորհրդի անդամ, ձեռնարկել է «Հայաստան» (1917-18) թերթի հրատարակումը Թիֆլիսում:

1917 թ.` ռուսական բանակի քայքայումից հետո, ռազմաճակատում մեծ ճեղքվածք առաջացավ, եւ արեւելահայության գլխին կախվեց կոտորածի սպառնալիքը: Ռուսական Ժամանակավոր կառավարությունը ձեռնամուխ եղավ հայկական կամավորական ջոկատների վերակազմավորմանը: Կազմվեց Հայկական կորպուս, Հայոց ազգային խորհրդի համաձայնությամբ ընդհանուր հրամանատար նշանակվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը, այնինչ Անդրանիկը իրեն էր տեսնում Հայկական կորպուսի հրամանատարի պաշտոնում: Դրանից հետո ավելի սրվեցին Անդրանիկի հարաբերությունները ՀՅԴ-ի եւ անձամբ Նազարբեկյանի հետ: Նա հաճախ էր իր ելույթներում ծաղրում վերջինիս` շեշտելով, որ նա համարվում է հայոց սպարապետ, բայց չի տիրապետում մայրենիին: Նա նաեւ հեգնում էր Նազարբեկյանի ունակությունները: Հանուն ճշմարտության պետք է փաստել, որ Անդրանիկն իրավացի չէր. Նազարբեկյանը ոչ միայն մեծ հայրենասեր էր, այլեւ արհեստավարժ զինվորական եւ 1904 թ. ռուս-ճապոնական պատերազմի հերոս:

Անդրանիկը 1918 թ. հունվարին նշանակվում է հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստանում գեներալ-մայորի աստիճան եւ ղեկավարում Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանությունը: Սակայն նրան չի հաջողվում պաշտպանել Էրզրումը, եւ զորքը նահանջում է Սարիղամիշ-Ալեքսանդրապոլ ուղղությամբ: Իրականության դեմ չմեղանչելու համար նշենք, որ չկարողանալով հանդուրժող լինել եւ այդ ծայրահեղ ծանր ժամանակամիջոցում միանալ ընդհանուր պայքարին` նա լուրջ սայթաքումներ ունեցավ, որոնք սակայն չեն ստվերում նրա ազգային հերոս լինելու հանգամանքը: 1918 թ. մայիսին, երբ Ղարաքիլիսայում հայկական փոքրաթիվ ջոկատներն ու աշխարհազորը կյանքի ու մահու կռիվ էին տալիս թուրքական բանակի դեմ, Անդրանիկը, իր մարտունակ ջոկատով գտնվելով մոտակայքում` Դսեղում, կռվի դուրս չեկավ: Եվ թուրքերը, կոտրելով հայկական ուժերի դիմադրությունը, իսկական նախճիր սարքեցին Լոռիում: Ազատագրելով Նախիջեւանը թուրքերից` նա այն հռչակեց «Բաքվի կոմունայի» անբաժան մաս: Սակայն սրանով Անդրանիկի ձախողումները չավարտվեցին: Երբ ՀՀ կառավարությունը Թիֆլիսից տեղափոխվեց Երեւան, Անդրանիկը հավակնում էր զբաղեցնելու զինված ուժերի նախարարի պաշտոնը: Նրան մերժեցին: Եվ Անդրանիկը դարձյալ ըմբոստացավ: Մեծ սկանդալ էր հասունանում:

Հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկակակն պայմանագրի համաձայն, որին ի դեպ անվերապահորեն դեմ էր Անդրանիկը, ռազմական գործողությունները դադարեցվեցին: Պայմանագրով նախատեսվում էր զինաթափել հայկական զինված ջոկատները, այդ թվում` նաեւ Անդրանիկի զորամասը: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ ՀՀ կառավարությանը վնաս չպատճառելու մղումով եւ անսալով Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի հորդորներին` Անդրանիկը հանձնեց զենքը Հայոց հայրապետին եւ հեռացավ հայրենիքից, բայց դրանից նրա հերոսական եւ ազգանվեր կերպարաը երբեք չի խամրել մեր ժողովրդի սրտերում:

Անդրանիկը երբեք չընկրկեց դժվարություններից, եղավ ու մնաց հայրենիքի ազատության հավատավոր նվիրյալ: Նույնիսկ հայրենիքից հեռու` ԱՄՆ-ում, չդադարեց իր ժողովրդի ապագայով տառապելուց: Համոզված ապագայի նկատմամբ լավատեսությամբ, նա կոչ էր անում բոլորին` «ամէն օր գլուխնիդ բարձին դնելէ եւ քնանալէ առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք ըրած ձեր ազգի համար»: Տարբեր առիթներով Անդրանիկը խոստովանել է` «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է: Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»:

Ֆրանսիայում, ապա Անգլիայում կարճատեւ դադարից հետո նա անցավ ԱՍՆ, սակայն շուտով Պողոս Նուբարի հրավերով Կիլիկիայի հայերի պայքարին օժանդակելու գործը գլխավորելու նպատակով վերադարձավ Եվրոպա: Բայց այդ նախաձեռնությունը նույնպես ձախողվեց անգլո-ֆրանսիական հարաբերությունների սրման պատճառով. Ֆրանսիան իր զորքերը դուրս բերեց Կիլիկիայից, եւ թուրքական բանակը մտավ Կիլիկիա:

Երախտապարտ հայ ժողովուրդը արժանին է մատուցել հերոսին: Հայաստանի բազմաթիվ վայրերում Անդրանիկի անունով կոչվում են փողոցներ, հրապարակներ, կանգնեցվել են նրա հուշարձանները, հյուսվել ժողովրդական երգեր, գրվել վեպեր, բանաստեղծություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.