AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 866, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՆՍԻՎԱՑՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ «ՃԱԿԱՏՈՒՄ»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ամեն ջանք գործադրվում է, որպեսզի թեկուզ զուտ տեսանելի, ոչ այնքան բովանդակային, բայց տեղաշարժ գրանցվի: Այդ նպատակին են ծառայում ոչ միայն վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվացած խորհրդակցությունները, այլեւ հայտարարությունները, որ դժգոհություն կամ քննադատություն են առաջ բերում ինչպես Հայաստանում ու Ադրբեջանում, այնպես էլ Արցախում:

Վերջին շաբաթվա ընթացքում էլ համանախագահները տարածաշրջանում էին, հանդիպումներ էին ունենումՙ փորձելով նախապատրաստել նախագահների մակարդակով հանդիպում, ու հասցրեցին նաեւ հարցին առնչվող տարբեր խնդիրներ քննարկել Վիեննայումՙ Մինսկի խմբի անդամ երկրներին ներկայացնելու իրավիճակը: Հետագա քայլը Բաքու այցելությունն է:

Հուլիսի 20-ին Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի մտահոգություններն ու հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Նախագահի հետ հանդիպումից պաշտոնապես հաղորդվում է այսքանը: Քիչ ավելին է պաշտոնապես ներկայացվում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից: Ըստ այդմ, համանախագահները Նալբանդյանին ներկայացրել են Վաշինգտոնում եւ Մոսկվայում ունեցած հանդիպումները, անդրադարձել մինչեւ տարեվերջ իրենց ծրագրերին: Էդվարդ Նալբանդյանն ընդգծելով, որ Եվրոպական խաղերից հետո Բաքվից կրկին հնչում է ռազմատենչ հռետորաբանություն եւ կազմակերպվում են սադրանքներ, «համանախագահների ուշադրությունը հրավիրել է վերջին օրերին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտումների վրա»:

Նալբանդյանի բնորոշմամբՙ «Բաքվի ապակառուցողական վարքագիծը վտանգում է բանակցային գործընթացն առաջ մղելուՙ Հայաստանի եւ եռանախագահ երկրների ջանքերը»: Հայաստանի արտգործնախարարի խոսքն ուղղված է համանախագահների հետ հուլիսի 20-ի հանդիպումից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի հնչեցրած ելույթի հետՙ կառավարության նիստում, որում հերթական անգամ իրականության հետ վերջին աղերսները կորցնող ադրբեջանական նախագահը խոսում է Հայաստանը վերացնելու, տնտեսական հաջողություններով ռազմական հաղթանակներ տանելու մասին:

Ալիեւի վերջին այդ ելույթում հետաքրքրական պահեր կան, բայց բոլորին անդրադառնալու իմաստ առանձնակի չկա: Ամեն դեպքում ակնհայտորեն միտում կա առավել հոխորտացողի կեցվածք ընդունելու թերեւս ոչ միայն Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի շուրջը քննադատությունից պաշտպանվելու, այլեւ Իրանի հետ հարաբերությունների կանոնակարգման ֆոնին որոշ հարցերում Ադրբեջանի դերակատարության ու կարեւորության նվազմանը դիմակայելու համար:

Ամեն դեպքում, համանախագահներն էլ իրենց խնդիրներն ունեն, ու այժմ կարծես մի նոր փորձ են անում տարածաշրջանային ու դրանից դուրս տարբեր իրադարձությունների ֆոնին լճացած եւ ոչ մի տեղ չգնացող բանակցային ձեւաչափը աշխուժացնելու համար, ընդ որումՙ ամերիկյան ու ռուսաստանյան կողմերի միջեւ ուկրաինական եւ այլ հարցերում առկա տարաձայնությունները կարծես իրապես ոչ մի արտահայտություն չունեն այս հարցում նրանց հնարավոր համագործակցության առումով:

Պատահական չէ, որ միայնակ, թե իր գործընկերների հետ ամերիկացի համանախագահը շարունակում է ակտիվ պահել բանակցությունների թեման, իսկ ռուսաստանյան կողմից էլ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մակարդակով հայտարարվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ինտենսիվացման արդիականության մասին: Ընդ որումՙ նման հայտարարությամբ Լավրովը հանդես է գալիս հուլիսի 17-ինՙ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը:

Լավրովի հայտարարության մեջ հետաքրքրական է այն հատվածը, որտեղ նա նշում է, թե ջանքերն ինտենսիվացնելու հիմքեր կան, այսինքնՙ կարելի է նման ենթադրություն անել, դեռ արդյունք էլ ակնկալել: Հասկանալի է, որ դիվանագիտական ձեւակերպումները միշտ էլ ամենադրական մոտեցումներով են շաղախվում, բայց դրանցում օգտագործվող բառապաշարը չի կարող պատահական կամ զուտ գրագրական ընտրություն լինել, ուրեմն Լավրովն ասելիք ուներ, եւ կողմերին էլ հասկացրեց, որ ինտեսնիվացում արդեն իսկ կարելի է սպասել:

Մյուս կողմից, Ռուսաստանին տվյալ իրավիճակում հարմար է գոնե ղարաբաղյան համատեքստում հանդես գալ որպես կարգավորման ջատագով այն դեպքում, երբ Արեւմուտքի հետ Ուկրաինային ու Վրաստանին առնչվող հարցերում Ռուսաստանն այլ իմիջ ունի: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ ամերիկյան եւ ռուսաստանյան համանախագահողներից բանակցությունների նշանակության շուրջ շեշտադրումները կարող են զսպել Բաքվիՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից գործընթացը դուրս բերելու նկրտումները:

Իրապես հասունացել է մի իրավիճակ, երբ կարելի է ակնկալել նորություններ, հատկապես երբ մեկ այլ «ճակատով» էլ փորձում են բանակցությունների հիմնական փոխզիջումային դրույթները եւս առավել հաճախակի «ներմուծել» հասարակություններ, ինչպես հերթական անգամ տարածքներ վերադարձնելու հարցը հնչեցրեց Ջեյմս Ուորլիքը: Բանակցությունների ձեւաչափի բազմավեկտոր գործունեության բոլոր ուղղություններով ինչ-որ քայլեր են կատարվում, եւ հանրագումարում դա կարող է բերել նոր իրավիճակի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.