AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 83. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԴՅԱԿՍ», ԱՍԱՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԻՐ ԱՋԸ ՀԱՄԲՈՒՐՈՂԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



ԴԵՄՔԵՐ

Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1044, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՄԻ ՊԱՅԾԱՌ, ԱՆՄՈՌԱՑ ԱՆՈՒՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Հակոբ Մկրտիչի Զարոբյան
1908-1980

Հոդվածը ցանկանում եմ սկսել Հակոբ Զարոբյանի որդու, Նիկիտա Զարոբյանի ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին ուղղված 2003թ. սեպտեմբերի 26-ի նամակ -դիմումով: Որդինՙ Նիկիտան, նկատի ունենալով հոր ազգանվեր գործունեությունը, հաշվի առնելով, որ 1960-1966թթ. հայրը ջանք ու եռանդ չի խնայել Հայաստանի տնտեսության վերելքը ապահովելու ուղղությամբ, ճահճի վերածվելուց փրկել է Գեղամա լեռների հրաշքըՙ Սեւանը, խնդրում է հոր անունով կոչել Արփա-Սեւան ջրատարը:

Տասներկու տարի է անցել խնդրագրից, թեեւ այն ամենայն լրջությամբ պետք է որակել պահանջ, սակայն ՀՀ իշխանությունները երբեմն անհարիր անվանակոչումներ են կատարում, սակայն երբեք չեն մտաբերում, որդու պահանջը:

1925թ. Խարկովում Հակոբ Մկրտիչի Զարոբյանը ընդունվում է կոմերիտմիության շարքեր: Ոգեւորությունը սառեց, երբ տանը բաց արեց տոմսը եւ տեսավ, որ իրեն նոր անվանակոչում են տվելՙ Յակով Նիկիտիի Զարոբյան: Չփորձեց ուղղղել սխալը եւ կուսակցական կյանք մտավ իր նոր անունով: Փայլուն կենսագրություն ձեւավորեցՙ սեւագործ բանվոր, խառատ, բազմատիրաժ թերթերի խմբագիր, 1932թ. ԽՄԿԿ անդամ, Խարկովի գործարաններից մեկի կուսկոմիտեի, նույն քաղաքի շրջաններից մեկի քարտուղար, ապա Օմսկ, 1941-1945թթ. պատերազմի տարիներին քրտնաջան աշխատանք եւ վերջապես 1949թ. ԽՄԿԿ ԿԿ ապրիլի 15-ի որոշմամբ գործուղում Հայաստան:

Իսկ մինչ այդ, 1946թ., Յակով Զարոբյանը կատարեց կյանքի ամենապատասխանատու ընտրությունը: Նա ամուսնացավ Գարեգին Նժդեհի համագյուղացի, կզնուտցի Արթենիկ Թարայանցի հետ:

1949-1960թթ. Յակ. Զարոբյանը, Հայաստանում 11 տարվա ընթացքում աշխատեց չափազանց կարեւոր բնագավառներում: Նրա անձնվեր աշխատանքը հատկապես ակնառու էր Գյումաշի ՀԷԿ-ի, Երեւանի էլեկտրոլամպերի գործարանի, Քաջարանի պղնձամոլիբդենային եւ Լենինականի տեքստիլ գործարանի գործարկման, վերակառուցման, նոր հզորությունների ներդրման բնագավառներում: Հատկապես անգնահատելի է նրա դերակատարությունը փառապանծ Մերգելյան գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման ու գործարկման ուղղությամբ:

1953թ., երբ Յակ. Զարոբյանը արդեն ՀԿԿ ԿԿ քարտուղար էր, նրան առաջարկվեց առաջին քարտուղարի պաշտոնը: Միշտ հավասարակշիռ ու պատասխանատվության մեծ զգացում ունեցող արդեն 45 տարեկան ԿԿ-ի քարտուղարը պատճառաբանելով, որ դեռեւս ամբողջովին ծանոթ չի հանրապետությանը, դեռեւս մտորումների ու ծրագրերի մշակման անհրաժեշտություն ունի, հրաժարվեց առաջարկից:

Սակայն մոտենում էր հիշարժան տարեդարձըՙ ՀԽՍՀ կազմավորման 40-ամյակը, եւ 1960թ. դեկտեմբերի 28-ին ՀԿԿ ԿԿ արտահերթ պլենումը Յակ. Զարոբյանին ընտրեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար:

Խ. Հայաստանը դանդաղ, բայց հաստատուն քայլերով ամրապնդում եւ հզորացնում էր տնտեսությունը: Արդյունաբերական նոր ճյուղեր էին հիմնվում, կառուցվում էին նոր գործարաններ ու ֆաբրիկաներ: Հանրապետությունը բաց ճակատով ընդունեց մեկ տարի ուշացումով Հայաստան ժամանած Խրուշչովին: Ա. Միկոյանը նախօրոք զանգահարել եւ Զարոբյանին զգուշացրել էր, որ կառավարության ղեկավարը բժիշկների հսկողության տակ է, որ նրան պետք է հեռու պահել ալկոհոլային խմիչքներից եւ ամենակարեւորըՙ քանի որ Խրուշչովը եգիպտացորենի մշակության ջերմ ջատագով էր, Ա. Միկոյանը խորհուրդ է տալիս նրան Արարատյան դաշտ չտանել, խուսափելով դաշտի այգեգործությունը վտանգելու հեռանկարից, հակառակ դեպքում այգիների փոխարեն վեր կբարձրանային եգիպտացորենի պլանտացիաները:

Խրուշչովի ամայի, քարքարոտ, անհրապույր վայրերով շրջագայությունը ավարտվեց Սեւանում: Գեղամա գեղեցկուհին գերեց ռոմանտիկ ղեկավարին: Ջուրը այնքան պարզ էր, մաքուր, որ Խրուշչովը նկատելով իր կողմից ջուրը նետած կոպեկը, հիացմունքով բղավում էՙ «Տեսե՛ք, տեսե՛ք, կոպեկն անգամ երեւում է»: Զարոբյանը, ճիշտ է, ձայնակցեց երկրի ղեկավարի հիացմունքին, սակայն տրտմեց: Դա նկատեց Խրուշչովը եւ հարցրեցՙ «Ինչո՞ւ տխրեցիր...»:

Տխրեցի, որովհետեւ, երբ հաջորդ անգամ գաք, լիճը այլեւս չի լինի, նա կվերածվի ճահճի...

Ինչո՞ւ, ինչպե՞ս...

Նիկիտա Սերգեեւիչ, արդյունաբերության զարգացումը հոսանք է պահանջում, մենք էլ բացել ենք լճի դարպասները եւ աշխատեցնում ենք էլեկտրոկայանները:

Իսկ ի՞նչ կարելի է անել, որ պահպանվի այս հրաշքը:

Միակ ելքը թունելով Արփա գետի ջրերը Սեւան հասցնելն է: Հանրապետությունը, սակայն զուրկ է այն իրագործելու հնարավորությունից:

- Ահա թե ինչ...,- ասելով Խրուշչովը մտորումների մեջ է ընկնում եւ սթափվելով ասում,- Յակով, դիմեք Մոսկվա, ես կպաշտպանեմ Ձեզ...

Ահա այսպես, թունելի շինարարության հետ կապված հեքիաթները ժխտելով, հպարտորեն կարող ենք փաստել, որ Սեւանի փրկությունը Զարոբյանի ճկուն դիվանագիտական, խելացի քաղաքականության արդյունքն էր: 1961թ. օգոստոսի 12-ին ԽՍՀՄ կառավարությունը հաստատեց «Արփա գետի ջրերի մի մասը Սեւանա լիճ տեղափոխելու, նրա մակարդակը բնականին մոտ նշակետում պահելու նպատակով իրականացվող միջոցառումների» մասին թիվ 726 որոշումը:

1963թ. սկսվեցին պայթեցման աշխատանքները: Ափսոս, որ խարդավանքների պատճառով Հայաստանից հեռացած, անժամանակ մահվան (1980թ.) պատճառով, հայ ժողովրդի մեծ նվիրյալը չտեսավ Արփայի գրկախառնումը Սեւանի վճիտ ջրերին, բայց նրա մեծ նվիրումը հավերժ կհիշվի հայության բոլոր սերունդների կողմից: Ահա թե ինչու նույնիսկ անհապաղ է Արփա-Սեւանը մեծ նվիրյալի անունով կոչելը, դա մեծ հայրենասերի հիշատակի հավերժացման լավագույն քայլը կլինի նաեւ:

1908թ. սեպտեմբերի 29, հայոց Արդվին քաղաքում ծնվեց Հակոբ Մկրտիչի Զարոբյանը: Նա ընտանիքի չորրորդ զավակն էր: Խաղաղ եւ հինավուրց Արդվինը շուտով դառնալու էր առաջին աշխարհամարտի թատերաբեմերից մեկը: Հայրըՙ Մկրտիչը, կանխազգալով չարագուշակ ապագան, 1914թ. ընտանիքով տեղափոխվում է Բաթում, ապա Դոնի-Ռոստովի Նախիջեւան քաղաք, որտեղ էլ կնքում է իր մահկանացուն: Ընտանիքի հոգսը մնաց բազմազավակ մոր եւ ավագ որդու վրա: Վերջինս, չդիմանալով աշխատանքային ծանր պայմաններին, հիվանդացավ:10-ամյա Հակոբը փոխարինեց նրան, դարձավ կոշկակարի աշակերտ, միաժամանակ սովորեց հայկական քառամյա դպրոցում: 1922թ. նրա ընտանիքը տեղափոխվեց Ռոստով, իսկ 1925թ. Ուկրաինայի Խարկով քաղաք:

Վեցամյա Հակոբը ականատեսն ու վկան դարձավ հայրենազրկված ու ցեղասպանությունից վերապրած իր հայրենակիցների անլուր տառապանքին: Հոգեբանական այդ գործոնը ուղեկցեց նրան ողջ կյանքում:

Հետագայում Ուկրաինայում, Ռուսաստանի դաշնությունում պաշտոնավարելիս նա անընդհատ հանդիպում էր իր դժբախտ հայրենակիցներին: Նա այդ ամենի նկատմամբ ուներ իր հիմնավոր պատասխանը:

1960-ական թվականների ազգային զարթոնքը համակել էր ամբողջ հանրապետությունը: Զարոբյանը չէր կարող անտարբեր լինել ժողովրդի ցասման, արդարության պահանջների նկատմամբ եւ համարձակորեն առաջ մղվեց Հայոց ցեղասպանության 50-ամյակը արժանիորեն նշելու աշխատանքներին: Հաղթահարել Սուսլովի, յուրաքանչյուր առաջարկի նկատմամբ բացասական դիրքորոշում ունեցող Պոդգոռնու, Խրուշչովիՙ այդպիսի հարցերում զսպվածության, Բրեժնեւիՙ վտանգը իրենից հեռացնելու բնավորության, Միկոյանի զգուշավորության պատնեշները, մեծագույն խիզախում էր պահանջում: Դեռեւս 1964թ. նոյեմբերի 14-ին ՀԿԿ ԿԿ նախագահությունը Զարոբյանի զեկուցման հիման վրա ընդունում է «1915թ. հայերի զանգվածային բնաջնջման 50-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների մասին» ԽՄԿԿ ԿԿ-ին ուղղված նամակը: Խրուշչովի արգելքը հաղթահարելուց հետո, նա ընդունելություն խնդրեց Բրեժնեւից: Համապատասխան փաստաթղթերի փաթեթով Զարոբյանը Բրեժնեւին համոզում է աշխարհասփյուռ հայության պահանջի արդարացիությունը: Ի վերջո Լեոնիդ Իլյիչը ԿԿ բյուրոյում հարցը քննելու համաձայնություն է տալիս: Գրեթե հուսահատ վիճակ էր ստեղծվել Զարոբյանի համար: Նրա միակ հույսը Իլիչովն էր: Եվ հյուրանոցի նախասրահից գնած «Պրավդա» թերթը մեքենայի մեջ զննելիս, նա հանդիպում է մի հաղորդագրության, որը հայտնում էր, թե Անկարայում թուրք ազգայնամոլները հարձակվել են ԽՍՀՄ դեսպանության վրա, պատճառել զոհեր: Առիթը պետք էր օգտագործել: Այն պահին, երբ Զարոբյանի ելույթը ընդհատած Բրեժնեւը հայտարարում է, թե ԽՍՀՄ-ը եւ Թուրքիան բարիդրացիական հարաբերություններ են պահպանում, Զարոբյանը նրան է հանձնում «Պրավդա» թերթը: ԿԿ բյուրոյի նիստը ընդհատվում է եւ Բրեժնեւը ԱԳ նախարարությունից բացատրություն է պահանջում: Այն հաստատում է հիշյալ հաղորդագրությունը եւ նիստը հավանություն է տալիս Զարոբյանի ելույթին եւ որոշում թույլատրել ապրիլի 24-ի միջոցառումըՙ սգո հանդիսավոր նիստ, ապրիլի 24-ը պետականորեն ճանաչել որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, Երեւանում հուշակոթողի կառուցում: ԿԿ բյուրոն մերժեց Լենինի հրապարակում ՀԽՍՀ դրոշի խոնարհման ենթակետը:

Միշտ զգույշ դիվանագիտության կողմնակից Գրոմիկոն «խնդրում է» տարածքային պահանջներ չներկայացնել:

Այսպիսով 50-տարի անց, թույլատրելով Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու ,ՀԽՍՀ կողմից ցեղասպանության ճանաչումը, ԽՍՀՄ-ը փաստորեն, 1965թ.ին, ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը: Մեծագույն նվաճում էր Զարոբյանի գործած սխրանքը: Դիվանագիտական փաստից բացի, Զարոբյանի հերոսական գործունեությունը ամրագրեց հայ ազգային գաղափարախոսության, Հայկական հարցի գոյության փաստը, արդար հատուցման անհրաժեշտությունը:

Մեծագույն մի պարտականություն, որը իրականացրեց որպես ռուս (իր խոսքերն են) հայրենիք եկած, ճակատագրի բերումով հայրենիքից հեռու օտարախոս դարձած մի զտարյուն հայ, որը հետո, երբ յուրայինների դավադրության պատճառով հեռանում էր, հպարտորեն հայտարարեց. «Ես որպես հայ եմ հեռանում»:

1966թ. փետրվարի 5-ին ԽՄԿԿ ԿԿ քարտուղար Ի. Կապիտոնովի մասնակցությամբ գումարվեց ՀԿԿ ԿԿ պլենում: Այն «ձգձգվեց» ընդամենը 15-17 րոպե: Զարոբյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից, ինչպես ընդունված էՙ այլ աշխատանքի անցնելու ձեւակերպմամբ:

Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ին, միլիոնավոր հայեր են այցելում ցեղասպանության զոհերի հուշարձան: Ինչքան արդար կլինի, որ ծառուղիներից մեկում տեղադրվի հայ ժողովրդի արժանավոր զավակի արձանը, մեր ազգային ինքնության ամրագրման ջատագովի արձանը: Այս տարի նա կդառնար 107 տարեկան: Այս փաստն անգամ հուշում է, որ արձանի տեղադրումը անհրաժեշտություն է:

Անհնար է չհիշեցնել, որ 1965թ. ապրիլի 24-ի հանդիսավոր նիստի ժամանակ դավադիրների կազմակերպած հրմշտոցը, ապակիների փշրումը, չկարողացան ազդել ընդհանուր իրավիճակի վրա եւ շուրջ 40-50 մեկուսացվածները մեծ հայորդու հրամանով ազատ արձակվեցին, ոչ մեկի նկատմամբ քրեական գործ չհարուցվեց: Ամեն ինչ պարզ էր ու հասկանալի: Զարոբյանին վարկաբեկելու համար նրա ապագա «ընդդիմախոսների» ձեռքի գործն էր դա:

Մահից առաջ, վերապրելով իր դժվարին կյանքի պահերը, մեծ նվիրյալը հայտնում է իր երազանքըՙ «Կուզեմ հանգչել Ծիծեռնակաբերդի կոթողի ստորոտում, միշտ մնալ ցեղասպանության զոհերի հուշարձան կոթողի մոտ: Դա իմ կյանքի ամենամեծ գործն է...»:

***

Հ.Գ.- Հոդվածագիրը օգտվել է Հ. Միրզոյանի «Հայաստանի խորհրդային տիրակալները», Ռ. Առուշանյանի «Յակով Զարոբյանը իմ հուշերում» «ՀԿԿ պատմության ուրվագծեր» գրքից եւ ՀՀ Ազգային արխիվի ՀՔԿՓՊԱՖ.1., ց.123, գ. 4789 նյութերից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.