AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 795, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՂԱԶԱԽՍՏԱՆՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը , ելույթ ունենալով իշխող «Նուռ Օտան» կուսակցության համագումարում, հայտարարել է նախընտրական մրցարշավում իր մասնակցության մասին:

«Առաջին դեմքի» թեկնածությունն իբրեւ նախագահական պաշտոնի հավակնորդի, առաջադրել է ճանաչված ղազախստանյան գիտնական, ակադեմիկոս Կենժեգալի Սագադիեւը:

- Նազարբաեւը հանդիսանում է միակ արժանի թեկնածուն,- հայտարարել է ակադեմիկոսը կուսակցության անունիցՙ ելույթ ունենալով համագումարում: Դրանից հետո հարցը գործնականում վճռված էր: Դրական:

Ղազախստանի ղեկավարն ընդգծեց, որ իր հրամանագիրը «Ընտրությունների անցկացման մասին», որը նշանակվել է ապրիլի 26-ին, պատասխանն էր ժողովրդական նախաձեռնության, որը բարձրաձայնվել էր Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի կողմից: Իսկ ղազախստանյան պետական իշխանության աշխատանքի նպատակն անվանեց հանրապետության զարգացման վրա արտաքին բացասական գործոնների անթույլատրելիությունը:

- Մեզ սպասում է մեր երկրի կյանքի պատմական, ճակատագրական ժամանակահատված,- ընդգծել է Նազարբաեւը,- ներկայումս իրավիճակն աշխարհում բարդանում է: Էապես մեծացել են տնտեսական ռիսկերը, համաշխարհային գների անկման պատճառով նվազել են մեր բյուջե մուտքերը: Համարյա բոլոր պետությունները զգում են այդ դժվարությունները, ոչ միայն մենք:

Այդ մարտահրավերներին ու սպառնալիքներին պատասխան է անվանել նախագահը «Նուռլի ժոլ» նոր տնտեսական ծրագիրը, ինչպես նաեւՙ պետության նախկին սոցիալական քաղաքականության պահպանումը եւ բոլոր սոցիալական պարտավորությունների կատարումը: Մի խոսքով, պետության ղեկավարը խոստացավ հավատարիմ մնալ նախկին գծին:

- Մարդը պետք է գնա ընտրությունների, եթե ունի ծրագրերի եւ նպատակների փաթեթ, որի հաշվին ուզում է բարելավել ժողովրդի կյանքը,- ամփոփել է Նուրսուլթան Նազարբաեւը,- եթե չկա նման նպատակ ու խնդիր, չպետք է գնալ:

2016 թվականի նախագահական ընտրությունները տեղափոխելու դասական պատճառ է նշվում դրանց հնարավոր զուգակցումը խորհրդարանական ընտրությունների հետ, որոնք նույնպես ծրագրված էին հաջորդ տարի: Երկու ընտրական արշավ, որոնք կանցնեին գործնականում միաժամանակ, գնահատվեցին չափազանց եւ փորձ արվեց դրանք տարբերակել ժամանակի մեջ:

Սակայն ինչո՞ւ որոշեցին վաղաժամ անցկացնել նախագահի ընտրություններն, այլ ոչ թե խորհրդարանականների: Այս հարցի պատասխանն իմաստ ունի փնտրել պետության ղեկավարի այն նույն ելույթում, որտեղ ասվում է, բացի մնացած ամեն ինչից, որ Ղազախստանին սպասում է նաեւ քաղաքական համակարգի բարեփոխում:

Նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդլայնել պետական համակարգի ղեկավարների հաշվետվության գործառույթը ժողովրդի առջեւ, այդ թվում նաեւ Ինտերնետի միջոցով, եւ դրա հետ մեկտեղ ապահովել հետադարձ կապը:

- Կարեւոր է ամրապնդել հասարակական խորհուրդների դերը պետական մարմիններին եւ ակիմատներին առընթեր,- հայտարարել է Նազարբաեւը,- դրանից միայն ավելի լավ արդյունք կլինի:

Բացի դրանից, ըստ Ղազախստանի ղեկավարի, երկիրը կարիք ունի այսպես կոչված քաղաքացիական բյուջետավորման, որի համաձայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեն բյուջետային միջոցների բաշխման գործընթացին մասնակցելու, հատկապեսՙ մարզերում: Իսկ պետական մարմիններին կզրկեն «կեսարի կնոջ» ոչ պաշտոնական կարգավիճակից, որն ինչպես հայտնի է, միշտ կասկածից վեր է:

- Օրենքով պետք է ընդլայնվեն քաղաքացիների հնարավորությունները պաշտոնյաների գործողությունները բողոքարկելու հարցում,- հայտարարել է նախագահը:

Բարեփոխման բարձրակետը կլինի հասարակության մեջ ինքնակարգավորման ներդրումը, որն ուղղված կլինի պետական մարմինների պատասխանատվության գոտիների կրճատմանը, դրանց լիազորությունները քաղաքացիական հասարակության հաստատություններին փոխանցելով: Եվ, այդ դեպքում, կարելի կլինի լուծել տեղական գործադիր մարմինների եւ ընդհանրապես իշխանության ընտրության համակարգի նորացման հարցը:

Նազարբաեւը բարձրաձայնել է նաեւ նման քաղաքական ռազմավարության օրինաչափ արդյունքը:

- Փուլ առ փուլ պետք է իրականացվի սահմանադրական բարեփոխում, որը ենթադրում է իշխանական լիազորությունների վերաբաշխում նախագահից խորհրդարան եւ կառավարությունՙ մեր ավանդույթները հաշվի առնելով,- ամփոփել է նա:

Այս հայտարարությունից հետո ԶԼՄ-ներում հայտնվեցին բազմաթիվ տարբերակներ իրադարձությունների հնարավոր զարգացման մասին: Մասնավորապես, խոսք գնաց Ղազախստանի անցման մասին կառավարման նախագահական համակարգից նախագահական-խորհրդարանականի, գուցե եւ մաքուր խորհրդարանականի:

Եվ փորձարկել դա, ինչպես երեւում է, կսկսեն նոր ընտրվելիք խորհրդարանում, այնպես որ 2020 թվականին, երբ կանցնեն նոր նախագահի ընտրությունները, մեխանիզմը մշակված լինի ըստ ամենայնի:

Ղազախստանյան փորձագետների կարծիքով ընտրությունների «բաժանումը» միայն դրական կազդի պետության տնտեսության վրա: Նման կարծիք է հայտնել «Գործարար ժամանակ» հեռուստատեսային ծրագրում նաեւ տնտեսական գիտությունների դոկտոր Եսենժոլ Ալիյարովը :

- Այժմ Ղազախստանում ամենաբարձր եւ քննարկվող իրադարձությունը հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններն են,- հայտարարել է նա,- դա նախատեսված է Սահմանադրությամբ: Կարելի է անցկացնել վաղաժամ, ընտրելու է ժողովուրդը: Պետության ղեկավարը կընտրվի միայն ժողովրդի քվեով: Հաջորդ տարի պետք է անցկացնել խորհրդարանի ընտրություններ: Եվ որքան կարճ լինի այդ երկու ընտրությունների միջեւ ժամանակահատվածը, այնքան դա վատ կլինի տնտեսության համար, պետության բյուջեի համար:

Դրական քաղաքական արդյունքի (այդ թվում եւ արտաքին) մասին նրան երկրորդում են ռուսաստանյան վերլուծաբանները:

- Ակնհայտ է, որ դրանցում (արտահերթ ընտրություններին.- Ա.Ս.) կմասնակցի Նուրսուլթան Նազարբաեւը,- նշել է ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Անդրեյ Կազանցեւը ,- եւ ակնհայտ է, որ նա կհաղթի: Ոչ մի իրատեսական այլընտրանքային թեկնածու ազգային առաջնորդին, որը ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծեց ժամանակակից ղազախստանյան պետություն, առայժմ չկա:

Նախագահ Նազարբաեւի լիազորությունները կերկարացվեն: Սա փաստորեն միակ իրատեսական սցենարն է իրադարձությունների ծավալման համար: Ընդ որում, կարեւոր կլինի այն, որ նախագահը հաղթաթուղթ կունենա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականություն վարելու համար, ի դեմս ժողովրդի վստահության նոր մանդատի: Ակնհայտ է, որ Նազարբաեւի օգտին տրված քվեների թիվը բարձր կլինի (75-90 %-ի կարգի), եւ դրա համար ոչ մի ձեռնածություն պետք չէ, որովհետեւ արդյունքն ազնիվ կլինի, քանի որ կասկած չկա, որ ժողովուրդը Նազարբաեւին վստահում է:

Արտահերթ ընտրությունների մասին առաջարկի պատճառը ձգտումն է «իրարից բաժանելու» ժամանակի մեջ ընտրությունները տարբեր կարգի սպառնալիքների աճը հաշվի առնելով (որոնք սպասվում են 2016 թվականին): Ես չեմ կարծում, որ եթե բոլոր մակարդակների ընտրություններն անցնեին 2016 թվականին, դա կհանգեցներ լուրջ ապակայունացման: Սակայն ընտրությունների եւ ռիսկերի գագաթնակետի համընկնելու հավանականություն կա: Այդ պատճառով էլ վաղաժամ ընտրությունների մասին որոշումը պետք է կանխի հնարավորությունը ամեն կարգի ապակայունացման, որը կապված է ռիսկերի համընկնելուն հետ:

Լիբերալների միջավայրում ղազախստանյան ընտրազանգվածն ընդունված է քննադատել գործող նախագահի նկատմամբ չափազանց լոյալ վերաբերմունքի համար: 2011 թվականին ղազախստանյան առաջնորդի օգտին տրված քվեների թիվը կազմել է բոլոր ընտրողների 95 %-ը: Ընդդիմությունն ավանդաբար նման բարձր ցուցանիշների փաստը կապում է արդյունքների կեղծման կամ վարչական ռեսուրսի ճնշման հետ, բայց դա մեծապես նման է սեփական քաղաքական ինֆանտիլ կեցվածքն արդարացնելուն:

Եթե դարասկզբին ետխորհրդային տարածքում ժողովուրդն ուրախությամբ ծափ էր տալիս «գունավոր հեղափոխություններին», ապա վերջին տարիներին այդ հիացմունքն էապես նվազեց: Ժողովրդավարություն տենչացող քաղաքացիների ազատ կամարտահայտության հետեւում հանկարծ ի հայտ եկան փորձառու ձեռնածու-տիկնիկ խաղացնողների ձեռքերը: Իսկ խոստացված ազատության փոխարեն ասպարեզ եկան կենսամակարդակի աղետալի անկումը, երբեմնՙ նույնիսկ քաղաքացիական պատերազմը:

Դրա համար էլ Ղազախստանում ժողովուրդը քվեարկում է Նազարբաեւի օգտին, հուսալով պահպանել պետության կայունությունը ժամանակակից անհանգիստ աշխարհում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.