AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 10. ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է ԵՎ ՄԵՌՆՈՒՄ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015



Տեղադրվել է` 2015-06-04 23:10:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 991, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԲԱՂԴԱԴՈՒՄ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հարցազրույցը վարեցՙ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Օրերս Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդարանի եւ Իրաքում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բաղդադում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային համաժողով:Այն կրում էր «Հայոց ցեղասպանության ճանաչումը` քայլ դեպի միջազգային խաղաղություն» խորագիրը: 500 մասնակից համախմբած այդ գիտաժողովին ներկա էին տարբեր երկրների գիտնականներ, քրիստոնյա ու մահմեդական հոգեւոր առաջնորդներ, քաղաքական ուժերի ղեկավարներ, Իրաքի պետական կառույցների եւ հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ:

Հայաստանից այդ գիտաժոողովին ներկա էին ու ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանն ու պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի գնահատմամբ գիտաժողովին մասնակցում էին Իրաքի ժողովրդի սոցիալական բոլոր շերտերը եւ կրոնական բոլոր համայնքների ներկայացուցիչները` իսլամական հոգեւորականները, կաթոլիկները, ասորիներն` իրենց կրոնական առաջնորդներով, հունական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները: Մյուս կողմից` Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միեւնույն ժամանակ ներկա էին արվեստի գործիչներ, գրողներ, այսինքն Իրաքի ողջ ժողովուրդն այնտեղ ներկայացված էր:

Այլ մանրամասներ` Նիկոլայ Հովհաննիսյանի հետ «Ազգի» հարցազրույցում.


- Ես էլ, Աշոտ Մելքոնյանն էլ հայկական պատվիրակության կազմում եղել ենք Վատիկանում, Սուրբ Պետրոսի տաճարում, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի մատուցած պատարագին եւ շատ մեծ տպավորություն էինք ստացել` հասկանալով, որ տեղի է ունենում մի նոր, շատ կարեւոր երեւույթ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով, մեզ թվում էր, որ դա գագաթն է: Բայց եւ շատ ուրախացանք, երբ Իրաքից միջազգային համաժողովին մասնակցության հրավեր ստացանք` դրա նշանակությունը եւս պետք չէ թերագնահատել, քիչ հետո կասեմ, թե ինչու: Այդ օրերին իրադրությունն Իրաքում եւ Իրաքի շուրջ խիստ լարված էր. մեզ խորհուրդ չէին տալիս գնալ, բայց մենք որոշեցնք անպայման մեկնել, քանի որ մեզ համար մեծ նշանակություն ուներ տեղի ունեցողը:

- Միջազգային բառը համապատասխանո՞ւմ էր այդ գիտաժողովին:

- Այո, համապատասխանում էր, որովհետեւ մասնակիցների մեջ կային շատ հեղինակավոր գիտնականներ: Ասենք` Լիբանանից դոկտոր Սալեհ Զահր Էդդինը, որը հայկական հարցին եւ հայկական խնդիրներին նվիրված մի շարք գրքերի հեղինակ է, նա եղել էիմ ասպիրանտը, թեկնածուական թեզը պաշտպանել է մեզ մոտ` Երեւանում, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտական խորհրդում, այն կոչվում էր «Օսմանյան կառավարության քաղաքականությունը եւ մեծ տերությունների դիրքորոշումը հայկական հարցի նկատմամբ 19-րդ դարի վերջին- 20-րդ դարի առաջին քսանամյակում»: Եւ նրա նման շատ ուրիշ գիտնականներ:

Իրաքի պայմաններում ընդհանրապես շատ դժվար խնդիր էր նման համաժողով անցկացնելը, բայց ինչպես մեզ տեղեկացրին դեսպան Կարեն Գրիգորյանն ու Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արք. Ասատուրյանը` իրենք ոչ մի դժվարության չէին հանդիպել այն կազմակերպելիս, հայկական կողմի` այս նախաձեռնության վերաբերյալ խնդրանքն անմիջապես բավարարվել էր:

- Ի՞նչ կպատմեք համաժողովի բովանդակության եւ նշանակության մասին` վերեւում խոստացաք:

- Ասացի, որ մենք շատ տպավորված լինելով Վատիկանում տեղի ունեցած երեւույթից, կարծում էինք, որ դա գագաթն է: Բայց Բաղդադում տեղի ունեցողն էլ կարեւոր էր, եւ տեսեք, թե որ տեսակետից: Երբ մենք` հայ մասնագետներս գրում ենք Հայոց ցռեղասպանության մասին եւ դատապարտում Օսմանյան կառավարությանը, երիտթուրքերի ղեկավարությանը եւ բերում ենք համապատասխան աղբյուրներ, ապա թուրքերը հակադարձում են, թե դրանք քրիստոնյաների տեսակետներն են միայն, այդ հակափաստարկը տարածելով նաեւՙ ասենք Ջեյմսի Բրայսի, Առնոլդ Թոյնբիի, Յոհաննես Լեփսիուսի, Անատոլ ֆրանսի վրա, ասելով, թե քրիստոնյաներն են պաշտպանում քրիստոնյա հայերի տեսակետը: Այսինքն` կասկածի տակ են դնում եվրոպական աղբյուրների գիտականությունն ու հավաստիությունը: Այս պարագայում հետաքրքրականը այն էր, որ Հայոց ցեղասպանության տարելիցը այդպիսի մեծ մասշտաբներով նշվում էր մուսուլմանական երկրում, գիտական համաժողով անում էին մուսուլման արաբները, հետեւաբար` այստեղ կրոնական գործոնը իր ուժը կորցնում էր: Առաջին պլենար նիստում ելույթ ունեցան միայն արաբները` գիտնականներ, պաշտոնյաներ, կրոնական գործիչներ: Եւ նրանք խստությամբ դատապարտում էին օսմանյան իշխանություններին` երիտթուրքերի արածը դիտելով որպես բարբարոսություն, հանցանք ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ մարդկության դեմ, միայն ու միայն դատապարտման արժանի: Նրանք երիտթուրքերի ոճրագործության արդարացման ոչ մի հիմք չէին տեսնում:

- Իսկ տարածաշրջանային շահերը, Իրաքի ներկա հակադրությունները` աշխարհի մեծ խաղացողների հայտնի հատվածի հետ այդպիսի արտահայված դիրքորոշման վրա դեր խաղացե՞լ են:

- Ի՞նչ շահեր, նրանք փաստորեն ցույց տվեցին, որ քայլում են համաշխարհային երեւույթներին, շարժումներին համընթաց, թեեւ Իրաքի համար ամենածանր ժամանակներն են: Որովհետեւ ամերիկյան ներխուժումից հետո Իրաքի, նրա ժողովրդի խելքը գլուխը չի գալիս, ինչպես ասում են: Հիմա էլ ահաբեկչական գործողություններ, շիաների եւ սյուննիների ընդհարումներ են լինում: Բացի դրանից, ինչպես գիտեք, ստեղծվել է այսպես կոչված Սիրիայի եւ Իրաքի իսլամական պետություն` խամաճիկ մի բան, որն արդեն գրավել է Իրաքի զգալի մասը, համաժողովի օրերին էլ գրավեց Ռամադին, որը Բաղդադից շատ հեռու չէ, եւ նրանց հաջորդ քայլը լինելու է Բաղդադի վրա հարձակումը: Ահա այսպիսի պայմաններում է Իրաքի ղեկավարությունն արձագանքել հայերի խնդրանքին` համաժողով անցկացնելու: Պարզ է, որ նրանք ամբողջ աշխարհին ուզում էին երեւալ որպես մի քաղաքակիրթ ժողովուրդ, որին համաշխարհային բոլոր կարեւոր հարցերը հետաքրքրում են: Լիբանանից Սալեհ Զահր Էդդինը, ելույթ ունենալով ասում էր, թե հայերը ոչ մի առիթ չեն տվել, որ թուրքերը նրանց նկատմամբ բարբարոսաբար վերաբերվեին: Ընդհակառակը` հայերը վերին աստիճանի օգտակար եւ կարեւոր դերակատարում են ունեցել Օսմանյան կայսրությունում տնտեսության զարգացման, առեւտրի, ֆինանսների բնագավառում: Շատ հայեր զբաղեցրել են Օսմանյան կայսրության կարեւոր պոստեր, եղել են նախարարներ, այդ թվում` արտաքին գործերի, ֆինանսների, հետեւաբար` ոչ մի արդարացում, արդարացման ոչ մի հիմք չունեն թուրքերը. ասում էր Զահր Էդդինը: Այս գիտնականի ընդհանուր հայեցակարգային եզրակացությունը, որ կա նաեւ իր գրքերում եւ ելույթում էլ արտացոլվեց, այն է, որ հայերը եւ արաբներն ունեն լեզու, պատմություն եւ քաղաքակրթություն, թուրքերը չունեն ոչ սեփական լեզու, ոչ սեփական պատմություն եւ ոչ էլ սեփական քաղաքակրթություն: Ընդհակառակը` թուրքերը քաղաքակրթություն ոչնչացնող եւ կործանող են: Երկրորդ` հայերը եւ արաբները ազգություն են, թուրքերը ազգություն չեն, քոչվոր-թափառական ցեղախմբեր են, որոնք ազգության մակարդակի չեն հասել: Երրորդ` հայերն ու արաբներն ունեն տարածք, թուրքերը չունեն, վերջիններս եկվորներ են, որ գրավել են ուրիշի տարածքը: Սա տպավորություն էր թողնում, եվրոպացի մասնագետներն էլ էին զարմանում, թե ինչպես են արաբներն այդպիսի տեսակետ հայտնում: Առաջին նիստին, որին ելույթ էին ունենում բացառապես արաբ մասնագետներն ու պաշտոնյաները, բոլորը դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը եւ գտան, որ հայ ժողովուրդն այսօր կարողացել է իր մեջքը շտկել, այդ ժողովրդի մի մասն էլ Իրաքում է ներկա: Նրանք շատ մեծ գոհունակություն էին հայտնում իրաքահայերից, գտնելով նրանց վերին աստիճանի օգտակար, պրոֆեսիոնալ, հավատարիմ, քաղաքավարի, եւ կողմնակից էին հայ-արաբական բարեկամությանը:

- Խոսենք հայկական կողմի ելույթների մասին` ինչ շեշտադրումներ եղան:

- Հայկական կողմից ելույթ ունեցանք ես ու Աշոտ Մելքոնյանը: Իմ զեկուցումը «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արդի փուլը եւ արաբների դիրքորոշումը» խորագրով էր:Կենտրոնացա արաբների դիրքորոշման վրա `ասելով, որ թուրքերը Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլում հույսները դրել էին արաբների վրա: Քրիստոնյա հայերի քարավաններն անցնելու էին մուսուլման արաբների, հատկապես Սիրիայի եւ Իրաքի տարածքներով, ու թուրքերը հույս ունեին, որ մուսուլման արաբները թշնամական դիրք կգրավեն քրիստոնյա հայերի նկատմամբ եւ կդառնան իրենց սեւ գործի շարունակողը: Բայց այնտեղ կատարվեց հրաշք` արաբ ժողովուրդը ասպետական մարդասիրություն ցոուցաբերեց հայերի նկատմամբ, եւ ըստ էության ցեղասպանության ընթացքում հայերի միակ դաշնակիցը դարձավ ամբողջ արաբ ժողովուրդը: Արաբ կանայք որդեգրեցին հայ որբերին, նրանք ապրում էին արաբների տներում, իրենց որդեգրած արաբ կանանց «մայրիկ» էին անվանում, «մայրիկ» բառը շատ տարածված էր էդ թվականներին արաբների ընտանիքներում: Արաբներն օգնության ձեռք էին մեկնում սննդով ու հագուստով, թեեւ կար Էնվերի հատուկ հրամանը, որ հայերին օգնության ձեռք մեկնողներին գնդակահարեն: Շատ արաբներ սպանվեցին նույն թուրքական յաթաղանով, որով հայերն էին սպանվում: Երբ 1919 թվականին Դամասկոսում տեղի ունեցավ արաբների մի ամփոփիչ համաժողով, այդտեղ հրավիրել էին Սիրիայում եւ Իրաքում արդեն հաստատված հայերի հոգեւոր առաջնորդին: Վերջինս իր ելույթում շնորհակալություն հայտնեց արաբ ժողովրդին հայերին ցույց տված մարդասիրական օգնության համար` ներկաների որոտընդոստ ծափահարությունների տակ ասելով բառացիորեն հետեւյալը. «Արաբների անունը հայերի պատմության մեջ կգրվի ոսկե տառերով»: Այս բառերը ես իմ ելույթում երբ մեջբերեցի` ամբողջ դահլիճը, որի ութսուն տոկոսը արաբներ էին, շատ ազդվեցին: Հետո ինձ պատմում էին, որ շատ արաբ կանայք արտասվեցին, իսկ տղամարդիկ թաքցնում էին հուզմունքը:

Աշոտ Մելքոնյանն իր ելույթում ցույց տվեց Հայոց ցեղասպանության գործընթացի դինամիկան` շեշտադրում անելով, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայերի, այլեւ մարդկության դեմ հանցագործություն է, եթե ժամանակին դատապարտվեր, ապա չէին լինի նրան հաջորդած մյուս ցեղասպանությունները: Միաժամանակ նա խոսեց հայկական ֆիդայական շարժման նասին` նշելով, որ այդ շարժումը հնարավորություն չուներ ցեղասպանությունը կանխելու կամ դրա դեմն առնելու: Ա. Մելքոնյանի ելույթի կարեւոր գաղափարներից մեկն էլ այն էր, որ հայերը հայրենազուրկ դարձան, կորցրեցին հայրենիքը: Այնուհետեւ նա խոսեց Սեւրի պայմանագրի մասին, որը հնարավորություն էր տալիս ստեղծելու ազատ-անկախ-միացյալ հայկական պետություն: Այդ զեկուցումը նույնպես շատ լավ ընդունվեց:

- Ձեր ելույթներում Ցեղասպանության ճանաչման գործընթացի նոր փուլի մարտահրավերներին անդրադարձ արեցի՞ք:

- Իհարկե: Մենք կարծում ենք, որ հիմա ավելի բարենպաստ պայմաններ կան ճանաչման առումով, քան մինչեւ 100-րդ տարելիցին մոտենալը: Մենք նշում էինք, որ դրանում շատ կարեւոր սկզբունքային դեր ունեցավ Հռոմի պապի մատուցած Սուրբ պատարագը, Հայոց ցեղասպանությունը կատարողների դատապարտումը Ֆրանցիսկոս պապի կողմից, եւ որ` մարդկությունը դա պետք է ճանաչի. սա որոշ իմաստով շջադարձային բնույթ եւ նշանակություն ունեցավ աշխարհի մակարդակով: Թեկուզ նշենք այն փաստը, որ Հռոմի պապի ելույթից հետո ցեղասպանությունը ճանաչեցին Ավստրիան, Լյուքսենբուրգը, Բրազիլիան(՞), դրան մոտ են արդեն մի շարք պետություններ, անգամ Գերմանիան Հայոց ցեղասպանության մասին իր դիրքորոշումը շուտով կհստակեցնի:

- Պապը, փաստորեն, հեղաշրջեց շատերին:

- Այո, մենք առանց վարանելու կարող ենք ասել, որ Պապն այնպիսի մեծ հեղինակություն ունի, այնպիսի զարգացած մարդ է, այնպիսի ձեւակերպումներ էր տալիս, որ դրանց որեւէ մեկը չի կարող հակադրվել կամ ինչ-որ փաստարկնել գտնել դրանք հերքելու: Հեղաշրջում առաջացրեց, այո, ահա մուսուլմանական Իրաքը թույլ տվեց այս նեղ պայմաններում քրիստոնյա հայերի համաժողովը: Ապրիլի քսանչորսին էլ Իրաքի կառավարությունը թույլ էր տվել, որ հայերը ցույց կազմակերպեն, երթին էլ միացել էին Բաղդադի արաբները: Երթը գնացել էր դեպի Թուրքիայի դեսպանություն, դարձյալ Իրաքի կառավարության թույլատրությամբ: Երթը դատապարտման կոչերով հասնելով Թուրքիայի դեսպանատուն` պահանջել էր, որ դեսպանը դուրս գա, բայց վերջինս վախկոտաբար թաքնվել էր դեսպանության շենքում, նույնիսկ թուրքական դրոշը դեսպանության շենքի վրայից իջեցրել էին: Այսպիսի երթ Իրաքում առաջին անգամ էր, ինչպես եւ առաջին անգամ էր մուսուլմանական աշխարհի լավագույն միտքը Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով անում:

- Համաժողովն ինչ-որ ամփոփիչ փաստաթուղթ ընդունե՞ց:

- Ընդունվեց հատուկ կոմյունիկե, որով համաժողովի մասնակիցները դիմում էին Իրաքի կառավարությանը, որ նա պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, արաբական աշխարհին, որ արաբական պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ապա եւ ամբողջ աշխարհին` էլի ճանաչման պահանջով: Սա աննախադեպ պատմական երեւույթ է: Իսկ մեր ներկայությունից ոգեւորված էին ե՛ւ արաբները, ե՛ւ հայ համայնքի ներկայացուցիչները: Մենք իրաքահայերի այնպիսի համախմբվածություն տեսանք, որ անպատմելի է: Ներկա էին, ասել եմ, Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը, Իրաքի թեմի առաջնորդ Ավագ սրբազանը, ՀՅԴ ղեկավարությունից, ռամկավարներից, ՀԲԸՄ-ից, Իրաքի բոլոր հայաշատ վայրերի ներկայացուցիչները:

- Իսկ ի՞նչ վիճակում էր հայկական համայնքը:

- Հայերի թիվն, իհարկե, նվազել է վերջին ժամանակների իրադարձություններից հետո: Առաջ մոտենում էր 30 հազարի, որից 3,5 հազարն ապրում էր Բասրայում, հիմա` ընդամենը 200-ն է մնացել, 2000 հայ ապրում էր Մոսուլում, հիմա Մոսուլում եւ նրա շրջակայքում համարյա հայ չկա` մոտ 120 հայ մնացած կլինեն ըստ տարբեր վկայությունների: 500 հայ էլ բնակվում է Էրբիլում, Դոհուկում եւ Զախոյում` շատ քիչ թվով: Իրաքի քրդական ինքնավար մարզը կա, որի պառլամենտում մեկ հայ կա` Երվանդ Ամինյանը Դոհուկից:

Բաղդադի վիճակը ազդում է նաեւ հայերի վրա: Պայթյունները, հարձակումները բնական հունից հանել են մայրաքաղաքը: Ավերածությունները տեսանելի էին: Ողջ Բաղդադում զինվորական պոստեր կային, որտեղ ստուգում էին անցուդարձ անողներին, մեքենաները շներով էին ստուգում: Ամենուր ավազի պարկեր էին, գնդացիրներ, երբեմն-երբեմն երեւում էին տանկեր ու զրահապատ մեքենաներ: Մենք, իհարկե, պրոբլեմ չունեցանք` մեզ զրահապատ մեքենաներ էին տրամադրել:

- Իրաքի կողոպտվող մշակութային արժեքների առթիվ խոսո՞ւմ էին համաժողովում:

- Մենք այցելեցինք Իրաքի ազգային թանգարան, որն ի դեպ կառուցվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության միջոցներով, որպես նվեր: Դահլիճներով պտտվելիս անընդհատ մեզ տեղեկացնում էին, թե ինչեր են գողացվել: Փառք Աստծո` անցյալի արժեքներ մեծ մասը կա` ե՛ւ շումերներից, ե՛ւ աքքադացիներից, ե՛ւ բաբելացիներից, ե՛ւ Ասորեստանից: Գողացվել են մանր բաները` ինչ կարող է մարդը վերցնել կամ գրպանը դնել, իսկ հատկապես վիթխարի հուշարձաններն իրենց տեղում են: Այդ կարգի հուշարձանները պղծել-կոտրել են Մոսուլում` Նեմրութում, բայց Բաղդադում` ոչ: Մի խոսքով, չնայած կողոպուտին, այնումենայնիվ` Բաղդադի թանգարանն իր դեմքը չի կորցրել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.