AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 41. ՏԱՎԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1316, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԵՎ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՐՀՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այն պահին, երբ Ազատության հրապարակում էլեկտրաէներգայի թանկացման դեմ հանրահավաք էր`«Ոչ թալանին» կարգախոսով, մի քանի քայլ այս կողմ, Հյուսիսային պողոտայի` օպերային նայող հատվածում երեկոն այլ կարգախոսների ներքո էր անցնում. նախ` կոլորիտային տեսարան էր, որին կարելի է ականատես լինել ուզած մեքսիկակական երկրի մայրաքաղաքում: Մեքսիկացու արտաքինով, լատինամերկյան ծագման երաժշտական գործիքներով, երկարամազ, միմյանցից քիչ տարբերվող արտաքինով երկսեռ երաժիշտները անվրդով եւ վարպետ կատարմամբ իրենց էթնիկ մեղեդիներն էին հնչեցնում, ստվար հայ երիտասարդներով շրջապատված, նրանց ծափերը եւ թղթադրամները վաստակելով պարբերաբար:Հարցրինք մի աղջկա` ո՞վ են, ու բավական սպառիչ պատասխան ստացանք: Ինկերի, թե իրենց կեչուա անվանող ցեղի հայտնի «Ինկասոլ» խումբն է, որը վերջին մի քանի օրը երեկոյան յոթից մինչեւ տասնմեկը բացօթյա համերգ է տալիս Հյուսիսային պողոտայում` հանդիսատեսի պակաս չունենալով, որոնցից շատերն առատաձեռնորեն թղթադրամներ էին նետում հատուկ սարքված փողատուփի մեջ: Խումբն, ըստ գիտակ հանդիսատեսի, ճանաչված է, իսկ մեղեդիները, մենք կարող ենք վկայել, հմայիչ ու կլանող էին: Բա, մեր Հյուսիսային պողոտան վաղուց վերածվել է բաց թատերաբեմի, ու դրա մեջ գուցե հպարտանալու բան էլ կա` ինչո՞վ ենք պակաս եվրոպական մայրաքաղաքներից, որտեղ երեկոյան փողոցային համերգները, ընդ որում` պրոֆեսիոնալ երաժիշտների, առօրյայի մաս են դարձել: Կրկին նայելով հանրահավաքի կողմը, որի ձայնը ինկերը իրենց հիանալի գործիքներով ու նույնքան հիանալի մեղեդիներով խլացնում էին, հասկացանք, որ սրանք զուգահեռ իրականություններ են, որի հերոսները իրար չեն լսում եւ չեն տեսնում:

Հյուսիսային պողոտան երեկոյան առհասարակ վերածվում է մի բեմի, որտեղ երեւում է հասարակության ողջ դեմքը.«Ինկասոլին» հաջորդում էին մի քանի օրահաց նկարիչներ` որոնք դիմանկարի պատվերներ էին կատարում հենց տեղում : Բոլոր սրճարաններն այնքան լի էին երիտասարդ, լավ հագնված մարդկանցով, որ մի բաժակ սուրճ խմելու համար երկար պետք էր ազատ սեղան փնտրել: Այդ երիտասարդությունը նստած է ինքնավստահ, իրենց անելիքն իմացող մարդկանց կեցվածքով, ոչ մի բանի վրա չզարմանալով ու ոչ մի առիթով ավելորդ, իրենց արեալից դուրս զգացմունք չդրսեւորելով: Հետո սկսվում են հասարակության տարբեր շերտերի «ցուցափեղկերը»` դուդուկով մեկը ապարդյուն փորձում է Կոմիտասի մեղեդիներից մեկը աղմուկի մեջ մարդկանց ականջին հասցնել: Վերջինիս խանգարում է մի քիչ ավելի հեռու անկանոն հնչող ակորդեոնի ձայնը, որի տիրոջ շորերից ու ծռմռված կոշիկների ծայրերից կարելի է եզրակացնել, թե չստացված այդ ակորդեոնահարը առնվազն այդ օրը ոչինչ կերած չի լինի: Նրա ոտքի մոտ թերթից սարքած մի այնպիսի գլխարկ կար, որ մենք սարքում էինք մանկության տարիներին` հաճախ լրջորեն կրելով դրանք արեւի դեմ:

Թերթե գլխարկի մեջ մի քանի քսան դրամանոց է ընդամենը` նրա «արվեստն» այդքան են գնահատում ակամա հանդիսատես անցորդները: Իսկ դուդուկահարը, որ մաքուր, բայց հնաձեւ կոստյումով էր` իր սեփական գլխարկն էր դրել կողքի նստարանին, ու նրա մեջ մի կես ժամ ծիկրակում էր մի կենտ հարյուրդրամանոց: Հանրահավաքավորների երթը շրջանցեց Հյուսիսային պողոտան, պողոտայով շնչակտուր վազքով անցավ երիտասարդ ոստիկանների մի ջոկատ, որը կորցրել էր հանրահավաքավորների իզը եւ փորձում էր դեպի Աբովյան փողոց վազելով հավասարվել նրանց: Ոչ ոք, ինձնից բացի, ուշադրության չարժանացրեց ոստիկաններին` նրանք իրենց գործին էին, Հյուսասյին պողոտայի ներկաներն` իրենց: Հյուսիսային պողոտան, ինչպես ասում են, ոչ մեկի արցունքներին չի հավատում, այստեղ ուրիշ ժամանակ է, մշտական տոնի մեջ գտնվող զուգահեռ աշխարհ: Արդեն Աբովյան փողոցին հարող հատվածում մեր կյանքին ավելի հատկանշական տեսարան էր` կարծես հուշելով, որ այդտեղ տոնը վերջանում է. լավ ներկված ծաղրածուն տարբեր աճպարարություններով փորձում էր հիմարացնել պատահական հանդիսատեսին եւ այդ միջոցով դրամ վաստակել. տեսարանն արդեն համարժեք էր մեր սովորական առօրյային, որտեղ ամենուր եւ ամեն պահ ծաղրածուների պակաս չկա:

Երեկ նույնպես, մեր վերը նկարագրածի հաջորդ օրը, Հյուսիսային պողոտան իր ամպլուայի մեջ էր, չնայած Առաջին հանրապետության օրը, թվում է, այլ օրակարգ պիտի թելադրեր: Չնայած` երեկ ողջ երկրով մեկ այնքան բան ասվեց ու խոսվեց տոնի առթիվ, որ անկախ Հյուսիսային պողոտայից, մեր ականջը զրկված չթողեց անգամ տոնին դրսեւորվող մեր կյանքի հակասականությունից` անցյալով հպարտանալու մեր փառասիրութունից սկսած մինչեւ մեր ներկա կյանքի դատարկ սնափառություն, գումարած լրագրողների մշտական սիրած հարակից թեմաները: Ինքներդ դատեք. ոստիկանապետն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձն իր կարծիքով բեմադրված չէ, չնայած` շատերն այլ կերպ են կարծում. հոսանքի սակագնի բարձացումը, պատկերացրեք, հաճելի չէ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին. Արցախի հարցն էլ արցախցիներն են լուծելու, բա, Մովսես Հակոբյանն ասաց: Սա` հարակիցի մասով: Իսկ բուն տոնի պաթոսին մասնակից էին բոլոր հարցվող պաշտոնյաներն իրենց զարդարուն խոսքով:

Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման 97- ամյակն էինք նշում, իրոք որ`պետականության հռչակումը մի քանի դար պետություն չունենալուց հետո հայերիս համար ամենակարեւոր իրադարձությունը պիտի եղած լիներ եւ է, որի նշանակությունը այսօր էլ պետք չէ թերագնահատել: Ամեն տարի մայիսի 28-ին այնքան բան է ասվում ու գրվում այս պատմական իրադարձության մասին, որ հերիքում է հայերիս հիշողության սնունդին` մինչեւ հաջորդ տարեդարձ, չնայած խորքային առումով պատմության այդ անդրադարձները ոչ պետության ղեկավարների, ոչ էլ շարքային հայերի վրա գործնական ազդեցություն չեն ունենում: Եթե միայն համեմատենք վառ օրինակները Առաջին հանրապետության ու ներկա շատ ղեկավարների, ասվածը հասկանալի կդառնա: Առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին Հայաստանի խնդիրների միջազգային կարգավորումներին մեկնելու համար վաճառում էր իր վերարկուն ու այդ գումարով կազմակերպում իր ուղեւորությունը, իսկ մերոնք հաճախ անարդյունք եւ ավելորդ ուղեւորություններն այնպիսի անտեղի շռայլություններով են համեմում, որ մնում ես զարմացած, այն դեպքում, երբ Հայաստանն այսօր էլ մի վիճակի մեջ չէ: Մնում է եզրակացնել` Առաջին եւ ներկա հանրապետությունների ղեկավարների զուգահեռը, իրոք որ, վերջիններիս օգտին չէ: Կամ եթե Հայաստանը կառուցող, նույն Հյուսիսային պողոտայի ուրվագիծը նախանշող մեծն Թամանյանը ի վիճակի չէր ընտանիքի գոյությունն ապահովել, ու նրա երկու դուստրերը մահացան վատ պայմաններից ու թերի առողջապահությունից, քանի որ նա համեստ մարդ էր, եւ թողնելով Ռուսաստանում իր բարձր պաշտոնը եւ Հայաստան տեղափոխվելով` պահանջներ չէր դրել ղեկավարության առջեւ:Կամ Առաջին հանրապետության ղեկավարներից Արամ Մանուկյանը, որ իրեն թույլ չէր տալիս որբերի ու գաղթականների բաժինը յուրացնել, ի վերջո սովից ու թերսնումից մահացու հիվանդություն ստացավ: Այնպես որ` մեր տարբեր մեծության ու նշանակության ղեկավարները, որ երեկվա տարբեր միջոցառումներում չէին զլանում հպարտ խոսքեր ասել տոնի առթիվ, լավ կանեին դույզն ինչ ուսումնասիրեին Առաջին հանրապետության ղեկավարության, պետության առաջին կայացնողների կյանքը եւ հետեւություններ անեին: Միգուցե մի քիչ կփոխեին իրենց կենսակերպն ու մտածելակերպը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.