AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 23. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՄԽԻԹԱ՞Ր
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015



Տեղադրվել է` 2015-04-23 19:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 797, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ` ՆՈՐ ԵՎ ՀԱՐՈՒՍՏ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Մ.Խ.

Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին ներկայացավ նոր, համալրված ցուցադրությամբ եւ թարմ ներքին հարդարմամբ: Նախկին երեք սրահի փոխարեն` 12 սրահում կարելի է գտնել այն բոլորը, ինչ կապ ունեի 20-րդ դարի սկզբին հայերի դեմ կատարված ոճրագործության առանձին դրվագների, քաղաքատնտեսական շարժառիթների եւ աշխարհաքաղաքական համատեքստի վերաբերյալ: Ապրիլի 21-ի առավոտյան նոր ցուցադրությունը ներկայացվեց լրագրողներին, իսկ արդեն երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի եւ բազմաթիվ հյուրերի ներկայությամբ տեղի ունեցավ նոր ցուցադրության հանդիսավոր բացումը: Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը լրագրողներին պատմեց, որ թանգարանը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը եւ շրջակա տարածքը նորոգվել են «Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով, մասնավոր բարերարների նվիրատվությամբ:

Բուն թանգարանի ցուցադրական մասն ընդարձակվել է երկուսուկես անգամ, կիրառվել են թանգարանային գործի նոր տեխնոլոգիաներ, երեք լեզուներով ցուցադրանքը հիմնվում է ոչ միայն վերջին տարիների գիտամեթոդական նոր մշակումների վրա, այլեւ վիզուալ առումով լայնորեն ամրագրված է տեսաշարով, նյութաշարով ու փաստաշարով: Վերջին 7-8 տարվա հավաքչական աշխատանքով ձեռքբերված բազմաթիվ նոր նյութեր եկել են լրացնելու թանգարանի ցուցադրանքը , ընդ որում` նրանց մեջ բազմաթիվ են բնօրինակ եզակի նյութերը (մինչեւ 90 հազար բնօրինակներ): Ցուցադրանքն ամփոփված է 52 խորագրի ներքո, որոնք խորագիր առ խորագիր վեր են հանում Հայոց պատմության այդ ողբերգական շրջանը` Ցեղասպանությանը նախորդող տարիների դեպքերից սկսած` մինչեւ ուշ շրջանի արձագանքներ, ճանաչման ու դատապարտման նյութեր: Ընդ որում` անգնահատելի նյութի պահպանության համար եւս Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այժմ ունի բոլոր հնարավորությունները:

Շինարարության համար ծախսվել է 4,5 մլն դոլարին համարժեք գումար:

Բարերներից են Գաբրիել Ջեմբերջյանը, Ռալֆ Յիրիկյանը, Ջիվան Չելոյանցը, «Երեւանջուրն» աջակցել է ժամանակավոր ցուցադրությանը:

Նորոգման աշխատանքները վերահսկել է նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը, որը նշեց, թե շինարարները բարձր մակարդակով նորոգել են թանգարանի հիմնական շենքը, եւ 2 նոր մասնաշենքեր են կառուցել: Ըստ Ֆելիքս Փիրումյանի` ոչ մի դրամ պետական բյուջեից չի հատկացվել, այլ հիմնական չորս բարերարների միջոցներով են կատարվել աշխատանքները: Նա եւս հարկ համարեց նշելու բարերարներից Գաբրիել Ջեմբերջյանի, Մաքսիմ Հակոբյանի, Արմեն Շահազիզյանի եւ Ռալֆ Յիրիկյանի անունները:

Տարբեր ժամանակներում ցեղասպանությունը վերապրածների զավակներից շատերն են նվիրատվություն արել թանգարանին, որոնց մեջ բացառիկ փաստաթղթեր կան:

Հայկ Դեմոյանը հատուկ նշեց եգիպտահայ բարերար Սուրեն Բայրամյանին եւ էլի շատերին, որոնք բազմաթիվ բացառիկ նվիրատվություններ են արել թանգարանին:

Թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացման կապակցությամբ Հանրապետության Նախագահը թանգարանին նվիրել է «Գրիգորի Նարեկայ Վանից վանականի Մատեան Ողբերգութեան, Ի Կոստանդնուպօլիս, 1850» գիրքը, որը փրկվել է 1915 թվականին տեղահանության ժամանակ: Թանգարանի հատուկ հյուրերը եւս հանձնել են իրենց նվերները: Կատերինա Յամադան թանգարանին է նվիրել բրնձով լցված ապակե շիշՙ Ցեղասպանությունից հետո Մերձավոր Արեւելքի որբանոցներից մեկում երեխաների համար նախատեսված օրական պարենի չափով, որի բավարար չլինելու պատճառով կոմիտեն ստիպված մերժել է ընդունել հազարավոր երեխաների: Շշի վրա կա գրությունՙ «Օգնություն հայ որբերին»: Հյուրերից Յուսի Բյորը նվիրել է իր տատիկիՙ Բոդիլ Բյորնի օրագիրը եւ կնիքը, իսկ Սոսի Հաբեշյանըՙ Մարիա Յակոբսենի դրամապանակը եւ լուսանկարՙ որբերին խնամելիս:

Կահիրեից Սուրեն Բայրամյանը ցեղասպանության թանգարանին նվիրել է ցեղասպանությունից փրկված հոր` Նարբեի Բայրամյանի անձնական իրերը: Նա պատմեց հոր փրկության պատմությունը: Սեբաստիայի Գեմերեք քաղաքի տեղահանությունից հետո Նարբեին կորցնում է իր ողջ ընտանիքը, հայտնվում Հունաստանի ամերիկյան նպաստամատույց որբանոցում, իսկ 1923-ին գնում է Ալեքսանդրիա: Սուրեն Բայրամյանի հայրը տեղեկություն ուներ, որ քույրն էլ փրկվել է, բայց ստույգ ոչինչ չգիտեր նրա մասին: Մի օր որբանոցում Նարբեին երազում տեսնում է, որ հանդիպում է քրոջը.«Եթե քույրս իսկապես ողջ լինի ու տեսնեմ նրան` օրվա հացս քեզ թող լինի», առավոտյան երազը սենյակակցին պատմելիս ասում է Նարբեին: Ու մի զարմանալի մի զուգադիպությամբ այդ օրը աղջիկների խումբ է գալիս որաբնոց, ու Նարբեին նրանց մեջ գտնում է իր քրոջը: Այդ օրը Նարբեն սոված է մնում, քանի որ հացը խոստացել էր սենյակակցին: Նարբեի որբանոցի իրերը, պայուսակը, Սուրենի Մեծ մոր` Նարբեի կնոջ Կեսարիայում ստեղծված հարանեկան ու օժիտի հագուստները, տնային առարկաներ, որ շեն Կեսարիայի հայերի ձեռքի աշխատանքն էին, որտեղից Բայրամյանի Մեծ մայրն էր փախել, նա հանձնել է Ցեղասպանության թանգարանին: Բացի սրանցից` Սուրեն Բայրամյանը նվիրել է նաեւ 1914-1921 թվականներին հայերի հետ տեղի ունեցած ողբերգական պատահարների շուրջ Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում լույս տեսած հայկական բազմաթիվ վկայությունների բնօրինակները: Բայրամյանի նման Ցեղասպանություն վերապրածների շատ ժառանգներ կապված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ եւ իրենց նվիրատվություններով օգնել են մի անգնահատելի հավաքածուի ձեւավորմանը, որը Թուրքիայի ամոթն է, Հայոց ողբերգության անվերջանալի փաստարանը եւ ցեղասպանագետների համար ապացույցների անգնահատելի մի շտեմարան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.