AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-03-19 23:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 918, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԱՇՄՎԱԾ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԻ ԾԱՆՐ ԹՂԹԱԾՐԱՐԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելիս պատմաբաններն ու իրավաբանները սովորաբար մոռանում են Եղեռնից վերապրածներին: Նրանց ուշադրությունը հիմնականում սեւեռված է զոհերի վրա, նրանց քանակը, տարիքն ու սեռը, բնակության վայրն ու սպանության հանգամանքներն են ուսումնասիրության նյութը, մինչդեռ վերապրածների մասին խոսում են ընդհանրացված թվերով ու փաստերով միայն: Թերեւս բացառություն են կազմում այն գիտնականները, որոնք անդրադառնում են նաեւ վերապրածների հոգեկան խեղումներին, կրկին ընդհանրացված մոտեցմամբ, նկատի ունենալով, որ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում, ի թիվս այլ հանգամանքների, հոգեկան խեղումներ պատճառելը նույնպես համարվում է, բնականաբար, ցեղասպանական արարք:

Մինչդեռ, երբ կրկնում ենք 100-րդ տարելիցի կարգախոսի «հիշում եմ» բառը, պետք է հիշենք ոչ միայն մեկուկես միլիոն եւ ավելի մեր նահատակներին, այլեւ թուրքական սպանդանոցներից ու բռնագաղթի գողգոթաներից փրկված այն հարյուրհազարավորներին, որոնց ֆիզիկական ու հոգեկան վիճակը, որպես ցեղասպանության հետեւանք, նույնպես ծանր է եղել եւ, հետեւաբար, նույնքան ծանր պետք է կշռի կարգախոսի «պահանջում եմ» բառի տակ, թուրքական իշխանություններից մեր պահանջատիրական փաթեթի մեջ:

Վերապրած հարյուրհազարավորների մեջ առաջինը պետք է առանձնացնել մեր որբերին, Եղեռնին իրենց հարազատներին կորցրած երեխաներին, որոնք հետո դարձան մեր հայրերն ու մայրերը, մեր մեծ հայրերն ու մեծ մայրիկները: Նրանք, ինչպես Անդրանիկ Ծառուկյանի հայտնի գրքում, մանկություն չունեցող մարդիկ էին, որոնք Սիրիայի, Պաղեստինի, Լիբանանի, Կիպրոսի, Հունաստանի, Եգիպտոսի, ինչպես նաեւ Արեւելյան Հայաստանի որբանոցներում մեցածան ու հետագայում փաստորեն կերտեցին այս երկիրը, սփյուռքի ազգային-կրթական կառույցները: Սակայն, բացի ամերիկահայ ուսումնասիրող Լիպարիտ Ազատյանից, դեռեւս ոչ մի պատմաբան չի ձեռնարկել հայ որբերի համապարփակ ու գիտական պատմությունը գրել:

Դժբախտաբար, մեր գիտնականները դեռեւս չեն սեւեռվել վերապրածների ֆիզիկական-առողջական վիճակի ուսումնասիրման վրա: Մազապուրծ այդ խլյակները առողջական ի՞նչ վիճակում էին գտնվում հետագայում էլ, Եղեռնից տարիներ ու տասնամյակներ անց, շատերըՙ ցմահ: Ֆիզիկական ու հոգեկան տվայտանքների, սովի ու թերսնման, առողջապահական պայմանների իսպառ բացակայության, կեղտի ու փոխանցիկ հիվանդությունների պայմաններում, նրանցից քանի՞սը հաշմանդամ դարձան: Հալեպի, Բեյրութի, Երուսաղեմի, Հայֆայի, Լառնակայի, Կորֆուի եւ Ալեքսանդրապոլի գաղթակայաններում, հակառակ ՀԲԸՄիության, Նիր իսթ Ռիլիֆի, Գարակյոզյան հիմնարկության, դանիական, շվեյցարական, նորվեգական միսիոներական-բարեգործական կազմակերպությունների ջանքերի, նրանք տարբեր հիվանդություններով տառապեցին մինչեւ վերջ: Դեռ չհաշված հազարավոր կույրերին, խուլ-համրերին:

Ուսումնասիրողների համար բնավ դժվար չէ պրպտել վերոհիշյալ եւ այլ կազմակերպությունների արխիվները, խորաչափել ու ճշգրտել վերապրողների անձնական ու հավաքական առողջության կորուստները ու դրանք գիտականորեն ներկայացնել Թուրքիայից հատուցման պահանջի մեր թղթածրարներում: Ինչպես հրեաներըՙ Գերմանիայից:

Մեր պատմաբաններից ոմանց թվում է, թե Հայոց ցեղասպանության բոլոր պատճառների, բոլոր ծալքերի, բոլոր հետեւանքների քննությունն ավարտվել է: Սխալվո՛ւմ են: Նոր է սկսվել իսկական քննությունը, որում անհրաժեշտորեն պետք է ներգրավվեն նաեւ իրավաբանները, ֆինանսիստները, տնտեսագետները, հոգեբույժները եւ, այս պարագայում, բժիշկներն ու վիճակագիրները: Դա ծանր թղթածրար է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.