AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 84. ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2015-04-03 18:24:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1815, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԵԶՐԱՍ ՍՐԲԱԶԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ. «ՄՈՍԿՈՎՅԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ ԱՌ ԵՐԿԻՆՔ ԿՀԱՌՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ` ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑԸ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Մեկ անգամ չէ, որ լսել եմ իմ հայրենակիցներից` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ յուրաքանչյուր հանդիպումը վերածվում է մեր ժողովրդի ապագայի հանդեպ հավատի, հայրենասիրության եւ հայի անկոտրում ոգու հարատեւման մի անկեղծ դասի: Որքան էլ անտրամադիր եւ ամեն տեսակ հոգսերով ծանրաբեռն հանդիպես նրան, միեւնույն է` բաժանվելու ես ապրելու, պայքարելու եւ դժվարությունները հաղթահարելու լիցքեր ստացած: Ասես լույս ու հանգստություն է ճառագում այդ մարդուց, մանավանդ, երբ յուրաքանչյուր հանդիպումը սկսվում է բարի լուրի ավետումով:

Բացառություն չէր նաեւ հերթական հանդիպումը, որի առիթը ապրիլյան առաջիկա միջոցառումներն են` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի արարողությունները, որոնց առանձնակի կարեւորությամբ ու պատասխանատվությամբ արդեն բավականին ժամանակ պատրաստվում են Ռուսաստանի հայ համայնքն ու եկեղեցական կառույցները:

Եզրաս սրբազանը սկզբից եւեթ տեղեկացնում է, որ հենց ապրիլի 24-ից, իր իսկ նախաձեռնությամբ Մոսկվայի «Պոկլոննայա գորա» հայտնի հուշահամալիրում կմեկնարկի «Սրբոց Նահատակաց» հայկական եկեղեցու շինարարությունը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի եւ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի:

«Վաղեմի երազանքս է,- ժպտում է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդը,- մոսկովյան այդ բարձունքում պետք է առ երկինք հառնի հայկական նոր եկեղեցի: «Սրբոց Նահատակաց»-ը հավատավոր հայորդիներին միշտ կհիշեցնի վառ պահել Ցեղասպանության նահատակների եւ Հայրենական Մեծ պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակը, հայրենասիրության վսեմ ոգով կպարուրի նոր եւ գալիք սերունդներին, կհորդորի հավատարիմ մնալ Հայ առաքելական եկեղեցու ավանդույթներին, համախմբման եւ միավորման կոչնակ կհնչեցնի` պաշտպանելու ազգային դիմագիծն ու թոթափելու ազգավնաս արարքները»:

Տեր Եզրասն այնուհետեւ տեղեկացնում է, որ եկեղեցին կառուցվելու է ռուսաստանաբնակ հայ բարերարների աջակցությամբ: Գլխավոր հովանավորն է մեր հայրենակից, հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ում աստվածահաճո ձեռնարկումները վաղուց հայտնի են ամենքին:

«Սրբոց Նահատակաց»-ն ունենալու է նաեւ թանգարանՙ առաջին հարկում: «Նպատակ ենք դրել եկեղեցու շինարարությունը, Աստծո հաճությամբ, ավարտին հասցնել մեկ տարում` 2016-ին: Իսկ մինչ այդ` այս օրերին ռուսաստանաբնակ մեր հավատավոր հայորդիները լծված են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մի շարք մեծ միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով: Անելիքները շատ են, ակտիվորեն համագործակցում ենք ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան, ինչպես եւ հայկական մի շարք կառույցների հետ»:

Զրուցակիցս այնուհետեւ առանձնահատուկ խանդավառությամբ պատմում է Ռուսաստանում դեռեւս շատ եկեղեցիներ կառուցելու եւ տարագիր մեր հայրենակիցներին ճշմարիտ ու ազգապահպան հավատի շուրջ համախմբելու անհրաժեշտության մասին: Խոսք եղավ նաեւ երկու տարի առաջ Մոսկվայի կենտրոնում մեծ հանդիսավորությամբ բացված Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու ծավալած դրվատելի գործունեության եւ ապագա ծրագրերի մասին:

Եվ այսօր, երբ եկեղեցական համալիրը ճարտարապետական յուրահատուկ լուծումների շնորհիվ ներդաշնակորեն ձուլվել է մոսկովյան միջավայրին եւ շարունակում է իր ընթացքն ու առաքելությունը, Ռուսաստանում բնակվող հայերս մեկ անգամ եւս գիտակցում ենք, որ այդ շքեղ համալիրը կառուցվել ու կյանքի է կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք.ի գործադրած հերոսական ջանքերի եւ Ռուսաստանում ապրող մեկենասների աջակցությամբ: Հենց նաՙ Եզրաս սրբազանը կարողացավ համախմբել եւ իր շուրջը հավաքել նվիրյալների մի ստվար բանակի` իր ծավալներով ամենամեծ եկեղեցին կառուցելու համար, որը ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ եզակի եւ հպարտության արժանի կառույց է:

Տեր Եզրասը առանձնակի հպարտությամբ տեղեկացնում է, որ այդ հոյակերտ համալիրի կնքահայր է նշանակվել համընդհանուր սիրո եւ հարգանքի արժանացած մարդըՙ մեծ բարերար Սամվել Կարապետյանը, իսկ 2016 թ. սեպտեմբերից համալիրում կսկսի գործել նաեւ հումանիտար ուղղվածության վարժարան, որը կկրի Սամվել Կարապետյաի ծնողներիՙ Ամալյա եւ Սարգիս Կարապետյանների անունը: Վարժարանում կուսուցանվեն նաեւ օտար լեզուներ, ուսուցումը կլինի անվճար, կսովորեն տաղանդավոր երեխաներ:

«Նախատեսել ենք ճեմարան հիմնել նաեւ Սանկտ Պետերբուրգ քաղաքում,-ասում է սրբազանը: ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պիտի սովորեն այնտեղ, միջնակարգն ավարտելուց հետո: Եվ, ընդհանրապես, Ռուսաստանում այսօր հոգեւոր աշխուժություն է նկատվում եւ նոր եկեղեցիների ու հայապահպան հաստատությունների անհրաժեշտություն կա: ՌԴ-ում հայ համայնքն ապրում է հոգեւոր, մշակութային, ազգային, ավանդական կյանքի արժեքների վերազարթոնք: Ուստի առաջիկայում նոր ավետիսներ կլինենՙ մի քանի քաղաքներում եկեղեցիների կառուցման աշխատանքների ավարտման եւ դրանց օծման արարողությունների մասին կտեղեկացնենք հանրությանը: Կբացվեն նաեւ Հայորդյաց տներՙ հայեցի դաստիարակության կենտրոններ: Մենք այսօր նման մի քանի կենտրոն ունենք, գործում են տարբեր խմբակներՙ երգի-պարի, ասմունքի, թատերական, ազգային երաժշտական գործիքների, մարզական... ունենք հայոց լեզվի, պատմության, գրականության դասաժամեր: Մի շարք խմբակներ արդեն կայացել եւ տարբեր միջազգային մրցույթների ու փառատոնների մրցանակակիրներ են: Մենք հպարտ եւ մխիթարված ենք զգում այդ ամենով: Սիրտս բերկրանքով է լցվում, երբ իմ առաքելության մեջ ես ինձ միայնակ չեմ զգում, այլ շրջապատված եմ փառապանծ ու սքանչելի հայորդիներով, բարեպաշտ եւ ազգասեր զավակներով, ովքեր երբեք անտարբեր չեն մնում հայապահպան գաղափարների կյանքի կոչման ծրագրերի նկատմամբ: Սամվել Կարապետյան, Սերգեյ Համբարձումյան, Աշոտ Գրիգորյան, Ռուբեն Վարդանյան... անունների թվարկումը տասնակ էջեր կարող է գրավել: Այս մարդիկ, հիրավի, հսկայական աշխատանքներ են կատարել թե Ռուսաստանում եւ թե Մայր հայրենիքում, նրանք արժանացել են համընդհանուր ճանաչման ամբողջ աշխարհում, բայց իրենց գործն անում են անաղմուկ եւ առանց ավելորդ թմբկահարումների, սրտի կանչով ...»:

Եզրաս սրբազանի հետ մեր զրույցը երկարում է: Նա ներկայացնում է իր առաջիկա ծրագրերի մի մասը միայն, փառաբանում իր կողքին կանգնած, իրեն աջակից հայորդիներին, եւ ես հասկանում եմ, որ զրուցակցիս առինքնող կերպարն է ներշնչում ու իր շուրջը հավաքում մարդկանց, նրա մեծ հավատն է հուսադրում բոլորին` նորանոր գործերի լծվելու եւ նվիրաբերվելուՙ ի բարօրություն մեր ազգի ապագայի...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.