AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1011, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 7

Ի՞ՆՉ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏ ԻՐԱՆԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ այդ երկրի եւ այսպես կոչված «վեցյակի» միջեւ բանակցությունների հաջող ավարտը կարող է հավակնել վերջին տարիների աշխարհաքաղաքական խոշորագույն իրադարձությունը համարվելուն: Հատկապես ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների բարելավման առումով դա աննախադեպ կարող է լինել, եթե նկատի ունենանք այն փոխադարձ թշնամանքը, որ այս երկրներն ունեն միմյանց հանդեպ Իրանում իսլամական հեղափոխությունից` 1979 թ-ից ի վեր: Իրանի համար ԱՄՆ-ն «մեծ սատանա» էր, ԱՄՆ-ի համար Իրանը` «չարիքի առանցքի» մեջ գտնվող երկիր: Այսինքն, այս երկու երկրների միջեւ լարված հարաբերությունները Իրանի միջուկային ծրագրով չէին պայմանավորված եւ ոչ էլ դրանով էին սկսվել:

Բարեբախտաբար, այս ամենը կարող է անցյալ դառնալ, նկատի ունենալով Լոզանում ձեռք բերված պայմանավորվածություններն այն մասին, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային վառելիքի այն աստիճանի հարստացումից, որը միջուկային զենք ստեղծելուն կմոտեցնի, իսկ Արեւմուտքը եւ ԱՄՆ-ն` կվերացնեն այդ երկրի նկատմամբ սահմանած պատժամիջոցները: Մնում է միայն հուսալ, որ մինչեւ նախանշված ժամկետը` հունիսի 30-ը, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի: Հավանականությունը մեծ է, որ դա տեղի կունենա, թեեւ ձախողումը նույնպես չի կարելի բացառել, քանի որ կա մի երկիր, որը ամեն ջանք գործադրում է այդ ուղղությամբ: Դա Իսրայելն է, որը ԱՄՆ-ում ազդեցիկ հրեական լոբբիինգի ողջ ներուժն ուղղել է Իրանի հետ հնարավոր համաձայնագիրը վիժեցնելուն, օգտվելով նաեւ Կոնգրեսում Հանրապետականների գերակշիռ մեծամասնությունից: Մինչդեռ, այդ համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա ոչ միայն ամբողջ աշխարհի, այլեւ մեր երկրի համար: Հայաստան-Իրան համագործակցությունը արհեստականորեն զսպվում է հենց արեւմտյան արգելքների պատճառով: Դրանց վերացումը լուրջ հեռանկարներ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման համար:

Հայաստանի տնտեսության համար առնվազն 7 խոստումնալից զարգացումներ

Առաջինը` հայ-իրանական համատեղ մի քանի կարեւոր ծրագրեր` Մեղրու ՀԷԿ-ի շինարարությունը, բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերի անցկացումը, Իրան-Հայաստան նավթատար խողովակաշարի գործարկումը, որն այս պահին չի աշխատումՙ Իրանի հանդեպ կիրառված արգելքների պատճառով: Սահմանափակումների վերացումը հնարավորություններ կստեղծի այս եւ այլ համատեղ ծրագրերի իրականացման համար:

Երկրորդ` Իրան-Հայաստան երկաթուղին շատ ավելի մեծ հնարավորություններ կստանա կյանքի կոչվելու, քանի որ այն շահագործելու համար շահագրգռված կլինեն ոչ միայն երկու երկրները, այլեւ` Իրանի արեւելյան եւ Հայաստանի հյուսիսային հարեւանները: Այսինքն, ներդրումներ ներգրավել միայն երկու երկրների համար նախատեսվող նախագծում մի բան է, մի քանի երկրներ իրար հետ կապելու ուրվագծված հեռանկարներ ունեցող նախագծում` այլ բան:

Երրորդ` իրանական ներդրումները Հայաստանում զգալիորեն ավելանալու հնարավորություններ են ստեղծվելու: Ներկայումս, արգելքների առկայության պայմաններում, Իրանից Հայաստանի բանկային համակարգով կասկածելի թվացող անգամ մեկ փոխանցման համար մեր երկիրն ու բանկերը կարող են դաժանորեն պատժվել Իրանի հանդեպ պատժամիջոցներ կիրառող ԱՄՆ-ի կողմից: Արգելքների վերացմամբ, իրանական ներդրողների համար Հայաստանը խոստումնալից վայր է դառնում: Արտահանման ուղղվածություն ունեցող արտադրություններ Հայաստանում հիմնելու դեպքում, դրանց արտադրանքը կարող է առանց մաքսատուրքերի արտահանվել ԵՏՄ շուկա` Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, շուտով նաեւ Ղրղզստան: Չենք ասում, որ նույն հնարավորությունները կունենան ԵՄ շուկա արտահանելու առումով, քանի որ իրանական տեխնոլոգիաները չեն բավարարում արեւմտյան շուկաներ դուրս գալու համար` անկախ նրանից, որ Հայաստանում արտադրվող 11 հազար ապրանքների համար ԵՄ արտահանելու առանց մաքս կամ արտոնյալ մաքսատուրքով ռեժիմ է գործում:

Չորրորդ` հայկական արդյունաբերության համար Իրանի 70 միլիոնանոց շուկան ավելի հասանելի է դառնում: Թեեւ իրանական կողմը որոշակի բարձր մաքսատուրքեր է կիրառում իր շուկան պաշտպանելու համար, բայց դա կարգավորվող խնդիր է: Միաժամանակ Իրանի հետ կայուն եւ անխոչընդոտ հաղորդակցություն ունենալու դեպքում այդ երկիրը հայկական ապրանքների համար հարմար տարանցիկ ուղի կհանդիսանա Միջին եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներ դուրս գալու համար:

Հինգերորդ` հայ-իրանական բարեկամական քաղաքական հարաբերությունները կամրապնդվեն տնտեսական ավելի սերտ կապով: Դա կմեծացնի Հայաստանի ինքնուրույնության աստիճանը` այլընտրանք դառնալով Արեւմուտքի եւ Ռուսաստանի երկընտրանքին: Նկատի ունենալով այս տարածաշրջանում Չինաստանի ակտիվությունը, մասնավորապես Մետաքսի ճանապարհը վերակագնելու նրա մտադրությունները, Իրան-Հայաստան կապերը կարող են ամրապնդվել չինական «ցեմենտով»: Չինաստանն էլ եւս մեկ այլընտրաք կդառնա Հայաստանի համար: Իրանի հետ որեւէ տնտեսական նախագիծ սկսելու համար էլ հարկադրված չենք լինի մտածել, թե ի՞նչ կասի կամ կանի Արեւմուտքը` ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն:

Վեցերորդ` զբոսաշրջիկների հոսքը Իրանից Հայաստան զգալիորեն կավելանա: Պատժամիջոցների վերացումը անպայման դրականորեն կազդի դրանք սահմանելուց հետո բարեկեցության անկում ունեցած Իրանի բնակչության կենսամակարդակի վրա: Շատ ավելի մեծ թվով իրանցիներ Հայաստանում իրենց հանգիստը, հատկապես Նորվրուզի կապակցությամբ արձակուրդները անցկացնելու ցանկություն կունենան:

Յոթերորդ` աշխարհի համար կարեւորագույն` նավթի գործոնը իր ազդեցությունը կունենա նաեւ մեզ համար: Բացի վերեւում նշված նավթատար խողովակաշարի կառուցման նախագծից, նավթի արդյունահանման եւ արտահանման ավելացումը Իրանի կողմից կէժանացնի նավթի գինն աշխարհում: Դա խիստ բացասական ազդեցություն կունենա նավթից կախվածություն ունեցող մեր ռազմատենչ հարեւանի` Ադրբեջանի վրա, էապես նվազեցնելով նրա տնտեսական ներուժը:

Չարժե սպասել էժան գազ Իրանից

Շատերը գուցե հաջորդ դրական գործոն կնշեն Իրանից ավելի էժան գազի մատակարարումը Հայաստան: Սակայն այս դեպքում լավատեսության համար հիմքեր չկան: Իրանում գազի արտահանումը, անկախ այդ երկրի ունեցած մեծ պաշարներից, զարգանալու մեծ ճանապարհ պետք է անցնի` արդյունահանում, գազատարների կառուցում, տարանցում եւ այլն: Իրանի գազի արտահանման ծավալների ավելացման մասին խոսելով, իր հարցազրույցներից մեկում այս մասին նշել էր այդ երկրի նախագահը: Հետեւաբար, գազային անակնկալ գոնե առաջիկա տարիներին Իրանից սպասել պետք չէ: Մյուս կողմից էլ ռուսական կողմը գազը Հայաստանին տրամադրում է բավականին ցածր գնով, ինչը, բնականաբար, քաղաքական պատճառներ ունի: Կցանկանա՞ նույն կերպ վարվել Իրանը եւ ի՞նչ քաղաքական շահաբաժիններ կակնկալի դրա համար, դեռեւս անորոշ է:

Վերջում կցանկանայինք անդրադառնալ եւս մեկ` հոգեբանական գործոնի մասին, որը լրջորեն խանգարում է մեր զարգացմանը: 90-ականներին, երբ Հայաստանի համար, կարելի է ասել, կյանքի ճանապարհը Իրանն էր եւ այդ երկրից էին Հայաստան մտնում ամենակեսնական ապրանքները, աջ ու ձախ լսում էինք «պարսիկները եկել լցվել են ստեղ» փնթփնթոցը: Նովրուզի օրերին այս փնթնթոցը ներկայումս թարմացնում ենք: Կամ նույն շարքից` ասում ենք «սաղ տվել ենք ռուսներին», նկատի ունենալով ռուսական ներդրումները եւ ռուսական կապիտալով ընկերությունները Հայաստանում, առանց հասկանալու, որ եթե չլինեին այդ ներդրումները էներգետիկայի, կապի, հեռահաղորդակցության, արդյունաբերության եւ այլ ոլորտներում, 90-ականների կացությունից շատ հեռու չէինք գնա, քանի որ այլ երկրներից Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցողներ չկային: Արդյո՞ք հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման պարագայում` դրա բարերար ազդեցությունը չնկատելով, հիմա էլ չենք ասելու` «սաղ տվել ենք պարսիկներին»: Ի վերջո, դուրս կգա՞նք կաղապարներից եւ կհասկանա՞նք մեր համապետական շահերը, թե՞ կշարունակենք պատանդ մնալ նույն քաղքենիական-գավառական մտածելակերպին:

Այնուամենայնիվ, մնում է հուսալ, որ միջազգային աշխարհաքաղաքական իրավիճակում առաջիկա երեք ամիսներին իրանյան հարցի առնչությամբ հետադարձ չի լինի, մեր հարեւան երկրի տնտեսությունը կսկսի լիարժեք գործել, ինչի բարերար հետեւանքները կզգանք նաեւ մենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.