AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-06-04 23:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 903, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀԵՏԵՎԵԼՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մոտիկից հետեւում են տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերը, քանի որ դրանց արդյունքը այս կամ այն ձեւով ազդելու է իրենց վրա: Թուրքիան տարածաշրջանային գերտերություն է, բավականին ամբարտավան Ռեջեփ Թայիպ Էրդողանի նախագահության ներքո: Նա իր վերաբերմունքն ունի տարածաշրջանում ծագած ամեն մի հակամարտության վերաբերյալ եւ անշուշտ ազդում է դրանց վրա: Ունի նաեւ իր շոշափուկները Բալկաններում, ուղղակիորեն ներգրավված է Սիրիայում, Իրաքում եւ Լիբիայում կատարվող իրադարձությունների մեջ եւ նույնիսկ պաշտպանում է Ույղուր մահմեդականների խռովությունները Չինաստանում: Բայց առաջին հերթին նա շրջափակման մեջ է պահում Հայաստանին եւ նպաստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմամոլությանը, երբեմն նաեւ ուղղորդելով այն:

Հետեւաբար, եթե ընտրությունները իշխանության որեւէ փոփոխություն առաջացնեն երկրի ներսում, ապա դրա արդյունքում կփոխվի նաեւ երկրի արտաքին քաղաքականությունը եւ հարեւան երկրների ներքին գործերին խառնվելու նրա կարողությունը:

Վերջին ընտրությունների ժամանակ Էրդողանը կարողացավ հավաքել ձայների 52 տոկոսը: Բայց Թուրքիայի թուլացող տնտեսությունը, կոռուպցիոն սկանդալներն ու նախագահի բռնատիրական հակումները զգալիորեն նվազեցրել են նրա կուսակցության հեղինակությունը: Վերջերս հայտնի դարձած մեկ այլ սկանդալ է՛լ ավելի կարող է վատթարացնել իրադրությունը արդեն 13 տարի իշխանության ղեկին կանգնած AKP կուսակցության համար: Թուրքիային մեղադրում են ISIS-ին պաշտպանելու եւ նրան զենք մատակարարելու մեջ:

Էրդողանի կառավարությունը ժխտում է անշուշտ այդ լուրերը: Բայց Ջան Դունդար անունով մի «չարախոս» «Ջումհուրիեթ» օրաթերթում հանդգնել է բացահայտել Թուրքիայի գաղտնի գործակալությանՙ MIT-ի գործողությունները:

Ոստիկանությունը կանգնեցրել էր բեռնատար մեքենաներ, որոնք զենք էին փոխադրում Սիրիայի ապստամբներին: Դեղորայք եւ սննդամթերք մատակարարելու քողի ներքո երկու հազար բեռնատարներ Թուրքիայից Սիրիա են անցել: Վարչապետ Դավութօղլուն նշել է, թե ոչ ոքի չպետք է հետաքրքրի, թե ինչ են փոխադրում այդ բեռնատարները: Էրդողանն էլ իր հերթին դատի է տվել Դունդարին, որպես դավադիրի: Դունդարը նշել է, թե բուն մեղավորի փոխարեն եղելությունը բացահայտողին են պատժում:

Ներկա դրությամբ կանխատեսում են, որ Էրդողանի AKP կուսակցությունը կստանա ընտրողների ձայների 46-47 տոկոսը, ինչը նախագահին հնարավորություն կտա պահպանելու իր իշխանությունը: Բայց այլ կուսակցություններ կարող են կրճատել ձայների տարբերությունը: Էրդողանի ծրագիրն է «բարեփոխել» սահմանադրությունը եւ առավել մեծ իշխանություն ընձեռել նախագահին, որպեսզի նա ղեկավարի երկիրը սուլթանի նման:

Այդուհանդերձ, քաղաքական սցենարը շատ ավելի բարդ է եւ կախված է, թե ինչ խորամանկություններով նա կկարողանա հասնել իր նպատակին: Ներկա սահմանադրությունը ընդունվել էր 1980-ին բռնակալ Քենան Էվրենի զինվորական հեղաշրջումից հետո: Քենանը վերջերս մահացավ 97 տարեկանում:

Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտությունը չի քննարկվում կուսակցությունների կողմից: Փոխարենը քննարկվում է, թե ինչ տեսք կստանա այն:

Հիմնականում երեք կուսակցություններ են պայքարում իշխանության համար: «Ջումհուրիեթ Հալք Փարթիսին» (CHP), որի հիմնադիրն է Աթաթուրքը եւ որը մի քանի տասնամյակ իշխել է երկրում «դրակոնյան» կանոններով: Կուսակցությունը աշխարհիկ է եւ ազգայնամոլական: Կուսակցության աշխարհիկությունը որոշ իմաստով տուժել է վերջերս, երբ Աթաթուրքի մի շարք բարեփոխումներ Էրդողանի իսլամիստական կուսակցության կողմից վերանայվել են: Օրինակՙ կանանց գլխաշոր կրելը, որ արգելված էր Աթաթուրքի օրոք: CHP-ն գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն է Քեմալ Քիլիկդարօղլուի առաջնորդությամբ: Զգուշավոր մոտեցում ունի քրդական անջատողականության վերաբերյալ:

Մյուս ընդդիմադիր կուսակցությունը «Միլլի Հարաքեթ Փարթիսին» է (MHP), որը ռասիստական է բնույթով եւ անդրդվելիորեն դեմ քրդական բոլոր տեսակի ձգտումներին: Կուսակցության առաջնորդն է Դեվլեթ Բահջալին:

Ամենավիճարկելի ընդդիմադիր կուսակցությունը «Հալք Դեմոկրատիկ Փարթիսին» է (HDP) Սալահեդդին Դեմիրտաշի առաջնորդությամբ, ով սառնարյուն քաղաքագետ է եւ պնդում է, որ յուրաքանչյուր ոք (ալեւիներ, լազեր, հրեաներ, հույներ, հայեր եւ թուրքեր) կարող է անդամակցել իր կուսակցությանը, որը հիմնականում քրդերից է բաղկացած: HDP-ն պնդում է, որ կապ չունի PKK-ի հետ, որին թրքական իշխանությունները ահաբեկչական կազմակերպություն են անվանում:

Չնայած մի կողմից կառավարությունը բանակցություններ է վարում PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, նա HDP-ին է մեղադրում PKK-ի հետ համագործակցելու համար: Դեմիրտաշն իր հերթին նշում է, որ եթե իր կուսակցությունը որեւէ ազդեցություն կարողանում է թողնել PKK-ի վրա, ապա դա դրական պետք է գնահատվի եւ ոչ թե բացասական:

Գլխավոր հարցն այն է, որ այս քուրդամետ HDP կուսակցությունը խորհրդարան մտնելո՞ւ է, թե՞ ոչ: Կուսակցությունը կարիք ունի ձայների 10 տոկոսին: Ներկա դրությամբ հարցումները 9.5-ից 11 տոկոս են նախատեսում: Անկախ դրանից, թե խորհրդարան կմտնի, թե՞ ոչ, կուսակցությունը լուրջ մարտահրավեր է Էրդողանի համար: Քրդական հարցը երկսայր թուր է: Եթե քուրդերը ընտրվեն, կխոչընդոտեն Էրդողանի ձգտումները, սակայն մյուս կողմից կնպաստեն, որ Թուրքիան Եվրոպային ներկայանա որպես ժողովրդավարական ուղին բռնած երկրի:

Գալով Էրդողանի «Առաջադիմություն եւ բարգավաճում» (AKP) կուսակցությանը, նշենք, որ քրիստոնյա ընտրողների ձայները ապահովելու նպատակով AKP-ն եւ մյուս կուսակցությունները իրենց թեկնածուների շարքերում հայեր են ընդգրկել: Մարգար Եսայանը թուրքական մամուլի էջերում հայտնի սյունակագիր է: Կարո Պալյանը «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության թեկնածուն է, իսկ Սելինա Դողանըՙ ընդդիմադիր «Ժողովրդի հանրապետական» կուսակցության: Վերջինս իր կարծիքն է հայտնել, որ «հավասար պայմաններում չենք պայքարում, թղթի վրա, այո, հավասար ենք, բայց իրականումՙ ոչ, որովհետեւ մենք կառավարությունում, ոստիկանությունում, դատական կառույցներում հայ պաշտոնյաներ չունենք: Ես այս խտրականության դեմ եմ պայքարելու»:

Տարիներ շարունակ կառավարությունը վատաբանել է հայերին, նույնիսկ հայ բառը որպես հայհոյանք ներկայացրել ժողովրդին, իսկ հիմա քուրդամետ կուսակցության դեմ պայքարելու համար, Էրդողանն ու Դավութօղլուն հայերի մասին են խոսում:

Հակվածությանը կամ կանխակալ կարծիքին հնարավոր չէ օրենքի ուժ տալ, սակայն թուրքերը հենց դա էլ անում են, քաղաքական հաղթաթուղթ դարձնելով կանխակալ կարծիքը: Հիշեցնենք, որ Էրդողանը նախագահական ընտրությունների ժամանակ նշեց, որ իրեն «ամենավատ» մակդիրներով են բնութագրում, ներառյալ «հայ» լինելու մակդիրը: Մյուս կողմից փետրվարի 11-ին վարչապետ Դավութօղլուն կեղծ բարեպաշտությամբ սփյուռքահայությանն էր դիմումՙ ասելով. «Սփյուռքը (Diaspora) մեր սփյուռքն է եւ մեր սփյուռքի նախաձեռնությունը բարգավաճելու է»: Նա «սփյուռք» բառը արտասանեց նաեւ Դեմիրտաշի վրա հարձակվելու համար: Այդ կապակցությամբ Էդվարդ Տանձիկյանը մայիսի 28-ին «Ակօս» պարբերականում գրել էր. «վայրը, որտեղ այդ կոպիտ, անտաշ եւ ազգայնամոլական բառերը օգտագործվեցին, Բաթմանում կայացած AKP-ի հավաքն էր: Այս տրամաբանությունը, որ քուրդերին, արաբներին եւ թուրքերին կշեռքի մի նժարին է դնում, իսկ հայերինՙ մյուս, ակնհայտորեն ռասիզմի եւ խտրական մտածելակերպի արդյունք է: ...Մայիսի 24-ին Դավութօղլուն հեռուստատեսային մի շոուի էր մասնակցում, որի ընթացքում նա ասաց. «Երբ ամբողջ աշխարհը Թուրքիայի դեմ է տրամադրված հայոց պնդումների համատեքստում Դեմիրտաշը Թուրքիայի դեմ է գործում, ասելով. «Քուրդերը նույնպես պատասխանատու են եւ ներողություն են խնդրում հայերից»: Կարելի՞ է վստահել եւ ձեր թեկնածուն դարձնել խորհրդարանում մեկին, ով ձեր նախնիներին է մեղադրում: Քուրդերն ու թուրքերը արեցին ասողը կարո՞ղ է Թուրքիային ներկայացնել»:

Դավութօղլուն առաջ գնալով Դեմիրտաշին նաեւ մեղադրել է «սփյուռքի հետ գաղտնի գործարքի մեջ մտնելու համար»:

Ինչպես տեսնում ենք, մենքՙ հայերս էլ ներգրավված ենք Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Ներգրավված ենք երկու տարբեր մակարդակներով, որպես մասնակիցներ եւ որպես պարիաներՙ մերժված թշվառականներ:

Ժամանակը ցույց կտա, թե ընտրությունները ինչ ընթացք կունենան:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

(տպագրվում է չնչին կրճատումներով)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.