AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1070, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գյուղատնտեսությունը խթանեց տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը

Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումների բազմազանության պակաս չկա: Օրինակ` միջազգային ֆինանսական կառույցները ավելի հոռետեսական են տրամադրված, դա պայմանավորելով տարածաշրջանային գործոններով եւ Ռուսաստանի տնտեսական կացությամբ: Այսպես, Համաշխարհային բանկը 2015-ին Հայաստանի համար կանխատեսել է 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` 1 տոկոս անկում: Հայաստանի իշխանությունները պնդում են, որ վերոնշյալ կանխատեսումները այդքան էլ իրատեսական չեն, նշելով, որ ներկա պահին տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի բարձր աճ է արձանագրում:

Ինչ վերաբերում է մերոնց կանխատեսումներին, ապա օրինակ` ՀՀ Կենտրոնական բանկը ակնկալում է, որ տարվա արդյունքներով կունենանք 2 տոկոս աճ: Կառավարությունում նույնպես տարբեր մոտեցումներ կան: Վարչապետն ու փոխվարչապետը տարբեր կանխատեսումներ ունեն: Տարակարծություն կա նաեւ պաշտոնական փաստաթղթերում: Եթե պետական բյուջեի հիմքում դրված է 4,1 տոկոս աճը, ապա 2016-2018 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում` 1 տոկոս տնտեսական աճը: Այսպես թե այնպես, արդեն հայտնի են տարվա առաջին կեսի սոցիալ-տնտեսական ցուցանիշները, ինչը կարող է որոշակիորեն կողմնորոշել, թե ինչպիսին կլինի տնտեսական աճի տարեկան ցուցանիշը:

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2015-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ աճել է 3,8 տոկոսով: Աճի այս ցուցանիշը շատերի համար անակնկալ էր, քանի որ տարեսկզբից տնտեսական ակտիվության ցուցանիշը անհամեմատ ավելի ցածր աճ էր արձանագրում: Հունվարին աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին եւ հունվար-մարտին` 2,5-ական տոկոս, հունվար-ապրիլին եւ հունվար-մայիսին` 2,7-ական տոկոս: Եվ ահա 6 ամիսների արդյունքումՙ 3,8 տոկոս:

Փաստորեն, հունիս ամսին տնտեսական աշխուժացման ամենաբարձր տեմպը գրանցվեց` 2014-ի հունիսի համեմատ 7,9 տոկոս աճ, իսկ նախորդ ամսվա` մայիսի նկատմամբ` 15,8 տոկոս:

Ինչպես երեւում է վիճակագրական ցուցանիշներից, աճի տեմպի ավելացումը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացումով: Նախորդ տարվա հունիսի նկատմամբ գյուղատնտեսությունում աճը կազմել է 38 տոկոս, իսկ այս տարվա մայիսի նկատմամբ ավելի քան 79 տոկոս: Նկատի ունենալով այս տարվա բարենպաստ գյուղատնտեսական տարին եւ անցյալ տարվա խիստ անբարենպաստ տարին, կարելի էր ակնկալել գյուղատնտեսության դրական տեղաշարժ: Սակայն այն սպասվածից ավելին է, ինչը նաեւ պետության կողմից այս ոլորտին ցուցաբերվող աջակցության արդյունք է` գյուղվարկերի, դիզվառելիքի, պարարտանյութերի գների սուբսիդավորում եւ այլն:

Համեմատաբար բարձր աճ է արձանագրվել նաեւ արդյունաբերությունում` 6 ամսվա ընթացքում 5,1 տոկոս: Այն որոշ չափով պայմանավորված է դարձյալ գյուղատնտեսության ցուցանիշներով, քանի որ արդյունաբերության մեջ զգալի բաժին ունի գյուղմթերքների վերամշակող ճյուղը: Նոր զարգացումներ կան նաեւ հանքարդյունաբերության ոլորտում: Տնտեսության մյուս ճյուղերում պատկերը էապես չի փոխվել` ծառայությունները աճել են 3,3 տոկոսով, շինարարությանը` 0,6 տոկոսով, առեւտրի շրջանառությունը նվազել է 8,2 տոկոսով:

Ինչպես երեւում է այս ցուցանիշներից, այս պահին աճի ցուցանիշում հիմնական մասնաբաժին ունի տնտեսության իրական հատվածը` գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, ինչն, իհարկե, դրական երեւույթ է: Եթե տարվա երկրորդ կեսին սկսվեն իրագործվել նաեւ շինարարության ոլորտում նախատեսված ներդրումային ծրագրերը, ապա այս ոլորտը կավելացնի իր մասնակցությանը տնտեսական աճին, դրանով իսկ նպաստելով այդ ցուցանիշի բարձր լինելուն:

Միեւնույն ժամանակ, արտաքին աշխարհից եկող մարտահարվերները իրենց չեն սպառել եւ դժվար է հուսալ, որ աճի այս տեմպը կպահպանվի նաեւ մնացած ամիսներին: Դա ե՛ւ մասնավոր փոխանցումների ծավալների նվազումն է, ե՛ւ աշխարհաքաղաքական դիմակայություններն ու անկայությունը մեր գործընկեր հիմնական երկրներում, ե՛ւ նավթի, մետաղների գների նվազումը միջազգային շուկաներում, ե՛ւ այլ գործոններ: Բացի դրանցից, գյուղատնտեսության ակտիվ սեզոնը տեւում է երկու-երեք ամիս, որից հետո ամեն ինչ վերադառնում է իր հունը: Այսինքն, այս պահին տնտեսական աճի խթան հանդիսացող ոլորտի ազդեցությունը ժամանակավոր է: Այս հանգամանքները նկատի ունենալով, դարձյալ վերահաստատում ենք տարեկան տնտեսական աճի մեր կանխատեսումը` 2,5-3 տոկոս, որը, անգամ տարվա բարդությունները նկատի ունենալով, իհարկե բարձր ցուցանիշ չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.