AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 59. ԾԱՂԿԱԹԵՐԹԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԹՌՉՈՂ ԹԻԹԵՌԻ ԹԵՎԵՐԻՑ ՄԵԿԸ ԹԻԹԵՂԻՑ ԷՐ, ՄՅՈՒՍԸՙ ԹԵՐԹԻՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-06-25 23:27:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1507, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 28

ԸՆԴԴԵՄ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երկուշաբթի օրն էր, կեսօրվա դեմ: Մեր շենքից դուրս եկաՙ գնալու աշխատանքի: Մտքումսՙ նախորդ ուրբաթ օրը արդեն Ազատության հրապարակում երիտասարդների կողմից հուզվող էլեկտրասակագների բարձրացման հարցը: Դեպի Արմենակյան փողոցի մյուս մայթին գտնվող մեքենա առաջանալս կանխվեց, երկար ժամանակով: Ճանապարհս փակեց շքեղ ավտոմեքենաների կորտեժըՙ դանդաղ ընթացքով: Առջեւից ձյունասպիտակ, լավ փայլեցրած «Բենտլի» էր, որին հետեւում էին 10-15 «Լեքսուս», բոլորն էլ սպիտակ: Դրանց հետեւում էին 15-20 սեփ-սեւ «Մերսեդես», բոլորն էլ «Յաշիկ», հետեւից էլի՛ «Յաշիկներ» էինՙ բայց սպիտակ, մի 10-15 հատ: Գնում էին դանդաղ, հանդիսավոր, լուսաթարթիչները միացրածՙ ըստ երեւույթին դեպի Նորքի գերեզմաններ: Չիմացա ով էր հանգուցյալը, կարեւոր էլ չէր նրա ով լինելը, ինչպես կարեւոր չէր, երեւի, մեքենաների մուգ ապակիների հետեւում գտնվողների համար: Նրանք գնում էին իրենց մասնակցությունը ցույց տալու հանգուցյալի հարազատին, հավանաբարՙ իրենց «ազիզ ախպորը»:

Իսկապես չարաշուք բան կար այդ ամենի մեջ, այդ ցույցի ու ցուցամոլության մեջ, մի սահմանազատում իմ ու իմ նմանների եւ նրանց միջեւ: Նրանց փոքրամասնության եւ իմ ու իմ նմանների մեծամասնության միջեւ: Խոսքս նյութական հարստության մասին չէ, ոչ էլ սոցիալական բեւեռացվածության մասին: Այլՙ սահմանազատվածության: Կիսապետական, կիսագործարարական, կիսագողական, կիսաօլիգարխիական եւ ըստ ամենայնի մաֆիոզական մի խավի ու ազգաբնակչության մեծամասնության միջեւ ստեղծված սահմանազատվածություն, որն առաջին հերթին ընդգծում-խորացնում է անջրպետը ժողովրդի ու նրան կառավարողների միջեւ, մեծամասնության ու փոքրամասնության միջեւ: Այդ «սգավոր» կորտեժը չէր կարող այդքան լկտի լինել, եթե այդքան միահյուսված, ժամանակակից բառովՙ ինտեգրացված չլիներ իշխանության վերին ու միջին օղակների հետ:

Այդ սահմանազատումն է պատճառը այն խորը, այն օբյեկտիվ անվստահության, որի արդյունքներից մեկը, թերեւսՙ ամենաանվնասը, մեր երիտասարդության ընդվզումն է Բաղրամյան պողոտայում, Գյումրիում ու Վանաձորում: Դրանք մեր երիտասարդներն են, որոնցից շատերը, իմ տպավորությամբ, գործազուրկ չեն, շատերն ունեն կրթություն, գուցե եւ լավ կրթություն: Հետեւաբար կորցնելու բան ունեն, եւ բնականաբար ու բարեբախտաբարՙ չեն ուզում կորցնել, չեն ուզում հեռանալ իրենց սիրած երկրից, չեն ուզում այլեւս ոտքերով քվեարկել ամեն կարգի ընտրություններում: Իրենք եւ իրենց նմանները մի քանի տարի առաջ կարողացան մեր բոլորի համար պահպանել Մաշտոցի պուրակը բոլոր տեսակի «դիվելոպերներից»:

Իսկ հիմա, կրկին իմ տպավորությամբ, նրանց ուզածը ավելին էՙ քան հոսանքավճարի չթանկանալը: Նրանց ուզածը պատասխանատվության ենթարկելն է այն պետական ու ոչ պետական պաշտոնյաներին, որոնք չկանխեցին թանկացումը, որոնք հանրօգուտ ծառայությունը փոխարինել են «Բենտլիներով», «Լեքսուսներով», «Յաշիկներով», անվստահության խորացմամբ: (Իսկական դեմոկրատական երկրում այդ պաշտոնյաները, եւ առաջին հերթին էներգետիկայի նախարարն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պետը, արդեն հրաժարական պետք էր տված լինեին, իսկ ՀԷՑ-ի տնօրենն ու այլ պաշտոնյաներ հեռացվածՙ վատ տնտեսվարելու համար, մինչդեռ մեր երկրի վարչապետը մեղքը գցում է բնության ու եղանակի վրա):

Կիրականանա՞ մեր երիտասարդների ուզածը, դժվարանում եմ ասել: Բայց ուզում եմ, որ նրանք չհուսախաբվեն, չհուսահատվեն: Չկորցնեն իրենց հույսը իշխանություն-հասարակություն փոխադարձ վստահությանը հասնելու: Ուզում եմ նաեւ, որ երիտասարդները զգուշանան սադրիչներից եւ իրենց ձրիորեն կերակրողներից: Մեկ էլՙ լավ իմանան, որ ոստիկանը մենք ենք, մե՛ր ոստիկանը, որին չի կարելի հայհոյել, մանավանդ գազազած կանայք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.