AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 21. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՆԱՆԵ՞
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 868, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆ ԻՐԱՆՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Իրան-Մ. Նահանգներ միջուկային համաձայնությունը հանգստության եւ լարվածության թուլացում առաջացրեց որոշ շրջանակներում եւ մարտական կոչեր հնչեցրեց այլ շրջանակներում:

Լարվածության թուլացումը առայժմ վերաբերում է հիմնականում Մերձավոր Արեւելքին եւ Կովկասին, որտեղ նոր պատերազմի հեռանկարն էր թեւածում արդեն բավական ժամանակ: Մարտական կոչերը հիմնականում հնչեցին Իսրայելից եւ Մ. Նահանգների Կոնգրեսում նրա շուրջը հավաքագրված պատգամավորներից: Հազվադեպ է, որ Կոնգրեսի ներսում նման երկկուսակցական (դեմոկրատների եւ հանրապետականների) միասնություն ձեւավորվի ընդդեմ գործադիրի գլխավոր անձնավորությանՙ Բարաք Օբամայի, ով հանդգնեց շարունակել բանակցությունները մինչեւ հաջող ավարտՙ ի գին վարչապետ Նաթանյահուի զայրույթին:

Մ. Նահանգների ժողովուրդը հոգնել է անվերջ պատերազմներից եւ զուր արյունահեղություններից: Վերջերս, նախագահ դառնալու հույսեր փայփայող Ջեփ Բուշը խոստովանեց, որ իրաքյան պատերազմը սխալ էր: Նույնիսկ նախկին նախագահ Ջորջ Բուշը ներողություն խնդրեց ամերիկացիներից իր սխալ քաղաքականության համար Իրաքում, որտեղ 4.500 զինվորականներՙ տղամարդիկ եւ կանայք, զոհվեցին, իսկ ավելի քան 50 հազարն էլ այնտեղից տուն վերադարձան հոգեկան կամ մտային (կամ այդ երկուսի) խանգարումներով: Օրերս հրատարակված վետերանների վարչության զեկուցագիրն էլ, իր հերթին, հաստատեց, որ Վիետնամի եւ Իրաքի պատերազմներին մասնակցած վետերաններից միջին հաշվով օրական 20-ը ինքնասպան է լինում: Այնպես որ պատկերը հստակ է եւ մտահոգիչ: Կոտորածը շարունակվում է, այն էլ ոչ օտար, թշնամի մարտադաշտերում, այլեւ տանը, երկրի ներսում: Նախագահ Բուշի ուշացած ներողությունը իրաքյան արկածախնդրության համար, ինչպես նաեւ նախագահ Քլինթոնի ներողությունը Ռուանդական ցեղասպանությունը չկարողանալ կանխելու համար, սոսկ դատարկ խոսքեր են մնում այդ վայրագությունների զոհերի եւ նրանց ընտանիքների համար:

Այդ արյունահեղություններից միակ հրճվողներն ու օգուտ քաղողները զենք արտադրողներն ու զենքի առեւտրով զբաղվողներն էին, փոխնախագահ Դիք Չեյնիի գլխավորությամբ, ով մինչեւ օրս դեռ սպասում է, որ Իրաքի «շնորհակալ» ժողովուրդը ծաղիկներով է ողջունելու իրեն իր ահավոր կոպիտ սխալի համար:

Պատերազմների նշված նպատակը ժողովրդավարություն եւ խաղաղություն պարգեւելն էր տարածաշրջանին: Եթե Իրաքում, Լիբիայում եւ Սիրիայում կատարված այրունահեղությունները որեւէ կապ ունեն ժողովրդավարության հետ, ապա մենք պարտավոր ենք նոր բառեզրեր որոնել եւ գտնել զանգվածային գազանությունները բնութագրելու համար:

Ժողովրդավարություն մեղմասությունը (եվֆեմիզմը) ծառայում էր որպես քող, արտաքին փայլքՙ արդարացնելու համար այդ պատերազմները: Չնայած նախագահ Բուշը նորագույն պահպանողականներիՙ նեոկոնների առաջնորդների անուններն է տալիս (ներառյալ Պոլ Վուլֆովիցի, Դուգլաս Ֆիթի եւ այլոց) որպես պատերազմի հրձիգների, նա նաեւ խիզախորեն ընդունում է, որ ճակատագրական որոշման գլխավոր պատասխանատուն ինքն էր:

Չեյնիի ծրագրում նախատեսված էր պատերազմը ընդարձակել մինչեւ Սիրիա եւ Իրան, եթե իհարկե Իրաքում հեշտ հաղթանակ տանեին, մի բան, որ չիրականացավ այդ ժամանակՙ սխալ հաշվարկների հետեւանքով:

Շատ քչերն են գիտակցում, որ այնուամենայնիվ, այդ պատերազմները իրենց նպատակին հասան: Նպատակը բոլորովին էլ ժողովրդավարության տարածումը չէր: ԱՄՆ-ի չընտրված պաշտոնյաները, որոնք մոլորեցնելով նախագահ Բուշին մղեցին նրան պատերազմի, ունեին շատ հստակ ծրագիրՙ ստեղծել քաոսային մի իրավիճակ Իսրայելի շուրջը եւ Վաշինգտոնին պարտադրել վերահսկել այդ քաոսային իրավիճակը: Սադդամ Հուսեյնը, Քադդաֆին եւ Ասադը միշտ էլ համարվել էին Իսրայելի անվտանգությանը սպառնացող առաջնորդներ, որովհետեւ պաշտպանում էին պաղեստինյան ժողովրդի ու նաեւ սեփական շահերը: Առաջին երկուսն այլեւս չկան, իսկ երրորդի կյանքն էլ մազից է կախված եւ չի կարող սպառնալիք դառնալ որեւէ հարեւանի համար: Զարմանալի չէ, որ «Նյու Յորք Թայմսի» սյունակագիր Թոմաս Ֆրիդմանը վարչապետ Նաթանյահուին հիշեցնում է, որ այժմ ազատ է իր կամքը թելադրելու պաղեստինցիներին, քանի որ իր բոլոր թշնամիները կա՛մ արդեն մահացած են, կա՛մ էլ մահամերձ վիճակում են:

Նախագահ Օբաման ի վերջո գիտակցեց, որ 4.500 ամերիկացիների կյանքն ու պատերազմի վրա վատնած երկու տրիլիոն դոլարի բյուջեն ավելի քան բավական էին այդ քաոսը պահպանելու համար, եւ նախընտրեց դիվանագիտական ճանապարհով լուծել տարածաշրջանի դժվարագույն խնդիրները: Անշուշտ նա խաղաղության ճանապարհը չէր ընտրի, եթե չունենար պաշտպանությունը առավել չափավոր հրեական քարոզչական խմբավորումների, որոնք դեմ են Նաթանյահուի ծայրահեղական նպատակներին:

Իրանյան համաձայնությունը անքակտելի մասն էր Օբամայի աշխարհընկալման, որտեղ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը Կուբայի հետ, եւ հարավամերիկյան երկրների գործերին չմիջամտելու խոստումը շրջադարձային կարելի է համարել համեմատելով ժամանակին պետքարտուղար Քիսինջերի քաղաքականության հետ, որ Վիդելայի եւ Պինոչետի նման արյունարբու բռնապետերի էր վստահել համապատասխանաբար Արգենտինայի եւ Չիլիի ղեկավարությունը: Նա նույնիսկ խիզախել էր վերջերս հայտարարել, որ Սիրիայի ճգնաժամը լուծելու խնդրում Ասադը պարտավոր էր ոչ թե խնդիր առաջացնողի, այլ լուծում առաջարկողների շարքերում լինել:

Աշխարհը պետք է գիտակցի, որ համաձայնությունը խաղաղության հասնելու հազվադեպ պահերից մեկն է, որը երկար կարող է չտեւել, քանի որ կուսակցական երկու ճամբարներում էլ նախագահի ապագա հավակնորդները դեռ այն մտքին են, որ անհրաժեշտ է ռմբակոծել Իրանը:

Կոնգրեսը 60 օր ունի իր տրամադրության տակ վավերացնելու համար համաձայնագիրը Իրանի հետ: Մարտի գծերն արդեն քաշված են եւ նույնիսկ նախագահի կուսակցությունից բազմաթիվ օրենսդիրներ համամիտ են վարչապետ Նաթանյահուի հետ, ով կնքված համաձայնությունը անվանել է «չափազանց վատ գործարք»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն վավերացրեց Իրանի միջուկային համաձայնագիրը: Բանակցությունները ընթացան Անվտանգության խորհրդի 5 անդամ երկրների, ինչպես նաեւ Գերմանիայի եւ Իրանի միջեւ: Այդուհանդերձ, ոչ ոք չի ակնկալում, որ Մ. Նահանգների կոնգրեսում վավերացման գործընթացը հեշտ կլինի: Բայց նույնիսկ եթե կոնգրեսը դեմ քվեարկի, նախագահ Օբաման խոստացել է օգտագործել իր վետոյի իրավունքը, որը վավեր կճանաչվի, քանի որ անհավանական է, որ ընդդիմադիրները կարողանան ձայների երկու երրորդը հավաքել վետոն չեղյալ համարելու համար:

Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Ջոն Բոները հավատացած է, որ համաձայնությունը «թեւեր է տալու, խրախուսելու է Իրանին»: Իսկ նախագահ Օբաման պնդում է, որ այն աշխարհը դարձնելու է «ավելի ու ավելի անվտանգ», հատկապես Իսրայելի խնդրի վերաբերյալ, քանի որ առաջին անգամ ուժեղացված վերահսկողություն է սահմանվելու Իրանի միջուկային ծրագրերի վրա: Իր հերթին Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, որ իրանյան պատվիրակության առաջնորդն էր Վիեննայի բանակցություններում, հայտարարում է, որ համաձայնությունը «ոչ մեկի համար էլ կատարյալ չէր», բայց «հնարավոր լավագույնն էր, որին կարելի էր ձգտել»:

Վեց տարվա բանակցություններից հետո Իրանը աստիճանաբար ազատվելու է խեղդիչ պատժամիջոցներից: Զենքերի վաճառքը Իրանին վեց տարի ժամկետով դադարեցվելու է, բայց իրանյան սառեցված ակտիվները վերադարձվելու են Թեհրանին: Իրանը մուտք է գործելու նավթի եւ գազի համաշխարհային շուկա, բայց դա այնքան մեծ նշանակություն չի ունենալու, որովհետեւ Իրանը պետք է ամբողջովին վերանորոգի իր նավթահորատող ենթակառույցները, որոնք պատժամիջոցների հետեւանքում մաշվել են:

Երկու ճամբարներում էլ հավատացած են, որ գլխավոր արգելքի վերացումով, ճանապարհ է հարթվելու մերձավորարեւելյան այլ խնդիրներով զբաղվելու համար: Իրաքում, օրինակ, Մ. Նահանգների եւ Իրանի քաղաքականությունները համակարգված են: Եմենում Հութի ապստամբների պաշտպանությունը Թեհրանի կողմից բարկացնում է Սաուդյան Արաբիայինՙ Մ. Նահանգների գլխավոր դաշնակցին Մերձավոր Արեւելքում: Պաղեստինյան խնդիրը անմիջական լուծման ոչ մի հեռանկար չունի առայժմ, քանի որ Օբամայի վարչակարգը չի կարող է՛լ ավելի զայրացնել Նաթանյահուի կառավարությանը:

Խաղաղության ավելի մեծ շահաբաժին վաստակելու է Կովկասը: Արեւմուտքի կողմից Իրանի հանդեպ կիրառվող քաղաքական ճնշումների թուլացումը ավելի հստակ է դարձնելու թուրք-իրանյան թշնամանքը: Ադրբեջանի հեղինակությունը, որպես ռազմական միավորի, նվազելու է, քանի որ վերանալու է արեւմուտքի կողմից հարձակումներ իրականացնելու վտանգը:

Իրանի տնտեսության զարգացումը իր դրական ազդեցությունն է ունենալու Հայաստանում: Երկու երկրները հնարավորութուն ունեն 1.2 միլիարդ դոլարի հասցնել երկկողմ առեւտուրի շրջանառությունը, մինչդեռ այդ թիվը անցյալ տարվա տվյալներով չէր գերազանցել 300 միլիոնի սահմանը: Պատժամիջոցների հետեւանքով մսի արտահանումը Իրան արգելված էր: Արաքս գետի վրա էլեկտրակայանի կառուցումըՙ առկախված: Իրանի դեսպանը Երեւանում հավատացած է, որ Հայաստանը կարող է դառնալ առեւտրային միջանցք Ծոցի եւ սեւծովյան երկրների միջեւ: Բայց դրա համար անհրաժեշտ է կառուցել երկաթուղային նոր գիծ: Ռուսական կողմը, հանձինս փորձագետ Վլադիմիր Բաքունինի, Հայաստան-Իրան երկաթուղին վերագործարկելու հեռանկար չի կանխատեսում, սակայն Չինաստանն է հետաքրքրություն ցուցաբերում դրանում, որպես միջոց ընդլայնելու մետաքսի ճանապարհը:

Չնայած գազի ռուս-հայկական պայմանագիրը Երեւանին չի թույլատրում Իրանից ավելի էժան գազ գնել, Հայաստանի կառավարությունը, այդուհանդերձ, գուցե կարողանա մի ելք գտնել համոզելու ռուս գործընկերներին, հաշվի առնելով Հայաստանում տնտեսական վիճակը, որը վերջերս քաղաքական անհանգստությունների տեղիք էր տվել երկրում:

Իրանյան «սպառնալիքի» վերացումով Հայաստանը տարածաշրջանում առաջիններից մեկն է լինելու, որ օգտվելու է իրադրությունից: Խաղաղության հեռանկարով եւ Իրանի համաշխարհային շուկա վերադարձով Հայաստանը կարող է հույս ունենալ, որ առավել մեծ ու հաստատակամ դիրք կզբաղեցնի տարածաշրջանում:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.