AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



ԵՄԵՆՅԱՆ ԹՆՋՈՒԿ

Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 928, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՈՒԺԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող «Ստրատֆոր» աշխարհաքաղաքական եւ գլոբալ հետախուզական շաբաթաթերթի հիմնադիր վերլուծաբան Ջորջ Ֆրիդմանի հոդվածը, որոշ առումով շարունակությունը կարելի է համարել մեր թերթի մարտի 13-ի համարում լույս տեսած նույն հեղինակի «Նաթանյահուն, Օբաման եւ աշխարհաքաղաքականությունը» հոդվածի, որտեղ քննարկվում էր Մերձավոր Արեւելքում ուժերի հավասարակշռություն ստեղծելու, տարածաշրջանում Սաուդյան Արաբիա-Իսրայել-Թուրքիա-Իրան ուժային կենտրոններ ստեղծելու ամերիկյան նոր քաղաքականությունը:

Նախորդ շաբաթ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ստեղծված սուննի արաբական երկրների կոալիցիան օդային հարձակումներ իրականացրեց Եմենում: Թիրախը այնտեղ բնակվող հութիներն էին, Իրանի կողմից պաշտպանված շիա մահմեդականների խմբավորումը եւ նրա սուննի գործընկերները, այդ թվում նաեւ երկրի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին հավատարիմ մնացած զինված ուժերի մեծամասնությունը: Օդային հարձակումները հատուկ ուշադրության են արժանի, որովհետեւ դրանց չէր մասնակցում ամերիկյան օդուժը: Չնայած Մ. Նահանգները ցուցաբերել էր հետախուզական եւ այլ բնույթի օժանդակություն, այդուհանդերձ հութիների դեմ լայնածվալ հարձակումը արաբական երկրների կոալիցիան էր իրագործում:

Երեք հանգամանքներ կարեւոր են դարձնում այս իրադարձությունը: Առաջինՙ դա ցույց է տալիս, որ Մ. Նահանգների տարածաշրջանային նոր քաղաքականությունը արդեն սկսել է գործել: Վաշինգտոնը հրաժարվում է 2000-ական թվականների առաջին տարիների իր որդեգրած ռազմավարությունիցՙ այսինքն տարածաշրջանային հակամարտություններում գործող գլխավոր զինվորական ուժը լինելուց, եւ կռվելու առաջնային բեռը փոխանցում տարածաշրջանային ուժերին, իրեն վերապահելով երկրորդական դեր միայն: Երկրորդ, որ երկար տարիներ առաջնակարգ զինտեխնիկա գնելուց հետո, սաուդցիներն ու Ծոցի համագործակցության խորհրդի երկրները ի վիճակի են բավականին բարձրորակ հարձակում իրականացնել, առայժմ Եմենում գոնե:

Հարձակումը սկսվեց ճնշելով թշնամու օդային պաշտպանությունը (հութիները երկիր-երկինք հրթիռներ էին ձեռք բերել Եմենի զինվորականներից) եւ առաջ շարժվեց դեպի հութիների այլ կառույցներ: Այս ամենը նշանակում է, որ մինչ տարածքային ուժերը երկար ժամանակ գոհ են եղել մարտական բեռը Մ. Նահանգների վրա բարդելուց, իրենք էլ կարող են այդ բեռը տանել, եթե Մ. Նահանգները հրաժարվի ներգրավված լինել դրանում:

Ավելի կարեւորն այն է, որ հուդիների վրա այդ հարձակումները ուշադրությունը բեւեռել են տարածաշրջանում ընթացող նոր կացության վրա, որն է պատերազմը սուննիների եւ շիաների միջեւ: Իրաքում եւ Սիրիայում լայնածավալ պատերազմ է մոլեգնում: Տիկրիտում մարտերն ընթանում են մի կողմից սուննի իսլամական պետությունների եւ նրանց դաշնակիցների ու մյուս կողմից գերազանցապես շիաներով համալրված իրաքյան բանակի, ոստիկանության, սուննի ցեղային խմբավորումների եւ սուննի քրդական միավորումների բարդ միաձուլման միջեւ: Սիրիայում կռիվը նախագահ Բաշար ալ-Ասադի աշխարհիկ կառավարության (գերազանցապես ալեւիներից եւ շիաներից կազմված) եւ սուննի խմբավորումների միջեւ է: Կառավարության կողմն են անցել նաեւ որոշ սուննիներ, դրուզներ եւ քրիստոնյաներ: Սիրիական ընդդիմությանը կարելի չէ կոալիցիա համարել, որովհետեւ նշանակալի թշնամանք կա միմյանց միջեւ, ոչ միայն շիա եւ սուննի դավանողների միջեւ, այլեւ շիա եւ սուննի խմբավորումների ներսում: Եմենում պատերազմող կողմերի իշխանության համար մղված պայքարը վերածվել է դավանական, աղանդավորական հակամարտությանՙ ի շահ տարածաշրջանային դերակատարների: Դա շատ ավելի բարդ հակամարտություն է, քան սոսկ շիա-սուննի պատերազմը, բայց միաժամանակ այն հասկանալի չի լինի, առանց սուննի-շիա բաղադրիչի:

Իրանի մարտավարությունը եւ սաուդցիների արձագանքը

Այս հարցը կարեւոր է այն առումով, որ Իրանը ձգտում է ընդլայնել իր ազդեցության ոլորտը արաբական աշխարհում: Սա նոր մարտավարություն չէ: Իրանը փորձել է ավելի մեծ ազդեցություն ունենալ Արաբական թերակղզու վրա դեռ շահի իշխանության օրերից: Իսկ մեր օրերում այդ երկիրը պայքարում է իր ազդեցության ոլորտը երկարել ամբողջ Միջերկրականով մեկ: Սիրիայում Ասադի կառավարության ամրապնդումը եւ Իրաքում իրանամետ կառավարության հաստատումը, ինչ խոսք, կնպաստեն այդ ազդեցության իրականացմանը, հաշվի առնելով նաեւ Լիբանանում «Հզբոլլահի» հզորությունը:

Մի պահ թվաց, թե այս մարտավարությունը խափանվում է 2012-ին Ասադի կառավարության մոտալուտ տապալումով եւ Իրաքում նոր կառավարության հաստատումով, որը հեռու էր իրանամետ լինելուց: Այդ զարգացումները, միանալով արեւմտյան պատժամիջոցներին, Իրանին ստիպեցին զգուշավոր լինել եւ ազդեցության ոլորտը ընդլայնելու գաղափարը դարձավ երազ:

Բայց, տարօրինակ ձեւով, «Իսլամական պետության» հառնումը վերակենդանացրեց իրանյան ձգտումները երկու ուղղությամբ: Նախՙ հակառակ տարածված լուրերին այն մասին, որ «Իսլամական պետությունը» սարսափելի է եւ չափազանց ուժեղ, իրականությունն այն է, որ այն ճիշտ է, որ թույլ չէ, սակայն ներկայացնում է իրաքյան սուննիների ընդամենը մեկ հատվածը, իսկ սուննիները արդեն իսկ փոքրամասնություն են Իրաքում: Միեւնույն ժամանակ չափազանցված լուրերը զորակոչի են ենթարկել շիա դավանող ամբողջ հասարակությանը պայքարելու ընդդեմ «Իսլամական պետության», իրանցի խորհրդատուների միջոցով արդյունավետ կերպով ղեկավարելու իրաքյան ոստիկանությունը եւ որոշ չափով նաեւ բանակը, ինչպես նաեւ ստիպելու Մ. Նահանգներին, որ իր օդուժը օգտագործի իրանյան աէրոդրոմի զորամասերի հետ զուգահեռ: Հաշվի առնելով այս համագործակցությունը կարելի է ասել, որ վերջին հաշվով հաղթանակ տանողը Իրանն է լինելու:

Գրեթե նմանատիպ մի կացություն էլ Սիրիայում է ստեղծված, չնայածՙ տարբեր ժողովրդագրական գործոններով: Իրանը եւ Ռուսաստանը պատմականորեն պաշտպանել են Ասադի կառավարությունը, իրանցիները ավելի մեծ դեր են խաղացել այնտեղ իրենց դաշնակիցՙ «Հզբոլլահին» ներգրավելով պայքարի մեջ: Արդյունքում այն ինչ որոշ ժամանակ առաջ կորսված դատ էր համարվում, այժմ այլ պատկեր է ներկայացնում: Մ. Նահանգները չափազանց թշնամական էր վերաբերվում Ասադին, բայց հանգամանքների բերումով փոխել է իր դիրքորոշումը եւ առնվազն չեզոք է ձեւանում: Ասադը բնականաբար կգերադասեր, որ այդ չեզոքությունը վերածվեր Վաշինգտոնի հետ ուղղակի երկխոսության: Բայց ինչ էլ լինի, արդյունքում Իրանը հնարավորություն է ստանում իր ազդեցությունը պահպանել Սիրիայում:

Եթե քարտեզին նայեք եւ մտածեք Եմենում ստեղծված կացության մասին, ապա պարզ կդառնա, թե ինչու սաուդցիներն ու Ծոցի համագործակցության խորհրդի երկրները ստիպված էին քայլեր ձեռնարկել: Հաշվի առնելով այնՙ ինչ կատարվում է Արաբական թերակղզու հյուսիսային սահմաններում, սաուդցիները պետք է հաշվարկեն հութիների հաղթանակի հնարավորությունը, որի դեպքում իրանամետ շիա պետություն կհաստատվեր նաեւ հարավում, Սաուդյան Արաբիային եւ Ծոցի մյուս երկրներին շրջապատող իրանյան օղակ կառուցելով: Բարդ իրավիճակ է: Սաուդյան կողմին ի նպաստ աշխատող գործոնն այն է, որ հութիները «Հզբոլլահի» նման շիա հավատավորներ չեն եւ սաուդյան փողերի եւ իրանյան օժանդակությունների դեմ պայքարելու միջոցով գուցե հնարավոր լինի մեղմացնել համընդհանուր սպառնալիքը: Ամեն դեպքում, սաուդցիները պարտավոր էին գործի անցնել:

Արաբական գարնան ժամանակ Բահրեյնում կառավարությունը տապալելու փորձը հաջողությամբ էր պսակվելու, եթե Սաուդիան Արաբիան չմիջամտեր եւ իր կամքը չթելադրեր: Սաուդցիները չափազանց զգայուն էին իրենց հարեւանությամբ շիա վարչակարգի առաջացման հեռանկարի հանդեպ եւ միակողմանի միջամտության արդյունքում կարողացան ճնշել ապստամբությունը: Ինչպիսին էլ լինեն բարոյական խնդիրները, պարզ է, որ սաուդցիները վախենում են Իրանի եւ շիաների ազդեցությունից եւ պատրաստ են ուժ գործադրել: Ահա թե ինչու հարձակվեցին Եմենի վրա:

Որոշ առումով հարցը բավական պարզ է սաուդցիների համար: Նրանք ներկայացուցիչներն են սուննի կրոնական աշխարհի «ձգողականության կենտրոնի» եւ ըստ այդմ նրանք իրենց համախոհների հետ նախաձեռնել են մի մարտավարություն, որը պաշտպանողական է ռազմավարական առումով եւ հարձակողականՙ տակտիկական առումով: Նրանց նպատակն է խափանել Իրանի եւ շիաների ազդեցությունը: Նրանք հետեւում են Ամերիկայի 2000-ականների մարտավարությանը, միայն թե ավելի փոքր չափսերով:

Մ. Նահանգների դիրքորոշումը

Ամերիկյան մարտավարությունը շատ ավելի բարդ է: Ինչպես նախօրոք նշել եմ, դրա հիմնական գաղափարը ուժերի հավասարության պահպանումն է: Այս մոտեցումը բարդ է, որովհետեւ չի պաշտպանում որեւէ որոշակի մի ուժի, այլ փորձում է բազմաթիվ ուժերի միջեւ պահպանել հավասարություն: Մ. Նահանգները սաուդյան կոալիցիային մատակարարում է հետախուզական տվյալներ եւ առաքելությունը իրականացնելու ծրագիր: Իրաքում պաշտպանում է շիաներին եւ նրանց դաշնակիցներինՙ ռմբակոծելով «Իսլամական պետության» կառույցները: Սիրիայում այնքան բարդ է ամերիկյան մարտավարությունը, որ ոչ մի հստակ բացատրություն հնարավոր չէ գտնել: Սա է մեծածավալ միջամտությունից խուսափելու եւ ուժերի հավասարություն պահպանելու քաղաքականության բնույթը: Մ. Նահանգները կարող է ընդդիմանալ Իրանին մի հարցում եւ պաշտպանել նրան մի այլ հարցում: Սառը պատերազմի առավել հասարակ ու պարզ կանոններն այստեղ չեն գործում: Անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Իրանի հետ միջուկային զենքի շուրջ բանակցությունները, Մ. Նահանգները շարունակելու է ռմբակոծել «Իսլամական պետությունը», որը Իրանին նպաստավոր է, եւ միաժամանակ օժանդակելու է Սաուդյան Արաբիային Եմենի հարցում, որը նպաստավոր չէ Իրանին:

Իրանն այս անգամ փորձում է Միջերկրական ծովի իր ազդեցության ոլորտում ներառել նաեւ Եմենին: Դա իր հերթին սպառնալիք է Արաբական թերակղզու համար: Սաուդցիները պարտավոր էին միջամտել: Բայց հարցն այն է, թե արդյո՞ք օդային հարձակումները բավական են կանգնեցնելու հութիներին: Ի՞նչ է լինելու սաուդցիների հաջորդ քայլը: Եվ ի՞նչ է լինելու ամերիկացիների արձագանքը: Ներկա մարտավարությունը պահանջում է հավասարակաշռություն Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ:

Թուրքիայի դերը

Համեմատաբար լուռ մնացող, բայց այս ամենի հետ մեծապես առնչվող կարեւոր երկիր է Թուրքիան, որն ունի տարածաշրջանում ամենամեծ տնտեսությունը եւ ամենամեծ բանակը, չնայած վերջինիս մարտունակությունը վիճելի է: Թուրքիան ականատես է իր հարավային սահմանի երկարությամբ տիրող քաոսին, Կովկասում սաստկացող լարվածությանը եւ Սեւ ծովից այն կողմ ծավալվող հակամարտությանը: Այս ամենի մեջ, սակայն, ամենամտահոգիչը Սիրիան է, Իրաքը եւ իրանյան ուժի եւ ազդեցության հնարավոր վերելքը:

Թուրքիան վերջերս քիչ է արտահայտվում Իրանի մասին, բայց անցյալ շաբաթ Անկարան հանկարծակի քննադատեց Թեհրանին եւ մեղադրեց նրան տարածաշրջանում գերակայություն ստանձնելու փորձերի համար: Թուրքիան հաճախ բաներ է ասում, որ հետագայում գործնականի չեն վերածվում, սակայն նման զարգացման փաստը ինքնին ուշագրավ է:

Չմոռանանք, որ Էրդողանի երազանքն է եղել Թուրքիային տեսնել որպես տարածաշրջանի եւ սուննի աշխարհի առաջնորդ երկրի: Սաուդցիների ակտիվության եւ Սիրիայում եւ Իրաքում թուրքերի համեմատաբար փոքր ներգրավվածության հետեւանքում, պետք է ասել, որ Թուրքիան բաց է թողնում պահը: Այսպիսի պահերը գալիս, գնում են: Պատմությունը չի փոխվում: Բայց Թուրքիան դեռեւս գլխավոր սուննի իշխանությունն է եւ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հետ տարածաշրջանային հավասարակշռությունը պահպանող երրորդ ուժը:

Թուրքիայի զարգացումը կրիտիկական քայլ է լինելու ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը պահպանելու գործում: Դա նշանակելու է, որ Մեծ Բրիտանիայի կամ Միացյալ Նահանգների փոխարեն տեղական իշխանություններն են որոշելու առաջացող խնդիրների ելքը: Ամերիկայի դերը, ինչպես դրանից առաջ Բրիտանիայի դերը, այլեւս չի լինելու ուղղակի մասնակցություն տարածաշրջանային պատերազմներին, այլ միայն օգնությունՙ կայունացնելու ուժերի հավասարակշռությունը:

Դա արդեն նկատելի է Եմենում եւ Իրաքում: Դա չափազանց բարդ ու խճճված դեր է, որը չունի պարզունակ կամ գաղափարախոսական մեկնաբանություն: Բայց այն արդեն ներկա է, սկսում է բացել իր ծալքերը եւ ներկայացնելու է Մերձավոր Արեւելյան դինամիկայի հաջորդ սերունդը: Եվ եթե իրանցիները մի կողմ դնելով միջուկային զենքի իրենց տեսական ըմբռնումները կենտրոնանան այս հարցի վրա, ապա թուրքերն էլ կներգրավվեն եւ կամբողջացնեն ուժերի հավասարակշռության գործընթացը:

Geopolitical Weekly, Stratfor G.I., Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.