AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1134, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՌԱՎՈՏՅԱՆ` ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԿՈՅԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՈՉ ԹԵ ՀԱԿԱՌԱԿԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սահմանադրական փոփոխությունների նախագծի մի մասը հասարակություն նետելու իմաստն անհասկանալի է, նվազագույնը` երկիմաստ: Ինչու քննարկման դնել մի նախագիծ, որն ավարտուն տեսք ստանալուց հետո կարող է այնպես փոխվել, որ անիմաստ դարձնի հիմիկվա քննարկումների առնվազն կեսը: Կամ նպատակը ամենեւին սահմանադրական փոփոխությունների քննարկումը չէ, այլ ամեն կերպ նախագահ-վարչապետ-Ազգային ժողովի նախագահ դառնալու հավակնություններ ունեցողներին նախօրոք բացահայտելը` նրանց կամ նրանց դրածոների բուռն հակադրությունների լույսի ներքո, կամ, եթե մի փոքր լավատես լինենք (իսկ դրա համար ոչ մի հիմք չկա)` հասարակության վերաբերմունքը ստուգելով ի վերջո փոփոխություններն ամբողջացնելը (բայց սա էլ ի վերջո առարկայական չի կարող լինել, քանի որ հանրության լայն շերտերը մասնագետ չեն, որ նրբություններն ըմբռնեն): Բոլոր պարագաներում սահմանադրական փոփոխություններն ու նախագծի քննարկումների պարագան նման է նրան, որ մեկի տունը քանդված-աննորոգ է, իսկ նա արքայավայել ընդունելություն է ուզում կազմակերպել այդ քանդված տանը: Այսինքն` էս մեր հազար չլուծվող պրոբլեմ ունեցող ժողովրդին մենակ սահմանադրություն փոխելն էր, հա՞, պակասում:

Սահմանադրություն փոխելուց առաջ ավելի կարեւոր էր հանրության վստահությունը վայելող իշխանություններ ունենալը, այդ դեպքում միայն կառավարման մոդելի որեւէ փոփոխություն ի տեղի եւ ժամամակի կլիներ: Մինչդեռ մերոնք գնում են կկվի ճանապարհով` հոտն իրենցից է գալիս, ուզում են հերթական անգամ բունը փոխել: Իսկ որ երկրիս իշխանությունն իր հասարակության վստահությամբ բավարար չափաքանակով օժտված չէ, սա բոլորին է հայտնի, որքան էլ մեր որոշ պաշտոնյաներ հակառակը պնդեն` աչքերը փակել-բերանը բացելու սկզբունքով: Մեզ ոչ մի «թրանսփարենսի» պետք չեն, որ գլխի ընկնենք, թե մեր հայրենի իշխանությունը տարին տարվա վրա, սանտիմետր առ սանտիմետր կորցրել է վստահությունը բնակչության գերակշիռ մասի մոտ, փոխանակ իշխանության տասնամյա ժամանակահատվածում հակառակն աներ` թեկուզ միլիմետր առ միլիմետր փորձելով վստահությունը վերականգնող քայլեր անել: Համենայնդեպս` ներկա սահմանադրությո՛ւնն ու կիսանախագահական համակարգը չէին խանգարում վերացնելու օլիգարխաիական կառավարումը, կաշառակերությունը, հովանավորչությունն ու այլ վատ երեւույթներ, եւ մարդկանց կյանքը դույզն ինչ բարելավելու սկիզբը դնել: Ընդհանրապես` մենք բոլորս այս տարիներին նկատում էինք մեր վատ կյանքը, վատ, հասարակության տրամադրությունները չարտացոլող ընտրությունները ու ոչ թե` սահմանադրությունը, որը ոչ խանգարում էր, ոչ օգնում: Ու իշխանությունն էլ, անկախ այն բանից` պարտադրվա՞ծ փոփոխություններ է ուզում անցկացնել, թե՞ ինքնաբուխ, նախ պիտի մտածեր իր վարկը բարձրացնելու, հանրության վստահությունը շահելու մասին, ապա նոր` սահմանադրություն փոխելուն ձեռնամուխ լիներ:

Մեր նախորդ անդրադարձից հետո մեկ շաբաթվա ընթացքում մտահոգությունների արտահայտման այնպիսի բլուր է գոյացել, որ անկախ շարժառիթներից միգուցե իշխանությանը մտածել տան այս փոփոխությունների ու հատկապես տեխնիկապես հանրաքվե անցկացնելու նպատահարմարության մասին:

Մտահոգություններն ի մի բերելն ամենեւին ավելորդ չէ` անկախ նրանից, որ դրանց հեղինակների մի մասն ուղղակի իշխանությանն ու նրա իրականացրած ամեն բանին է նախ դեմ: Բայց իրական մտահոգվողները կարողացան ցույց տալ բոլոր այն լաբիրինթոսները, որ ուզում են մտցնել ընտրողին մեր իրավաբան-սահմանադրագետները` ողորմածիկ Վլադիմիր Նազարյանի ասած` նախագծի որոշ դրույթների մեջ ներդրված խելագարության կանխավարկածով:

Ասենք` մարդկանց շատ է մտահոգում, թե ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն ինչպե՞ս պետք է իրացնի համամասնական կարգով ձեւավորվող Ազգային ժողովում, այն էլ երբ հենց ընտրակարգո՛վ է պարտադրվում կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը, եթե այդ մեծամասնության ձեւավորումը երկրորդ փուլով տեղի ունենա: Այս դեպքում կացնային եղանակով է ամեն ինչ լինելու, որովհետեւ եթե այդ մեծամասնությունը չի ձեւավորվում, մի քիչ առավել ձայներ ստացած խմբակցությանը նվիրվում է այնքան մանդատ, որքան պետք է կայուն մեծամասնություն ձեւավորելու համար: Սա արդեն չեղավ, ժողովուրդն այդ ձայները չի տվել տվյալ կուսակցությանը կամ տվյալ չափով չի տվել, ու ստացվում է, որ նրա գլխին պետք է իշխի մի կուսակցություն, որին ինքը չի ընտրել, կամ այդ տոկոսով չի ընտրել: Սա միակուսակցական համակարգի, պարտոկրատիական իշխանության տանող ճանապարհ է. չնայած` առաջին փուլով չի բացառվում մի քանի կուսակցության անցումը խորհրդարան ու անգամ միգուցե կոալիցիայի ձեւավորումը, որը սակայն կարող է կտրել կայուն մեծամասնության իմպերատիվ դրույթը: Էն էլ հիշեցնենք, որ տեղական կառույցների` սովորաբար իշխող կուսակցությանը պատկանող ներկայացուցիչները շատ դեպքերում ընտրական քվեները ձեռք են բերելու բոլորիս հայտնի եղանակներով: Ստացվում է, որ ժողովուրդն այդպես էլ չի կարողանա իրացնել «Իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթը: Ընդդիմությունը եւս լայնորեն ներկայացված չի լինի խորհրդարանում, եթե երկրորդ փուլի սկզբունքը գործի, բոլոր նվազ ձայն ստացած կուսակցությունները դուրս են մղվելու, քանի որ երկրորդ փուլին մասնակցելու է առավելագույն ձայն ստացած երկու կուսակցություն: Որ կայուն մեծամասնության կողմնակիցները հակված կլինեն հենց երկրորդ փուլի խաղարկմանը, որպեսզի առաջին փուլով մի քանի կուսակցություն, այնուամենայնիվ, չսպրդի խորհրդարան, դրանում պետք չէ կասկածել: Իսկ խորհրդարանական ճգնաժամ Հայաստանին, որպես այդպիսին, երբեք չի սպառնում, ուղղակի Ազգային ժողովի նախագահը երբեմն կարող է ունենալ քվեարկության, քվորումի խնդիր. էդ էլ չեք ուզում ունենալ, հա՞, ուզում եք, ինչպես կոմունիստների օրոք, ամեն ինչ միաձայն ու յուղի ընթացքով գնա՞ էս մեր վատ կյանքի պայմաններում: Մհեր Շահգելդյանն էր լավ ձեւակերպել` սա զրոյական արդյունքով խաղ է` հաղթողը ստանում է ամեն ինչ: Իսկ որ ԱԺ-ում նոր մարմին` խորհուրդ է լինելու, կամ` ԱԺ մի փոխնախագահը ընդդիմությունից է լինելու, դրանք ցուցափեղկայինից զատ` այլ ազդեցություն չեն կարող ունենալ իրավիճակի վրա:

Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու պիտի խաղաղ պայմաններում պրոֆեսիոնալը` ՊՆախարարը լինի բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, պատերազմական պայմաններում` ոչ պրոֆեսիոնալը` ասենք գործարար վարչապետը, ու սա ինչ է բերելու մեր գլխին: Եթե կոնկրետ անձի նկատի չունեն, ինչպես որ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ են ասում (օրինակ` Դավիթ Հարությունյանը պնդեց, թե գործող նախագահը ոչ վարչապետ է ուզում լինել, ոչ ԱԺ նախագահ):

Հասկանալի պատճառներով մոտիվավորված մտահոգություններին կարելի է վերապահումով մոտենալ, սակայն որոշ դիտարկումներ, այնուամենայնիվ, արժանի են ուշադրության: Օրինակ` ոչ անհայտ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով` նախագահի ինստիտուտը հասցված է խեղկատակի մակարդակի, նա համարյա լիազորություն չունի, իսկ որպեսզի նրա հրամանագրերը գործեն, պիտի նույնիսկ նախարարները դրանք ստորագրեն: Ըստ նրա` Ազգային ժողովի` ժողովրդի կողմից առաջնային մանդատ չունենալու պարագայում վարչապետի անուն հրապարակելը նույնպես հակասություն ունի. ժողովրդին զրկում են փաստորեն նախագահի, Ազգայն ժողովի ձեւավորման առաջնային մանդատից, վարչապետին էլ նշանակում է այդ մանդատը չունեցող Ազգային ժողովը:

Մտահոգություններից էլ ավելի առաջ էր ընկել փաստաբան Վահե Գրիգորյանը , ում կարծիքով քննարկումը կայուն մեծամասնության ձեւավորման վրա կենտրոնացնելու խայծը ստվերելու է կառավարման համակարգի արմատական փոփոխության հարցը մի կողմից, մյուս կողմից ամենակարեւոր` հանրաքվեի մասնակիցների ցուցակների հրապարակման հարցը վեր հանելը , երբ բացակա ընտրողների ձայներով այս սեւագրությունը կարող է հայտարարվել սահմանադրություն: Ու նա ստորագրված ցուցակների հրապարակման հարցի հստակեցումն է միայն համարում կոնստրուկիվ քննարկման հնարավորություն:

Գումարած, որ պարզ չէ ազգային փոքրամասնություններին հատկացվող տեղերի թիվը, որը սովորաբար իշխող կուսակցությունն է իրացնում: Ասենք` պակասող կայուն մեծամասնությունը լրացնելու համար հենց տեղում ազգային փոքրամասնության մի տասն ներկայացուցիչ խորհրդարան կտանեն, որոնք, ի դեպ, միշտ իշխող մեծամասնության հետ են. էս գլխից պետք է ազգային փոքրամասնությունների համար թիվ սահմանել` ըստ բնակչությունում եղած տոկոսի:

Ընդհանրապես` ոմանց կարծիքով` ոչ թե անցնում ենք խորհրդարանական կառավարման մոդելի, այլ` վարչապետական, վերջինիս լայն լիազորությոնների պատճառով, խորհրդարանն էլ դե ֆակտո չի կարողանալու վերահսկել կառավարությանը, այսինքն` կստանանք ռախիտիկ, իրար չհավասարակշռող, առանց հակակշիռների իշխանութուն, որը կարող է ոչ ադեկվատ, բայց ոչ մեկի կողմից կասեցման հնարավորություն չունեցող որոշումներ կայացնել:

Միգուցե հենց այս նախագիծը հանրությանը նետելն այն նպատակն ուներ, որ ինչպես ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն է ասում` այն կրկին վերադարձվի հանձնաժողովին (նոր ժամկետ հայցելով այն պարտադրողներից), որ նորմալ փոփոխություններ անեն, քանի որ այնքան մերժելի, անհասկանալի, անընդունելի եւ մյուս երկրներում չգործածվող դրույթներ է պարունակում, որ քննարկումը դառնում է անիմաստ, եւ ընդհանրապես` բոլշեւիկյան գաղափարախոսությունը վերադարձնող նախագիծ է: Իսկ սովորաբար չափավոր ընդդիմադիր Ազատ Արշակյանը , ում կարծիքը միշտ էլ գնահատելի է, համոզված է, որ չնայած սահմանադրության ողջ նախագծի բացակայությանը, այս յոթ գլուխներով էլ կարելի է ասել, թե նոր սահմանադրությունը կրճատում է ժողովրդավարությունը` այժմ գործողով ապահովվող մի քանի բաղադրիչ կրճատելով: Ու դա առաջին հերթին` իշխանությունների տարանջատման սկզբունքի վերացումն է, քանի որ կա մեկ մարմին (ԱԺ-ն), որը նշանակում է բոլոր մյուս մարմիններին:

Բոլոր դեպքերում, առարկայական, թե թվացյալ` քննարկումները ծավալական առումով ստացվեցին, քանի որ արտահայտվել են ե՛ւ հեղինակները, ե՛ւ պաշտոնյաները: Զարմանալիորեն լռում են հիմնական քաղաքական ուժերը: Թե՞ նրանք վախենում են իրենց պայմանավորվածությունները փչացնել վերին շրջանակների հետ, ու այդ պատճառով են խոսում վերջնական տարբերակը քննարկելուց: Իսկ միգուցե գիտե՞ն, որ այս նախագիծն ի վերջո հետ է վերցվելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.