AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 58. ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015



ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-04-03 18:24:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1392, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅԱՍՏԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանը հրապուրիչ երկիր դարձնելով` սփյուռքի երիտասարդ, լավ մասնագետ հայերի հայացքը կարող ենք ուղղել Հայաստան` նախ նրանց ձուլումը կանխելով, ապա եւ մեր երկիրը զարգացնելով: Հայրենադարձության առումով կարծրատիպերը կոտրել է պետք, մտայնություն փոխել ենք ուզում: Պետք է հասկացնել, որ «Ապրելու տեղ չէ» բնորոշումը սխալ է, սխալ մեկնակետից է տրվում:

Հայաստանում ժամանակ ունես ապրելու, շփվելու հնարավորությունները շատ են, կարելի է առաջատար դառնալ երկրի տարբեր ոլորտներում, ապահով է երեխաների համար, քո սեփական երկիրն ես կառուցում:


Ծանոթացեք` Վարդան Մարաշլյան,«Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) կազմակերպության ղեկավար: Կազմակերպությունը խորհրդատվությամբ ու օգտակար կապերով աջակցում է Սփյուռքից Հայաստան վերադառնալ ցանկացող երտասարդությանը աշխատանք գտնելիս եւ գործ հիմնադրելիս:

Հիմա կհարցնեք` բայց ո՞վ է վերադառնում Հայաստան, կամ արտերկրից Հայաստանում ապրելու ցանկություն ունեցող կա՞` արտագաղթի ահագնացող պատկերի ֆոնին: Կա, պատկերացրեք, ցանկացողների թիվն էլ բավական ներշնչող է: Երկուսուկես տարի արդեն գործող կազմակերպությանը տարեկան դիմել է մոտ 500-700 անձ` արդեն Հայաստան վերադարձածները եւ դեռ Սփյուռքում ապրողներ, որոնք ուզում են վերադառնալ: Ստեղծման օրից կազմակերպությունն օգնել է 200 մարդու աշխատանք գտնել կամ սեփական գործ սկսել, 70 ընտանիք է տեղափոխվել եւ աջակցություն ստացել: Երբ ստեղծվում էր կազմակերպությունը` թե՛ հասարակությունը, թե՛ պետական կառույցները թերահավատորեն էին վերաբերվում գաղափարին, ասում էին` ռոմանտիկայի ոլորտից է, ի՞նչ ներգաղթ: Բայց նախագիծը, փաստորեն, հաջողել է եւ հիմա աջակից է վերադարձող սփյուռքահայերին:

Վարդան Մարաշլյանը ծնվել է Երեւանում: Երբ հինգ տարեկան էր` նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, նա այնտեղ լավ կրթություն, տնտեսագիտության թեկնածուի աստիճան է ստացել` Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան ավարտելով: Առաջին անգամ Հայաստան վերադարձավ, երբ քսանչորս տարեկան էր: Երկուսուկես տարի ապրեց, ապա նորից գնաց Մոսկվա` այնտեղ տարբեր կառույցներում պատասխանատու պաշտոններ վարելով:

Սակայն Հայաստանը ձգում էր: Կրկին եկավ... ու մնաց` 2010 թվականին , արդեն ընտանիքով: Էլի տարբեր պետական ու մասնավոր կառույցներում աշխատեց` գիտելիքներն ու լեզուների իմացությունը միշտ եւ ամենուր պահանջարկված են: Եղել է ՀՀ Սփյուռքի փոխնախարար: Նրա հետ զրույցում բավական օգտակար մտքեր կան Հայաստան վերադարձողների,պետական կառույցների համար:


- Սփյուռքի նախարարությունում աշխատելն օգնեց թե՛ տարբեր համայնքների հետ ավելի լավ կապեր հաստատելու, թե՛ համայնքների խնդիրները, տարբերությունները հասկանալու: Հիմա, երբ զբաղվում ենք հայրենադարձության գործընթացով, նկատում եմ, որ Սիրիայից, Կանադայից, Ռուսաստանից կամ այլ երկրներից վերադարձողների դրդապատճառները շատ նման են իրար: Մի քանիսը կարող եմ նշել. երբ մեծ քաղաքում ես ապրում` ժամանակ չունես ապրելու, կյանքը շատ արագ է գնում, կյանքի մեծ մասն անցկացնում ես ղեկին: Չնայած լիովին ինտեգրված ապրել եմ Մոսկվայում, հնարավորություններ էլ ունեցել եմ: Բայց ուզում ես երեխաներդ հայ մնան, անվտանգ միջավայրում մեծանան, բացի այդ` սեփական երկիրդ ես կառուցում:

Աշխատելու շրջանում զուգահեռ մի խումբ ընկերներով մտածում էինք այն մասին, որ Իսրայելի նման երկիր դառնա Հայաստանը: Իսրայելը միակ երկիրն է, որ ակտիվ հայրենադարձության քաղաքականություն ունի, ու որոշեցինք, որ պետք է սստեղծել ոչ պետական մի կառույց, շահույթ չհետապնդող, որի միակ առաքելությունը կլինի անհատապես անջակցելն այն մարդկանց, որոնք Հայաստան վերադառնալու ցանկություն կունենան: Խոսքը ոչ միայն բուն սփյուռքահայերին է վերաբերում, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր ծնվել են Հայաստանում, բայց որոշ ժամանակ, ասենքՙ ութ-տաս տարի ապրել են արտերկրում, ինտեգրվել են, հաջողության են հասել, դարձել են լավ մասնագետներ եւ ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան: Եւ իհարկե` խոսքը դասական սփյուռքի ներկայացուցիչների մասին է, ովքեր երբեւէ Հայաստանում չեն ապրել, բայց նման ցանկություն ունեն: Եւ մեկուկես տարվա նախապատրաստական աշխատանքից հետո, նախարարության աշխատանքը թողնելուց մեկ ամիս անց, այդ կառույցը` «Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամը ստեղծեցինք:

- Ի՞նչ սկզբունքով եք աշխատում, ի՞նչ կազմով:

- Գործընկերներս տասներկու հոգի են, կեսը հայրենադարձներ են, որ այստեղ են ապրում: Ստեղծեցինք 2012 թվականի օգոստոսին: Մեր կազմակերպությունը ձեւավորել է հայրենադարձների ցանկ, մոտավորապես այս պահին մենք ունենք 700-800 հոգի, ովքեր տեղափոխվել են Հայաստան ու մեզ հետ բավականին սերտ կապերի մեջ են: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր վերջին տասն-տասնհինգ տարում տեղափոխվել են, եւ քանի որ այն ժամանակ իրենց աջակցող մեր տիպի կառույց չկար` հիմա նրանք պատրաստ են մեր կազմակերպություն դիմողներին աջակցել տարբեր տեսակի խորհուրդներով:

Մենք ֆեյսբուքյան էջ ունենք, որի մասնակիցները երկու հազարից ավելի են, նրանց մի մասը տեղափոխվածներն են, շատերն էլ միտք ունեն տեղափոխվելու եւ բազմաթիվ հարցեր ունեն մեզ ու արդեն տեղափոխվածներին. սա լավ միջոց է մեր մասին տեղյակ լինելու:

- Որքան հասկացա` Հայաստանում եւ սփյուռքում մտածողություն եք ուզում փոխել` ճիշտ ներկայացնել հայրենադարձության գաղափարը եւ պրոֆեսիոնալ կամ պրոֆեսիոնալների հայրենադարձության նոր տեսակի օրակարգ ստեղծել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ:

- Հիշում եք` ոնց որ ժամանակին, 1921-25 թվերին «Մյասնիկյան» նախագիծը կար, երբ հայազգի շատ պրոֆեսիոնալներ` Թամանյանը, Սարյանը, ուրիշ շատերը տեղափոխվեցին Հայաստան, եւ Երեւանի զգալի ոլորտներում` կրթություն, առողջապահություն, քաղաքաշինություն եւ այլն առաջատարներ էին. նրանք են դրել հիմքերն այսօրվա Հայաստանի: Մենք ուզում ենք այդ կարգի ներուժ բերել Հայաստան:

Սփյուռքում շատ սեւուսպիտակ պատկերացումներ կան Հայաստանի մասին, բացասականի մասին շատ են խոսում, դրականի մասին շատերը տեղյակ էլ չեն: Հիմնադրամը տարբեր համայնքներում ֆորումներ է կազմակերպում, իրենց հետ տանելով հայրենադարձների, որոնք նաեւ ներկայացնում են իրենց անձնական պատմությունները, խոսում ծրագրերի, կոնկրետ փաթեթների ու դեպքերի մասին: Ներկայացնում ենք կրթական կամ կամավորական այն հնարավորությունները, որ այսօր Հայաստանում կան ու որոնցից հատկապես երիտասարդները կարող են օգտվել` գալով Հայաստան ու որոշ ժամանակով ապրելով, կամավորություն անելով, պրակտիկա անցնելով, կամ կրթություն ստանալով: Դաՙ առաջին փուլում: Ունենք կայքէջ` RepatArmenia.org, անգլերեն եւ ռուսերեն, նկատի ունենալով հաճախորդների շրջանակը, որոնք դրսում ապրող, ինտեգրված մարդիկ են, հայերենին այնքան լավ չեն տիրապետում, չնայած` պլանավորում ենք նաեւ հայերեն էջ ունենալ: Մի խոսքով` առաջին փուլում ներկայացնում ու տարածում ենք գաղափարը:

Մենք բացատրում ենք, թե ինչու պրոֆեսիոնալ հայրենասիրությունը պետք է դառնա օրակարգի հարց: Իհարկե, չենք ուզում, որ մարդիկ Հայաստան տեղափոխվեն երկիրը փրկելու, զոհաբերվելու գաղափարով, մեր թիրախն այն մարդիկ են, ովքեր հասկանում են իրենց քայլի դրականն ու բացասականը, բայց ունեն սեփականության զգացողություն երկրի նկատմամբ: Նրանք կիսելու են դժվարությունները եւ պայքարելու են այն բաների դեմ, որ իրենք սխալ են համարում: Մեզ դիմողների զգալի մասը գործարար չեն, երիտասարդ մասնագետներն են, որ նոր են ավարտել արտերկիրի տարբեր բոււհեր` լավ կրթություն ունեն, լեզուներ գիտեն: Կարեւոր մի սկզբունքով ենք աշխատում` ոչ մեկին չենք համոզում, ոչ մեկին չենք մեղադրում: Այսպես թե այնպես` կամավոր հայրենադարձությունը տեղի ունենում է, տարեկան 1000-1500 մարդ տեղափոխվում է Հայաստան:

- Այդ թվերն ինչպե՞ս եք ստանում, երբ կա մեկնող-ժամանողների բացասական հաշվեկշիռ, որը վկայում է մեծ արտագաղթի մասին:

- Այդ թվերը ստանում ենք, հաշվելով նախ, թե քանի հոգի է ձեռք բերում երկքաղացիություն տարեկան կտրվածքով: Իհարկե, դա չի նշանակում, որ նրանք տեղափոխվում են Հայաստան, եւ մեկնող-վերադարձողների սալդոն բացասական է, ճիշտ է, բայց այլ երկրների քաղաքացիների ելքումուտքի սալդոն է դրական ստացվել 2013 թվականին. հազարից ավելի մարդ ` այլ երկրների քաղաքացիությամբ, ավելի շատ է մուտք գործել Հայաստան, քան դուրս է եկել: Դրա զգալի մասը, պարզ է, որ սիրիահայերն են, բայց ամեն դեպքում այդքան մարդ` այլ երկրի քաղաքացի, որոշել է մնալ: Այս տարի այդ պրոցեսը մի քիչ նվազել է, բայց ամեն դեպքում այդ միտումը կա:

- Վերադառնանք աջակցությանը, որ ցույց է տալիս RepatArmenia-ն:

- Մեր հիմնական աջակցությունը մի քանի խնդիրների շուրջ է: Առաջին` աշխատանք գտնել Հայաստանում: Երկուսուկես տարում, ինչ մենք Հայաստանում գործում ենք, 200-ից ավելի մարդու օգնել ենք աշխատանք գտնել` խոսքը մատուցողի աշխատանքից մինչեւ հիմնադրամի տնօրենի, խոշոր կազմակերպության ղեկավարի աշխատանքին է վերաբերում:

Հիմնականում մասնավոր կառույցների հետ ենք աշխատում, որոշ միջազգային կազմակերպությունների: Օրինակի համար ասեմ, որ մենք հատկապես բարձր տեխնոլոգիաների` ՏՏ ոլորտի կազմակերպություններ ունենք, որոնք ծրագրավորողներ են փնտրում` խոստանալով լավ վարձատրություն: Ուրեմն` թվենք ոլորտներ, որտեղ արտերկրի լավ մասնագետները կարող են աշխատել կամ գործ սկսել` ՏՏ ոլորտ, այն բոլոր գործերում, ինչ որ կապվում է արտահանման հետ. մարկետինգի ոլորտը, տուրիզմի սեգմենտը: Այսինքն այն ոլորտներում, որտեղ դրսից եկած հայը ամեն դեպքում որոշակի առավելություն ունի` գիտելիքներ եւ այնպիսի փորձ, որը տեղացիների զգալի մասը կարող է չունենալ, քանի որ դրսի երկրներում աշխատանքային մշակույթն ուրիշ է: Մարդկանց օգնում ենք ճիշտ ռեզյումե կազմել, առաջարկում կայքեր, ուր իրենք կգտնեն հարկավոր աշխատատեղերը: Ընդհանուր առմամբ Հայաստանում ունենք արդեն 50 կազմակերպություն, որոնք մեզանից լավ մասնագետների ռեզյումեներ են խնդրում: Այսինքն` Հայաստանում որակյալ մասնագետների կարիքը կա: Հայաստանյան աշխատուժի շուկան շատ մեծ դիսբալանսի մեջ է` տարեկան արտադրում է մեծ թվով միջին մակարդակի (մեղմ ասած) բժիշկներ, տնտեսագետներ, իրավաբաններ, որոնց պահանջարկը շուկայում չկա, բայց ընտանիքներն իրենց ամբիցիաներից ելնելով շարունակում են երեխեքին ուղարկել էդ մասնագիտությունները ստանալու: Բայց մարկետինգի ոլորտի մանագետներ կամ ծրագրավորողներ չկան, մինչդեռ էսօր 500-ից ավելի ծրագրավորողի պակաս կա: Ահա այս դեպքում մեզ են դիմում` մեր կայքի միջոցով:

- Ուրիշներն էլ մե՛ր լավ մասնագետներին են որսում ախր, արտերկրից կանչում...

- Այստեղ հոգեբանական պահ կա. մարդը, որ երբեք Հայաստանից դուրս չի ապրել, ամեն դեպքում ներքին ցանկություն ունի գնալ մի մեծ երկիր աշխատելու` բարեկեցությունն ու ենթակառուցվածքներն են ձգում. եթե այստեղ ինչ որ բանի հասել է` հեռանկար կարող է տեսնել նաեւ դրսում: Հայրենադարձների մոտ ուրիշ պահ է` իրենք գիտակցաբար ուզում են վերադառնալ Հայաստան. այնտեղ ապրել են, վատնուլավը տեսել են, եւ գնահատում են բաներ, որոնք այստեղ չեն գնահատվում: Քանի որ այստեղ չեն հասկանում` ի՞նչ է հայ մնալու հետ կապված խնդիրը, կամ որ` երեխան ինքնագիտակցությամբ հայ չի մեծանում, որոշ քաղաքներում հանգիստ ման գալը, կամ երեխային բակում հանգիստ խաղալու թողնելն անհնարին բան է: Հայաստանից գնացողների համար դա հասկանալի չէ, որովհետեւ ինքն ապրել է է՛ս միջավայրում եւ գնահատելու համար համեմատելու հնարավորություն չի ունեցել:

Մեր աշխատանքի երկրորդ ուղղությունը բիզնեսի հետ է կապված: Մարդիկ կան, որ գաղափարներ ունեն եւ ուզում են դրանք իրականացնել Հայաստանում: Մենք օգնում ենք նրանց մի քանի ձեւերով: Նախ մենք նշում ենք այն բոլոր ոլորտները, որտեղ չարժի աշխատել` դրանք են հիմնականում ներմուծման հետ կապված ոլորտները: Բացատրում ենք, որ չեն կարողանա մրցակցել մեծ խաղացողների հետ: Բացի այդ` ելնում ենք այն կանխավարկածից, որ եթե մարդն արտերկրից է, պիտի մի հետաքրքրական, կրեատիվ գաղափար ունենա-ներդնի, որ այստեղ չկա: Խորհուրդ ենք տալիս, թե ո՞ր ոլորտներում արժի ներդնել, այն է` արտահանում, դրսի շուկայի հետ կապված ամեն նախաձեռնություն, որի մեջ կրեատիվություն կա:

Մոդելն աշխատում է հետեւյալ կերպ. ցանկություն ունեցողները կապվում են այն հայրենադարձների հետ, ովքեր իրականացնում են արդեն նախագծեր` նման ոլորտում, կամ հասկանում են այդ ոլորտից, փորձի փոխանակում է տեղի ունենում: Սովորաբար սփյուռքահայերի հիմնական սխալները կամ նրանց գործի ռիսկերը սրանք են` բարեգործությունը բիզնեսից չեն տարանջատում, սխալ գործընկերներ են ընտրում, ներսի շուկայի վրա են փորձում աշխատել, ոչ պրոֆեսիոնալ թիմ կամ մասնագետներ են ընտրում: Մենք օգնում ենք հենց այդ հարցերում ճիշտ կողմնորոշվել: Երբ մարդը հասկանում է, որ ուզում է այդ գործն անել` մենք ծանոթացնում ենք մեր գործընկեր հաշվապահական, խորհրդատվական-իրավաբանական կազմակերպությունների հետ, որոնք ներկայացնում են հիմնական ռեժիմները` հարկային, գրանցման եւ այլն: Ընդ որում` այդ բոլորն անվճար է արվում, դրա համար դիմողները չեն վճարում: Դրանից հետո եթե մարդը գործը դրել է` մենք օգնում ենք գովազդի տեսանկյունից, ուղարկում ենք լրատվամիջոցներ, մեր էջն ենք տրամադրում: Այդպես շատ սիրիահայերի եւ այլ սփյուռքահայերի ենք օգնել:50-ից ավելի նախագծերի գործարկմանը մենք օգնել ենք:

Ասենք, որ սփյուռքահայերն ակնհայտ նվաճումներ ունեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում` այստեղ նրանց շատ կազմակերպություններ են աշխատում: Գինեգործության մեջ` վերջին տարիներին նոր եւ բարձր մակարդակի մի շարք գինիներ ունեցանք, որոնք նույնիսկ միջազգային ասպարեզներում լուրջ տեղեր են գրավել, դրանք մեծ մասամբ հայրենադարձների ստեղծած գինիներն են: Տուրիզմի ոլորտում սփյուռքահայերը բացեցին առաջին մինի-հյուրանոցները, տուրիստական գործակալություններ, ռստորանային բիզնես հիմնեցին: Մարդիկ ունենք, որոնք իրենց հաճախորդներին բերում են Հայաստան: Օրինակ` վեբ-դիզայները ապրում եւ աշխատում է Հայաստանում, բայց իր հաճախորդները Կանադայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում են, այսինքն` Հայաստան գալով իր հաճախորդներին պահել է ու նրանց գործն անում է` հարկեր վճարելով, աշխատատեղ ստեղծելով Հայաստանում: Մեզ տարեկան դիմում է շուրջ 500 հոգի` տարբեր տեսակի աջակցություն ստանալու:

- Ձեր փորձը պետական կառույցներին հետաքրքրո՞ւմ է:

- Սփյուռքի նախարարությունը մեզ անցած տարի պատվիրել է հետազոտություն` «Հայրենադարձության հետ կապված միտումներ, դրդապատճառներ եւ խնդիրներ», մեր փորձի հիման վրա ներկայացնելու ենք մեր առաջարկությունները պետական քաղաքականության վերաբերյալ: Տեղեկատվության առումով մենք համագործակցում ենք թե պետական, թե ոչ պետական կառույցների հետ, հատկապես, երբ արտերկիր ենք գնում ֆորումներ անցկացնելու` տարեկան վեց-յոթ միջոցառում անցկացնում ենք մենակ մեր ֆորմատով: Միջազգային կազմակերպությունների հետ ենք աշխատում` աշխատանքի վիրտուալ տոնավաճառներ կազմակերպելով գործատուների եւ սփյուռքից աշխատանք փնտրողների համար (մի կազմակերպություն լիներ` տեղացիներիս հետ այդպես աշխատեր-Մ.Խ):

Մեր կազմակերպության հիմնական առաքելությունն է` օգնել վերադարձող մարդկանց խնդիրների մեջ չընկնելու, քանի որ հասկանում ենք, թե մեր երկրում առկա են բազմաթիվ խնդիրներ` կոռուպցիա, անկատար դատական համակարգ եւ այլն: Նախօրոք բացատրում ենք դժվարություններն ու առավելությունները, որ իրենք ճիշտ քայլեր անեն:Բայց ամեն ինչ չի կապված երկրի խնդիրների հետ, սփյուռքահայերն իրենք էլ բազմաթիվ սխալներ են թույլ տալիս, որ երբեք չէին անի այլ երկրներում: Փորձել ենք վերլուծել` խնդիրների 80 տոկոսը գալիս են մի քանի պատճառներից` իրարից չեն բաժանում բարեգործությունն ու բիզնեսը, գործ են բռնում այնպիսի տեղացիների հետ, որոնց ծանոթություններով իբր քիչ հարկեր մուծեն, դա արդեն սխալ է: Մեր կարգախոսն է` աշխատիր մաքուր, մի ընկիր մի սխեմայի մեջ, քանի որ վաղը գործընկերոջդ հետ հարկայինի հարաբերությունները կվատանան` հարկայինը կգա ու ողջ հաշիվը կներկայացնի: Ընդհանրապես` գործընկեր մի վերցրու, պարտադիր չէ, Հայաստանը գործի գրանցման մասով շատ հարմար երկիր է, այդպիսի նախապայման չունի, որ պետք է գործընկեր ունենաս, ինչպես այլ երկրներում է:

Մենք չենք կարող նստել- սպասել այնքան, մինչեւ Հայաստանը մարդկանց համար գրավիչ դառնա: Մարդիկ մաս պետք է կազմեն Հայատանը գրավիչ դարձնելու փոփոխություններին, որը չի նշանակում, որ մարդիկ պետք է գնան-դառնան ընդդիմություն: Պետք է աշխատել: Հաջողության նախադեպերը կարող են վարակիչ դառնալ: Մենք գործ դնելիս նայում ենք` 40-50 տարվա գործ լինի, չենք նայում կարճ գործի, քանի որ հայրենադարձությանը նպաստող միջավայրի ձեւավորման գերխնդիր ունենք, պարտադրելով պետությանը հայրենադարձության օրակարգ, եւ սփյուռքի ու Հայաստանի համար պրոֆեսիոնալ հայրենադարձությունը կարեւոր համարելով:

- Ձեզ դիմողների աշխարհագրությունը կներկայացնե՞ք:

- Մեզ դիմողների 45 տոկոսը սիրիահայերն են, չնայած նրանց հայրենադարձ չենք համարում, քանի որ հանգամանքներից ելնելով տեղափոխված հայություն է, ու էդ պարագայում իրենց համար հաջողության հասնելն ավելի դժվար է` Հայաստանը հեշտ երկիր չէ: Առհասարակ` այնպիսի հեշտ երկիր չկա, որտեղ առանց աշխատելու փող վաստակես: 15 տոկոսը եկածների ԱՄՆ-ից է` շատերը երիտասարդ, մի մասը` հայերեն չիմացող, բայց կարողանում են նույնիսկ գործ գտնել Հայաստանում:Երրորդ տեղում են Ռուսաստանից եկածները` 12 տոկոս, Լիբանանից` 10 տոկոս, Իրանից` 5 տոկոս, 2 տոկոս` Կանադայից, հիմա արդեն 2 տոկոս Ուկրաինայից, նրանք էլ սիրիահայերի նման են` հայրենադարձություն չենք կարող համարել, ստիպված են եկել: Մեծամասնությամբ` 20-30 տարեկան են, մեծ մասը` չամուսնացած, մի մասն ընտանիքներով են, ոմանք այստեղ են ամուսնանում:

Դրանցից, անշուշտ, իրենց եկած երկրները վերադարձողներ էլ կան` սա իրենց երիտասարդական արկածախնդրությունը համարելով: Բայց բոլոր պարագաներում նույնիսկ եթե մարդը մի քանի տարի ապրի Հայաստանում, գնահատելի է իր համար` թե կապվածության առումով, թե փորձի: Բացի այդ` փորձ կա, գնացողները հետո նորից վերադառնում են, ես էլ երկուսուկես տարի գնացի-ապրեցի ու հետո նորից վերադարձա, հասկացա` որ սա իմ երկիրն է, ես ուրիշ երկրում չեմ ուզում ապրել: Իմ աչքի առաջ բազմաթիվ ավանդական հայ ընտանիքիներ ձուլվել են, ես տեսել եմ բազմաթիվ հայ երիտասարդների, որ բարդույթավորված են Հայաստանի նկատմամբ: Ես չեմ ուզում, որ իմ երեխաներն ապրեն այդ միջավայրոււմ, չեմ ուզում լինել միլիոններից մեկը Ռուսաստանում: 7 մլն հայ է ապրում դրսում, 90 տոկոսը դուրս է համայնքային կյանքից, կուսակցություններ -եկեղեցի` սփյուռքի 10 տոկոսն է ընդամենը: 90 տոկոսը ազատ էլեմենտ է, այսպես ասած: Մեր հիմնական թիրախը սփյուռքի երկու-երեք տոկոսն է` այն մարդիկ, որ իրենց գիտելիքով, արժեքային համակարգով միտված են տեղափոխվելու ու ներքին ցանկություն ունեն հիմնավորվելու Հայաստանում: Միայն դրանից հետո կկարողանանք մտածել զանգվածային ներգաղթի պլատֆորմ ստեղծելու մասին Հայաստանում: Այս պահին այդ հնարավորությունը չկա այս պահին: Մենք շատ ճարպիկ ազգ ենք, որ մեծ պետություններում, ուրիշ ժողովուրդների կողքին կարողանում ենք մեր տեղը գտնել: Իսկ Հայաստանում բոլորը ճարպիկ են, Հայաստանում պետք է բերել այլ տեսակ` գաղափարների մարդկանց` փոխելով նաեւ մտայնությունը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Վարդան Մարաշլյանը մեզ պատմեց երիտասարդ հայրենադարձների` Հայաստանում հաստատվելու մի քանի հաջողված պատմություններ. ասենք Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ու արեւի էներգիայով չորացվող չրի արտադրություն հիմնած երիտասարդ գործարարի, ԱՄՆ-ից եկած եւ «Թումո» կենտրոնում աշխատող երիտասարդ հայուհու եւ այլոց մասին: Հաջողած հայրենադարձների շատ պատմություններ RepatArmenia.org էջում են, դրանք կներկայացնի նաեւ «Ազգը» հետագայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.