AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 111. ԱՆԵՐԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015



Տեղադրվել է` 2015-06-25 23:27:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 992, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՄՈՍԿՎԱՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Եվրոպան կարող է կորցնել 100 մլրդ եվրո եւ 2 մլն աշխատատեղ

Եվրոմիությունը օրերս կես տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ իր ձեռնարկած պատժամիջոցների գործողության ժամկետը: Դա Մոսկվային անակնկալի չբերեց, քանզի ԵՄ մտադրությունը նախապես հայտնի էր: Պաշտոնական հայտարարությունն արվեց Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի շուրթերով, երկիր, որը հակառուսական պատժամիջոցների առավել մոլի ջատագովներից է: ԵՄ Խորհրդի նիստից առաջ բրիտանացի նախարարը հայտարարեց, որ ժամկետը 6 ամսով երակարաձգվում է, որպեսզի Ռուսաստանը «կատարի մինսկյան պարտավորությունները»: Ավելի վաղ Եվրոմիությունը երկարաձգել էր Ղրիմի դեմ ուղղված սահմանափակումները: Մասնավորապես արգելվում է ԵՄ ներմուծել Ղրիմի եւ Սեւաստոպոլի արտադրանքները, միջոցներ ներդնել Ղրիմի տնտեսության մեջ:

Եվրոպացի պաշտոնյաները խոստովանում են, որ երկարաձգման որոշումը յուրատեսակ փոխզիջում է. գաղտնիք չէ, որ ԵՄ որոշ երկրներ կոչ էին անում հրաժարվել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունից, քանզի աննպատակահարմար էին համարում պատժամիջոցների կիրառումը: Վերջին կես տարում Ռուսաստանը ցուցադրեց իր վարչակարգի կենսունակությունը, Կիեւի իշխանությունների հանցավոր քաղաքականությանը դիմակայելու ռուսաստանցիների պատրաստակամությունը, ինչպես նաեւ պատժամիջոցներին կտրուկ հակահարված տալու ունակությունը, ԵՄ-ի նկատմամբ Մոսկվայի պարենային պատժամիջոցների ձեռնարկումը, «Թուրքական հոսքի» շնորհիվ ԵՄ-ի վրա Թուրքիայի ճնշման գործադրման հնարավորության ստեղծումը, Չինաստանի հետ կապերի սերտացումը լրջորեն վնասեցին Եվրոպայի շահերին: Պատժամիջոցների հակառակորդներն առաջարկեցին ճգնաժամից դուրս գալու համար երկխոսություն սկսել Մոսկվայի հետ:

Սակայն ԵՄ-ում կան նաեւ ուրիշ երկրներ (Լեհաստան, Բալթյան երկրներ, Մեծ Բրիտանիա), որոնք, ընդհակառակը, պահանջում են խստացնել պատժամիջոցները: Այդ պետությունների ղեկավարները կարծում են, թե հնարավոր է Մոսկվային ստիպել վերադառնալու Հին աշխարհի խաղի կանոններին, որոնք գոյություն ունեին նախքան Ուկրաինայի ճգնաժամը: Նրանք չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ Ռուսաստանի հետ հակամարտության խորացումը կարող է անչափ լուրջ հետեւանքներ ունենալ արդեն իսկ Հունաստանի խնդիր ունեցող Եվրոմիության համար: Ի վերջո ԵՄ իշխանությունները գտան փոխզիջողական լուծում. պատժամիջոցները չխստացրին, բայց երկարաձգեցին:

Ռուսաստանցիներն արդեն վարժվել են այն մտքին, որ Կիեւի նոր իշխանությունների կողմից մինսկյան համաձայնությունների զանցառման համար պատասխան է տալիս Ռուսաստանը: «Էքսպերտ.ռու» կայքէջը մեջբերում է հանրային կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովի այն միտքը, որ ռուսաստանցիներն այլեւս պատրանքներ չունեն եւ գիտակցում են, որ պատժամիջոցները երկար կտեւեն: ԵՄ պատժամիջոցները երկարաձգելու որոշումը, ասես ճակատագրի հեգնանքով, պաշտոնապես հրապարակվեց հունիսի 22-ինՙ ԽՍՀՄ-ի վրա նացիստական Գերմանիայի հարձակման տարելիցի օրը:

Մոսկվան հարկ չի համարում ԵՄ-ից խնդրել պատժամիջոցների վերացում: Բացատրությունը հետեւյալն է. եթե Կրեմլը սկսի դրանց վերացման պայմանների քննարկումը, ապա անմիջապես կդառնա տնտեսական ու քաղաքական զիջումների կորզմանն ուղղված ահաբեկումների թիրախ:

Այս օրերին Ռուսաստանում վերջնամշակում են ԵՄ պատժամիջոցների երկարաձգմանը հակադարձելու հարցը: Ոմանք կոչ են անում վերջ դնել երկրի անչափ զգուշավոր վարքագծին եւ փոխել դիրքորոշումը Մինսկի բանակցությունների հիմնարար դրույթների նկատմամբ (օրինակՙ հետղրիմյան սահմաններում Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչման առնչությամբ): Մոսկվան պատասխան քայլերի լայն ընտրություն ունիՙ Դոնբասի աշխարհազորայիններին հակահարձակման դրդելուց մինչեւ Ուկրաինայի սնանկացումը 3 մլրդ դոլարի պարտատոմսերի վաղաժամկետ մարում պահանջելու միջոցով:

Սակայն փոխադարձության սկզբունքը ենթադրում է համարժեք պատասխան: Եվրոմիությունը պահպանեց ստատուս քվոն եւ լոկ երկարաձգեց ավելի վաղ ձեռնարկված պատժամիջոցները: Մինսկյան համաձայնությունների վերանայումը կլիներ հակամարտության խորացում: Ուստի Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կպատասխանի սոսկ իր պարենային պատժամիջոցների երկարաձգմամբ եւ շոշափելի հետեւանք չունեցող ցուցադրական գործողություններով: Բայց եթե Եվրոմիությունը վերսկսի արտերկրում ՌԴ ունեցվածքի կալանումը այսպես կոչված «ՅՈՒԿՕՍ-ի գործով», ապա Ռուսաստանը եւս կդիմի նոր պատժամիջոցների:

Ինչ վերաբերում է ԵՄ պատժամիջոցների հետեւանքներին, Ավստրիայի տնտեսագիտական հետազոտությունների Wifo ինստիտուտը նշում է, որ հենց Եվրոպան առաջիկա տարիներին կարող է կորցնել 100 մլրդ եվրո եւ 2 մլն աշխատատեղ: Wifo-ի տվյալները վկայակոչող գերմանական «Դի Վելթ» թերթը գրում է, որ առավել շատ կտուժի Գերմանիան:

Wifo-ում արձանագրում են, որ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը ԵՄ երկրների եւ Շվեյցարիայի համար ունի սպասվածից շատ ավելի ծանր հետեւանքներ:

«Անցյալ տարվա աշնանից արտահանությունն անկում է ապրում: Եթե իրավիճակը չփոխվի, ապա կբախվենք տնտեսության զարգացման առավել հոռետեսական սցենարին», հայտարարել է Wifo-ի զեկույցի համահեղինակ Օլիվեր Ֆրիտցը:

Փորձագետների կարծիքով, տվյալ պայմաններում առավել շատ կտուժի Գերմանիան, որի ՀՆԱ-ն միայն ԵՄ պատժամիջոցների հետեւանքով կարող է նվազել 1 տոկոսով: Իտալիայի կորուստները կարող են կազմել 200 հազար աշխատատեղ եւ ՀՆԱ-ի 0,9 տոկոս անկում, Ֆրանսիայինըՙ մոտ 150 հազար աշխատատեղ եւ ՀՆԱ-ի 0,5 տոկոս անկում:

Ռուսաստանյան «Հանրային դումա» անկախ փորձագիտական կենտրոնի ղեկավար Դմիտրի Լիպատովի կարծիքով, Եվրոմիությունը, չնայած սեփական վիթխարի կորուստներին, համառորեն շարունակում է պատժամիջոցների քաղաքականությունը, քանի որ հույս ունի ի վերջո ամեն ինչ փոխհատուցել: ԵՄ-ում մասնավորապես ակնկալում են, որ ճնշման ներքո Ռուսաստանն անձնատուր կլինի եւ գործարքներ կկնքի եվրոպացիներին ձեռնտու պամաններով (գազի գնի զեղչեր, առեւտրի ցածր մաքսատուրքեր, արժեքավոր ակտիվների վաճառք եւ այլն):

Մոսկվայի պատասխանը սպասելի էր. հունիսի 24-ին երկարաձգվեց ԵՄ երկրներից պարենի ներմուծման վրա ավելի վաղ հաստատված բեռնարգելքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.