AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 92. «ԽՆԴՈՒԿ» ԵՎ «ԽՆԴՄՆԴՈՒԿ» ԲԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1525, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՔԻՄԸ, ՔՈՉԱՐՅԱՆԸ, ՍԵՖԻԼՅԱՆՆ ՈՒ ԳԱԶԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քիմ Քարդաշյանը լավ բիզնեսմեն է, նա միլիոններ է դուրս բերում ոչնչից` մարմնի ցուցադրությունից, իր իրապատում-շոուի ժամանակ դատարկաբանելուց, իր անուն-ազգանունից, եւ այդպես շարունակ: Դատելով ունեցվածքից` լավ գործարար է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը, սակայն, օրինակ, լավ չէր հաշվարկել իր հարցազրույցի թողարկման ճիշտ պահը, քանի որ այն լրատվամիջոցներում երեւաց Քիմի Հայաստան ժամանելուն զուգահեռ, ու չնայած հատուկ մտածված ուղերձներին` ստվերվեց ԶԼՄ-ներում Քիմ Քարդաշյանի վերաբերյալ լրատվահեղեղի մեջ:

Քիմի այցին միֆական երանգներ վերագրած մեր ԶԼՄ-ներն ու հասարակության բավական ստվար քիմամոտ հատվածն, իհարկե, օգնում են Քիմի այն մտադրությանը, որ իր այցից առավելագույն տեսաշար ունենա ամերիկացիների համար էկզոտիկ Հայաստանից իր շոուի համար, սա` գործարար կողմը: Միաժամանակ էմոցիոնալ կողմը եւս չի անտեսված` էմոցիոնալ գրառումներ սեփական էջերում, արժանիի հատուցում հոր` ԱՄՆ-ում ժամանակին բավական հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի հիշատակին, ով չնայած օտարերկրացի կնոջ պարագային, հայկականությունը չէր զլացել ընտանիք ներմուծել: Արժանին հատուցելու տարբերակներից է լինելու Ցեղասպանության տարելիցի եւ միլիոնուկես հայ նահատակների հիշատակի հարգումը Ցեղասպանության հուշարձանի մոտ: Խոստովանենք, Քիմը երբեք անտես չի արել Ցեղասպանության խնդիրը` երբեմն մի երկու բառ գրելով սոցիալական ցանցերի իր էջերում, եւ այդպիսով Հայոց ցեղասպանութայն դատապարտումը մեկ վայրկյանում հասանելի դարձնելով իր միլիոնավոր երկրպագուներին, ինչը հայ լոբբիինգի տարիների շատ ջանքերին կարող է հավասարվել:

Հայաստանում եւս փորձել են երկու-երեք նապաստակ որսալ մի կրակոցով` Քիմին Հայաստան հրավիրելով (Հայաստանի զարգացման հիմնադրամն ու SIMA Tours USA ընկերության համատեղ ջանք)` Քիմի գալը ահռելի գովազդ է Հայաստանի համար տուրիզմի առումով, նրա ընտանեկան ուխտագնացությունն իր արմատների երկիր Հայոց ցեղասպանության տարելիցի շեմին, որի առթիվ անշուշտ, Քարդաշյանը դեռ կարտահայտվի, նույնպես դատապարտման առումով միանգամից շատ մեծ էֆեկտ կունենա ողջ աշխարհում: Պատահական չէ թուրքերի ջղաձիգ արձագանքը Քիմի այցին: Առհասարակ, պարզվում է` հայ հայտնիներին հերթով Հայաստան հրավիրելու ծրագիր կա` մի քանի նապաստակների որսի համատեղումը շարունակելով:

Իսկ ընդհանրապես` Քիմի այցով Հայաստանում սկսված սոցցանցերի աժիոտաժը մի կողմից սպասելի էր, մյուս կողմից զարմանալի` իրար են բախվում, էն էլ անզիջում, ու միմյանց վիրավորանքի հսկայական դոզաներով, մեր «նամուսովները», բարոյախոսները, պուրիտանները մի կողմից, ու մեր ազատամիտները, ազատության առումով չափազանցողները եւ անիմաստ նմանակողները մյուս կողմից. հանգստացեք, չափազանցությունների մեջ մի ընկեք, ամեն ինչ ընդունեք այնպես, ինչպես կա` Քիմն ուրիշ մենթալիտետի կրող է, նրանից մի պահանջեք այն, ինչ նա չունի, եւ, հարգելի պուրիտաններ, դուք էլ մի պահ աշխարհին նայեք նպատակահարմարության պատուհանից` խոսքը հայերիս ընդհանուր շահի մասին է:

Վերադառնալով Քոչարյանի հարցազրույցին` միգուցե նա փորձի մեռելածին հայ-թուրքական արձանագրությունների, սահմանադրական փոփոխությյունների մեջ իմաստ չտեսնելու, երկրում առկա քաղաքկան մենաշնորհի, մեր տնտեսության տխուր վիճակի, Իրանի ուղղությամբ Հայաստանի տնտեսության համար բացվող հնարավորությունների մասին իր մտքերը մի այլ հարցազրույցում կրկնել ապրիլի 24-ից հետո, գուցե այն ինչ ուզում էր տեղ հասցնել, այն ժամանակ տեղ կհասնի` քարդաշյանախառը մեր այս ժամանակի համեմատ:

Սեֆիլյանի մասով, կարծում ենք, տեղի է ունեցել ցավալի բան` մեր ազատամարտի մեջ «ամագ» ունեցող, ապրիլի 24-ին մյուսների չափ, իսկ միգուցե մյուսներց շատ Տարելիցը խնկարկելու իրավունք ունեցող Սեֆիլյանն ու իր կողմնակիցները հայտնվել են անազատության մեջ, սա չպետք է տեղի ունենար: Չնայած` զարմանալին հենց Սեֆիլյանի պահվածքն է` ասվում էր ապրիլի 24-ի հետ քաղաքական պայքարդ մի կապի, նա շարունակում էր կապել, ոնց որ ասեին` գլուխդ մեխին մի խփի, նա խփում էր:

Նույն կերպ, այսպես կոչված գազի հանձնաժողովի` գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի` այս քառօրյայում երեք օր քննարկվող զեկույցը կարծես մի քիչ ստվերում մնաց, մինչդեռ այդ աշխատանքը, առանց չափազանցության, վերաբերում էր Հայաստանում ապրող բոլոր հայերի շահերին: Ինչպե՞ս է, ի վերջո, գոյանում սահմանին ներմուծման գնի կրկնակիով բնակչությանը վաճառվող գազի սակագինը, ո՞ւմ գրպանն է մտնում կորուստների` հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվող յոթ-ութ տոկոս բարձր թվի «ատկատները», ինչ եղավ «Գազպրոմին»` կուտակված պարտքի դիմաց Հայաստանի կառավարության քսան տոկոս բաժնեմասի հանձնման հետ, ո՞նց անենք, որ ամեն օր նույն գազօջախին դրված նույն չափի սուրճը եփվի նույն ժամանակաընթացքում, այսինքն` ոնց կարգավորենք գազի կալորիականության խնդիրը, որի աճպարարությամբ եւս մեր գրպանը դրամաթափվում է: Ինչպես ավելի արդյունավետ կառավարել գազամատակարարման համակարգը, ինչպես վերահսկել շահույթի շարժերն ըստ նշանակության օգտագործելը, ինչպես անել, որ սպասարկման եւ սպառման վարձերի համար առանձին չվճարենք, ինչպես անել, որ «Գազպրոմը» Տիցիանի նկարը կամ գերթանկարժեք ավտոմեքենաներ չառնի իր ստացած շահույթների, այսինքն` հարկատուներիս հաշվին, բարձր սակագներ պարտադրելով: Հարցեր, հարցեր, հարցեր, որ, արդար լինենք, հետեւողական բարձրացնում էին պատգամավորները Ազգային ժողովում, որոնք մանրամասն դիտարկել էր նաեւ ժամանակավոր հանձնաժողովը` հսկայական աշխատանք կատարելով, սակայն, այնուամենայնիվ, այդպես էլ հստակ ու միանշանակ պատասխաններ չգտնելով : Չնայած` բոլորը նշեցին Վարդան Այվազյանի ղեկավարած ԺՀ-ի տիտանական աշխատանքի մասին` տասն հազար փաստաթուղթ է ուսումնասիրվել, որը կարող է հարթակ դառնալ հետագայում թերությունների վերացման գործողությունների առումով, իսկ որոշ ընդդիմադիրներ այս փաստաթուղթը հաղորդում անվանեցին հսկայածավալ խախտումների մասին, որը, եթե ցանկություն ունենա, մեր իրավական համակարգը կսկսի քանդել: Մեկն անգամ (Արամ Մանուկյան) իր հաշվարկներով հանգել էր եզրակացության, որ սակագինը կարելի է իջեցնել երեսուն դոլարով:

Բոլոր պարագաներում բավական լուրջ իրադարձություններ ընդգրկող շաբաթը (մենք դեռ չանդրադարձանք Լավրով-Նալբանդյան հանդիպմանը, որտեղ արժանահիշատակ հայտարարություններ են հնչել) իրենով արեցին Քիմ Քարդաշյանն ու նրա շուրջ տեղի ունեցող աժիոտաժը:

Հ.Գ.- Երեկ, ի դեպ, Քարդաշյան քույրերին ընդունել է վարչապետը: Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Քարդաշյան ընտանիքի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում, իսկ Քարդաշյանները նշել են Հայաստանում ջերմ ընդունելության մասին եւ ասել, որ երջանիկ են գտնվելու իրենց երազանքի երկրում: Հայերեն չիմանալու համար էլ ներողություն են խնդրել` տեղեկացնելով, որ աշխատում են հայերեն սովորելու ուղղությամբ, բացի այդ` շարունակելու են պայքարել Մեծ եղեռնի միջազգային ճանաչման եւ դատապարտման համար:

Ի դեպ` աշխարհում շատ հայտնի թերթեր արդեն անդրադարձել են Քիմ Քարդաշյանի այցին Հայաստան` պատմելով Ցեղասպանության եւ Հայաստանի մասին: Այսինքն` այս այցը հիանալի է աշխատում հանուն Հայաստանի ու հայկական հարցի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.