AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1406, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՆՈՐ ԽԱՉԱԿԻՐՆԵՐ

Պ. Ք.

Արեմուտքցի կամավորներ ընդդեմ «Իսլամական պետության»

Սիրիայում եւ Իրաքում իսլամիստների ծավալած պատերազմի առանձնահատկություններից մեկը նրանց միացած ասիացի, աֆրիկացի եւ արեւմուտքցի կամավորների բազմությունն է: Արեւմուտքն «Իսլամական պետության» դեմ առայժմ օգտագործում է միայն ռազմօդանավեր, իսկ հետեւակը մնում է զորանոցներում: Պարզվում է, որ ջիհադիստների դեմ կռվելու են գնում միայն կամավորներ: Այդ արեւմուտքցիների, ինչպես նաեւ նրանց թշնամի իսլամիստների համար կրոնը գործողության գլխավոր շարժառիթներց մեկն է:

Արկածախնդիրներ, մոլեռանդներ, վետերաններ

Այս կամավորները տարբեր մարդիկ ենՙ երբեւէ զենք չբռնած ուսանողներից մինչեւ փորձառու վետերաններ: Ոմանք փնտրում են արկածներ եւ ուզում են իրենց փորձել մարտերում: Նրանք, որպես կանոն, մի քանի շաբաթ անց տուն են վերադառնում, հաճախ մեկ գնդակ անգամ չարձակելով:

Այլ կարգի մարդիկ են գաղափարական կամավորները: Նրանց համար Սիրիայի եւ Իրաքի պատերազմները խավարի դեմ լույսի, հետամնացության դեմ առաջադիմության մեծ ճակատամարտեր են, պայքար չարիքի մարմնացում «Իսլամական պետության» դեմ, որի բարբարոսները ողջակիզում ու գլխատում են մարդկանց, սպառնում համայն աշխարհին:

Գոյություն ունի կամավորների եւս մեկ տեսակՙ պատերազմի եւ նորագույն հակամարտությունների վետերանները: Նրանցից շատերը Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմներին մասնակցած ամերիկացիներ ու եվրոպացիներ են, որոնք իրենց այնքան էլ լավ չեն զգում խաղաղ կյանքում, դժվարությամբ են մերվում հասարակությանը, ուզում են կիրառել իրենց ռազմական հմտություններն ու փորձը: Այս խմբին հարում են նախկին խաղաղարարները եւ պահպանական կառույցների աշխատակիցները:

Օգնել թույլերին եւ հալածյալներին

Արեւմուտքցի կամավորները ամենից հաճախ մեկնում են կռվելու քրդերի համար: Շատերն անկեղծորեն կարեկցում են հանուն գոյատեւման մարտնչող այդ ժողովրդին: Քրդերին շատ են հալածել. թուրք զինվորները նրանց գնդակահարել են, Սադդամ Հուսեյնը թունավորել է քիմիական զենքով, իսկ հիմա ԻՊ-ը փորձում է նրանց բնաջնջել որպես հերետիկոսների:

Իրաքցի քրդերի մոտ հեշտությամբ կարելի է հասնել Բաղդադ թռչելով: Կառավարական զորքերին ենթակա տարածքը սահմանակից է իրաքյան Քրդստանին: ԱՄՆ կառավարությունն իրաքցի քրդերին օգնում է զենքով ու հանդերձանքով:

Սիրիացի քրդերի մոտ հասնելն ավելի դժվար է: Թուրքիայի կառավարությունը հսկում է սահմանը: Վաշինգտոնը նույնպես կասկածանքով է նայում նրանց, ովքեր փորձում են մուտք գործել ոչ թե իրաքյան Էրբիլ, այլ սիրիական Ռոջավա: Ավելին, սիրիացի քրդերի հետ սերտ կապեր պահպանող ՔԲԿ-ն ԱՄՆ-ում ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն:

Սրանով հանդերձ, Վաշինգտոնը չի խոչընդոտում իր այն քաղաքացիներին, որոնք ուզում են մասնավոր կարգով կռվել «Իսլամական պետության» դեմ: Նրանք, ովքեր չեն ուզում մարտնչել հանուն քրդերի, կարող են կռվել հանուն վերջիններիս դաշնակից քրիստոնյաների: Իրաքում ապրում են Քաղդեական կաթողիկե եկեղեցու հետեւորդ տասնյակ հազարավոր ասորիներ: Նրանց օգնում է հիմնականում «Միջազգային քրիստոնյաներՙ ազատության զավակներ» (SOLI) կազմակերպությունը, որի ղեկավար ամերիկացի Մեթյու Վան Դայկը կինոբեմադրիչ է եւ նախկին վարձկան, լիբիացի ապստամբների հետ կռվել է Քադդաֆի վարչակարգի դեմ: Նա հավաքագրում է քրիստոնյաներիՙ անկախ կոնկրետ դավանանքից:

Ֆեյսբուքյան արահետներ

Իսլամիստների օրինակին հետեւելովՙ քրդերը եւս կամավորներ են հավաքագրում սոցիալական ցանցերի միջոցով: Սիրիացի եւ իրաքցի քրդերը «ֆեյսբուքում» ունեն հաշվետվության էջեր, որտեղ ներկայացնում են քուրդ մարտիկների հաջողությունները: Այդ էջերը նախատեսված են օտարերկրացիների հետ կապ հաստատելու համար: Աշխատանքը ղեկավարում են անվտանգության քրդական ուժերը («Ասայիշ»): Հավաքագրման գլխավոր կայքէջը սիրիացի քրդերի «Ռոջավայի առյուծներ» էջն է:

Կռվում են ոչ բոլորը

Իրաքում եւ Սիրիայում օտարերկրացի կամավորները միշտ չէ, որ տեղ են գտնում: Հաճախ նրանց հեռու են պահում ռազմաճակատից, օգտագործելով զուտ քարոզչական նպատակներով: Իրաքյան Քրդստանի փեշմերգաներիՙ քուրդ մարտիկների նախարարության գլխավոր քարտուղար Ջաբար Յավրը հայտարարել է. «Մենք օտարերկրացիներին չենք ընդունում փեշմերգաների շարքեր. օրենքով դա արգելված է: Ապստամբների շարքերում կռվող կամավորները գործում են ոչ պաշտոնապես, եւ մենք պատասխանատվություն չենք կրում նրանց համար»: Տվյալ դիրքորոշումը հասկանալի է, քանի որ ոմն կամավորի զոհվելու դեպքում ԱՄՆ կառավարությունը կարող է հաշիվ պահանջել քրդերից:

Այդուհանդերձ հնարավոր է ելք գտնել: Հիշյալ նախարարությանը ենթակա է իրաքցի քրդերի ջոկատների փոքր մասը, մինչդեռ դաշտային հրամանատարներից շատերն ամիջականորեն շփվում են օտարերկրացի կամավորների հետ, հավաքագրելով նրանց եւ ընդունելով մարտական ստորաբաժանումների կազմի մեջ: Այն սակավաթիվ օտարերկրացիները, որոնց ընդունում են քրդերի դաշնակից ասորիների Dwekh Nawsha կազմակերպություն, քրիստոնյաների համար կռվում են որպես հասարակ զինվորներ:

Վան Դայկի SOLI ջոկատ մտած օտարերկրացի կամավորներն ունեն ավելի բարձր կարգավիճակ: Նրանք ասորական աշխարհազորի հիմքի վրա ստեղծում են «Նինվեի հարթավայրերի պաշտպանության զորամասեր»ՙ քրիստոնեական նոր բանակ: Արդեն պատրաստված են հարյուրավոր մարտիկներ: Վան Դայկը խոստանում է ասորի քրիստոնյաներից ստեղծել «Իրաքի լավագույն հետեւակը»:

Այս ամբողջ պատմության մեջ Մեթյու Վան Դայկը թերեւս միակ իսկական խաչակիրն է: Նա մտադիր է Սիրիայում եւ Իրաքում իսլամիստների ջախջախումից հետո մեկնել Լիբիա, ապա Նիգերիա: Գուցե հերթը հասնի նաեւ Պակիստանին եւ Ֆիլիպիններին: Բայց մինչ այդ հարկավոր է ոչնչացնել «Իսլամական պետությունը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.