AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 111. ԱՆԵՐԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 867, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԴԱՎԻԹԻ ԵՎ ԳՈՂԻԱԹԻ ՁԵՌՔՍԵՂՄՈՒՄԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Եթե որպես ավանդազրույց մի կողմ թողնենք այն, որ մեր ազգային հերոս Վարդան Մամիկոնյանը սերվել է Չինական Մամկուն ընտանիքից, հարաբերությունները մեր երկու երկրներիՙ Չինաստանի եւ Հայաստանի միջեւ իրենց գագաթնակետին են հասել, երբ հայ առեւտրականները 16-17-րդ դարերում իրենց բեռները առեւտրական նավերով Եվրոպայից Ասիա են տեղափոխել: Դրանից առաջ այդ ճանապարհը վերահսկվում էր բրիտանական «Իսթ Ինդիա» ընկերության կողմից:

Ջուղայի հայ վաճառականները առեւտուր են արել ինչպես Իտալիայում (Ջենովա, Վենետիկ), այնպես էլ Հեռավոր Արեւելքում, որտեղ գաղութներ էին հիմնել Ճավայում, Սուրաբայայում, Ջակարտայում, Մադրասում, Կալկաթայում, Սինգապուրում, Հոնկոնգում եւ այլն: Աշխույժ հայկական համայնք կար Հյուսիսային Չինաստանի Խարբին (Հարբին) քաղաքում մինչեւ կոմունիստական դարաշրջանը, երբ մաոական զորքերը ամրապնդեցին իրենց դիրքերը Չինաստանում եւ ստիպեցին Գոմինդանական ազգայնամոլ ուժերին փախչել Թայվան:

Երկու երկրների հարաբերական չափսերը տեղիք են տվել բազմաթիվ անեկդոտների, որոնցից մեկի համաձայն, Չինաստանի կառավարությունը, տեղեկանալով, որ մարդաբան Մարգարեթ Միդը ՄԱԿ-ին առաջարկել էր հայերենը ընդունել որպես միջազգային հաղորդակցության լեզու, հեռագիր է ուղարկում Հայաստանՙ խնդրելով 10 միլիոն հայերենի ուսուցիչներ ուղարկել չինական դպրոցներում դասավանդելու համար: Բայց հումորից լուրջ քաղաքական հարցերին վերադառնալով փորձենք հասկանալ, թե արդյոք նախագահ Նիքսոնն ու պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարո՞ղ էին պատկերացնել, որ Չինաստանը երբեւէ կդառնա գերիշխող երկիր համաշխարհային գործերի առումով եւ առնվազն տնտեսապես այդքան առաջ կգնա:

Այդ ժամանակ արեւմտյան մտասեւեռումը ուղղված էր ամեն գնով Խորհրդային Միությանը պարփակելու խնդրին: Չինաստանի խաղաքարտը հիանալի միջոց էր սեպ խրելու երկու կոմունիստական հզոր պետությունների միջեւ: Արդյունքում Խորհրդային Միությունը փլուզվեց, սակայն Չինաստանը դարձավ գլխավոր դերակատարներից մեկը քաղաքական բազմաբեւեռ աշխարհում:

Ի հակադրություն ռուսների, չինացիները տնտեսական կարգուկանոն հաստատելու գործում օգտվեցին ինքնիշխանական սոցիալական օրենքներից եւ կարողացան 1,5 միլիարդ կազմող հասարակության կենսական պայմանները բավարարել եւ բարելավել: Սոցիալիստական հիբրիդ հասարակությունում միլիարդատերերը կարող են հաջողության հասնել, մինչ պետությունը պաշտոնապես քարոզում է հավասարություն բոլորի համար: Միջազգային առումով, նրանց արտաքին քաղաքականությունը երբեք էլ գաղափարապաշտական ուղղվածություն չի ունեցել: Նրանք չեն փորձել կոմունիստական գաղափարներ արտահանել, ասենք այն ժամանակ, երբ Սուդանի Օմար Բաշիրից (որին Արեւմուտքը մեղադրում է ցեղասպանություն իրականացնելու մեջ) նավթ էին գնում: Ընդհակառակը, նրանք իրենց գաղափարական բարեկամիՙ Վիետնամի դեմ կարճատեւ պատերազմ մղեցին, երբ այդ պատերազմից հյուծված երկիրը միավորվեց:

Չինաստանն այսօր աշխարհի շարժիչ ուժերից մեկն է: Նրա տնտեսությունը, քաղաքական եւ զինվորական ազդեցության զուգահեռ, աճում է աննախադեպ կերպով:

Միջազգային հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխշահավետության սկզբունքի վրա: Ինչպիսի՞ն են հայ-չինական հարաբերությունները: Չինաստանը օգնել է Հայաստանին զարգացնելու իր գյուղատնտեսությունը: Նաեւ մատակարարել է այնքան անհրաժեշտ զրահատեխնիկա:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջին այցը Պեկին արժանացել էր արարողակարգի ամենաբարձր աստիճանի ընդունելության: Մարտի վերջին կատարած նրա երկրորդ այցելությունը նույնքան բարձր մակարդակի էր:

Կարելի է ենթադրել, որ որպես փոքր երկիր Հայաստանը կուլ կգնա հզոր պետությունների հակամարտությունների թոհուբոհում, սակայն ցարդ նա չափազանց շրջահայաց ու խելամիտ ձեւով է կարողանում առաջ տանել իր արտաքին քաղաքականությունը: Մի քանի ամիս առաջ, երբ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը շրջագայում էր Լատինական Ամերիկայի երկրներում, որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ նշավակեցին նրա այցը աշխարհի այդ մասում: Արդյունքում, սակայն, Բոլիվիան միացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների թվին, իսկ Մեքսիկան համընդհանուր բարյացակամ վերաբերմունքից բացի հրաժարվեց հանրային այգիներից մեկը ազերի առաջնորդ Հեյդար Ալիեւի անունով կոչելու ծրագրից: Չմոռանանք նաեւ, որ Վենեսուելան եւ Նիկարագուան այն երկու երկրներն են, որոնք Ռուսաստանից բացի ճանաչել են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունները: Հնարավոր է, որ այդ երկու երկրները, ի վերջո, ճանաչեն նաեւ Ղարաբաղի (Արցախի) անկախությունը:

Նույնքան հաջող է ընթանում նաեւ Չինաստանի հանդեպ վարած Հայաստանի քաղաքականությունը:

Հաշվի առնելով անկայուն վիճակը տարածաշրջանում եւ կոռուպցիան Հայաստանում, անհատ ներդնողների թիվը քիչ է եղել ցարդ: Միայն Չինաստանի նման հզոր երկիրը ռիսկ կաներ ներդրումներ կատարել Հայաստանում: Շատերն են Սարգսյանի այցը «պատմական» համարում, քանի որ այն իրոք բաց արեց նոր հնարավորություններ տնտեսական բարելավման համար: Նախագահական այցելության ավարտին պաշտոնական հաղորդագրություն հրապարակվեց այն պատրաստակամությամբ, որ կողմերը շարունակելու են իրենց հարաբերությունները «հիմնված փոխադարձ հարգանքի, հավասարության եւ շահերի վրա»:

Հայկական կողմը խոստացել է չճանաչել Թայվանի անկախությունը, նշելով, որ այդ կղզին Չինաստանի անբաժանելի մասն է համարում: Չինական կողմն էլ իր հերթին համաձայնել է աջակցել «ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացինՙ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների եւ միջազգային իրավունքների նորմերի վրա»: Քիչ խոսքերով արտահայտված, բայց գործնական նշանակության մի հաղորդագրություն: Ավելի կարեւորն այն է, որ Չինաստանի նախագահը ընդունել է Հայաստան այցելելու հրավերը:

Մյուս նշանակալի զարգացումը երկկողմ տնտեսական համագործակցությունն է տրանսպորտի, էներգիայի, գիտության, կրթության, մշակույթի, քիմիական արդյունաբերության, ավիացիայի եւ զբոսաշրջության բնագավառներում: Չինաստանի հետ Հայաստանի արտաքին առեւտուրը 2014-ին հասել էր 588 միլիոն դոլարի, որը 30 տոկոսով ավելի էր քան նախորդ տարվա ցուցանիշը:

Չինաստանը համաձայնել է Հայաստանին տրամադրել միջպետական արտոնյալ վարել: Հայաստանը միանալու է Չինաստանի «Մետաքսե ճանապարհ» նախագծին, որը նախատեսում է խթանել տնտեսական գործունեությունը Չինաստանի հետ: Հայաստանը ամեն տեսակի տնտեսական օժանդակության կարիքը ունի, բայց Չինաստան կատարած այս այցը նաեւ հնարավորություն ընձեռեց Հայաստանին ձերբազատվելու տրանսպորտի եւ հաղորդակցության ցանցերի վրա Թուրքիայի եւ Ադրբեջանի դրած հեղձուցիչ կապանքներից: Նրանք Վրաստանի համագործակցությամբ նավթի եւ գազի խողովակաշարեր են անցկացրել շրջանցելով Հայաստանին: Չինաստանը պարտավորվել է ներդրումներ կատարել հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներում, որը Հայաստանի տարածքով Վրաստանը կկապի Իրանի հետ:

Հաջորդ նշանակալի ծրագիրը նոր ատոմակայանի կառուցումն է, որը Ռուսաստանի կողմից խոստացված էր, բայց չիրականացված: Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակությունը, կենսական նշանակություն է ձեռք բերում նաեւ երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության հարցը: Վերջերս, մի ռուս պաշտոնական անձնավորություն հայտարարել էր, որ Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումները չեն կարող օգտագործվել ազերի հարձակումների առաջքը առնելու համար: Հարց է առաջանում. հապա ե՞րբ կարող են օգտագործվել: Հայաստանը կարո՞ղ է հույսը դնել նրանց վրա: Սա է պատճառը, որ վերջին շրջանում նախագահ Սարգսյանը բողոքում էր, որ ազերիները ռուսական զենքերով են սպանում հայ զինվորներին: Հույս հայտնենք, որ Չինաստանի օժանդակությունը կնպաստի ռազմական հավասարակշռություն պահպանել երկու երկրների միջեւ:

Չինաստանը մտահոգ է Թուրքիայի պանթուրանական փառասիրությամբ, որն ուղղված է դեպի Կենտրոնական Ասիա, հասնելով մինչեւ Պեկինի շեմքը: Չինաստանը վերջերս համաձայնել էր օդային պաշտպանության համակարգեր վաճառել Թուրքիային, իմանալով հանդերձ, որ Անկարան ահաբեկիչների է մարզում եւ ուղարկում Չինաստանի Սինցզիան նահանգը, որտեղ 8 միլիոն մահմեդական ույղուրներ են ապրում, որոնք ժամանակ առ ժամանակ անկախանալու կոչեր են հնչեցնում: Հատկապես «արեւելյան Թուրքիստանի իսլամական շարժումը» չափազանց ակտիվ գործունեություն է ծավալում ընդդեմ չինական իշխանությունների: Վերջին անգամ, երբ խռովություններ էին բռնկվել վերոնշյալ նահանգում, Էրդողանը չինական կառավարությանն էր մեղադրել մահմեդական փոքրամասնության հանդեպ ցեղասպանություն իրականացնելու համար:

Չինաստանի ղեկավարները գիտակցում են, որ Հայաստանը մի քար է, չնայած փոքր, Անկարայի պանթուրանական փառասիրության ճանապարհին: Այնպես որ Հայաստանը որոշակի արժեք է ներկայացնում, որին պետք է ռազմական օժանդակություն ցուցաբերել: Գուցե հենց այս բնագավառում են Պեկինի եւ Երեւանի ռազմավարական շահերը համընկնում:

Չնայած Բենիամին Նաթանյահուն Մ. Նահանգների Կոնգրեսում իր ելույթի ժամանակ նշեց, որ «ձեր թշնամու թշնամին դեռեւս մնում է ձեր թշնամին», մեր դեպքում կարող ենք ասել, որ մեր թշնամու թշնամին պարզվում է, որ մեր բարեկամն է:

Հաշվի առնելով երկու երկրներիՙ Հայաստանի եւ Չինաստանի հարաբերական չափսերը, նախագահ Սարգսյանի Պեկին կատարած այցը կարելի է նմանեցնել Դավիթի եւ Գողիաթի ձեռքսեղմումին, չնայած նրանցից ոչ մեկը երբեք մյուսի վրա պարսատիկից քար չի նետել անցյալում:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.