AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 06-03-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-03-05 23:58:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1091, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԻՐԱՆԸ ԵՎ ՄԵՆՔ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հայաստանում քաղաքագետների ու փորձագետների պակաս չի զգացվում. յուրաքանչյուր երկրորդ ասպիրանտն ու թեկնածուն քաղաքագետ է հռչակվում մեր չտես հեռուստալրագրողների ու մամուլի ակումբների կողմից: Բայց քաղաքագիտական առնվազն մեկ մասնագիտություն կա, որով ոչ ոք չի զբաղվում, կամ, գոնե, հրապարակի վրա չի երեւում. իրանագիտությունն է դա, ժամանակակից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական, տնտեսական ու սոցիալական կյանքի լուսաբանությունն ու վերլուծությունըՙ տարածաշրջանային ու միջազգային նորօրյա խնդիրների համատեքստում, հատկապես այս օրերին, երբ Իրանը, ավելի շուտՙ նրա միջուկային ծրագիրը, Ժնեւում, Վաշինգտոնում թե այլուր կարեւորագույն օրակարգերի վրա է գտնվում:

Օրերս այդ խնդիրը, ավելի շուտՙ միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներով սահմանափակելու համաձայնության դիմաց ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի պատժամիջոցները վերացնելու հեռանկարը Իսրայելի վարչապետին ստիպեց փեշերը հավաքելով շտապել Վաշինգտոնՙ կոնգրեսում արտասանած իր ճառով պայթեցնելու նախագահ Օբամայի վարչության աշխարհաքաղաքական նոր-հին ծրագիրը Իրանին վերապահված դերի վերաբերյալ: Լկստված Բիբին, Իսրայելի վարչապետը, իր ոգեւորության ու զայրույթի մեջ այնքան առաջ գնաց, որ ամերիկյան կոնգրեսում փորձեց շուռ տալ արաբական հին ասույթըՙ «թշնամուս թշնամին ոչ թե բարեկամս, այլ թշնամիս է», ասաց նա, ակնարկելով արյունախում ջիհադիստների դեմ ամերիկա-իրանյան փաստորեն համատեղ պայքարը Իրաքում:

Եվ հիմա, ամերիկյան կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը փորձելու է ճնշում բանեցնել Օբամայի վարչության վրա, որպեսզի տապալվեն Ժնեւյան բանակցությունները: Հետեւաբար այսօրվա գլխավոր հարցն այն է, թե Մ. Նահանգների նախագահը կունենա՞ անհրաժեշտ վճռականությունը, ինչպես խոստացել է, վետոյի միջոցով մերժելու կոնգրեսի համապատասխան օրինագիծը եւ շարունակելու իր որդեգրած քաղաքականությունը Իրանի նկատմամբ, որը ի վերջո հանգելու է պատժամիջոցների վերացմանը:

Եթե այո, ապա տարածաշրջանում կստեղծվի նոր, հավասարակշիռ, կանխատեսելի իրավիճակ, որից կարող է օգտվել նաեւ մեր երկիրը մեծապես:

Չհավակնելով ոչ քաղաքագետ, ոչ էլ փորձագետ լինելու կոչմանը, փորձեմ լավատեսական մոտեցմամբ ստորագծել այդ հեռանկարի մի քանի առավելություններ.

Առաջինՙ Հայաստանը լինելով Իրանի 15 հարեւանների մեջ միակ քրիստոնեական երկիրը, կարող է ստանալ առանձնաշնորհյալ կարգավիճակ, դրանից բխող բոլոր առավելություններով:

Երկրորդՙ Իրանի միջուկային ծրագրի ռազմական մասի (ատոմական զենքի) վերացմամբ, Հայաստանը զերծ կմնա միջուկային ամեն տեսակի սպառնալիքներից:

Երրորդՙ ՄԱԿ-ի, Մ. Նահանգների եւ վերջինիս դաշնակից երկրների հաստատած պատժամիջոցների վերացմամբ Իրանում եւ Իրանով մեր առաջ կբացվեն առեւատրարդյունաբերական, տրանսպորտային, զբոսաշրջային եւ ներդրումային բոլորովին նոր, խիստ շահավետ հեռանկարներ:

Չորրորդՙ որպես էներգետիկ հսկայական պաշարներ ունեցող երկիր Իրանի միջոցով գազի եւ նավթի մատակարարման շահավետ պայմաններ կստեղծվեն Հայաստանի համար, միաժամանակ նվազեցնելով տարածաշրջանում Ադրբեջանի էներգետիկ գրավչությունը, բնականաբար թուլացնելով նաեւ Բաքվի անզիջող դիրքերը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդրում:

Հինգերորդՙ ժամանակակից աշխարհում իր բնականոն զարգացման կուրսը վերագտած Իրանը կարող է անմիջականորեն հակակշռել տարածաշրջանում Թուրքիայի հետզհետե աճող հեգեմոն դերը:

Անշուշտ, այս հինգ կետերով չի սահմանափակվում լավատեսական հեռանկարների մեր ակնկալությունը: Սակայն այդքանն արդեն լուրջ թեմա է տալիս մեր իսկական քաղաքագետներին քննարկելու, եւ, նույնհետայն, լուսաբանելու մեր հասարակությանը, որի ուշքն ու միտքը ուղղված է դեպի Ռուսաստան, Եվրոպա ու Մ. Նահանգներ, եւ որին Իրանը թվում է մոտիկ-հեռավոր մի երկիր ընդամենը: Մինչդեռ Իրանն ու Հայաստանը պատկանում են միջինարեւելյան երկրների նույն ընտանիքին, շաղկապված իրար բազմակողմանիորեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 06-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.