AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 68. ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՔԱՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-06-25 23:27:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1105, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐՁՐ ՏԵՄՊ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Չնայած չունենք առավել վատթարացող տնտեսություն

Հայաստանի տարեկան տնտեսական աճի վերաբերյալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները հակվում են դեպի ավելի իրատեսական կանխատեսումներ: Վերջերս Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին հայտարարեց, որ «Հայաստանի տնտեսական աճի հաջորդ կանխատեսումն ավելի դրական կլինի»: Հիշեցնենք, որ ներկա պահին Համաշխարհային բանկը Հայաստանի համար կանխատեսում է 0,8 տոկոս տնտեսական աճ: Բնական է, որ կանխատեսման վերանայման մասին խոսելը հենց այնպես տեղի չի ունենում: Հայաստանի տնտեսական ակտիվության աճի ցուցանիշն այս տարվա հինգ ամիսներին կազմել է 2,7 տոկոս: Սա թեեւ ցածր է պետական բյուջեի հիմքում դրված 4,1 տոկոսից, բայց բարձր է ՀԲ կանխատեսած 0,8 տոկոսից, չխոսելով արդեն Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսած 1 տոկոս անկումից:

Այսպիսով, ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության, 2015-ի հունվար-մայիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ աճել է 2,7 տոկոսով։ Ընդ որում, այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ աճը կազմել է 2,8 տոկոս, իսկ այս տարվա ապրիլի նկատմամբ` 7,1 տոկոս: Առաջիկա ամիսներին տնտեսական աճի այս տեմպը հավանաբար կպահպանվի եւ գուցե փոքր-ինչ ավելանա, պայմանավորված գյուղատնտեսության այս տարվա համախառն արտադրանքի` նախորդ տարվա համեմատ ավելի մեծ ծավալներով:

Գյուղատնտեսությունում եւ արդյունաբերությունում աճ, առեւտրում` շարունակվող անկում

Տնտեսական աճի ցուցանիշի որակական կողմի մասին խոսելով հարկ է նշել, թե շատ կարեւոր է, որ այն արձանագրվի տնտեսության իրական հատվածի` արդյունաբերության եւ գյուղատնտեսության շնորհիվ: Այս պահին հենց այդպես էլ տեղի է ունենում: Ընթացիկ տարվա հինգ ամիսներին գյուղատնտեսությունն աճել է 6 տոկոսով, արդյունաբերությունը` 4,5 տոկոսով: Հաջորդը ծառայություններն են, որտեղ աճը կազմել է 3,8 տոկոս: Շինարարությունում իրավիճակն գրեթե անփոփոխ է` աճ 0,4 տոկոսով, իսկ ահա առեւտրային շրջանառությունը շարունակել է նվազել 8,6 տոկոսով:

Նախորդ տարվա ապրիլի նկատմամբ տնտեսության բոլոր ճյուղերն աճ են ունեցել, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` դարձյալ բարձր աճ են ունեցել գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը եւ ծառայությունները, գրեթե անփոփոխ է եղել շինարարության վիճակը եւ անկում է տեղի ունեցել առեւտրում: Ինչպե՞ս են փոխվել ծավալների գումարային ցուցանիշները:

Ամենամեծ ծավալներ ունեն առեւտուրն ու արդյունաբերությունը

Չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը, ամենամեծ ծավալները շարունակում են պահպանվել առեւտրի շրջանառությունում` 778 մլրդ 569 մլն դրամ: Դա, ցավոք, նշանակում է, որ մեր տնտեսության ամենամեծ ճյուղը շարունակում է մնալ առեւտուրը: Ինչ վերաբերում է ծավալների նվազմանը, ապա, ինչպես արդեն առիթ ենք ունեցել նշելու, դրան երկու հիմնական պատճառ կա: Առաջինը արտերկրից մասնավոր փոխանցումների ներհոսքի նվազումն է, երկրորդը` հիմնականում ներմուծման վրա հիմնված առեւտուրը, որի արդյունքում լճացման երեւույթներ են սկսում նկատվել: Այս երկու պատճառների ազդեցությունը նկատելի չէր լինի, եթե տնտեսության մեջ ամենամեծ բաժիններն ունենային արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:

Արդյունաբերության արտադրանքի ծավալը դեռեւս երկրորդն է իր մեծությամբՙ 499 մլրդ 688 մլն դրամ: Դժվար է ասել, թե ե՞րբ այն կդառնա համախառն ներքին արդյունքում ամենամեծ մասնաբաժինն ունեցող ճյուղ: Երրորդը`ծառայությունների ծավալն է` 435 մլրդ 279 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները շատ ավելի փոքր են` 174 մլրդ 30 մլն դրամ, բայց այստեղ աճի տեմպն ավելի արագ է: Շինարարության ծավալը ամենափոքրն էՙ 97 մլրդ 386 մլն դրամ, մինչդեռ 2009-ից առաջ սա Հայաստանի ամենաբարձր աճ եւ ամենամեծ ծավալներ ունեցող ճյուղն էր:

Արտահանումը մոտենում է ներմուծման ծավալների կեսին

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2015-ի հունվար-մայիսին 2014-ի հունվար-մայիսի նկատմամբ նվազել է 32,3 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 558 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 488,7 մլն դոլար, նվազելով 15,2 տոկոսով, ներմուծումը կազմել է 1 մլրդ 70 մլն դոլար, նվազելով 38 տոկոսով։

Արտաքին առեւտրի այս տվյալները հրապարակելով, Ազգային վիճակագրական ծառայությունը կրկին տեղեկացրել է, որ ցուցանիշները ամբողջական չեն, «պայմանավորված ԵՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ»: Ըստ վիճծառայության, տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձեւ»-իՙ դեռեւս ոչ բոլոր ռեսպոնդենտների կողմից մաքսային մարմիններին ներկայացման հետ, քանզի դրանց ներկայացման էլեկտրոնային համակարգը, տարեսկզբից ի վեր, դեռեւս գործարկված չէ:

Արժե նշել, որ միայն մայիս ամսին ապրիլի համեմատ արտահանումն աճել է 3,1 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել 7,6 տոկոսով: 2014-ի մայիսի համեմատ էլ արտահանումը նվազել է ընդամենը 0,6 տոկոսով, իսկ ներմուծումը` 46,8 տոկոսով:

Հինգ ամիսների տվյալներից երեւում է, որ արտահանման ծավալները մոտենում են ներմուծման ծավալների կեսին: Վերջին տարիներին արտահանումը ներմուծման մոտ մեկ երրորդն էր կազմում:

Ինչպե՞ս է փոխվել միջին աշխատավարձը

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում 2015-ի հունվար-մայիսին բարձրացել է 11,6 տոկոսով եւ կազմել 178 հազար դրամ, մասնավոր հատվածում` մոտ 207 հազար դրամ, աճելով 8,4 տոկոսով, պետականում` 158 հազար դրամ, աճելով 14,6 տոկոսով։

Միջին աշխատավարձի ցուցանիշը հետաքրքրական է այնքանով, որ գնային փոփոխությունների ֆոնին շատերը հարց են տալիսՙ իսկ աշխատավարձերը ինչպե՞ս են փոխվում: Ներկայացնենք բացառապես փաստերը:

Օրինակ` երկու տարի առաջ, 2013-ի հունվար-մայիս ամիսների ցուցանիշներով, միջին աշխատավարձը Հայաստանում կազմում էր մոտ 143 հազար դրամ, մասնավոր հատվածում` 177 հազար դրամ, պետականումՙ 113 հազար դրամ։ Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ երկու տարվա ընթացքում միջին աշխատավարձը ավելացել է 35 հազար դրամով (մոտ 25 տոկոսով), մասնավոր հատվածում` 30 հազար դրամով, պետականում` 45 հազար դրամով:

Գնաճի տարեկան ցուցանիշը գտնվել է ԿԲ կողմից թույլատրելի համարվող միջակայքում եւ չի գերազանցել տարեկան 4-5,5 տոկոսը: Երկու տարվա հանրագումարով, ներառյալ անցյալ տարվա դեկտեմբերին արձանագրված բարձր գնաճը, այս ցուցանիշը չի գերազանցել 10 տոկոսը: Շեշտենք, որ խոսքը գնաճի միջին ցուցանիշի մասին է, այլ ոչ թե առանձին ապրանքների կամ ծառայությունների, որոնք կարող են ավելի մեծ կամ փոքր չափով թանկացած լինել:

Վերադառնալով տարեկան աճի կանխատեսմանը

Հոդվածի սկզբում նշեցինք, որ միջազգային ֆինանսական կառույցները պատրաստվում են «ավելի դրական» կանխատեսում տալ այս տարվա մեր տնտեսական աճի վերաբերյալ: Չենք կարող ասել, թե ինչպիսին կլինի այդ կանխատեսումը: Ամեն դեպքում իրատեսական է թվում, որ այս տարի կունենանք տնտեսական աճ, որը կլինի 2,5-3 տոկոսի շրջակայքում: Համենայնդեպս, անհասկանալի եւ չփաստարկված հայտարարությունները, թե Հայաստանի տնտեսությունը անկում է արձանագրում, վիճակն օրեցօր վատթարանում է, իրականության հետ կապ չունեն: Այլ հարց է, որ մեզ անհրաժեշտ է տնտեսական զարգացման բարձր տեմպ, որն առավելապես օբյեկտիվ, բայց նաեւ սուբյեկտիվ պատճառներով տեղի չի ունենում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.