AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԴԵՄՔԵՐ

Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1109, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ՎԵՐՋԻՆ ՀԱՇՎՈՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՊԻՍԻՆ Է, ԻՆՉՊԻՍԻՆ ՆՐԱ ՆԱԽԱԳԱՀՆ Է»

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԱՄՆ-ի 51-րդ պետքարտուղար Դին Աչեսոնի (Տրումենի օրոք) այս խոսքերը Արեւմուտքում թե Ռուսաստանում ավելի հաճախ հիշատակվում էին Բորիս Ելցինի կառավարման տարիներին: Ռուսաստանի կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը վերջինիս որակում էր որպես ամենահարբեցողը իր ճանաչած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների մեջ: Այդ արտահայտությունը պարզապես սկսվեց հոլովվել, երբ Բեռլինում խմիչքի չարաշահումից Բորիս Նիկոլաեւիչի մեջ զարթնեց դիրիժորի տաղանդը: Երկիրը բոլոր առումներով գնում էր դեպի կործանում եւ այդ գործընթացի գլխավոր մեղավորը իրոք Ելցինն էր արեւմտամետ դրածոների, արկածախնդիրների ու ռուսատյացների իր թիմով:

Ժողովրդական իմաստությունն էլ է հռչակումՙ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին: «Իշխողի խելքի մասին ամենից առաջ դատում են ըստ այն բանի, թե ովքեր են շրջապատում նրան»ՙ հավելում է մեծն Մաքիավելին:

Հայտնի է, որ որպես կանոն եթե պետության ղեկավարը ինտելեկտուալ, գործելակերպի առումով գորշություն է, ապա նա իրեն շրջապատում է նույնքան, եթե ոչ ավելի պակաս գորշ անձնավորություններով: Իմաստուն մարդկանց շրջապատում նրա անկատարությունը բացահայտ ու ակնբախ է դառնում: Նման ղեկավարի դեպքում անիմաստ է խոսել երկրի ու հասարակության զարգացման, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի մասին: Այս կարգի մարդիկ շատ դաժան են նաեւ քաղաքական հակառակորդների նկատմամբ: Միջալկոհոլային ընդմիջման ժամանակ Ելցինն այդպես էլ չխորշեց ըմբոստացած սեփական խորհրդարանը տանկային համազարկերով ռմբակոծելուց:

Իսկ լինո՞ւմ են բացառություններ: Անշուշտ, բայց իրոք բացառություններ: Համենայն դեպս Ռուսաստանում այդ իմաստով առանձնացնում են ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանին: Այստեղ իհարկե չեն մոռացել նրա «չարագուշակ» դերը Խորհրդային Միության քայքայման մեջ:

Ռոնալդ Ռեյգանը դպրոցն ավարտելուց հետո սովորել է «Ռյուրիկա-քոլեջի» էկոնոմիկայի եւ սոցիոլոգիայի ֆակուլտետում: Ոչ դպրոցում, ոչ էլ քոլեջում նա չի փայլել երեւելի ընդունակություններով ու գիտելիքներով: Աշխատել է որպես ռադիոմեկնաբան, կինոդերասան, Կալիֆոռնիայի 33-րդ նահանգապետն էր, 1980 թվականին ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ:

Նախագահական ժամանակահատվածի ամերիկյան լրատվամիջոցները, նկատի ունենալով նրա կրթական մակարդակը (խորհրդային երկրում այն կանվանեին թերի բարձրագույն), լի էին «կասկածահարույց» նյութերով, որ պետության ղեկավարը ինտելեկտուալ առումով նվազ զարգացած է, մակերեսային մտածող, սահմանափակ հետաքրքրություններով, որ նա բավարար կարողություն չունի քննատաբար ընկալելու քաղաքական-տնտեսական իրողությունները, գնահատելու դրանց վերաբերյալ տեղեկատվությունը, խորանալու բարդ խնդիրների էության մեջ, ծուլամիտ է եւ այլն, եւ այլն: Իդեպ, իր մտավոր ընդունակությունների եւ գիտելիքների վերաբերյալ նման «հոռետեսական» կարծիքների ստեղծման մեջ զգալի ներդրում ունի... Ռեյգանն ինքը, որն այդ ամենը հումորի է վերածում առանց բարդույթների: «Պատկերացրեք, ինչի՜ կհասնեի ես, եթե լավ սովորեի»: Եվ սա ասում է աշխարհի ամենահզոր պետության ղեկավարը: Կամ. «Ընտրություններում իմ տարած հաղթանակի օրը դպրոցական տարիներիս գնահատականները դասվեցին «Խիստ գաղտնի» կատեգորիային»: «Ես կարող էի Հետաքննությունների դաշնային բյուրոյին հրաման տալ ամենայնս գաղտնիացնել ուսումնառության գնահատականներս»:

Բնականաբար հարց է առաջանումՙ եթե նույնիսկ որոշակի ճշմարտություն կա այդ ամենի մեջ, այդուհանդերձ ինչպես կարող էր նման մակարդակի անձնավորությունը Ամերիկայի նորագույն պատմության մեջ դառնալ ամենաարդյունավետ ու ամենաժողովրդական նախագահը Ֆրանկլին Ռուզվելտից հետո:

Քաղաքագետները, Ռեյգանի կենսագիրները առանձնացնում են նրա հաջողությունների գլխավոր պայմանըՙ ունենալով բնատուր խելք եւ ինտուիցիա, այդ մարդը չի վախեցել իրեն շրջապատելու խելացի, փորձառու, խորագիտակ մտածողությամբ մասնագետներով:

Առհասարակ ամերիկյան պետության կառավարման հաջողությունները նախագահի անհատականությանՙ անձնական հատկանիշների հետ մեկտեղ պայմանավորված են մի շարք բաղկացուցիչներով, որոնք իրենց մշտական կազմակերպական գոյությամբ նվազեցնում են բարձրագույն պաշտոնյայի թույլ ընդունակությունների ազդեցությունը նրա գործողությունների ու դրանց արդյունքների վրա:

Սակայն ընտրվելով նախագահ, Ռեյգանը իր անձնական նախաձեռնությամբ կառավարման գործող կառույցները ուժեղացրեց ներքին ու արտաքին քաղաքականության ասպարեզի նոր բարձրակարգ խորհրդականների, օգնականների, փորձագետների խավով, ասել է թե մասնագետներով, որոնք ունեին պրոֆեսիոնալ հատուկ գիտելիքներ եւ ունակություններ վերլուծելու եւ կանխորոշելու այս կամ այն խնդրի առաջնայնությունը ու դրանք լուծելու ուղիները: Ինչպես ասվեց, պետք էր ինքնավստահ, համարձակ ու հեռատես լինել իրեն այդ կարգի բանական ու պրակտիկ անհատականություններով շրջապատելու համար: Եթե ուզում եք իմանալ, սա ազգասիրության մեծագույն դրսեւորում է:

Իր գործունեության մեջ Ռեյգանը չէր խորանում մանրուքների մեջ, դրանց լուծումները թողնելով գործադիր չինովնիկներին, ուշադրությունը կենտրոնացնում էր ստրատեգիական խնդիրների վրա: Բազմաշերտ պրոֆեսիոնալների խմբերը «կլոր սեղանի» շուրջ համակողմանիորեն, տարբեր կարծիքների բախումներով քննարկում էին պետության առջեւ ծառացող ընթացիկ ու հեռանկարային խնդիրները եւ ձայների մեծամասնությամբ ընդունում որոշում ու նոր միայն ներկայացնում այն նախագահի հաստատմանը: Վերջինս թույլ էր տալիս ազատ արտահայտվել, անհրաժեշտության դեպքումՙ նորից վերադառնալ քննարկումներին: Սակայն վերջնական որոշումը նա Սպիտակ տան իր աշխատասենյակում ընդունում էր միանգամայն ինքնուրույնաբար:

Բարձրակարգ պրոֆեսիոնալների թիմը իր ակտիվ ու նպատակասլաց գործունեությամբ, լիդերին նվիրվածությամբ ապացուցեց իր մեծ արդյունավետությունը: Ռեյգանոմիկան վերելք ապրեց, ստեղծվեցին միլիոնավոր նոր աշխատատեղեր, նվազեց ինֆլյացիան, բարձրացավ ժողովրդի կենսամակարդակը եւ այլն: Սակայն մոլի հակակոմունիստի գլոբալ նկրտումների առանցք դարձավ սառը պատերազմի վերացումը ԽՍՀՄ-ի փլուզման միջոցով: Ամերիկյան ուժը աշխարհի մակարդակով մենաշնորհային դարձնելու ասպարեզում Ռեյգանի ներդրումը հիրավի հսկայական էր:

Եկեք նորից դառնանք անկրկնելի Մաքիավելուն, նրա այն հետեւությանը, որ եթե տիրակալի շրջապատում ընդունակ ու նվիրված մարդիկ են, ապա կարելի է վստահորեն ասել, որ նա խելացի մարդ է...

Ծանոթացեք Ռեյգանի մի քանի հումորախառն աֆորիզմներին.

- Ասում են, որ քաղաքականությունը երկրորդ հնագույն մասնագիտությունն է: Սակայն ես հանգել եմ այն եզրակացությանը, որ նա շատ ավելի աղերսներ ունի առաջինի հետ:

- Միակ պատճառը, որի բերումով ես չեմ հանդիպել Գորբաչովի նախորդների հետ, այն է, որ նրանք իրար հետեւից մեռնում էինՙ Բրեժնեւը, Անդրոպովը, Չեռնենկոն:

- Ասում են, որ աշխարհը չափից դուրս բարդ է դարձել հասարակ որոշումների համար: Նրանք սխալվում են:

- Ես նկատել եմ, որ աբորտի բոլոր կողմնակիցները այն արարածներն են, որոնք արդեն հասցրել են ծնվել:

- Ես հրամայել եմ երկրի համար կրիտիկական վիճակ ստեղծվելու դեպքում ինձ արթնացնել օրվա ցանկացած պահին, եթե նույնիսկ ես ներկա եմ կառավարության նիստին:

- Քաղաքականությունը այնքան էլ վատ մասնագիտություն չէ: Հաջողությունը շռայլորեն վարձատրվում է, իսկ անհաջողության դեպքում միշտ էլ կարելի է գիրք գրել:

Մոսկվա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.