AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 94. ՍԱԿԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2015-06-25 23:27:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1146, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՈՂԲԱ՞Լ, ԹԵ՞ ԳՈՐԾԵԼ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Վերջերս Հայաստան կատարած այցելությունից օգտվելով մեկնեցի նաեւ Լեռնային Ղարաբաղ: Պատմական հայրենիքի հանդեպ ունեցած մեր զգացմունքները սիրելի են դարձնում այդ հողակտորը բոլոր հայերի համար: Այդ սերն ու հիացմունքը կրկնապատկվում են, երբ նրան դիտարկում ենք զուտ արտիստական, գեղարվեստական տեսանկյունից: Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը դարձել է արդիական մի հոյակապ քաղաքՙ պարծանքը բոլոր ղարաբաղցիների: Հարուստ բուսականությունն ու ալպիական բնական գեղեցկությունը զուգակցված պատմական անցյալի հետՙ մղեցին ինձ մտորելու երկրի վրա այս դրախտավայրի մասին: Ովքե՞ր են նպաստում նրա զարգացմանը: Ովքե՞ր են պաշտպանում նրա սահմանները: Ովքե՞ր են ներդրումներ կատարում նրա տնտեսությանը:

Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ փաստացի օդային կապ գոյություն չունի, քանի որ ազերիները սպառնում են վայր գցել որեւէ քաղաքացիական ինքնաթիռ: Ամեն անգամ, որ հայկական կողմը փորձ է անում մեկնարկել օդային կապը, ԵԱՀԿ-ն եւ այլ «անկողմնակալ» կազմակերպությունները պարզապես զգուշացնում են Ադրբեջանին չդիմել սադրանքների, դրանով իսկ նպաստելով Ղարաբաղին մեկուսացնելու եւ բնակչության թվի նվազեցման ազերի ծրագրերին:

Այնպես որ Արցախ այցելության կամ Արցախի հետ հաղորդակցության միակ միջոցը առայժմ ցամաքային ճանպարհն է մնում, որն ամենաիդեալական պայմաններում անգամ, առնվազն 5 ժամ է պահանջումՙ անցնելով Գորիսից: Ճանապարհը միջազգային մակարդակներին չի համապատասխանում, սակայն տեղացիների գնահատմամբ համարվում է բավականին հանգստավետ: Վերադարձին ընտրեցինք Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը, որը ողբալի վիճակում է: Որեւէ երկրում 116 կմ ճանապարհը կարելի է անցնել մոտ մեկուկես ժամում, մինչդեռ մեր ճանապարհորդությունը յոթ ժամ տեւեց, պատճառելով անթիվ ցնցումներ ու ցավեր, չհաշվելով ավտոմեքենայի անիվի պայթումը...

Այդ ճանապարհը գլխավոր զարկերակներից մեկն է, որ նպաստում է առեւտրական գործառնություններին Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ: Ակամա մտածում ես, թե ո՞ւմ է ձեռնտու նման կարեւոր մի զարկերակ թողնել նախապատմական պայմանների մակարդակին: Ճանապարհի վերանորոգման, խճալցման եւ ասֆալտապատման աշխատանքները անցյալ երկու տարիների ընթացքում ընդգրկված են եղել «Հայաստան» հիմնադրամի ծրագրերում: Բայց այդ երկու տարիների ընթացքում ճանապարհն է՛լ ավելի է վատթարացել: Ո՞վ է, ի վերջո, եթե կարելի է հարցնել, պատասխանատու դրա համար: Ոչ ոք իր վրա չի վերցնում պատասխանատվությունը,: Կարեւոր չէ, թե ո՞ր կազմակերպության կամ գործակալությանն է հանձնարարված վերահսկողություն իրականացնել: Բոլորս ենք պատասխանատու դրա համար, հատկապես սփյուռքահայերս, որ Ղարաբաղը թողել ենք իր ճակատագրին, այն բանից հետո, երբ տեղացիները արյուն են թափել դրա ազատագրման համար:

«Հայաստան» հիմնադրամը ամենամյա դրամահավաք է կազմակերպում Գոհաբանության օրվա առիթով եւ համայն աշխարհի հայությունը մասնակցում է այդ դրամահավաքին: Պաշտոնական տվյալներով 2014 թվին արձանագրվել է ընդամենը 12.399.550 դոլարի նվիրատվություն եւ խոստում նվիրատվությանՙ զգալիորեն ցածր մի գումար նախորդ տարվա համեմատությամբ: Բայց ոչ ոք առ այսօր հարց չի առաջադրել, թե ո՞րն է այդ իրավիճակի պատճառը: Ոչ ոք հիմնավոր բացատրություն չի տվել: Ի դեպ, մեկ առանձին հայ բարերար կարող էր այդքան գումարի չեկ դուրս գրել:

«Հայաստան» հիմնադրամը գործում է այն առողջ սկզբունքով, որ այնտեղ ընդգրկված են ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչները: Բայց մասնակից կազմակերպություններից ոմանք սոսկ ֆիզիկական ներկայություն են ապահովում այնտեղ առանց ամենաչնչին գումարով մասնակից դառնալու համընդհանուր դրամահավաքին: Ծիծաղելին այն է, որ նրանց հրավիրել են մասնակցելու այդ կառույցին, ոչ թե որովհետեւ կարող են նպաստել գործին, այլ որովհետեւ կարող են խանգարելՙ եթե անտեսվեն եւ մասնակից չդառնան: Նրանք կարող են գործի դնել իրենց բացասական վերաբերմունքը եւ վրեժ լուծել, հաշվի առնելով, որ միշտ էլ ավելի հեշտ է մարդկանց համոզել, որ չնվիրաբերեն, քան նվիրաբերեն որոշ գումարներ:

Երեւանում հրատարավկող «Ազգ» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը երկու հաջորդական հոդվածներով իր վրա է վերցրել դրամահավաքի պատասխանատու կողմերին հանձնարարականներ տալու պարտականությունը: Հարցնելուց հետո, թե «ինչո՞ւ է ամենամյա հեռուստամարաթոնը միշտ կազմակերպվում Լոս Անջելեսում, գրեթե միեւնույն ձեւաչափով, նույն դեմքերով, անգամ նույն խոսքերով ու երգերով», նա սկզբունքային մի քանի մոտեցումներ է առաջարկում.

ա. «Պետք է նվազագույնի հասցնել կառավարության եւ պետական պաշտոնյաների դերակատարությունը այս (դրամահավաքի) գործում: Պետական պաշտոնյան բնականաբար վճարվում է, իսկ ով վճարվում էՙ նրա խոսքը համոզիչ չի թվում շատ շատերին»:

բ. «Պետք է մեծացնել տեղական հանգանակիչ մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը»:

գ. «Հաշվետվությունների ժամանակ պետք է լինել բծախնդիր ու ճշգրիտ, չթաքցնել բացթողումները, անգամ ձախողությունները», որովհետեւ «նման ձեռնարկումների ժամանակ գլխավոր կապիտալը ոչ թե նյութական, այլ բարոյական էՙ վստահելիությունը»:

Այս երրորդ առաջարկն իր մեջ բազում խնդիրներ է ներփակում: Իշխանությունը սփյուռքում միշտ էլ եղել է հատվածային: Ոչ մի կազմակերպություն համազգային վստահություն չի վայելում, որովհետեւ չի կարողանում իր նեղ շրջանակների շահերից վեր դասել համազգային շահերը:

Հակոբ Ավետիքյանն այստեղ իրադրությունը համեմատում է 1919-ից սկսած Զորավար Անդրանիկի գլխավորությամբ կազմակերպված Փրկության հանգանակության հետ: Այդ ժամանակ հայ ազգը Կովկասից մինչեւ Կիլիկիա ամենուրեք գտնվում էր բնաջնջումի իրական եւ ահավոր վտանգի առաջ: Զոր. Անդրանիկի հանգանականության կոչը ամերիկահայ գաղութին զինվորական հրամանի է նման. «Ոմն անուան տակ նուէր պիտի չտրուի, ապառիկ նուիրատուութիւնք (խոստում- խմբ.) պիտի չընդունուի, շրջանային հանգանակիչ մասնախումբեր պիտի կազմուին, խիստ եւ կանոնաւոր հսկողութիւն ի գործ պիտի դրուի հանգանակութեանց վրայ, արտաքոյ կարգի ծախքեր պիտի չըլլան» եւ այլն, եւ այլն:

Ինչպե՞ս կարող էր Անդրանիկը այդքան հարգանք վայելել: Նախ որովհետեւ նա ազգային հերոս էր եւ երկրորդ, որովհետեւ նրան աջակցում էին Պողոս Նուբար փաշան, Հայ ազգային պատվիրակության նախագահը, եւ Ավետիս Ահարոնյանը, Հայաստանի Հանրապետության նախագահը:

Այս անունների անբասիր հեղինակության հանդեպ ժողովրդի ունեցած վստահությունը այդ ժամանակ ակնածանք էր ներշնչում: Ավաղ, այդ ակնածանքն ու հարգանքն այսօր իր տեղը զիջել է համատարած ցինիզմին, որն ստորացնում է եւ շնորհազրկում որեւէ իշխանություն: Այս ինքնակործան մղումը նշան է հոգնած մի ազգի, որը ոչ մի սրբություն չի ճանաչում:

Ավելի քան 7000 մարդ էր մասնակցել զորավարի հանգանակությանը, եւ հավաքված գումարի վերջնարդյունքը եղել էր 532.036.40 դոլար, որի այսօրվա արժեքը կազմում է 6,597,251,36 դոլար: Պետք է նկատի ունենալ, որ մասնակիցները բոլորն էլ եղել են գաղթականներ, որոնցից շատերը կամ գործարանի բանվորներ էին, կամ նպարավաճառներ, հնակարկատներ, կամ էլ արհեստավորներ: Արդյունքները հրատարակվել են մի գրքում, նվիրատուների անուններով, նվիրաբերված գումարներով եւ ամենանշանակալինՙ նաեւ նվիրատուների ծննդավայրերի մանրամասնություններով: Հանգանակված գումարը բաժանվել էր հետեւյալ կերպ. 30 տոկոսը տրամադրվել էր Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքարանին, որն այդ ժամանակ գործում էր դաշնակիցների օկուպացման պայմաններում, 20 տոկոսըՙ Կիլիկիային (Միհրան Տամատյանի խողովակով), որին ինքնավարություն էին խոստացել ֆրանսիացիաները, 10 տոկոսըՙ ՀԲԸՄ-ին, որ որբանոցներ, դպրոցներ եւ առողջապահական հիմնարկներ էր գործարկում Հայաստանում, Կիլիկիայում, Հունաստանում եւ Միջին Արեւելքում, եւ վերջապես մնացած 40 տոկոսըՙ անկախ Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Մարդիկ ջանասիրաբար են մասնակցել հանգանակությանը, որովհետեւ հավատացել են, որ իրենց խորտակված հավաքական կյանքը դարձյալ կվերականգնվի, Կիլիկիան կգոյատեւի եւ անկախ Հայաստանն էլ պայծառ ապագա կունենա:

Այս փաստերը մեզ այն եզրակացությանն են հանգեցնում, որ ուժեղ իշխանությունները կարող են զորակոչի ենթարկել զանգվածներին եւ ապագայի հանդեպ հավատ ու հույս ներշնչել:

Այն ինչ Ավետիքյանը չէր նշել, լայնատարած առ-ցանց հակաքարոզչությունն է, որը կոչ է անում ներդրումներ չկատարել Հայաստանի կամ «Հայաստան» հիմնադրամի օգտին: Նման արշավի հեղինակները իրավամբ մեղադրում են կառավարության անդամներին կոռուպցիայի մեջ: Խորհրդային Միության փլուզումը կոռուպցիայի մի հսկայական օվկիանոս առաջացրեց: Հնարավոր չէ այդ օվկիանոսի մի որոշակի մասը տարանջատել մյուս մասերից եւ փորձել թորել նրա ջուրը: Սակայն միայն կառավարությունը մեղավոր ճանաչելով չէ, որ կարող ենք նպաստել գործին եւ հասնել ցանկալի նպատակին: Ճիշտ է, իրար հաջորդած երեք նախագահները չկարողացան կրճատել կոռուպցիան, բայց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փորձեց արմատախիլ անել այն, եւ այսօր նա քրեական հանցագործ է համարվում իր իսկ երկրում:

Հայաստանում կան իրավական ինքնուրույն միավորներ, կազմակերպություններ, որոնք ընդունված բարոյական պատշաճ մակարդակներով են գործում: Նրանք մասնավոր ձեռնարկություններ են, ինչպես, օրինակ, Թումոն, Գաֆեսճյան թանգարանը, Ամերիկյան համալսարանը, «Զվարթնոց» օդակայանը եւ Դիլիջանի միջազգային դպրոցը:

Հարցը կեղտաջրի հետ երեխային էլ դուրս չշպրտելն է: Նվիրատվությունները նպաստում են, օգնում են, բայց անհատը, նվիրատուն ճիշտ ընտրություն պետք է կատարի եւ պատրաստ լինի ճանապարհին դրա որոշ մասը նաեւ կորցնելու: Մտահոգիչ է տեսնել համընդհանուր անտարբերություն, երբ Հայաստանը դատարկվում է, երբ Հայաստանին եւ Արցախին ուղղորդված օժանդակությունը նվազում է: Դա կարող է առաջնորդել մեզ կորցնելու մեր ունեցած մի բուռ հայրենիքը:

Գուցե մենք ավելի շատ հակված ենք ողբալո՞ւ մեր հայրենիքի կորուստը, քան գործելու եւ պահպանելու այն ինչ ունենք:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.