AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1136, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԿԱՌՉԱԾՆԵՐԸ

Հ. ԱՖՅԱՆ

Ի՞նչ տարբերություն Սերժ Սարգսյանի եւ Սուրիկ Խաչատրյանի միջեւ` քաղաքական եւ քաղաքական իրենց տիրապետած լծակների ու ունեցած ռեսուրսների, գործունեության առումով: Մեկը, ինչպես գիտենք, բացարձակ իշխանություն ունի Սյունիքում, ինչպես նաեւ ասում են` վայելում է «սյունեցիների բացարձակ մեծամասնության սերն ու հարգանքը», իսկ մյուսը բացարձակ իշխանություն ունի ողջ Հայաստանում եւ ասում են, «վայելում է հայաստանցիների բացարձակ մեծամասնության սերն ու հարգանքը»: Երկուսն էլ Հանրապետական են, երկուսն էլ կռված, երկուսի տեղաշարժվելուց էլ ճանապարհներ են փակվում, երկուսի ավտոշարասյուների հետեւից էլ բացականչում են` «վաախ», սիրով եւ հարգանքով, անշո՛ւշտ:

Բայց` ամենակարեւորը, Սուրիկ Խաչատրյանի մասով հաստատ գիտենք, Սերժ Սարգսյանի մասով` ասում են, որ նրանք երկուսն էլ կառչած են իշխանությանը: Այսինքն ոչ մի գնով պատրաստ չեն այն բաց թողնել եւ ամեն գնով ցանկանում են պահպանել:

Եւ այս համատեքստում առաջարկվում է բոլորովին նոր մի սահմանադրություն, որով, ինչպես գիտենք, նախատեսվում է խորհրդարանական կառավարման մոդել, որտեղ նախագահը ըստ էության իշխանական լծակներ չի ունենում: Ընդ որում, Սերժ Սարգսյանն արդեն իսկ հայտարարել է, որ նոր սահմանադրության ընդունման պարագայում ինքը չի հավակնելու ոչ նախագահի (սա չի էլ կարող), ոչ վարչապետի, ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոններին, այսինքն նա անձամբ վայր է դնում իշխանությունը (որից հիշեցնենք` կառչած է) եւ հեռանում է պետական կառավարումից: Մինչդեռ նոր սահմանադրության ընդդիմախոսները միաբերան պնդում են, որ սա իրականում բլեֆ է, քանի որ նոր սահմանադրության ընդունումից հետո «Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել երկիրը` լինելով պարզապես Հանրապետական կուսակցության նախագահ»: Այսինքն, ընդդիմության կարծիքով խորհրդարանական ընտրություններում իհարկե հաղթելու է ՀՀԿ-ն եւ այդ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, համաձայն Սահմանադրության, Մելիք-Ադամյան փողոցից ղեկավարելու է երկիրը` այս կամ այն պաշտոնները անձամբ բաշխելով: Սա գուցե եւ տրամաբանական է, բայց գոնե Հայաստանում հնարավոր չէ: Բանն այն է, որ եթե մեր երկրում բոլոր գործող պաշտոնյաները կատարեին այն, ինչը իրենցից պահանջում են իրենց այդ պաշտոններում նշանակողները, ապա օրինակ Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ դուրս չէր գա, իսկ Սերժ Սարգսյանը իրեն այդքան եւ սկզբունքային առումով չէր հեռացնի Ռոբերտ Քոչարյանից: Այսինքն ակնհայտ է, որ յուրաքանչյուր ոք Հայաստանում բարձր պաշտոն ստանալիս աստիճանաբար կամ կտրուկ (նայած իր անձնական որակներին եւ կարողություններին) հնարավորինս հեռու է շարժվում իրեն այդ պաշտոնում նշանակողից, շատ հաճախ դառնալով վերջինիս գաղափարական, սկզբունքային հակառակորդը:

Բայց սա հարցի միայն մեկ կողմն է: Ինչպես ասում են, Հայաստանում իշխանավորները բոլորն էլ նույնն են, այսինքն նույն մենթալիտետն ունեն, նույն գործելաոճը, նույն, եթե կուզեք, «շկոլայի» ներկայացուցիչներն են: Այս առումով` դառնանք կրկին Սերժ Սարգսյանին եւ Սուրիկ Խաչատրյանին: Եթե առաջինի պարագայում ասում են, որ Սարգսյանը միայն Մելիք-Ադամյանի իր գրասենյակով շարունակելու է ղեկավարել երկիրը, ապա ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանը նույնը չի կարող անել Սյունիքի հետ իր` Գորիսի կամ Երեւանի շքեղ առանձնատներից, հրաժարվելով Սյունիքի մարզպետի պաշտոնից: Գուցե Սուրիկ Խաչատրյանը հրաշալի հասկանո՞ւմ է, որ Սյունիքի մարզպետի պաշտոնից իր հրաժարականից հետո ինքն այլեւս կզրկվի իշխանական լծակներից եւ իր որեւէ հաջորդի վրա իշխելու որեւէ լծակ չի ունենա: Հետեւաբար` հրաժարական չի տալիս, չի հեռանում... Ուրեմն, երբ նոր սահմանադրության ընդունումից հետո Սերժ Սարգսյանը չի պատրաստվում դառնալ ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ էլ ԱԺ նախագահ, նշանակում է, որ նա կա՛մ վստահ է մի բանում, ինչը Հայաստանում դեռ տեղի չի ունեցել, կա՛մ էլ պարզապես մարդը որոշել է իրոք հեռանալ:

Ի դեպ, խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն կարող է եւ չհաղթել, եւ նա, ով կպնդի, որ այդպես չի կարող լինել, կա՛մ հանրապետական է, կա՛մ էլ անուժ հուսահատ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.