AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015



ԱԿՆԱՐԿ

Տեղադրվել է` 2015-05-15 00:08:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 807, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Վերլուծաբաններ, լրագրողներ, քաղաքական գործիչներ եւ փորձագետներ դեռեւս շարունակում են յուրացնել, դասակարգել ու մեկնաբանել Հայաստանում եւ համայն աշխարհում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակությունների ազդեցությունը: Անմիջական տպավորությունները խոսում են այն մասին, որ Թուրքիան իր ժխտողական քաղաքականությամբ է՛լ ավելի մեկուսացրեց իրեն աշխարհից, քանի որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվն ավելացավ եւ համաշխարհային լրատվամիջոցները իրենց մեղմ ու չեզոք դիրքորոշումից անցան ճանաչման փուլինՙ հրատարակելով պատմական փաստեր պարունակող աննախադեպ մեծ քանակի հոդվածներ:

Մյուս տպավորությունն այն է, որ Գալիպոլիի տոնակատարությունները բեմականացնելով, Թուրքիան դարձավ ծիծաղի առարկա: Իրականում Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակն ավելի շատ լուսաբանվեց, քան Գալիպոլիի տոնակատարությունը:

Գաղտնիք չէ, որ Թուրքիայի ղեկավարները տեղի չեն տալիս արտաքին ճնշումների դիմաց: Բայց դա, անշուշտ, չի նշանակում, որ արտաքին ճնշումները հաշվի չպետք է առնվեն: Ընդհակառակը, դրանք անհրաժեշտ է ուժեղացնել, բազմապատկել ներքին ճնշումներով, որոնք օրեցօր ավելանում են: Քուրդերը, ալեւիները, որոշ թուրքեր ու նույնիսկ հայերը այլեւս չեն վախենում Ստամբուլում եւ Թուրքիայի այլ քաղաքներում բազմամարդ ցույցեր անցկացնել նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Դա նպաստում է իրազեկության բարձրացմանը թուրք ժողովրդի շրջանում, որին կառավարությունն անտեղյակ է պահել երկար ժամանակ խոչընդոտելով պատմական հավաստի աղբյուրներից օգտվելու հնարավորությունները:

Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացել էր Երեւանի վրա, Թուրքիայի ղեկավարները սկսեցին մի շարք բողոքներ հնչեցնել ուղղված աշխարհի որոշ ղեկավարների եւ կառավարությունների դեմ, դրանով իսկ ցույց տալով արտաքին աշխարհից իրենց մեկուսացումն ու սրտնեղությունը:

Առաջին ուղերձը հնչեցրեց նախագահ Էրդողանը, ով ասաց. «(նախագահներ Վլադիմիր) Պուտինն ու (Ֆրանսուա) Օլանդը չպետք է Հայաստան գնային: Նրանք նախ պետք է մտածեին իրենց պատմության մասին: Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան վերջին երկրներն են, որ կարող են խոսել Ցեղասպանության մասին»:

Էրդողանն, ըստ երեւույթին, անտեսել էր այն հանգամանքը, որ Գերմանիան արդեն առերեսվել է իր պատմության անցյալի սեւ էջերի հետ, եւ նրա վարքագիծը լավագույն դասը կարող է հանդիսանալ մեր ժամանակների Թուրքիայի ղեկավարների համար:

Չնայած նախագահ Բարաք Օբաման հարկադրված էր, այս անգամ եւս, շրջանցել «ցեղասպանություն» եզրույթը, նրա ելույթը միեւնույն է զայրացրել էր Անկարային, որովհետեւ դրանում հնչած պատգամը չափազանց ուժեղ էր եւ պատկերավոր: Դա հատկապես նկատելի էր, երբ Օբաման վերահաստատեց Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը, որ նա աներկբայորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: «Մենք դատապարտում ենք Մ. Նահանգների նախագահի միակողմանի հայտարարությունը եւ մերժում ենք բոլոր մեղադրանքները, որոնք մտադրված են պաշտպանելու մի կողմին ընդդեմ մյուսի», ասված է թուրքական կառավարության պաշտոնական հայտարարության մեջ:

Գերմանիան, որ մեղսակից էր հանցագործությանը, Թալեաթի աճյունները հանձնել էր Թուրքիային եւ մինչ օրս ամոթալի լռություն էր պահպանել, հանկարծ խոսեց այս տարի, զարմացնելով եւ զայրացնելով Անկարային: Ելույթ ունենալով էկումենիկ հիշատակությունների շրջանակում, Գերմանիայի նախագահ Գաուքը արտասանեց ցեղասպանություն բառը: Բունդեսթագում ծավալված քննարկումները է՛լ ավելի սրեցին իրավիճակը Թուրքիայի համար: Արտգործնախարարության հայտարարությունը մեղադրեց նախագահին այդ բառը օգտագործելու համար: «Գերմանիայի նախագահը իրավունք չունի պատմության փաստերին հակասող հայտարարություններ անելու: Նա Թուրքիային մեղադրում է մի հանցագործության մեջ, որ նա չի գործել»: Հայտարարության մեջ, այդուհանդերձ, նրբորեն ակնարկվում էր Ֆրանսիայում «600 հազար» եւ Գերմանիայում «մեծ թուրքական համայնքի» ներկայության մասին, որոնք կարող էին որպես հինգերորդ շարասյուն շահարկվել Անկարայի կողմից: Թուրք ղեկավարները չեն գիտակցում կամ անտեսում են այն փաստը, որ կրթություն ստացած շատ թուրքեր Եվրոպայում ակտիվորեն պայքարում են ընդդեմ Անկարայի ժխտողական քաղաքականության:

Հարյուրամյակի հիշատակությունները երեւան հանեցին շատ փաստեր եւ իրականություններ, որոնց մենք հաշվի պետք է առնենք մեր հետագա գործունեությունն ու քաղաքականությունը մշակելիս: Իրականություններից մեկը բավականին մեծ թվով թուրք, քուրդ եւ ալեւի ակտիվիստների մասնակցությունն էր հարյուրամյակի արարողություններին: Նրանց մեջ քրդերը հատկապես շատ անկեղծ էին ցեղասպանության իրականացմանը իրենց նախնիների մասնակցության համար ներողություն հայցելու գործում. «Թուրքական կառավարությունը մեզ որպես գործիք օգտագործեց», խոստովանեցին նրանք: Բայց երբ տողերիս հեղինակը գերմանական Կանաչների կուսակցության քուրդ ակտիվիստներից մեկին հարցրեց «հայերն, սկզբունքորեն, իրավունք ունե՞ն վերատիրանալու իրենց նախնյաց հայրենիքին», նրա պատասխանը միանշանակ բացասական էր. «Մենք այդքան շատ արյուն ենք թափել Քուրդիստանի համար եւ չենք կարող որեւէ տարածք զիջել մի երրորդ կողմի», ասաց նա: Սա մի անհատի անձնական մոտեցումը չէ միայն, այլ տարածված մի դիրքորոշում բազմաթիվ թուրքերի եւ քուրդերի շրջանում, որոնք պայքարում են հօգուտ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման:

Այնպես որ հայերս պարտավոր ենք քաջ գիտակից լինել մեր կարեկցանքներում հանդեպ թուրք եւ քուրդ բարեկամների, ովքեր Ծիծեռնակաբերդ են գալիս իրենց զորակցությունը հայտնելու մեզ: Մինչ նրանք աջակցում են մեզ Ցեղասպանության ճանաչման պայքարում, նրանք կտրականապես դեմ են հողերի վերադարձմանը:

Մյուս գործոնը, որ երեւան եկավ, ընդհանրապես Ցեղասպանության զոհերի համընդհանուր ճանաչումն էր: Հայաստանի կառավարությունը ճիշտ էր վարվել համաշխարհային հնչեղություն տալով գերազանց կազմակերպած ֆորումին:

Հակիրճ անդրադառնալով թեմային, պրոֆ. Իսրայել Չառնին գոհունակությամբ նշեց, որ մյուս ցեղասպանությունները, հատկապես ռուանդականը, հավասարապես հիշատակվեցին ֆորումի ընթացքում: Նա նույնիսկ առաջարկեց, որ Հայաստանը պետք է դառնա խոսափողը բոլոր ցեղասպանությունների:

Դժբախտաբար փաստ է, որ էթնիկական զտումներն ու զանգվածային բնաջնջումները այսօր էլ աշխարհի քաղաքականության մաս են կազմում: Դրանք անուղղակիորեն առավել հնչեղություն են տալիս Հայաստանի ձայնին, որ մինչեւ օրս մնացել էր ձայն բարբառոյ յանապատի:

Վերջին, բայց նույնքան կարեւոր ձեռքբերումը աշխարհի տարբեր երկրներում անցկացվող զանգվածային հավաքներն էին: Կալիֆոռնիայում կայացած 130 հազարանոց աննախադեպ երթը, եւ նույն հնչեղությունն ունեցող մյուս ցույցերը Լիբանանում եւ եվրոպական քաղաքներում նվաճումներ են, որոնք կապիտալի պետք է վերածել: Եթե մենք կարողանանք քաղաքական ուժի վերածել վերոնշյալ երթին մասնակից 130 հազար մասնակիցներին եւ մյուս վայրերի ցուցարարներին, ապա նախագահ Օբաման եւ նրա նմաններն ու հաջորդները ստիպված կլինեն ավելի խորը մտածել նախքան իրենց ապրիլքսանչորսյան ելույթները արտասանելը:

Հարյուրամյակից հետո շատերն են խորհրդածում եւ հարցնում. «Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը»: Դե, այս իրադարձությունների ընթացքում շատ զարգացումներ եղան եւ փաստեր արձանագրվեցին, որոնք կարող են առաջնորդել մեզ դեպի առավել ռեալիստական, գործնական ապագա, եթե ի վիճակի լինենք ճիշտ գնահատել այդ զարգացումների պատմական եւ քաղաքական նշանակությունը:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.