AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 6. ԵՐԵԽԱ՞ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015



ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-03-19 23:20:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 839, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 6

«ԳՈՂԸ ՈՐ ՏԱՆԻՑ ԼԻՆԻ...»

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Երբ ջիհադիստները վերջերս Իրաքի Մոսուլ թանգարանում ոչնչացրին հուշարձաններն ու ցուցանմուշները, նրանք «Ալլահու Աքբար» (Աստված մեծ է) էին գոչում: Նույն հանգերգն էր լսվում, երբ «իսլամական պետության» ոճրագործները գլխատում էին իրենց արեւմտյան պատանդներին Սիրիայում:

Մարտական այս կանչը շատ ծանոթ է հայերիս: Հարյուր տարի առաջ թուրք մոլլաները մինարեներից հնչեցրած այդ կոչով էին ամբոխին հրահրում սպանելու քրիստոնյա հայերին: Այն ինչ սարսուռ էր առաջացնում մեզ անցած հարյուրամյակում, այսօր համաշխարհային հասարակությանը սպառնացող վերահաս վտանգի ազդանշան է դարձել: Իրականում բարեպաշտ մահմեդականները պետք է որ վիրավորված զգան այդ հասարակ բառակապակցության աղավաղված իմաստից: «Ալլահու Աքբարը» եղել է մահմեդական հավատացյալներին աղոթքի հրավիրելու կոչ, բայց դարերի ընթացքում, եւ հատկապես մեր օրերում, երբ ջիհադիստները պատերազմ են հայտարարել մյուս կրոնների, ներառյալ իսլամական այլ աղանդների, դեմ Մերձավոր Արեւելքում, այդ հրավերքը վերածվել է համախմբման սարսափազդու կոչի:

Բայց այս հանգամանքը կարծես չի մտահոգում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, ով վերջերս թուրք կանանց մի երգչախումբ էր հրավիրել Օրթաքոյի սուրբ Աստվածածին եկեղեցիՙ կատարելու... այո, դուք ճիշտ կռահեցիք, «Ալլահու Աքբարը»: Դա, անկասկած, ճաշակով հորինված երաժշտական ստեղծագործություն պետք է որ լիներ, բայց պատգա՞մը...: «Ալլահու Աքբարը» հնչում էր հայկական եկեղեցու խորանի առաջ, խորանի վարագույրի վրա երեւացող մեծադիր խաչի առաջ:

Ի՞նչ անուն ուզում եք տվեք դրան, եղբայրության դրսեւորո՞ւմ հայերի եւ թուրքերի միջեւ, թե՞ մի այլ բան, բայց դա անկասկած զայրացրել էր ծխականներից շատերին, որոնք սովոր են աղոթքի այդ հրավեր-կոչը լսել մզկիթներից, բայց ոչ երբեք հայկական եկեղեցու ներսումՙ սուրբ խորանից:

Համայնքի ղեկավար անդամներից Տիգրան Ալթուն անունով մի անձնավորություն վերջերս հետեւյալն էր ասել մի հարցազրույցի ժամանակ. «Նա (Աթեշյանը) միապետ է դարձել, գործում է քմահաճորեն, որեւէ մեկի կարծիքը չի հարցնումՙ որեւէ հարցի շուրջ խորհուրդ ստանալու նպատակով»: Նա նաեւ ավելացրել էր, որ իր աշխարհիկ կենցաղով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չի ներկայացնում հայ ժողովրդի ընկալմամբ պատրիարքարանի գահին բազմած օրինակելի հոգեւորականին: Երուսաղեմի ճեմարանի իր դասընկերները հաստատում են, որ նա նույնիսկ չի ավարտել իր կրոնական կրթությունը եւ ահա տարակուսելի հանգամանքներում հայտնվել է հայոց պատրիարքարանի գահին:

Չափազանց յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել Ստամբուլում Մեսրոպ պատրիարք Մութաֆյանի անբուժելի հիվանդության պատճառով: Մեր եկեղեցին կարիք ունի նոր կետ մտցնելու կանոնադրության մեջ նման իրադրության համար, երբ գործող հոգեւորականը չի կարողանում կատարել իր պարտականությունները հիվանդության պատճառով: 20-րդ դարում, Կիլիկիայի կաթողիկոսարանը հորինեց կաթողիկոսի տեղապահի պաշտոնըՙ կատարելու դեռեւս պաշտոնում գտնվող, բայց անկարողունակ անձանց պարտականությունները: Մութաֆյան պատրիարքը անկարողունակ է դարձել 2008-ից սկսած: Բժիշկների կանխատեսումներով նա դեռ հինգ տարի եւս կարող է ապրել:

Ստամբուլի պատրիարքարանը, որը հայ համայնական կյանքի կենտրոնատեղին է համարվում, կաթվածահար վիճակում է: Սկզբնական շրջանում համայնքը երկուսի էր բաժանված եւ կանգնած էր կամ պատրիարքի տեղապահ, կամ էլ նոր պատրիարք ընտրելու երկընտրանքի առաջ: Վերջինիս կողմնակիցները սակայն առարկում էին, որ նախընթաց չի եղել ընտրելու նոր պատրիարք, երբ այդ պաշտոնում գտնվող պատրիարքը, անկախ իր առողջական վիճակից, դեռ ողջ է:

Որեւէ քաղաքակիրթ երկրում, եկեղեցու կրոնական եւ վարչական գործերը պետության կողմից չեն կանոնակարգվում: Բայց Թուրքիայում, հակառակ 1923 թվի Լոզանի պայմանագրի դրույթներին, թուրքական կառավարությունը վերահսկում է եկեղեցու գործունեության բոլոր ոլորտները: Կառավարությունը նույնիսկ պայման է դրել, որ պատրիարքի թեկնածուն պետք է լինի Թուրքիայի քաղաքացի, բայց միեւնույն ժամանակ փակել է Սուրբ Խաչ հոգեւոր ճեմարանի դռները, արգելելով որեւէ մեկին ստանալ համապատասխան կրոնական կրթություն, ստեղծելով անելանելի դրության դասական մի օրինակ:

Երկրի հունական համայնքը տուժում է նույն սահմանափակումների հետեւանքով: Հակառակ Եվրոպայի եւ Մ. Նահանգների կողմից գործադրված քաղաքական ճնշումների, Էրդողանի կառավարությունը մերժում է բացել Հեյբելիի հունական ճեմարանը: Եղավ ժամանակ, որ Էրդողանը պայման դրեց թույլատրել ճեմարանի բացումը, եթե դրա դիմաց հույները թույլատրեին թուրքերին մզկիթ կառուցել Աթենքում:

Երբ հայկական համայնքի երկու կողմերը դիմեցին կառավարությանը, պատասխան չստացան, եւ համայնքը կաթվածահար եղավ, որից օգտվեց Աթեշյան արքեպիսկոպոսը: Նա աննախադեպ քայլի դիմեց:

Նա իրենից կախյալ հոգեւորականների մի խորհուրդ հրավիրեց եւ ինքն իրեն ընտրեց գործող պատրիարք: «Ակօս» շաբաթաթերթի սյունակագիր Բագրատ Էստուկյանի բնութագրմամբ դա կատարվեց թուրքական պետության անուղղակի միջամտության արդյունքում: Ալթունը հավատացած է, որ Արամ արքեպիսկոպոսի ժողովրդականություն չվայելելու պատճառներից մեկն այն է, որ համայնքը նրան համարում է գործիք թուրքական կառավարության ձեռքում: Նրա մեկ հայտարարությունը հաստատում է այս մոտեցումը: Երբ Էրդողանի կառավարությունը սկսեց հայկական համայնքին վերադարձնել առգրավված մի քանի կառույցներ, եւ երբ եկեղեցիներ ու հիվանդանոցներ սկսեցին դատարանի միջոցով պահանջել իրենց ունեցվածքների վերադարձը եւս, Աթեշյանը հայտարարեց, որ համայնքը ի վիճակի չէ հոգ տանելու այդ բոլոր կառույցներին, որը նշանակում է, որ այն ինչ կառավարությունը վերադարձրել է, լիուլի բավական է: Ավելին պետք չէ: Սա հենց այն էր, որ կառավարությունը ցանկանում էր լսել փոքրամասնական համայնքի պաշտոնական մի ներկայացուցչից: Արքեպիսկոպոսի համոզմամբ, առգրավված ամեն մի կառույց կամ ունեցվածք պատրիարքարանի սեփականությունն է, մինչդեռ դրանց մի մասը պատկանում է վերապրողներին եւ նրանց հետնորդներին, որոնք ժամանակի ընթացքում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն դրանց տիրանալու եւ գործարկելու համար:

Արքեպիսկոպոսին մեղադրում են նաեւ այլ հարցերի առնչությամբ: Նրա ֆինանսական գործողությունները բոլորովին էլ թափանցիկ չեն. «Գաղափար չունենք, թե ինչ է անում պատրիարքարանը, ինչքա՞ն փող ունի, որտեղի՞ց է այն գոյանում, եւ այլն», ասում է Ալթունը, ով հավատացած է, որ իրականում փող չկա այնտեղ: «Կացությունը բարդ է, բայց հանրությունը պետք է իմանա այդ մասին», պնդում է նա:

Եթե պատրիարքարանի գործողությունները թափանցիկ չեն, ապա արքեպիսկոպոսի անձնական գործողությունները չափազանց թափանցիկ են ու խոսուն: Ստամբուլահայ մամուլի հավաստմամբ արքեպիսկոպոսը մի հայ ընտանիքից կես միլիոն դոլար է պահանջել որպես վարձատրություն այն բանի, որ կազմի այդ ընտանիքի կտակը: Այն հարցին, թե որքանով է պատշաճ անձնական հատուցում ստանալ իր պաշտոնի լիազորությունների դիմաց, նա պատասխանել է, որ ինքը ծառայություն է մատուցում եւ այդ ծառայության դիմաց պետք է վարձատրվի:

Համայնքը ընտրություններ է ակնկալում եւ պահանջում: Մի ժամանակ չորս թեկնածուներ կային պատրիարքի պաշտոնի համար: Ժամանակի ընթացքում մի քանիսը դուրս մնացին: Ընտրությունների հարցում Աթեշյանը տարաձայնությունների մեջ է համայնքի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկիՙ Ստամբուլի Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահՙ Պետրոս Շիրինօղլուի հետ: Վերջինս արքեպիսկոպոսի եւ նրա գործունեության ամենախիստ քննադատողն է եւ շարունակում է մնալ վաղ ընտրություններ անցկացնելու կողմնակիցը: Միաժամանակ նա չափազանց ճկուն քաղաքագետ է, եւ զգալով, որ թուրքական կառավարությունը կանգնած է Աթեշյանի մեջքին, նվազեցրել է իր քննադատությունները: «Ընտրություններ անցկացնելու համար համայնքը պատրիարքի առողջության վերաբերյալ զեկույցով պետք է դիմի կառավարությանը, բայց ո՞վ է այդ զեկույցը կազմելու, ե՞ս, թե՞ Աթեշյանը», հարցնում է նա արդարացիորեն, եւ եզրակացնում, որ իր պարտականությունների մեջ չի մտնում նման զեկույց պատրաստելը: «Համայնքը պետք է ուժ գտնի իր մեջ պարտադրելու, որ պատրիարքարանը պաշտոնական զեկույց ներկայացնի: Դա անհատների եւ որեւէ կազմակերպության նախագահի պարտականությունը չէ», նշում է նա:

Արքեպիսկոպոսը իր գործերով է զբաղված եւ անտեսում է նոր ընտրություններ անցկացնելու բոլոր կոչերը: Թվում է, թե նա հանգիստ է իր պաշտոնում եւ վայելում է թուրքական կառավարության պաշտպանությունը: Իսկ կառավարությունն էլ շատ ժամանակ ունի եւ կարող է սպասել մինչեւ ընդդիմությունը սպառի իրեն, մանավանդ որ իրեն հնազանդ հոգեւորական ունի իր ձեռքի տակ, ով պատրաստ է կատարելու իր բոլոր կարգադրությունները:

Վերջին լուրն այն է, որ Աթեշյանը չի ժամանելու Հայաստան մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ճիշտ է, Թուրքիայում ծառայող հոգեւորականի համար հարցը զգայուն է, եւ կառավարության դիրքորոշմանը ընդդիմանալու համար խիզախություն է անհրաժեշտ: Խիզախություն, որ աշխարհիկ թուրք գիտնականներ բազմիցս ցույց են տվել ընդունելով նույնիսկ ի գին իրենց անձնական անվտանգության, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել:

Ի վերջո սակայն, ինչո՞ւ ենք անհանգստացած մենք, թե ինչ է կատարվում Ստամբուլում, արժանի՞ է այդ անձնավորությունը այդ պաշտոնին, թե՞ ոչ: Պատասխանը միանշանակ հետեւյալն է. Թուրքիան որեւէ երկիր չէ: Թուրքիան կարող է մի հոգեւորական առաջնորդի օգտագործել պայքարելու նրա համայնքի եւ ինչու չէ, նաեւ ամբողջ աշխարհի հայկական համայնքի դեմ: Նախադեպեր եղել են: Մինչ ամբողջ աշխարհի հայությունը քարոզարշավ էր ծավալել ընդդեմ Թուրքիայի Եվրոմիության անդամակցության, պատրիարք Մութաֆյանը թուրք կառավարության կողմից լիազորված երկրե երկիր էր թափառում հօգուտ անդամակցության խոսելու առաքելությամբ:

Մի ամբողջ դար պայքարելուց հետո թուրքական պետության դեմ, որը շարունակում է վայելել մեր նախնիներից խլված ավարը եւ ժխտել իր կատարած ոճրագործությունը, բավական է Անկարայի կողմից մի փոքրիկ հորդոր պատրիարքական աթոռին բազմած անձնավորությանը, որպեսզի վերջինս հայտարարի, թե մենք ոչ մի պահանջ չունենք Թուրքիայից: Ցարդ ամեն անգամ Աթեշյանը ցույց է տվել, որ նա ամենահարմար թեկնածուն է, որ պատրաստ է ծառայելու իր թուրք տերերին: Սազական է այստեղ հնչեցնել «գողը որ տանից լինի, եզը երդիկից կհանեն» հայկական ասացվածքը, որ նշանակում էՙ «երբ ներսից է դավաճանը, ամեն տեսակ չարիք սպասելի է»:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.