AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015



ԿԻԶԱԿԵՏ

Տեղադրվել է` 2015-06-25 23:27:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1215, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԵՐԲ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է ՀՈՒՅՍԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Վասն երիտասարդության

«Ընդդեմ թալանի» - շարժում, որի ակունքներում սոցիալական ընդվզումն է, խորքում այս թալանը մարդկային կյանքերի թալանն է, որն անխնա հնձում է այն լավը, ինչ կա կյանքումՙ հույսը, հավատը, սերը, փոխարենը թողնում հուսահատութուն ու անտարբերություն, եւ ամենից ցավալինՙ երիտասարդ մարդկանց մոտ հատկապես:

Ընչաքաղց մի խավի համատարած գոյությունը ամենուրեք իր կամքն է թելադրում միլիոններինՙ նրանցից խլելով այն, ինչ ամենաթանկն էՙ մերկացնելով ու ամլացնելով հոգեւոր աշխարհի պտուղներըՙ գերակա արժեք հռչակելով բացառապես նյութականը: Եւ եթե սոցիալապես ապահով երկրների կառավարությունները մշակված ծրագրերի ու օրենքների հետեւողական իրականացմամբ ու կիրառմամբ ապահովել են սոցիալական կայուն ու բավարար մի վիճակ իրենց հասարակությունների համար, ապա մեր նման, այսպես ասած դեմոկրատական զարգացման ուղին իբր բռնած երկրներում հասարակությունը ատամները կռճտացնող հաց հանապազօրյայի ամենօրյա պայքարի մեջ է: Ինչպես եվրոպական երկրներից մեկում ապրող մեր մի հայրենակիցն էր ասումՙ երկու պարագայում էլՙ թե ապահով, թե անապահովՙ ամեն բան վասն նյութականի է, մի տեղ ավելի ճոխության, այլ տեղՙ մի կերպ գոյատեւման, որով եւ իրականացվում է մեկ նպատակՙ մարդկությանը հնարավորին չափ խեղդել նյութական կյանքի ջունգլիներում, մոռացության տալով հոգեւոր - բարոյական կյանքի պահանջմունքը, արդյունքում, իհարկեՙ հնարավորինս մեծացնելու սեփական կապիտալի ծավալները:

Իրականումՙ սոցիալական պայքարի հիմքում բարոյական, նաեւ հոգեբանական լուրջ հարցեր են դրվածՙ անարդարությունից ծնված երեւույթներ, զգացմունքներ ու գործողություններ: Արդարեւ, սեփական կառավարության կողմից սեփական ժողովրդին թալանելու այս գործելակերպը, արտառոց այս մարմաջը, որի զոհն ենք մենք այսօր, որքան կարող է շարունակվել, երեւի թե «հույսը» ժողովրդի համբերության վրա են դրել, թե հայն ամեն ինչի սովոր է ու կտանի, կամ թե չտանի էլ, ինչ կարող է անել: Բայց անգամ սա որքա՞ն կարող էր կերակրել այսօրինակ մտայնություն կրողներին անգամ (մարդուն կենդանուց տարբերող զգացումըՙ խիղճ կոչվածը մեռել է վաղուց ...)` մինչեւ երկրի կատարյալ հայաթափո՞ւմը, մինչեւ մեր զավակներիՙ մեզանից ու երկրից հեռանալու օտարացմա՞ն սարսուռը, երբ շատերը միակ ելքը տեսնում են երկրից հեռանալու մեջ: Մինչդեռ օտարության մեջ նրանց կայանալն անգամ գրեթե կորսվելու հանգույն է...

Ամեն երկրի ապագան իր երիտասարդությունն է,- որտե՞ղ է այսօր մեր երիտասարդությունը, ու՞մ եւ ու՞ր է թողնում նա իր ապագան, իր երկիրը, հաճախ հարց էինք տալիսՙ եթերից մեզ նայող սեթեւեթ ու կեղծ շպարների տակ դատարկորեն ճոճվող անդեմ դեմքերից ու օսլայված խոսքերից հուսահատ, միադեմ, շաբլոն, դատարկամիտ ու տարտամ: Մինչեւ կգար այս ապրիլն, եւ կեղծիքը ճարահատ կզիջեր իր տեղը, որովհետեւ ժամանակն այլ բան էր պահանջում, ու պարզվեց, որ նրանք կան, մեր մեջ, մեր կողքին են, որոնք իսկապես հայրենիք ու արժեք են գնահատում, որ ազատության գինը նաեւ գիտեն, որ ունեն նպատակ, ձգտում, կամք ու նվիրում: Ես դա տեսա Հանրապետության Հրապարակում System of a Down-ի ապրիլի 23-ի համերգին, տեսա անձրեւի տարափից ու երաժիշտների ոգուց արբեցած հայ երիտասարդների ոգեւորության ճիչերի մեջ...

«Ասում էիրՙ մեռնող ազգ ենք, այսպիսի երիտասարդություն ունեցող ժողովուրդը մեռնո՞ղ է», հուսահատությանս մի պահին ասված խոսքս անողոքաբար ինձ վերադարձրեց ընկերներիցս մեկը ֆեյսբուքով: «Խոսքերս հետ եմ վերցնում, երեկվա անձրեւը մաքրեց քաղաքը, նոր արահետ է բացվում», ասացի: Ես անհուսությունից բառեր չէի գտնում այդ օրերին ինձ հետ զրուցող տաղանդավոր շատ երիտասարդների հարցադրումներին արձագանքելու, ահավասիկ 22 -ամյա ռեժիսոր-դերասան-նկարիչ, որ այս տարիքում արվեստի ու նրա դերի մասին այնպիսի պատկերացումներ ու գաղափարներ է հայտնում, որ միայն ափսոսանքն է մնում, թե ինչու նա իր պրոֆեսիոնալ արժանի տեղը պիտի չունենա ու պիտի զբաղվի ամեն բանովՙ կիսատ- կիսատ, կամ երիտասարդ գրող, խելացի ու խոստումնալից, որի հուսահատությունը մարդկային բարոյականությունից այնքան է սահմանանց, որ հոգեբանորեն վտանգավոր է թվում, ու շատ են նրանքՙ տաղանդավոր, բանիմաց, առաջադեմ, որոնց չեն կարողացել փչացնել, որոնք շաբլոնի կեր չեն դառել, չեն օսլայվել, ազատ են մտածողությամբ ու համարձակ, ու հեղձուկն էլ նրանց համար նույնքան շատ է: Եվ այս երեւույթը համատարած է, թերեւս հենց այս տիպի երկրների երիտասարդությանը բնորոշ: Հետաքրքրական է, որ սա կարելի է ընդհանրացնել, երբ օտարների նմանաբնույթ կարծիքներին ես հանդիպում, երբ դրանք երբեմն այնքան զգայուն են լինում, այնքան ծանոթ ու իրական, որ դժվար չէ հասկանալ քեզ բոլորովին անծանոթ հեռավոր մի երկրում, ասենք Թունիսում ապրող երիտասարդ մարդուՙ հայրենիքում օտարության զգացողություն ունենալու, սոցիալական անարդարության ու անապահովության, երկրի հարստությունների, տնտեսության մոնոպոլիզացման, իր տեղը կյանքում չգտնելու, իր սիրած գործով` արվեստով, նկարչությամբ զբաղվելու հնարավորություն չունենալու հոգեբանությունը, հուսահատությունն ու բողոքը: Կյանքը երբեք միագծորեն առաջ չի շարժվել, եւ իսկապեսՙ անհնար վիճակն է ծնում նոր հնար, զանգվածային լրատվամիջոցների մոնոպոլիզացման դեմ այսօր այլընտրանքային ճանապարհը կաՙ սոցցանցերը, ի մասնավորի Facebook-ը, Twitter-ը, Youtube-ը, որոնք դարձել են հանրային կարծիքի ազատ ամբիոն, եւ արդեն յուրաքանչյուրն իր կարծիքը կարող է արտահայտել, ընդ որում դրանից ելնելովՙ կարելի է ընդհանուր պատկերացում կազմել ինչպես մի մասնավոր անձի, նաեւ հանրության ընդհանուր նկարագրի մասին:

Արդեն քանի օր ՙ Երեւանը ամառային տենդ է ապրում սոցիալական պայքարի կիզակետում. առիթն այս անգամ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացումն էրՙ բայց դե հայտնի է, թե ինչպես են մարդիկ տառապում կյանքի բոլոր մակարդակներում, որ բողոքի այս ալիքը հին ու խոր արմատներ ունի: ինչպես միշտ, այս անգամ էլ այդ ալիքը սկսվեց Ազատության հրապարակից ու ձգվեց Բաղրամյան պողոտա, - երկու ցավալիորեն իրարամերժ սիմվոլներՙ մի տեղ ժողովրդի ձայնն է պարբերաբար բարձրանում, մյուս տեղումՙ այդ ձայնին վաղուց օտարացած հայրենի կառավարիչների շարունակվող նկրտումները նրանց դեմ: Այո, նրանց դեմ, մեր դեմ, որովհետեւ գնալով օղակը սեղմվում է, ու ապրելն իսկապես անհնարին է դառնում, որովհետեւ անջրպետը այս երկուսի միջեւ հատել է խելամտության սահմանները, եւ պահն է սթափվելու, պահն է դադար առնելու եւ ժողովրդին նկատելու եւ իրականությունը տեսնելու, թե չէ նախկին մի պաշտոնյայի ասածի պեսՙ վերեւների համար ամենազարմանալին այն է, երբ ասում են, թե կյանքը մեր երկրում վատ է...

Բայց այս անգամ նույնիսկ անկախ արդյունքից, հուսադրող մի շատ կարեւոր երեւույթ կաՙ սթափության կոչը բացառապես երիտասարդներն են բարձրացրել, ու շարժումը նրանցն է: Ինչպե՞ս են դրանք մեկնաբանում օտար լրատվամիջոցները, ինչ օբյեկտիվությամբ, դա նրանց բարոյականության խնդիրն է, բայց առավելՙ քաղաքական կոնյուկտուրայից ածանցվող վաղուց հայտնի իրողություն է: Կարեւորըՙ հանրությունը իրադարձություններին այլընտրանքային միջոցներով օնլայն հետեւելու, ըստ այդու սեփական կարծիքը կազմելու հնարավորություն ունի: Երեւույթն ավելի քան խոսուն ու հուսադրող է մե՛զ համարՙ մեր երիտասարդության քաղաքացիական հասունության ու ակտիվության, համարձակ կեցվածքի, ազատ մտածողության առումով մանավանդ, նաեւՙ գրագետ կազմակերպվածության ու հեռատեսության: Այսպիսի խոսքերն արդեն ստանում են նոր արժեք ու իմաստՙ «Պահպանենք, սատար լինենք մեր հույս ու հավատ այս երիտասարդությանը»: Ջրցան մեքենաների դեմ կանգնած ու ընդդիմանալ շարունակող այս երիտասարդների արարքը պատմություն է դառնում ու սերնդի նկարագիր ձեւավորում,- սա՛ է արթնությունը, ու սա է մեր ձեռքբերումը: Թերես պիտի լիներ այս հակադրությունըՙ նորօրյա պալատների ու ետնախորշերի միջեւ սոցիալական այս բեւեռացումը, դրանց հոգեբանական անջրպետներն ու խուլ պատնեշները, որպեսզի ընդերքում ծնվեր այսպիսի ուժ, այսպիսի արժեք:

Ուրեմնՙ ամեն ասպարեզում շարունակեք նույն ոգով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.