AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 01-05-2015



ՕՐՎԱ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-05-06 23:36:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1185, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԱԿԱՐԴԱԿ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ցեղասպանության 100-ամյա տարելիցը մեզ ու մեր երկրին տվեց առնվազն երեք կարեւոր բան. առաջինՙ ազգային նույն զգացողությունը միասնաբար ապրելու, երկրորդՙ միայն պետականությամբ մեր խնդիրները հետապնդելու արդյունավետության, ու երրորդՙ արդարության ձգտումով մարդկության ողջ արդարասեր հատվածին պատկանելու, մենակ չլինելու գիտակցություն: Չեմ պատրաստվում այս ձեռքբերումների մասին խոսել ներկա սյունակում: Դրանց մասին խոսվելու է դեռ շատ, մանավանդ երբ ի մի բերվեն տարբեր միջոցառումների միջազգային ու տեղական բոլոր արձագանքները, երբ ամփոփվեն բոլոր տվյալներն ու փաստերը: Սակայն ցանկանում եմ ընդգծել մեկ բանՙ մենք ու մեր երկիրը այժմ գտնվում ենք պատասխանատվության այլ մակարդակի վրա, քան Տարելիցից առաջ:

Ճիշտ էր անում Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Իսրայել Չառնին, երբ իր եւ երեւանյան ֆորումի մյուս մասնակիցների անունից առաջարկելու պես պահանջում էր մեր մայրաքաղաքը դարձնել ցեղասպանագիտության կենտրոն եւ լծվել աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման գործին: Այսինքնՙ ոչ միայն ուսումնասիրել, որպես առանձին գիտություն, մարդկության դեմ գործված բոլո՛ր հանցագործությունների պատճառները, հանգամանքներն ու հետեւանքները, այլեւ կանխել դրանք, անշուշտ ոչ մեր չունեցած ուժերով, այլ մեր հեղինակությամբ ու վստահելիութամբ, արդարասիրությամբ ու մարդասիրությամբ:

Հավանական առարկությունը, թե միջազգային գետնի վրա մեր երկիրը, մենք, չունենք այդ կշիռը, ճիշտ էր մինչեւ Տարելիցը, բայց այժմՙ ոչ: Ես չգիտեմ, օրինակ, թե Թուրքիան եւ Ադրբեջանը որքան գումար, մարդուժ, քաղաքական ու տնտեսական ռեսուրսներ վատնեցին խափանելու կամ նսեմացնելու մեր ու մեր բարեկամների ջանքերը, սակայն կարող եմ հաստատ ասել, որ դրանից հարյուրապատիկ ու հազարապատիկ քիչ միջոցներով, առավելաբար մեր ողջ ժողովրդի ունեցած բարոյական ու մշակութային կապիտալով, մեզ հաջողվեց ապահովել մի մակարդակ, որը տպավորիչ է, պարտադրող, միաժամանակՙ պատասխանատու:

Ի՜նչ ասես չարժի Չանաքքալեի օրինակը: Այդ ֆարսը բեմադրելով Թուրքիան նպատակ ուներ աշխարհին ցույց տալ, որ պատերազմը իր հետ բերում է մահ, ավեր եւ ավար (արաբերենից վերցրած իրենց բառովՙ զուլում), որից տուժել են բոլորը, այդ թվումՙ թուրքերի հետ նաեւ հայերը: Մինչդեռ հակառակ ռազմանավերի ու թնդանոթների առկայության, հակառակ խելոքիկ կանգնած երկրների ղեկավարների ներկայության, այն ընդամենը դարձավ միլիտարիստական մի շոու, որին Չարլզ արքայազնը մասնակցում էր, խնկով ու անգլիկան պատարագով, ինչպես ասում է մեր ժողովուրդըՙ իրենց կայսրության մեռելները լացելու:

Եվ ի՜նչ ասես չարժեր Լոս Անջելեսում 130000-անոց համահայկական ցույց-հանրահավաքը, որը կարող է դառնալ, չեմ չափազանցում, Մ. Նահանգների նախագահական ու կոնգրեսական թեկնածուներիՙ Կալիֆոռնիայից ընտրվելու գրավիչ երաշխիք, դրանից բխող բոլորՙ մեզ համար դրական հետեւանքներով:

Նախորդ սյունակս վերնագրել էիՙ Momentum: Իսկապես պատմական պահ է մեզ համար, միջազգային մակարդակՙ որը պարտադրում է մեզ ամեն գնով նա՛խ կարգի բերել մեր տունը եւ ապաՙ ստանձնել այդ հարթակին համապատասխան միջազգային դերեր եւ պատասխանատվություններ: Նահանջել չենք կարող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 01-05-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.