AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 11. ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015



Տեղադրվել է` 2015-04-25 15:23:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1315, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԺԽՏՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 100 ՏԱՐԻ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այնքան շատ իրադարձություններ էին կատարվում այս օրերին Հայաստանում եւ նրա շուրջը, որ դրանք իմաստավորելը շատ դժվար է, անգամ տեղի ունեցողի պարզ թվարկումն է դժվար` շատ մեծ ծավալի ու որակյալ բովանդակության պատճառով: Միգուցե այն էլ կա, որ բուն իրադարձությունների մասնակիցը լինելով` դեռ չենք ըմբռնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ տեղի ունեցած շատուշատ իրողությունների պատմականությունն ու նշանակալիությունը, որոնք կարող են այսուհետ արդեն գործնական հետեւանքների հանգեցնել: Այո, վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիային ժխտողականության համար դատապարտողները կամ չդատապարտողները այլեւս միայն իրենց շահերից ելնելով չէ, որ գործում են կամ կարող են գործել: Հատկապես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի դարակազմիկ ելույթից հետո կշեռքի նժարը դանդաղորեն թեքվում է դեպի միջազգային բարոյականություն, բարոյականությամբ առաջնորդվելը Եվրոպայում մոդայիկ է դառնում` միգուցե շահերն էլ այդ ուղղությամբ այս անգամ շատ դեպքերում համընկնում են:

Միայն վերջին մեկ ամսում տեսեք քանի փաստաթուղթ է ընդունվել` Հայոց ցեղասպանության դատապարտման ու, կարեւորը` հետագա գործողությունները մոտեցնելու առումով. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանության կանխարգելման բանաձեւ, Եվրոխորհրդարանի բանաձեւը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուքեի հեղինակած եւ երեկ շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը, որին մոտ երկու հարյուր պատգամավոր է միացել: Եվ, իհարկե, Հռոմի պապի դարակազմիկ հայտարարությունը:

Վերջապես վերջին երկու օրը Երեւանում տեղի ունեցավ ընդդեմ ցեղասպանութունների հզոր մի համաժողով, որտեղ պարզապես ի մի էին եկել այնքան հայտնի գիտնականներ ու աշխարհի խորհրդարանների այնքան նշանավոր դեմքեր, հնչեցին այնպիսի ելույթներ, որոնցից ամեն մեկը կարելի էր նշանակալից համարել` դատապարտման եւ իրազեկման առումով, որ այս համաժողովի էներգետիկան կարելի է թուրքական ժխտողականության դեմ կատարված մի շատ կարեւոր քայլ համարել:

Ժխտման 100 տարի

100 տարի` առանց հայրենիք, 100 տարի առանց հատուցման, 100 տարի` ընդվզումի, 100 տարի` հիշողության, 100 տարի` ոտքի կանգնելու եւ վերքերն ամոքելու: Այդ 100 տարվա ընթացքում իրար բախվեցին ժխտումն ու դատապարտումը, սուտն ու ճանաչումը, բարոյականությունն ու շահերով ամրապնդված կեղծիքը: Եվ տարելիցի այս օրը, հանգիստ կարելի է ասել` կեղծիքը նահանջում է, դժվարությանբ, դիմադրելով դեռ, բայց նահանջում է, քանի որ առաջ գնալու ճանապարհներն ու սողանցքներն են կամաց-կամաց փակվում հերթով: Ճիշտ որ` մոռանալով` երկրորդ անգամ ես սպանում: Թուրքական ժխտողականության հույսը 100 տարվա մոռացումն էր` չստացվեց:

Աշխարհը միայն ինքնապաշտպանական բնազդից ելնելով անգամ չէր մոռանալու: Բացի այդ` մարդու ոչ միայն մյուսին սպանող տեսակը կա, փառք Աստծո, այլեւ ամոքողը, վիշտ կիսողը, ձեռք մեկնողը, ու աշխարհը կանգուն է հենց վերջին տեսակով: Ուրեմն նաեւ` վերքերի բուժման 100 տարի, հայրենի տուն վերադարձի հույսի 100 տարի, ժխտողին իր տեղը ցույց տալու 100 տարի, ուրիշի հայրենիքը խլողին մեղքերն ընդունել տալու100 տարի:

Ազնավուրն ասում է` մենության 100 տարի: Ասում է` ես այդ ժողովրդից եմ, մահացած առանց հուղարկավորվելու: Ասում է` մահը դեռ շարունակում է շրջել հայերի շուրջ բոլորը: Բայց եւ հույս ունի` որ Տարելիցը կարթնացնի նաեւ սպանողների զավակների քնած խիղճը:

Աշխարհում շատ հայերի սիրելի ռոք-աստղ Սերժ Թանկյանն ասում է` առանց հատուցման ճանաչումն ինձ համար ոչինչ է: Թանկյանի անզիջումությունը նրա հիանալի երգերի մեջ է, որ երեկ հնչեցին հայոց մայրաքաղաքում` արթնացնելով դեռեւս քնած մնացած հոգիներին:

Իրավունք ունեն անզիջումները` նրանց ծնողներն ու պապերը զրկվել են ամեն ինչից:

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ, հայազգի Իզաբել Դինգիզյանին ոչինչ չունի պատասխանելու ժխտող Թուրքիան, որն իր երկրի դիրքորոշմանը որպես պերճախոս ապացույց կցում է անձնական ողբերգությունը սեփական Իզաբել տատիկի, անապատում մահացած հարազատներից միակ փրկվածի, որ մի կերպ հասավ Իրաք, հետագայում` Շվեդիա, ու 104 տարեկանում մահացավ` այդպես էլ Հայոց ցեղասպանության ճանաչման ականատեսը չդառնալով ցեղասպանողի կողմից: Ի՞նչ պետք է պատասխանի Թուրքիան Իզաբելին, ասի` դու Իզաբել անունով տատիկ չես ունեցել, նրան անապատ չեմ ուղարկե՞լ:

«Ժխտման մեկ դար», ասում է ամերիկացի պրոֆեսոր Հենրի Թերիոն` նշելով, որ 2016 թվականը կարելի է դարձնել Ցեղասպանության դատապարտման եւ ճանաչման փուլից հետո սկսվող նոր եւ վերջնական, հարցը լուծելու փուլի սկիզբ, երբ կգա ժխտման վերջը եւ արդարության հաստատման սկիզբը: Ցեղասպանության պատճառով թուրքերի խլած հողն իրենց պահելը նշանակում է ցեղասպանության գաղափարախոսության, ժխտման շարունակում, համոզված է նա:

Ովքե՞ր են այսօր մեր կողքին

Պապ Ֆրանցիսկոսը բացեց բարոյականության դուռը ողջ աշխարհի համար:

Իմ ֆեյսբուքյան բարեկամ, Ֆլորենցիայում ապրող քանդակագործ Վիգեն Ավետիսն իտալական Corriere Fiorentino թերթին ասել է, թե Պապը նաեւ մերը` հայերինս է դարձել: Նա պատրաստվում է Պապին նվիրել իր նշանակալից ստեղծագործությունը` «Հայոց մայր» բրոնզաձույլ արձանը, որ Ցեղասպանության ժամանակ չորս արու զավակներին փրկած հայ մոր իրական պատմության մարմնավորումն է:

Այսօր մեր շատ բարեկամներ են մեր կողքին

Ծիծեռնակաբերդում` Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի նախագահները: Մեր կողքին են բազմաթիվ երկրների խորհրդարանների խոսնակներ եւ փոխխոսնակներ: Վատիկանը նեերկայացված է լինելու կարդինալներով, ընդհանրապես Հայաստան են ժամանել մոտ 60 երկրի պատվիրակություններ: Ընդ որում` Երեւանի գլոբալ ֆորումի ամբիոնից ելույթ ունենալու համար պայքարող խոսնակների ու փոխխոսնակների մեծ թվից, նրանց խոսքի շեշտադրումներից անգամ կարելի էր ենթադրել, որ բոլորն իրենց հոգու պարտքը ու պաշտոնեական շատ կարեւոր պարտականությունն են համարել Հայաստանում ապրիլի 24-ին լինելը, Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելն ու դատապարտման, Թուրքիային կարգի հրավիրելու խոսք ասելու համար ամբիոն ունենալը: «Ես չէի կարող ապրիլի 23-24-ին լինել այլ տեղում», խոստովանեց Միացյալ Թագավորության խորհրդարանի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը հուզմունքով: Հայաստան չեկած նախագահներից ու վարչապետներից շատերը, պատասխանելով հրավերներին` նշել են, որ այդ օրն ավանդաբար հիշատակի տուրք են մատուցում իրենց երկրների հայ համայնքների հետ: Մեզ հետ են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, Եվրոպական կառույցների շատ ղեկավար անձինք, Եվրոպական ամենամեծ կուսակցության` ԵԺԿ նախագահն իր գործընկերների հետ:

Թուրքական անհեթեթություններ` մեր օրերում

Թուրքերն անընդհատ կրկնում են` բացեք արխիվները, մենք բացել ենք; Իրենք բացել են տասն անգամ սանրված-մաքրված ինչ-որ «արխիվներ»` կեղծիք: Մեր պատասխանը նրան` 90 հազարից ավելի բնօրինակ ունեցող փաստաթղթերի, նյութերի, լուսանկարների, իրեղեն ապացույցների մի հսկա հավաքածու` Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նորացված սրահներում. թուրքե՛ր, հրավիրում ենք, եկեք-ուսումնասիրեք: Աշխարհի պատասխանը` Երեւանյան համաժողովում էր. ոչ հայ ցեղասպանագետների, անգամ ցեղասպանությունը չճանաչած երկրների գիտնականների այնպիսի ձեւակերպումներ ու փաստերի վերհանում, որից թուրքական ժխտողականությունը ամոթից գետինը պետք է մտնի: Աշխարհի պատասխաններից են Վատիկանի գաղտնազերծվող արխիվները. ժխտողնե՛ր, համարձակություն ունեցեք եւ գնացեք Կապիտոլիումի թանգարան, որտեղ ցուցադրված 100 գաղտնի փաստաթղթերում, այդ թվում թուրք զինվոր Մուստաֆա Սուլեյմանի վկայություններում թուրքական գազանություններն անգամ կսահմռկեցնեն սպանողների ու ժխտողների զավակներիդ, որի մասին Պագանո եպիսկոպոսն ասել է, թե «այդ դաժանությունները ստիպեցին ամաչել, որ ես մարդ եմ»: Այնպես որ «Եվրոնյուզի»` պատմաբանների մջազգային հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի անհեթեթ առաջարկի վերաբերյալ հարցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդարացիորեն պատասխանել է, որ աշխարհի մասնագիտացված կառույցները, ամենամեծ արխիվներն ունեցող երկրները այդ հարցում որեւէ կասկած չունեն. «Ձեր կարծիքով Վատիկանը Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների վերաբերյալ ամենատեղեկացված վայրերից մեկը չէ՞: Չեք կարծում, չէ՞, որ Վատիկանը պրոֆեսիոնալ պատմաբանների պակաս ունի: Մեզ համար նման առաջարկը վիրավորական է, քանի որ այն կասկածի տակ է դնում հենց Հայոց ցեղասպանության փաստը եւ հավաստիությունը: Ի վերջո` ի՞նչ նոր բան կարող են հայտնաբերել պատմաբանները: Այն, թե քանի մարդ է զոհվե՞լ: Իսկ կա՞ սկզբունքային տարբերություն` մահացել է 1,5 մլն, թե՞ 1 մլն 449 հազար մարդ», ասել է նա:

Ճանաչումները շարունակվում են

Ավստրիայից հետո Բելգիայի կազմում գտնվող Ֆլամանդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել մեկ օր առաջ, որի մասին հպարտությամբ տեղեկացրեց Բելգիայի Սենատի փոխնախագահ Կարլ Վանլովը: Գերմանիայի Բունդեսթագը եթե անգամ այսօր չընդունի բանաձեւ, մեկ է` մոտակա ժամանակի մեջ անելու է, թուրքական ճնշումները չեն կարող եվրոպական այդ երկրին անվերջ հետ պահել եվրոպական արժեքներից, որքան էլ տնտեսական նպատակահարմարությունն առաջնային լինի:

Այս առումով կարելի է վերադառնալ երեւանյան գլոբալ ֆորում, որն ավարտվեց երեկ, եւ որտեղ դատապարտման եւ ցեղասպանողներին պատժելու վերաբերյալ հայտարարությունների շքահանդես էր երեկ, տարբեր երկրների խորհրդարանների ներկայացուցիչների բերանով: Թեեւ ֆորումի բոլոր ելույթները լսել ենք, ու կուզեինք շատ վառ ելույթների մասին լուր տալ մեր ընթերցողին, բայց տեխնիկապես դա հնարավոր չէ (ֆորումի առաջին օրվա աշխատանքի մասին` կայքի աջ կողմի առցանց նյութերում), այնպես որ մի քանի մեջբերում անենք ուղղակի համաժողովն ամփոփած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքից, ով մեկ-մեկ արժեւորելով ամենակարեւոր ելույթները եւ մեջբերելով Պապի այն խոսքը, թե` քողարկել կամ ժխտել չարիքը, նշանակում է արնաքամ անել վերքն առանց վիրակապելու, զգուշացրեց նոր ձեւեր ընդունած ժխտողականությունից. «Այսօր ժխտողականության գործիքներից են զոհերի զրկանքների նվազեցման, կորուստների մասշտաբների կրճատման, զոհերի ու հանցագործությունների նվազեցման փորձերը: Վերջերս ականատես ենք լինում ժխտման այդ նոր մարտավարությանը: Ինչպես իրավացիորեն նշեց Ռոջեր Սմիթը` ժխտողականության փաստարկները մնացել են նույնը, սակայն հղկվել է մարտավարությունը»: Նա նշեց նաեւ, որ երեւանյան գլոբալ ֆորումում թարմ գաղափարներ եւ կառուցողական առաջարկներ հնչեցին, որոնք արտացոլված են գլոբալ ֆորումի հռչակագրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.