AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 01-05-2015



Տեղադրվել է` 2015-05-06 23:36:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1180, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՌՈՄԱՆՏԻԶՄԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սպասո՞ւմ էինք Ցեղասպանության 100-րդ տարելիցի` այս կարգի նշանակալից ռեզոնանսի ողջ աշխարհում, թե ոչ, բայց անկասկած է, որ աշխարհն անտարբեր չմնաց այդ տարեթվի հանդեպ, եւ իր վերաբերմունքն այս կամ այն կերպ արտահայտեց: Միգուցե իսկապես չէինք սպասում այդ աստիճանի մեծ անդրադարձի, քանի որ սովոր էինք դժվարությամբ, բազմամյա ջանքերով ստանալ ինչ-որ բան: Միգուցե այս անգամ Եվրոպա-Ռուսաստան հակադրության առանցքում էինք նաեւ, ու նրանցից ամեն մեկը փորձում էր մեր խաղաթուղթը մյուսի դեմ գործածել, միգուցե մեր տարածաշրջանում շահերի վերադասավորման ներկա փուլի նպատակահարմարությունները եւս նպաստեցին մեր թեման չանտեսելուն: Որ գործոնն էլ դեր խաղացած լինի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ միջազգային հնչումի արդյունքը մեզ համար հզոր էր, եւ դա անտարակուսելի է:

Հայաստանը, այո, մեծ քաղաքականության սուբյեկտ էր դարձել ապրիլի 24-ին:

Բազմաթիվ անվանի մարդիկ, որ եկել էին «Ընդդեմ ցեղասպանությունների» ֆորումին, անկեղծ էին, չէին թաքցնում համակրանքը` հայերիս եւ հասկացողությունը` ցեղասպանությամբ կողոպտված ու սպանված հինավուրց քաղաքակրթության հանդեպ. մոտ հազար մարդ տարբեր երկրներից` ֆորումի եւ միջեկեղեցական միջոցառումների մասնագետները տեղեկատվության աղբյուր դարձան իրենց երկրների եւ աշխարհի համար` Հայոց ցեղասպանության թեմայով, ու նաեւ` տարան այստեղից իրենց հետ դրական ազդակներ: Պատահական չէր, որ Ազգային ժողովի այս քառօրյային մի շարք պատգամավորներ, ընդդիմադիր թե իշխանական, իրարից անկախ, ամբիոնին էին մոտենում վաղօրոք պատրաստված համարյա նույնաբովանդակ տեքստերով իրենց շնորհակալությունը հայտնելու Հայաստանի բոլոր այն բարեկամներին, որոնք այստեղ գալով, իրենց խոսքը մեզ ու աշխարհին ուղղելով`վերջնականապես միջազգայնացրին Հայոց ցեղասպանությունը, դատապարտեցին ժխտումն ու ժխտողին: Տասնամյակներով արվածին համարժեք մի բան տեղի ունեցավ մի քանի օրում: Ավելին, եթե իրականություն դառնա ֆորումում հնչած առաջարկը` Հայաստանի նախաձեռնությամբ ցեղասպանություններ տեսած ժողովուրդների միասնական հարթակ ստեղծելու մասին, Հայաստանն այսուհետ հնարավորություն կստանա այլ ցեղասպանությունների զենքով եւս ամրապնդված եւ մոտիվավորված իր պահանջներն առաջ տանել աշխարհի մակարդակով, որի դեմ անզոր կլինի Թուրքիան: Այսինքն` Տարելիցից հետո մենք բոլորովին այլ ելման դիրքում ենք հայտնվել, Թուրքիայի հույսը` մոռացմամբ եւ կեղծիքով մարսել հայերիս կոտորելն ու մեր ունեցվածքը խլելը, վերջնականապես ի դերեւ ելավ: Հայաստանն ու ողջ աշխարհի հայությունը, ինչպես ասում են, ֆորա ստացան մոտակա ժամանակի համար` լավ ելման դիրքից շարունակելու: Այդ ֆորան ամրապնդել են Հայաստան ժամանած նախագահները, վերջին եվրոպական բանաձեւերը, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուքն իր պահվածքով, Ազնավուրը, Թանգյանը, Քարդաշյանը, Շերը, աշխարհի հայտնի ցեղասպանագետները, որոնցից շատերը լեգենդին հավասար անուն ունենալով` Հայաստանում իրենց պահում էին հավասարի պես: Ու դժվար է զսպել գայթակղությունը` ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի պես մեկ մեկ, անուն առ անուն նրանց շնորհակալ չլինելու համար: Իսկ այդ ֆորան անիմաստ փոշիացնելն անմտություն կլինի: Հիմա արդեն մենք խնդիր չունենք նույն բաները նորից խոսելու, մենք պետք է առաջ նայենք, մտածենք հետագա քայլերի, Հայաստանի` արդեն տնտեսապես գործոն դառնալու մասին, ընդդիմախոսին միայն խոսք հակադրելու ժամանակն էլ կարծես արդեն մնում է հետեւում:

Այնպես որ բնական է, որ Տարելիցից հետո հռետորաբանությունը պետք է փոխվեր, ու քաղաքական ու տնտեսական շրջանակներից միշտ առաջ ընկնող վերլուծական հարթույթը տենդագին պետք է անցներ Հայաստանի ներկա տնտեսական վիճակից դուրս գալու ելքերի փնտրտուքին: Սերժ Սարգսյանը թուրքական «Հյուրիեթ» թերթին եւ Պոզներին տված հարցազրույցներում ասել էր, թե Հայաստանի քաղաքական օրակարգում Թուրքիայից նյութական կամ տարածքային պահանջ չկա: Ակնհայտ է, որ սա այս պահի համար է ասված, եւ չի կարող վերաբերվել ոչ մոտիկ ապագային, եւ որ ավելի կարեւոր է ` ոչ էլ բազմամիլիոն սփյուռքին: Վերջինի դեպքում բացառված չեն արդեն հայցերն ընդդեմ Թուրքիայի, եւ առաջին ծիծեռնակն արդեն կա` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ու Արամ կաթողիկոսը դիմել են Թուրքիայի ՍԴ` Սիսի պատմական կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով:

Հայաստանում հիմա մենք պետք է վերջապես կենտրոնանանք մեր սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու վրա: Այն , ինչ երկար ասվում էր, բայց այդպես էլ մինչեւ վերջ չէր գիտակցվում, թե բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պետք է հզորանալ ու գործոն դառնալ, հանկարծ գիտակցվեց ապրիլի 24-ին, երբ աշխարհը խոսում էր հայերի կորցրածից ու նրա իրավունքների վերականգնումից: Հանկարծ ըմբռնեցինք` ճանաչում են մեզ, մեր կորցրածը, բայց ուժեղը միայն կկարողանա բան պահանջել, տեր լինել իր պահանջին: Եթե տնտեսությունը ոտքի չկանգնեցնենք, մենք կկորցնենք-կփոշիացնենք այն հսկայական ռեսուրսը, որ մեզ տվեց աշխարհն ապրիլի 24-ին:

Ապրիլի 24-ն անցավ, լավ է, որ անգամ ընդդիմախոսները քննադատելու բան չունեին այդ օրվա կազամակերպականության առումով, հիմա պետք է վերադառնալ այնտեղ, որտեղ թողել էինք մեր տնտեսական եւ քաղաքական կյանքը, ընդ որում` անհնար է չխոստովանել, որ երկուսն էլ վատ վիճակում էինք թողել:

Հիմա, երբ պետք է արագորեն հնարքներ գտնել` երկիրը դուրս բերելու համար ծանր վիճակից, ամենաէկզոտիկ առաջարկներն են հնչում: Հրանուշ Հակոբյանը սփյուռքին (Սերժ Թանգյանի առիթով) ասում է` քննադատելը հեշտ է, ամեն սփյուռքահայ թող 1000 դոլար դնի Հայաստանի բանկերում, դա կլինի օգնություն` ոտքի հանելու տնտեսությունը: Միքայել Մելքումյանը (ԲՀԿ-ական պատգամավոր), տպավորված ցեղասպանագետների ֆորումի թողած հետքից` նույն կարգի մի տնտեսական ֆորում է առաջարկում կազմակերպել, քանի որ 60-ից ավելի տնտեսագետ ու պրոֆեսոր, միջազգային այնպիսի հեղինակություններ ունենալով, ինչպիսին Տարոն Աճեմօղլուն է, Հայաստանում տնտեսագիտական ու ինժեներական միտքը ձեռնարկատիրական ոլորտից օտարել ենք եւ չենք պատկերացնում մեր գնալիք ճանապարհը: ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն ասում է` ազգովին եթե վեց ամիս միայն հացուպանիր ուտենք, հարկերը լրիվ վճարենք` այդ գումարներով կկարողանանք արտաքին պարտքը մարել, դեռ մասնավոր կոմունիկացիաները եթե պետականացնենք` դա բավական կլինի, որ էլ պարտք չվերցնի պետությունը: Ազգովին որ ասում է` երեւի գործարարներին միայն նկատի ունի, քանի որ հասարակ ժողովուրդն անգամ պանիրը չի կարող մշտապես գնել: Բացի այդ էլ` նախ բոլոր եկամտաբեր ոլորտները կամ նրանց կառավարումը հանձվում է օտարներին, հետո հետին թվով մտքի լուսավորում է տեղի ունենում պետականացման թեմայով:

Իսկ իշխանական կուլիսներում կրկին կառավարության ու նախարարների փոփոխության հարց է քննարկվում, որպես ժամակավորապես, իրավիճակից ինչ -որ կերպ դուրս գալու հնարավորություն, սա արդեն նմանվում է վարկ վերցնելուն: Ոնց որ հերթական վարկը մսխելով մի հալի չենք գալիս, այնպես էլ նախարար ու վարչապետ փոխելով, քանի որ կառավարման սկզբունքի իրական փոփոխություն չանելով` ոչ մի հարց չի լուծվում, հերթական անգամ միայն խաբս տալու եւ ժամանակ շահելու խնդիր լուծելով: Բայց մենք այդ ժամանակն այլեւս չենք կարող ինքներս մեզանից գողանալ, ապրիլի 24-ից հետո ոչ մի, կրկնում ենք` ժամանակի ոչ մի ռեսուրս այլեւս չի մնացել, գլուխ պահելու ոչ մի փոքրիկ ժամանակ չունենք:

Քաղաքական դաշտի միավորների վերաբերյալ երբեք հիացական կարծիքի չենք եղել, Ծառուկյանի հետ կատարվածին էլ միայն մարդկային առումով կարելի էր ցավակցորեն վերաբերվել, բայց մեծ հաշվով կատարվածն ի վերջո լավ բան ուներ իր մեջ` օգնել մարդկանց ազատվել միֆերից: Միֆերի գոյությունն ավելի վատ բան է ժողովրդի համար, քանի որ տանում է ինքնախաբեության եւ ապագան ավազի վրա կառուցելուն: Միֆերից ազատվելու գործողություն, ընդ որում` ցավոտ եղանակներով, ներկա նախագահը մի քանի անգամ ( առնվազն երեք անգամ), կիրարկել է` իշխանության խնդիր լուծելիս եւ ակամա օգնելով մարդկանց հասկանալու. չի կարելի ունենալ ղեկավար, որը կարող է ցինիզմով վերաբերվել ե՛ւ ժողովրդին, ե՛ւ կուսակիցներին. չի կարելի ունենալ ղեկավար, որ նույն օրը երեք անգամ որոշում է փոխում, չի կարելի ունենալ ղեկավար, որ նախորդ օրը համազգային հանրահավաք է նշանակում, հաջորդ օրը սուզվում է: Բոլոր դեպքերում այս երեք կարգի ղեկավարներին (որոնց անունները մեր կողմից չհիշատակելը, անշուշտ, դժվարություն չի ստեղծում նրանց նույնականացնելու տեսակետից) ու նրանց քաղաքականությունը շախմատային քայլերով ջրի երես դուրս բերելը քիչ է, դրանցով հնարավոր է չեզոքացնել իշխանությանը սպառնացող վտանգը միայն, այն էլ` այդ պահի մեջ, բայց հասարակությանն ու տնտեսությանը սպառնացող վատ կյանքն ու անկումը հնարավոր չէ կասեցնել: Սահմանադրական փոփոխություններով եւս հնարավոր չէ ոչ մարդկանց կյանքը բարելավել, ոչ տնտեսության անհուսալի քարացած ցուցիչները շարժել տեղից:

Որքան էլ տարբեր պատճառաբանություններով հետաձգվում էր, կամ տարբեր արգելակիչներով հնարավոր չէր դառնում համակարգ գործի գցել, այն հետաձգելու ռեսուրս այլեւս չի մնացել: Կոսմետիկ փոփոխությունները կամ փոփոխությունների պատրանքը Հայաստանը դույզն ինչ չեն հանում նեղ վիճակից: Մի շարք այլ շախմատային քայլեր եւս անհրաժեշտ են, որին տարիներով սպասում, բայց ականատես չի լինում հանրությունը: Հայաստանում գործող տնտեսաքաղաքական բարքերն են այն պայմանը, որոնցով հնարավոր է դարձել օլիգարխիայի մեր` զուտ հայկական տեսակի առաջացումը: Մեզ մոտ երբեք չի եղել բիզնես- մրցակցություն (մեկ-երկու բացառությունը որակ չեն կազմել), այլ քվոտայի եւ տանիքի կոպիտ շահագործում միայն` հասարակության հաշվին հարստանալու ռեսուրսով: Մեզ մոտ գիտելիքը եւ նախաձեռնությունը ստորադաս են եղել կապերին ու հովանավորչոթյանը, չթվենք` շատ անգամ ենք թվել արատները, թղթի վրա գրված շատ բաներ չեն գործել, այդ պատճառով հիմա ունենք կատաստրոֆիկ վիճակ, անհետաձգելի եւ արմատական քայլերի հրամայական, քանի որ անգամ քվոտային մեր օլիգարխներն արդեն իրենց մաշկի վրա են զգում իրենց ստեղծած սոդոմ-գոմորի բումերանգն ու ցուրտը: Է, քանի որ նշանակովի օլիգարխներն ու պաշտոնն օգտագործած մյուս գործարարները օրենքով չեն այդպես հարստացել` հանգիստ կարելի է ամեն ինչ գոնե շատ խորհրդանշանական, գոնե մասամբ վերադարձնել ինչ-որ ելման դիրք, հետո պայմանավորվել նորմալ խաղի կանոնների վերաբերյալ: Ուրիշ ոչ մի տարբերակ չկա երկիրը նեղ վիճակից դուրս բերելու: Արտակարգ միջոցառումներ ու դրանք կիրառող համարձակ իշխանավորներ են պետք` հատկապես այն կոնտիգենտից, որոնց ձեռքերը թաթախված չեն «ատկատի», պաշտոնի շահագործմամբ բիզնես- գործունեության, կաշառքը որպես նախապայման դատական գործունեության, վարկերի փոշիացման եւ այլ անօրինականությունների մեջ: Իսկ ամենակարեւորը` վերջապես այս բոլորի դեմ գործնականում հանդես եկող է պետք: Այլապես` հերթական նախարարափոխությունը թեեւ անցյալում փորձված արդյունքի բերել է ժամակավորապես, քաղաքական ուժերի սիրտն առնելով` թվացյալ համերաշխություն է ստեղծել, բայց դա այսօր ընդհանրապես չի աշխատի: Մարդիկ մի կյանք սպասել են, նրանք ի վերջո կարող են էլի գոտիներ ձգել, բայց հիմա արդեն Հայաստանը չի դիմանա, ու բնականաբար, Հայաստանի արյունատար անոթներից սնվող մեր հայրենի հարուստները եւս պետք է զգան վտանգի հոտը: Ու նրանք արդեն ստիպված պետք է լինեն չդիմադրել կամքի ուժ դրսեւորողին, բոլորի համար գոնե հարաբերականորեն խաղի կանոններ հաստատելու կամք ունեցողին` փոխելու մեր կյանքը, այդպես մնալու պատմության մեջ , իսկ Հայաստանը դուրս բերելու խեղճ ու աղքատ պետություն լինելու կարգավիճակից:

Դե ռոմանտիկ ենք դեռ, կարելի է ասել, ու որոնում ենք դեռ կամքի ուժ դրսեւորողի: Իսկ հեղափոխությունը նախ հայաստանում չլինող բան է` դա իրագործող որեւէ հզոր ուժ չկա, հետո հեղափոխությունից հետո ստեղծված քաոսը սովորաբար պետությունները տասնամյակով հետ է շպրտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 01-05-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.