AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 39. ՀԱՅԻ ՀԱ-Ն ԱՅՈ Է, ՉԷ-Նՙ ՈՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



ԲԱՐԵԳԹՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1260, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՍԵՐՆ Է ՍԻՐՈ ԳԻՆԸ

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

«Նա, ով լի է բարեգթությամբ, անպայման նաեւ քաջարի է»

Կոնֆուցիոս

Վերջերս իմացա, որ հայտնի կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանն ավարտել էՙ հիրավի շնորհակալ գործՙ մի ֆիլմի նկարահանման աշխատանքները, որը պատմում է ազնվասիրտ ու բարեգութ հինգ լեգենդար կանանց, հինգ միսիոներուհիների մասին: Թվարկեմ մեր ժողովրդի համար սուրբ դարձած Աստծո դուստրերի անունները. շվեդուհի Ալմա Յոհանսոն, էստոնուհի Էդվիգ Բյուլ (Բյուլ Մայրիկ), նորվեգուհի Բոդիլ Բերն, դանիացիներ Կարեն Էպլե (Եփփե) եւ Մարիա Յակոբսոն: Այդ արի կանայք բարոյական աննախադեպ սխրանք գործեցին հայերի ցեղասպանության սեւ ու դաժան տարիներին: Մեր հազարավոր ու հազարավոր հայրենակիցների, մեծամասամբ կանանց ու երեխաների, փրկեցին ու խնամակալեցին երկար տարիների ընթացքում:

Սակայն այդ առումով շատ ավելի կարեւոր ու վեհ է այն, որ նրանք տարաբախտ հայերին նվիրաբերեցին իրենց ողջ կյանքը: Ամբողջը, անմնացորդ: Նրանք իրենց ողջ էությամբ համոզեցին աշխարհին, որ բարեգթությունը պարտքը կատարելիս ցուցաբերված հաստատակամությունն է: Անձամբ ինձ համար ամենազարմանալին, բացի ամենայնից, նաեւ այն է, որ այդ, իրոք Աստծո դուստրերը (այդպես է թարգմանվում քրիստոնեական միսիոներությունը), ինչպեսեւ մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը, ծնվել ու հողին են հանձնվել այն երկրներում, որոնց ափերը ողողում են Բալթիկ եւ Հյուսիսային ծովերը:

Այդ հարցի շուրջ զուր չէ, որ խորհում եմ: Հաղթահարելով Հյուսիսային եւ Բալթիկ ծովերը, «Կիլիկիա»-ի անձնակազմը բախտ ունեցավ ծաղիկներ դնել Ալմա Յոհանսոնի եւ Էդվիգ Բյուլի գերեզմաններին:

Ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում ոչ թե ակնարկներ եւ հոդվածներ, այլ «Կիլիկիա»-ի տախտակամածին գրված ճամփորդական գրառումներ:

Կարծում եմ այսօր, 2015 թվականի ապրիլին, դրանց անդրադառնալու ճիշտ ժամանակն է:

***

Իմ երեւանյան կիսանկուղային աշխատասենյակում, որը Սոս Սարգսյանն անվանում է «բունկեր», հաճախ էին հավաքվում «Կիլիկիա»-ի անձնակազմի անդամները: Վեճերը հիմնականում երթուղու շուրջն էին: Բանավեճի առարկան գլխավորապես լավագույն ճանապարհի ընտրությունն էր: Այնպիսի ճանապարհի, որը մեզ կհասցներ նպատակին, շրջանցելով բոլոր գայթակղիչ կետերը, որոնք դուրս են գիտարշավի առջեւ դրված խնդիրների շրջանակներից: Տվյալ դեպքում խոսքն ամենակարճ ճանապարհով տուն վերադառնալու մասին էր: Հենց դա է երթուղու լավագույն տարբերակը: Եթե նայենք քարտեզին, որը պատկերված է «Կիլիկիա». դեպի օվկիանոս» երկրորդ գրքի միջնակազմին, ապա կարելի է նկատել, որ Բալթիկ ծովի հյուսիս-արեւելյան մասում երթուղու գիծը շրջանցում է Շվեդիան, հետեւաբարՙ նաեւ Ստոկհոլմ նավահանգիստը: Սակայն, ինչպես նախկինում էլ էր պատահել, նավարկության ընթացքում մենք այս կամ այն պատճառով փոխել էինք երթուղին, միաժամանակ ջանալով պահպանել ժամկետացանկը, այսինքնՙ ժամկետների անխախտելիությունը: Բանն այն է, որ յոթ ծովերով նավարկելու «Կիլիկիա»-ի գիտարշավի նպատակը պարզապես «Եվրոպայով քառատրոփ» սլանալը չէ: Նման հարցերի նկատմամբ մեր մոտեցումը ստեղծագործական բնույթ է կրում: Մենք մշտապես հիշողության մեջ թարմացնում ենք անցյալըՙ կապված մեր ժողովրդի պատմության հետ:

Հենց այդ գործոնը գլխավոր դեր կատարեց Բալթիկ ծովում «Կիլիկիա»-ի երթուղին փոխելիս: Եվ ահա հիմա, գտնվելով Շվեդիայում, մենք ակամայից հարց ենք տալիս. «Կներեի՞նք արդյոք ինքներս մեզ, եթե չայցելեինք Ստոկհոլմ: Խորապես համոզված եմ, որ արժեր հանուն մեր ժողովրդի պատմության էջերից մեկին դիպչելուՙ երեքուկես օր պայքարել փոթորկի դեմ, վերապրել դրամատիկական ժամեր, երբ քիչ էր մնում կորցնեինք նավը, երբ հրաշքով փրկվեցին մեր ընկերներ Հայկ Բադալյանը եւ Սամվել Բաբասյանը:

Հայերի եւ շվեդների փոխհարաբերությունները սկիզբ են առել դեռեւս 10-րդ դարում, լեգենդար վիկինգների եւ վարյագների ժամանակներում, որոնք Փոքր Ասիայում զբաղվում էին ոչ միայն առեւտրով, այլեւ թալանով, ի հավելումն նաեւ գերիներ վերցնելով, եւ անում էին դա ընտրողաբար: Ասենք, հետեւում եւ գտնում էին տաղանդավոր արհեստավորների, նույնիսկ արվեստի գործիչների եւ բռնի տանում նրանց Վարյագյան ծովի ափեր (այդպես էր առաջ կոչվում Բալթիկ ծովը): Եվ ահա այդ գերեվարված հայերը վիկինգներին սովորեցնում էին տարբեր արվեստներ ու արհեստներ: Աշխատում էին որպես թարգմանիչներ եւ նույնիսկ դիվանագետներ: Այս անսովոր ձեւով ծագեց բարեկամությունը երկու ժողովուրդների միջեւ, որն ունի հիանալի պատմական օրինակներ:

Ահա ընդամենը մեկը: Շվեդուհի Ալմա Յոհանսոն: Նրա մասին իմացել եմ պատմաբան Ջոն Կիրակոսյանից, քառորդ դար առաջ: 1908 թվականին, քսանյոթ տարեկան հասակում Ալման աշխատում էր գերմանական միսիոներական կազմակերպությունում եւ որբանոցում: Եվ մինչեւ 1915 թվականը ոչ միայն հայ ժողովրդի ողբերգության ականատեսն էր, այլեւ օր ու գիշեր օգնություն էր ցուցաբերում տառապյալներին: 1930 թվականին, ֆաշիզմի ձեւավորման գագաթնակետին, նա գրեց մի փոքրիկ գիրքՙ «Աքսորյալ ժողովուրդ»: Գիրքն իսկույն դարձավ մատենագիտական հազվագյուտություն: Մինչ այդ Եվրոպայում արդեն հասցրել էին մոռանալ հայ ժողովրդի ողբերգության մասին: Ալման ասես կանխազգում էր Հիտլերի հայտնվելը, որը լավ օգտագործեց Եվրոպայի վտանգավոր մանկուրտությունը (պատմական հիշողության կորուստը): Բայց չէ՞ որ կար մի կին Շվեդիայում, որն այդ մասին լավ հիշում էր: Եվ մեկ տարի անց (1931-ին) նա հրատարակեց երկրորդ գրքույկըՙ «Տեղահանված հայերի կյանքը»:

Իհարկե, մեծ մեղք վերցրած կլինեինք մեր հոգուն, եթե անցնեինք այն գերեզմանոցի կողքով, որտեղ հանգչում է այդ հիանալի կինը: «Կիլիկիա»-ի ողջ անձնակազմը, հայ համայնքի ակտիվիստներ Մուշեղ Սերոբյանի եւ Կարապետ Մանուկյանի ուղեկցությամբ, այցելեց Ալմայի գերեզման: Մենք թարմ ծաղկեփնջեր դրեցինք համեստ շիրմաքարին, որի վրա Ալմա Յոհանսոնի անվան կողքին գրված է «Միսիոներուհի Հայաստանում»:

Ձեռքիս պատկերազարդ գրքույկն է, որը պատմության բոլոր կեղծարարներին մերկացնող եւս մեկ ապացուցելի փաստարկ է: Նրանց դեմ, որոնք մի ողջ ժողովրդի չլսված ողբերգությունը հանգեցնում են ընդամենը «ցեղասպանություն» տերմինի շուրջ խղճուկ վեճերի:

Ճիշտ էր անմոռանալի Ջոն Կիրակոսյանը, երբ ասում էր. «Ալմայի գրքերը պետք է թարգմանել շատ լեզուներով եւ տարածել աշխարհով մեկ: Քանզի Ալմա Յոհանսոնի առաքելությունը շարունակվում է...»:

***

Այցելությունը Տալլին պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ Էստոնիայի մայրաքաղաքը համարվում էր խորհրդային առագաստանավորդների կենտրոնը: Ինչպես Շվեդիայում, Էստոնիայում նույնպես մենք շտապեցինք հանդիպման մեր ժողովրդի համար մեկ այլ սուրբ կնոջՙ միսիոներուհի Բյուլ Մայրիկի հետ: Մայրիկ Բյուլ. այդպես էին դիմում էստոնուհի Աննա Էդվիգ Բյուլին պատմական Կիլիկիայում ցեղասպանություն վերապրած հայերը:

Մենք գիտեինք, որ Էստոնիայի հայերը քաղաքային իշխանությունների եւ հասարակայնության ներկայությամբ հուշատախտակ էին տեղադրել Հաապսալու քաղաքում, որտեղ ծնվել է Բյուլ Մայրիկը, իսկ հիմա մտադիր են նրան հուշարձան կանգնեցնել:

Հայկական աղբյուրներում եւ հանրագիտական բառարաններում կարելի է գտնել համառոտ կենսագրական տեղեկություններ ինչպես շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնի, այնպես էլ էստոնուհի Աննա Էդվիգ Բյուլի կյանքի մասին, որին նվիրված գիրք է գրել պատմաբան եւ հրապարակախոս Վարդան Գրիգորյանը: Սակայն կարծում եմՙ դա քիչ է, երբ խոսքը մեծ մարդասերների եւ սխրագործների մասին է, ովքեր մեր ժողովրդի համար ողբերգական տարիներին հիրավի բարոյական սխրանք գործեցին: Այնպես որ, համոզված եմ, որ նրանց մասին մեր ժողովրդի հիշողությունը պետք է ավելի գործուն լինի: Եվ որքան էլ որ հեռու էր Տալլինի նավահանգստից այն տունը, որտեղ ծնվել է Բյուլ Մայրիկը (նա թաղված է Գերմանիայում), մենք որոշեցինք անպայման լինել այնտեղ:

Իր մեքենայով մեզ տարավ Արտեմ Դավիդյանցը: Իմ հուշատետրում, բազմաթիվ էստոնահայերի անվան հետ, կա նաեւ նրա անունը. «Արտեմ Դավիդյանցը Էստոնիայում է ապրում 1975 թվականից: Ամուսնացած է էստոնուհու հետ: Ունի երեք դուստր եւ մեկ որդի»: Դուստրըՙ Բրիգիտտան մեզ ուղեկցում էր որպես զբոսավար:

Նա հանրապետությունում հայտնի «Էէստի Պյաեվալեխտ» օրաթերթի թղթակիցն է: Մենք գիտեինք, որ նավի կառանման վայրից մեկնելու էինք հարավ-արեւմուտքում գտնվող Հաապսալու փոքրիկ քաղաք, որտեղ 1887 թվականին ծնվել է Բյուլ Մայրիկը: Հիշում եմ, 1970 թվականին, երբ երեք օր Ռիգայում անցկացնելուց հետո ես եւ իմ երկու հավատարիմ (միշտ ընդգծում եմ այդ բառը) ընկերներ Անատոլի Սալնիկովը եւ Անատոլի Գավրիլինը «Վուլկան» եւ «Հեյզեր» փոքրիկ մոտորանավակներով ուղղություն վերցրինք դեպի Տալլին, գայթակղիչ ցանկություն ծագեց գնալ ուղիղ հյուսիսՙ Վայնամերի ծովածոց, որը միացնում է Ռիգայի եւ Ֆիննական ծոցերը: Ցավոք, այն ժամանակ չստացվեց: Բայց փոխարենըՙ մտապահվեց: Արդեն քանի՜ տարի է անցել, իսկ ես չեմ մոռանում: Եվ մի՞թե կարող էի ենթադրել, որ ինձ վիճակվելու է, արդեն ցամաքով, հասնել հեռավոր երազանքի Վայնամերի ծովածոց: Մեր գիդ Բրիգիտտա Դավիդյանցն ասաց, որ Բյուլ Մայրիկի հայրենիքը գտնվում է ճիշտ ծովածոցի ափին, հավելելով, թե դա հանգիստ, խաղաղ վայր է, որը վաղուց է վայելում մշակույթի գործիչների, բանաստեղծների, կոմպոզիտորների, նկարիչների սերը: Բավական է ասել, որ Պյոտր Իլյիչ Չայկովսկին այստեղ եղել է ոչ մեկ անգամ:

Վերջապես հասանք Հաապսալու: Ոչինչ չմոռացող Սամվել Կարապետյանը հիշեցրեց, որ պետք է, ինչպես ծրագրել էինք, ծաղիկներ գնել Բյուլ Մայրիկի համար: Քաղաքն իր չափերով հիշեցնում է Ստեփանակերտը: Բայց Արցախի մայրաքաղաքում ամեն քայլափոխի կարելի է թարմ ծաղիկներ գնել: Երկար շրջեցինք փողոցներով, որոնցով ավելի քան մեկ դար առաջ քայլել էր Աննա Էդվին Բյուլը, չիմանալով, որ ինչ-որ ժամանակ հայ ժողովուրդն իրեն քնքշորեն մայր է անվանելուՙ Բյուլ Մայրիկ: Եվ ահա գտանք մի փոքրիկ խանութ, որտեղ վաճառվում էին հիմնականում դաշտային ծաղիկների փոքրիկ փնջեր: Եվ շտապեցինք Բյուլ Մայրիկի մոտ:

Ծնվել է նա 1887 թվականի հոկտեմբերի 23-ին: Մահացել է 1981 թվականի հոկտեմբերի 3-ին, Վալդվիմմերսկախում (Գերմանիա): Ինչպեսեւ Ալմա Յոհանսոնը, նա ապրեց 94 տարի: Նախնական կրթությունը ստացել է Հաապսալուում, բարձրագույնըՙ Սանկտ-Պետերբուրգում: Սովորել է նաեւ Գերմանիայում: Կիլիկյան Ադանայում նորաթուխ երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպված հայերի ցեղասպանության ամենադաժան շրջանում քսաներկուամյա միսիոներուհի Աննա Էդվիգ Բյուլը ուղեւորվեց Կիլիկիա եւ այդուհետ իրեն նվիրաբերեց հայ որբերի փրկության գործին: Ակտիվ բարեգործական աշխատանք ծավալեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Երկար ժամանակ որպես դաստիարակչուհի աշխատեց Մարաշի որբանոցում: Հալեպում հոսպիտալ բացեց հայ փախստականների համար: Հիմնեց տրիկոտաժի ֆաբրիկա, որտեղ աշխատում էին հինգ հարյուր հայ կանայք եւ աղջիկներ: Բացեց մի քանի հայկական դպրոցներ: Որպես սեփական թղթակից աշխատեց մի քանի եվրոպական թերթերում, որոնց համար նյութեր էր պատրաստում հայրենիքից զրկված հայերի ողբերգական ճակատագրի մասին:

Միայն 1951 թվականին, 64 տարեկան հասակում նա Մերձավոր Արեւելքից վերադարձավ Եվրոպա, որտեղ շարունակեց պայքարը հանուն պատմական հիշողության գործուն պահպանման: Բյուլ Մայրիկի պնդմամբ այդ ողբերգության զոհը դարձավ ողջ քաղաքակիրթ աշխարհը: Պատահական չէր, որ երկու միսիոներուհիներն էլՙ Ալմա Յոհանսոնը եւ Աննա Էդվիգ Բյուլը, տարբեր ժամանակներ վերադառնալով Եվրոպա, փորձում էին արթնացնել Հին աշխարհի ննջող խիղճը, որպեսզի աշխարհին հիշեցնեին մարդկության հիվանդագին ամնեզիայի վտանգավորության մասին:

Այդ կանայք չլռեցին մինչեւ իրենց կյանքի վերջը: Եվ այստեղ ճիշտ ժամանակն է մեջբերել Ալմայի «Աքսորյալ ժողովուրդ» գրքի սկիզբը.

«Բարեգութ Աստված մեզՙ մարդկանց շնորհել է ինչպես հիշելու, այնպես էլ մոռանալու կարողություն: Աստծո ողորմածությամբ մեզ հնարավորություն է տրվել մոռանալ տառապանքները եւ մեզ համար ահավոր ժամանակները, կամ էլ տարիների հետ գոնե մեղմել ցավը: Չէ՞ որ հակառակ դեպքում մեզանից շատերի համար ապրելն անտանելի կլիներ: Սակայն ես իմ պարտքն եմ համարում անել ամեն ինչ, որպեսզի հիշողությունս պահպանի իմ աչքի առջեւ կատարված ոճրագործությունները: Խոսքը մի ժողովրդի կյանքի եւ տառապանքների մասին է, որի պատմությունը գրված է արյամբ ու արցունքներով: Այդ տարիների մասին հիշողությունն աստիճանաբար սկսում է խամրել: Բայց նրանց համար, ովքեր անմիջականորեն շփվել են ողբերգության հետ, հիշողությունը դարձել է ասես մի սեւ ու սրընթաց գետ, որի որոտաձայն աղմուկի մեջ մշտապես լսվում է մահվան հանդեպ եւ մղձավանջի կրկնվելու հանդեպ վախի հառաչանքը: Մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալՙ ինչպե՞ս թուրքերը կարողացան ոչնչացնել մի ողջ ժողովուրդ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ...»:

Նույն բանի մասին գրում էր նաեւ Բյուլ Մայրիկն իր ռեպորտաժներում, որոնք իրադարձությունների վայրերից Եվրոպական թերթերին էր ուղարկում եւ՛ 1909, եւ՛ 1910, եւ՛ 1911, եւ՛ 1912 թվականին... Իսկ հայկական խորհրդարանը ղեկավարվում է 1988 թվականի նոյեմբերին ընդունված «1915 թվականի հայոց ցեղասպանության մասին» օրենքով: Եվ վերջ: Ասես չեն եղել ոչ 1914, ոչ 1916, ոչ էլ մնացած, ընդհուպ 1923 թվականն ընկած, հայերի համար ահավոր տարիները: Ասես այն, ինչ սեփական աչքերով տեսել է Բյուլ Մայրիկը, միստիկա է: Եվ Ադանան է միստիկա: Եվ Ջոն Կիրակոսյանի աշխատությունները ընդամենը հեքիաթներ են: Հիշեցնեմ, ի դեպ, որ հայր եւ որդիՙ Ջոն եւ Արման Կիրակոսյանները իրենց աշխատություններում առանձնակի ուշադրություն էին դարձնում անգլիական մամուլի 19-րդ դարի հենց ավարտի հրապարակումներին, որտեղ յուրաքանչյուր տարին հայերի համար ...տասնհինգ թվական էր:Եվ այսօր Թուրքիան հիրավի համամոլորակային մակարդակով ներգրավելով իր բոլոր լոբբիստներին, դաժան ու լայնածավալ պատերազմ է վարում հայոց ցեղասպանության բացարձակ ժխտման համար: Նա դա անում է, հիմնականում հենվելով իր համար շահեկան 1915 թվականի վրա (երբ պատերազմ էր): Մենք եւս պետք է հրապարակենք բոլոր օբյեկտիվ փաստաթղթերըՙ նույնքան ակտիվ եւ «խոշորամասշտաբ» կերպով: Իհարկե, Ալմա Յոհանսոնը եւ Բյուլ Մայրիկը մեր ժողովրդի ողբերգության միակ վկաները չէին: Բայց այսօր մենք գնում ենք նրաՙ Բյուլ Մայրիկի մոտ: Գնում ենք, չմոռանալով նաեւ ուրիշ բազմաթիվ ականատեսների եւ հումանիստների:

Արտեմը հեշտությամբ գտավ տունը, որտեղ ծնվել է Բյուլը: Քաղաքային թանգարանի հետեւում եկեղեցի կա: Կողքինՙ անկյունային շենք: Կոլի եւ Լինդա փողոցների անկյունում: Այնտեղ հիմա զագսն է: Պատի վրա, Կոլի փողոցի կողմում հուշատախտակ է փակցված: Գրությունը երկու լեզուներով էՙ հայերեն եւ էստոներեն. «Աննա Էդվիգ Բյուլ: Էստոնացի միսիոներուհի, որն իր ողջ կյանքը նվիրաբերեց Մերձավոր Արեւելքի երկրներում թուրքական ցեղասպանությունից հայերին փրկելու գործին»: Հուշաքարի կողքին ելուստ կա, որտեղ մենք դրեցինք դաշտային ծաղիկները: Սամվելն ու Հայկը, միմյանց փոխարինելով, մեզ լուսանկարեցին հուշատախտակի մոտ...

...Զարմանալի այդ մարդն աշխարհում ապրել է վաղուց: Քրիստոսի ծննդից հինգ հարյուր տարի առաջ: Ես նրա հետ բավական հանգամանալից ծանոթացել եմ նույնպես վաղուց: Չորս տասնամյակ առաջ, Կամչատկայում: Ձեռքս ընկավ մի ամսագիր, որտեղ գլուխներ էին հրատարակված «Զրույցներ եւ դատողություններ» գրքից: Ես նույնիսկ գրի առա վերնագիրը գրքի հեղինակի լեզվովՙ «Լուն յույ»: Գրեցի նաեւ հեղինակի իսկական անունըՙ Կուն Ցզի, որը պատմության մեջ մտավ որպես Կոնֆուցիոս: Քառասուն տարի առաջ նա ինձ զարմացրեց իր մտքով, որը երկարատեւ հետազոտության, երկար դիտարկումների հանրագումարն էր. «Նա, ով գեղեցիկ խոսում է եւ ունի հմայիչ արտաքին, հազվադեպ է ճշմարտապես մարդկային»: Իսկ այ, Արցախյան պատերազմի տարիներին չինական փիլիսոփան ինձ զարմացրեց արդեն մեկ այլ բացարձակ ճշգրիտ մտքով. «Նա, ով լի է բարեգթությամբ, անպայման նաեւ քաջարի է»: Այն ժամանակ Արցախում ես մտածեցի այն մասին, թե ինչ ճշգրտությամբ են հաստատում Կոնֆուցիոսի միտքը այնպիսի անուններ, ինչպիսիք են Ջորջ Բայրոնը, Ֆրիտյոֆ Նանսենը, Քերոլայն Քոքսը եւ շատ ուրիշներ: Եվ ահա, շնորհիվ «Կիլիկիա»-ի, մենք մեզ համար շոշափելիորեն բացահայտեցինք իրոք անվախ կանանցՙ Ալմա Յոհանսոնի եւ Աննա Բյուլի անունները:

Մեզ մնում է միայն հավերժաբար երախտագիտությամբ եւ գործուն կերպով հիշել գթասրտության բոլոր քաջարի ասպետներին: Երախտագիտություն հայտնելՙ չի նշանակում միայն ինչ-որ պարտք կատարել: Դա պարզապես յուրաքանչյուր նորմալ մարդու նորմալ զգացում է: Լավ իմանալով դա, հայերը վաղուց մշակել են իրենց ժողովրդական բանաձեւըՙ «Սերն է սիրո գինը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.